ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-361-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ` քվեարկության օրը) 18 տարին լրացած, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`

1) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

2) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող՝ սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետում՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը բավարարող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված.

3) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետում՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով փաստացի գտնվելու պահանջը բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․

«2․1. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ժամկետում չեն ներառվում այն դեպքերը, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ դիվանագիտական ծառայություն անցնող անձի հետ արտերկրում բնակվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:»։

 

Հոդված 2 Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Ընդ որում, ընտրողների ցուցակները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի՝ հատուկ ծրագրային ապահովման միջոցով փոխգործելիության արդյունքում սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը բավարարող անձանց տվյալների հիման վրա։»։

 

Հոդված 3 Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով․

«4) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը չբավարարելու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։»։

 

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-361-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: