ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9787/17 և 9788/17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 21.07.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.07.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

գանգատներ թիվ 9787/17 և 9788/17

 

Անուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի և Մաքսիմ ՍԱՐԳՍՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի հունիսի 18-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan],

Սեբաստիեն Բիանշերի [Sébastien Biancheri]` դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի Դատարան ներկայացված գանգատները,

հաշվի առնելով պատասխանող Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուների կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,

անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը․

 

ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Դիմումատուների և նրանց ներկայացուցիչների ցանկը ներկայացված է կից աղյուսակում:

2016 թվականի հուլիսի 17-ից 30-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ կապված զինված անձանց խմբի կողմից Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման հետ։

Դիմումատուները պնդել են, որ 2016 թվականի հուլիսի 18-ին իրենք ձերբակալվել են Խորենացի փողոցում, ՊՊԾ շենքից ոչ հեռու տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։ Ի լրումն իրենց պահանջի՝ նրանք ներկայացրել են նորությունների հոդվածներ և տեսանյութ։

Ներկայացված տեսանյութում առաջին դիմումատուի մասով (գանգատ թիվ 9787/17) երևում է, թե ինչպես է ոստիկանությունն ընդհատում երկու կանանց կողմից քաղաքական պաստառ նկարելու ընթացքը: Ինչ որ պահի, դիմումատուն միջամտել է, անհասկանալի է, թե որտեղից, փորձելով կանգնեցնել ոստիկանությանը այդ կանանց (ենթադրաբար իր ընկերներին) ձերբակալելուց։ Տեսանյութում նաև երևում է, որ դիմումատուին այդ կանանց հետ միասին ոստիկանության մեքենան են նստեցրել։

Տեսանյութում երկրորդ դիմումատուի մասով (գանգատ թիվ 9788/17) երևում է, թե ինչպես է նա կանգնած մի փոքրիկ հրապարակում մի շարք լրագրողների հետ։ Ոստիկանության ծառայողները մոտեցել են նրան և տարել մեկուսարան։ Դիմումատուն հարցրել է, թե ինչ է պահանջվում իրենից, սակայն պատասխան չի ստացել։ Տեսանյութը թույլ է տալիս ենթադրել, որ նրան նստեցրել են ոստիկանության մեքենա։ Դիմումատուն պնդել է, որ իր ընկերները փաստաբան են ուղարկել ոստիկանության բաժանմունք՝ իրեն իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար։

Դիմումատուները չեն դիմել որևէ ներպետական մարմին՝ պնդելով, որ ներպետական մակարդակում արդյունավետ իրավական պաշտպանության միջոց չի եղել։

Դիմումատուների՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքները, որոնք վերաբերում են նրանց ենթադրյալ ապօրինի և առանց պաշտոնական ճանաչման՝ ազատությունից զրկելուն, ինչպես նաև Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքները հանրային հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառված ենթադրյալ ապօրինի և անհամաչափ միջոցների վերաբերյալ, ինչպես նաև երկրորդ դիմումատուի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ներկայացված բողոքը ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն):

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Ա. Գանգատների միացումը

 

Հաշվի առնելով գանգատների առարկայի նույնաբովանդակությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել միասին՝ մեկ որոշմամբ։

Բ. Կոնվենցիայի 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն ներկայացված գանգատները (հանրային հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառված ապօրինի և անհամաչափ միջոցները, ներառյալ՝ ձերբակալումը)

Դիմումատուները, հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների վրա, բողոքել են 2016 թվականի հուլիսի 18-ի ցույցի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես՝ իրենց ձերբակալության և ենթադրյալ՝ առանց պաշտոնական ճանաչման ազատությունից զրկելուն, ինչպես նաև իրենց հավաքների ազատության իրավունքին միջամտելու մասով։

Կառավարությունը վիճարկել է դիմումատուների կողմից ներկայացված իրադարձությունների նկարագրությունը՝ մասնավորապես պնդելով, որ դիմումատուներն այդ պահանջները չեն ներկայացրել որևէ ներպետական մարմնի։ Դատարանը կարիք չունի անդրադառնալու Կառավարության՝ ներպետական միջոցները սպառելու վերաբերյալ առարկություններին, քանի որ ուսումնասիրելով իր առջև առկա բոլոր նյութերը՝ այն գտնում է, որ բողոքները, այնուամենայնիվ, անընդունելի են հետևյալ պատճառներով:

Դատարանը նշում է, որ դիմումատուների կողմից ապօրինի ձերբակալման և կալանքի վերաբերյալ իրենց պնդումները հիմնավորող միակ ապացույցը վերը նկարագրված լրատվական հոդվածներն ու տեսագրություններն են։ Այնուամենայնիվ, չնայած նշված տեսանյութը ենթադրում էր, որ դիմումատուները կարող էին զսպված լինել ոստիկանության ծառայողների կողմից կամ նստեցվել ոստիկանության մեքենա, դա ակնհայտորեն բավարար չէ այն եզրակացությանը հանգելու համար, որ նրանք ապօրինի ձերբակալվել են՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ, կամ որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ կամ 11-րդ հոդվածներով նախատեսված նրանց իրավունքներին միջամտություն: Մասնավորապես կարճ տեսաձայնագրություններով (մոտավորապես երկու րոպե տևողությամբ) չի տրամադրվում որևէ մանրամասն տեղեկություն երկու միջադեպերի համատեքստի վերաբերյալ։ Դրանք չեն բացահայտում այդ միջոցների ձեռնարկման ճշգրիտ հանգամանքները, դրանց տևողությունը կամ դիմումատուների նկատմամբ սահմանափակում կիրառելուց կամ նրանց ոստիկանության մեքենա տեղափոխելուց առաջ կամ հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Ամենակարևորը, դրանք չեն հաստատում ձերբակալության կամ հետագա կալանքի ենթադրյալ ապօրինի բնույթը։ Դրանք նաև չեն հիմնավորում դիմումատուների պնդումներն իրենց խոսքի ազատության կամ հավաքների ազատության իրավունքների նկատմամբ միջամտելու վերաբերյալ։ Համատեքստային որևէ տարրի բացակայության պարագայում դիմումատուների պնդումները մնում են զուտ ենթադրական։

Դատարանը նաև նշում է, որ ոչ մի ներպետական մարմին չի հաստատել համապատասխան փաստերը։ Այնուամենայնիվ, չնայած այն պնդմանը, որ ձերբակալությունը չի տեսաձայնագրվել, իսկ իրավական պաշտպանության միջոցները հասանելի չեն եղել, դիմումատուները չեն ձեռնարկել որևէ էական ջանք՝ լրացուցիչ ապացույցներ, օրինակ՝ վկաների ցուցմունքներ ձեռք բերելու կամ իրադարձությունների իրենց տարբերակն այլ կերպ հիմնավորելու համար, առավել ևս, որ երկրորդ դիմումատուն, ենթադրաբար, ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ընթացքում օգնություն է ստացել փաստաբանից։

Դատարանը հաշվի է առնում այն փաստը, որ 2016 թվականի հուլիսի 17-30-նն անցկացված բողոքի ցույցերի ընթացքում մի շարք ցուցարարներ են ձերբակալվել։ Այնուամենայնիվ, նման ընդհանուր համատեքստը, այդ թվում՝ դիմումատուների պնդումն այն մասին, որ իրենց ձերբակալությունը չի տեսաձայնագրվել, չի ազատում նրանց իրենց պնդումները համապատասխան և բավարար ապացույցներով հիմնավորելու պարտավորությունից։ Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով սույն գործի հանգամանքները և Դատարանի էապես օժանդակ դերը՝ դիմումատուները պարտավոր էին հավաքել ապացույցներ՝ իրենց պնդումը հիմնավորելու համար, այդ թվում՝ դիմելով իրավասու ներպետական մարմիններին, որոնք կարող էին նպաստել այդ գործին (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Հ.Մ.-ն ընդդեմ Շվեդիայի (որոշում) [H.M. v. Sweeden (dec.)], թիվ 10859/24, 2025 թվականի դեկտեմբերի 9):

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ գանգատներն անհիմն են և պետք է մերժվեն՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-ին և 4-րդ կետերի համաձայն:

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Որոշում է միացնել գանգատները.

Հայտարարում է գանգատներն անընդունելի:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի հուլիսի 9-ին։

 

Վիկտորիա Մարադուդինա՝

Անդրեաս Զունդ՝

Քարտուղարի տեղակալ

Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 5-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկ

(հանրային հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառված ապօրինի և անհամաչափ միջոցները, ներառյալ՝ ձերբակալումը)

 

Թիվ

Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը

Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը

Ներկայացուցչի անունը և գտնվելու վայրը

1.

9787/17
18.01.2017թ.

Անուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1987թ.

Մելքոնյան Արաքս
Երևան

Մարալյան Աննա
Ստրասբուրգ

2.

9788/17
18.01.2017թ.

Մաքսիմ ՍԱՐԳՍՅԱՆ
1987թ.

Մելքոնյան Արաքս
Երևան