ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԴԱՍՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 363
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 1993 թ. N 363

Քաղ. Երևան

 

ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԴԱՍՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 15-ի N 132 կարգադրությամբ Սիսիանի շրջանի Դաստակերտ քաղաքատիպ ավանում սողանքային երևույթների հետևանքով ստեղծված իրավիճակի ուսումնասիրման, գնահատման և հետագա գործողությունների ճշտման նպատակով ստեղծված կառավարական հանձնախմբի եզրակացությունից և առաջարկություններից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը`

ա) սեղմ ժամկետում ապահովել սողանքային երևույթների հետևանքով տուժած բնակիչներին տեղավորելու համար նախատեսվող` Դաստակերտ քաղաքատիպ ավանի գլխավոր փողոցի 3 շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրումը և նշված շենքերի ուժեղացման ու վերակառուցման նախագծերի մշակումը.

բ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հետ համատեղ ապահովել Դաստակերտ քաղաքատիպ ավանի և Սոֆլու գյուղի նոր գլխավոր հատակագծերի նախագծման աշխատանքների իրականացումը` տուժած բնակիչների մշտական բնակեցման հարցերի լուծման նպատակով:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քննության առնել և սահմանված կարգով լուծել նշված միջոցառումների ֆինանսավորման հարցը:

2. Դաստակերտի տուժած բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, շինարարության նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` պատգամավորների Սիսիանի շրջխորհրդի գործկոմի պատվերի հիման վրա սեղմ ժամկետում լուծել 20 տնակի պատրաստման հարցը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սահմանված կարգով, Սիսիանի շրջխորհրդի գործկոմի կողմից ներկայացված հիմնավորված նախահաշիվների և հաշվարկների համաձայն լուծել տնակների պատրաստման կամ ձեռքբերման և տեղափոխման ծախսերի ֆինանսավորման հարցերը.

գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը և շինարարության նախարարությանը` ապահովել նշված տնակների տեղափոխումը Սիսիանի շրջանի տուժած բնակիչների վերաբնակության վայրերը:

Աշխատանքների կատարման ընթացքի մասին տասն օրը մեկ զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

3. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, ՀՀ կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորմանը` շահագրգիռ այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ պատգամավորների Սիսիանի շրջխորհրդի գործկոմի պատվերի հիման վրա ապահովել Դաստակերտում սողանքի հետևանքների վերացման, ինչպես նաև տների նորոգման, վերակառուցման նպատակով անհրաժեշտ շինանյութերի և այլ նյութատեխնիկական միջոցների հատկացումը, սահմանված կարգով կնքված պայմանագրերի համաձայն:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը` ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության և պատգամավորների Սիսիանի շրջխորհրդի գործկոմի հետ համատեղ մեկամսյա ժամկետում քննության առնել սողանքի հետևանքով բնակիչներին պատճառված վնասների գնահատման հարցը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն:

5. Պատգամավորների Սիսիանի շրջխորհրդի գործկոմին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայպետագրոբանկի հետ համատեղ քննության առնել Դաստակերտում, Սոֆլու և Մորենի գյուղերում պատսպարված փախստականներին բնակելի տների կառուցման կամ նորոգման նպատակով երկարաժամկետ վարկ հատկացնելու հարցը և համաձայնեցված առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը` պատգամավորների Սիսիանի շրջխորհրդի գործկոմի հետ համատեղ քննության առնել Սիսիանի շրջանի լքված գյուղերը փախստականներով բնակեցնելու հարցը:

6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը և առողջապահության նախարարությանը` 7-օրյա ժամկետում քննության առնել և լուծել Դաստակերտում գտնվող իրենց ենթակա ձեռնարկությունների և հիմնարկների գործունեության ապահովման հարցը:

Կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն:

7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`

ա) պաշտպանության նախարարության, էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում քննարկել ռազմավարական նշանակություն ունեցող Սիսիան-Սոֆլու-Քիրս-Քաջարան ավտոճանապարհի շինարարության հարցը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) սեղմ ժամկետում ապահովել Սիսիան-Դաստակերտ ավտոճանապարհի նորոգման աշխատանքների ավարտումը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` լուծել նշված ավտոճանապարհի նորոգման աշխատանքների ֆինանսավորման հարցը:

8. Սիսիանի շրջանում սողանքի հետևանքների վերացմանն ուղղված նախագծային, հետախուզական և շինարարական-վերականգնողական աշխատանքների գծով միասնական պատվիրատու սահմանել պատգամավորների Սիսիանի շրջխորհրդի գործկոմը:

9. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` քննության առնել թեք, սողանքավտանգ լանջերին գտնվող բնակավայրերում ոռոգման համակարգերի աշխատանքը կարգավորելու, մասնավորապես, տնամերձ հողամասերի ոռոգման նպատակով ջրի օգտագործման կարգը և ռեժիմը խստացնելու, անհրաժեշտ ջրահեռացման և ցամաքեցման (դրենաժի), աղբյուրակապման (կապտաժի), կանխարգելիչ հակասողանքային և այլ հրատապ միջոցառումների իրականացումն ապահովելու հարցերը:

Կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն:

10, Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Վ. Սարգսյանի վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան