ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՈՎ ՂՐԻՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 511
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.1993

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 1993 թվականի N 511

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՈՎ ՂՐԻՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Ղրիմի Գերագույն խորհրդի ազգային քաղաքականության և միջհանրապետական հարաբերությունների մշտական հանձնաժողովի խնդրանքը և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջնորդությունը Ղրիմից նախկինում բռնագաղթած հայերի մշտական բնակության վայրերը վերադառնալու պետական ծրագրի շրջանակներում 14 հայկական գյուղերում բնակելի տների շինարարությունն ապահովելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը՝

ա) շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայացնելուց հետո հարկադիր պարապուրդում գտնվող շինարարներին գործուղել Ղրիմ՝ հայկական գյուղերում շինարարական աշխատանքներն սկսելու համար.

բ) սահմանված կարգով ճշտել շինարարական աշխատանքների ծավալները և դրանց ապահովման նպատակով Ղրիմ տեղափոխել համապատասխան սարքավորումներ ու շինարարական տեխնիկա։

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հայտի համաձայն հատկացնել նրան անհրաժեշտ թվով երկաթուղային վագոններ և այլ տրանսպորտային միջոցներ՝ նշված սարքավորումները և շինարարական տեխնիկան մինչև Բաթումի նավահանգիստ տեղափոխելու համար։

3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը՝ օրենքով սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հայտի համաձայն շինարարական մեխանիզմների և շինարարական նյութերի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումների ու շինարարական տեխնիկայի անարգել դուրսբերումը հանրապետությունից։

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` Ղրիմում կատարված շինարարական աշխատանքների մասին եռամսյակը մեկ պահանջվող ծավալով տվյալներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. Բագրատյան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան