ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1084-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2026 թվականի N 1084-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝

1) 3.1-ին կետի 1-ին ենթակետը «կողմից» բառից հետո լրացնել «(իրավունքների պետական գրանցման դիմումի ներկայացման դեպքում կցելով նաև դիմումատուի գրավոր համաձայնությունը)» բառերով.

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Իրավաբանական անձինք էլեկտրոնային եղանակով պետական գրանցման դիմումներ և փաստաթղթեր կարող են ներկայացնել սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով կայքէջում գրանցված` տվյալ իրավաբանական անձի կողմից կանոնադրության կամ լիազորագրի հիման վրա հանդես եկող ֆիզիկական անձանց միջոցով, որի դեպքում ֆիզիկական անձի կողմից, սույն կարգով նախատեսված կանոններին համապատասխան, իրավաբանական անձի անունից պետական գրանցման դիմում և փաստաթղթեր ներկայացնելիս պարտադիր նշվում են ներկայացվող իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև լիազորագրով հանդես գալու դեպքում էլեկտրոնային համակարգ սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներով մուտքագրվում (վերբեռնվում) է նաև ներկայացվող իրավաբանական անձի կողմից տրված լիազորագիրը` հաստատված դիմումը ներկայացնելու պահին իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունք ունեցող լիազոր մարմնի (գործադիր մարմնի ղեկավարի) էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Սույն կետով սահմանված՝ լիազորագիրը լիազոր մարմնի (գործադիր մարմնի ղեկավարի) էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված լինելու պահանջը չի տարածվում օտարերկրյա պետությունում գրանցված իրավաբանական անձանց վրա:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին և 7.2-րդ կետերով՝

«7.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում Կառավարության հաստատած՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան կնքված՝ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերից կամ անշարժ գույքի առք ու վաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները և դիմումներին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել միայն կայքէջում հաշվառված բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության կողմից:

7.2. Սույն կարգի 7.1-ին կետով սահմանված հաշվառումն իրականացվում է համապատասխան բանկի կամ վարկային կազմակերպության կողմից անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված՝ առանց լիազորագրի հանդես գալու իրավունք ունեցող լիազոր մարմնի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ լիազորագրի հիման վրա հանդես եկող ֆիզիկական անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված հայտի հիման վրա։ Այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազորագրի հիման վրա հանդես եկող ֆիզիկական անձի կողմից, ապա հայտին կից պետք է ներկայացվի նաև սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան տրամադրված լիազորագիրը։ Վարկային կազմակերպության կողմից հայտին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված՝ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունենալու վերաբերյալ լիցենզիա: Ներկայացված հայտը անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից կարող է մերժվել այն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային կազմակերպությունը չի ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիցենզիան, կամ եթե ներկայացված լիցենզիան չի համապատասխանում նույն մասով սահմանված պահանջներին։ Ներկայացված հայտը չմերժելու դեպքում համապատասխան բանկը կամ վարկային կազմակերպությունը կայքէջում հաշվառվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված բանկ կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպություն, իսկ իրենց կողմից լիազորված ֆիզիկական անձը էլեկտրոնային համակարգում ամրագրվում է որպես լիազորող իրավաբանական անձի անունից դիմումներ ներկայացնելու ներկայացուցիչ:».

4) 9-րդ կետում «ներկայացնելու ենթակա փաստաթղթերը ներկայացվում են դրանց բնօրինակների տեսաներածված պատճենները կայքէջի դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգ` դիմումին կից մուտքագրվելու (վերբեռնելու) միջոցով» բառերը փոխարինել «ներկայացման ենթակա փաստաթղթերը կայքէջի դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգ են մուտքագրվում (վերբեռնվում) էլեկտրոնային բնօրինակի ձևով, եթե դրանք հաստատված են փաստաթուղթը տրամադրողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված չլինելու դեպքում՝ փաստաթղթերի բնօրինակների տեսաներածված պատճենների ձևով,» բառերով.

5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Դիմումը և կից փաստաթղթերը դիմողի կողմից կայքէջի էլեկտրոնային համակարգում մուտքագրվելուց հետո անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց կողմից էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման համապատասխան կենտրոնի տվյալների միջոցով ստուգվում է ներկայացված փաստաթղթերի վրա դրված էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և դրա պատկանելությունը դիմումը ներկայացրած անձին, սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև լիազորագրի էլեկտրոնային ստորագրության իսկությունն ու պատկանելությունն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին, ինչպես նաև դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենների համապատասխանությունը սույն կարգի պահանջներին: Սույն կարգի 13-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումի մուտքագրումը համակարգում տեխնիկապես սահմանափակվում է։ Դիմումի ընդունման ստացականի էլեկտրոնային տարբերակն անմիջապես ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեով, ընդ որում՝ ստացականում դիմումին կից ներկայացված փաստաթղթերը նշվում են` հիմք ընդունելով էլեկտրոնային համակարգ դիմողի կողմից մուտքագրված փաստաթղթերի բովանդակությունը:»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում համապատասխան գործիքակազմի տեղադրումից և գործարկումից հետո, սակայն ոչ ուշ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս անց:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

23.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2026 թվական: