ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 1993 թ. N 360
Քաղ. Երևան
1993 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սևան-Հրազդան ոռոգման համակարգերի իշխման տակ եղած հողերը գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ռեժիմներին համապատասխան ջրով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 1993 թվականի Սևանա լճից ջրի բացթողման սահմանաքանակը 260 մլն խմ ծավալով, որից երկրորդ եռամսյակում` 32,08 մլն խմ, երրորդ եռամսյակում` 207,36 մլն խմ և չորրորդ եռամսյակում` 21.1 մլն խմ:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայէներգոարդ» ՀՆՊՁ-ին` գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումը սահմանված ժամկետներում ապահովելու նպատակով Սևանա լճից ջրի բացթողումը և ոռոգման ջրանցքներին ջուր տալը կատարել համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի ժամանակացանկի:
3. Հանձնարարել «Հայէներգոարդ» ՀՆՊՁ-ին` «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի հետ համատեղ ապահովել ըստ ժամանակացանկի ոռոգման ջրանցքներին ջրի բացթողումը, էլեկտրաէներգիայի ամսական սահմանաքանակների սահմաններում Սևանա լճից ջրի բացթողումների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև մշակել միջոցառումներ էլեկտրաէներգիայի հնարավոր խնայողության ուղղությամբ:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը համապատասխան ճշտումներ կատարել Սևանա լճից բացթողնվող ջրի եռամսյակային ծավալների մեջ, տարեկան սահմանաքանակի սահմաններում` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման դեպքում, սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն Սևանա լճից բացթողնվող ջրի քանակի ճշտման վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, պատգամավորների Սևանի, Հրազդանի, Կոտայքի, Նաիրիի, Աշտարակի, Թալինի, Շահումյանի շրջանային և Երևանի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) ապահովել ջրօգտագործման պլանների կազմումը և քննարկումը, ջրատնտեսական ձեռնարկությունների, պատգամավորների գյուղական խորհուրդների գործկոմների և այլ ջրօգտագործողների միջև պայմանագրերի կնքումը, ջրի վարձի գանձումը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 6-ի «1993 թվականի համար ոռոգման ջրի սակագնի և էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով էներգետիկ համակարգի կողմից օգտագործվող ջրի վարձի սահմանման մասին» N 148 որոշման.
բ) միջոցներ ձեռնարկել ոռոգման ջրի կորուստները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև գյուղատնտեսական կուլտուրաների շուրջօրյա ջրումը և ջրի արդյունավետ օգտագործումն ապահովելու համար:
7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ամենօրյա վերահսկողություն սահմանել հողի սեփականության տարբեր ձևերի պայմաններում ջրօգտագործող բոլոր տնտեսություններում ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման նկատմամբ:
8. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը` հսկողություն սահմանել Սևանա լճից ջրի բացթողման սահմանաքանակի խստիվ պահպանման նկատմամբ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |