ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3488-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3488-Ա

«15» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արսեն Մկրտչյանի լիազորված անձ՝ Ռիմա Տիգրանյանի 2026 թվականի հունիսի 17-ի թիվ Դ-62350-26 բողոքի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է բողոքի քննություն:

2026 թվականի հունիսի 17-ի թիվ Դ-62350-26 բողոքի (այսուհետ՝ Բողոք) քննության շրջանակներում 2026 թվականի հուլիսի 1-ին հրավիրվել են լսումներ:

Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի հունիսի 29-ի թիվ Դ-67027-26 դիմումով Արսեն Մկրտչյանի լիազորված անձ՝ Ռիմա Տիգրանյանը խնդրել է 2026 թվականի հուլիսի 1-ին հրավիրված լսումներն իրականացնել իր և Արսեն Սիմոնյանի բացակայությամբ:

Ուսումնասիրելով Բողոքը, Արսեն Սիմոնյանի լիազորված անձ՝ Ռիմա Տիգրանյանի 2026 թվականի հուլիսի 2-ի թիվ Դ-68842-26 դիմումն ու դրան կից ներկայացված ապացույցները, գնահատելով Բողոքի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ Դ-39645-26 դիմումով Արսեն Սիմոնյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի ապրիլի 4-ին Ամիրյան փողոցում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Hyundai Sonata 2.5L» մակնիշի «10 UX 100» հաշվառման համարանիշի անտոմեքենային աղբամանի հարվածի հետևանքով առաջացած վնասը, որը համաձայն՝ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի ապրիլի 18-ին կազմված հետքաբանական և ապրանքագիտական թիվ 26-1553 եզրակացության՝ կազմում է 242.000 (երկու հարյուր քառասուներկու հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև խնդրել է հատուցել փորձաքննության նպատակով կատարված ծախսը, որը կազմում է 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից 2026 թվականի ապրիլի 4-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 574050 արձանագրությունը, որի համաձայն՝ նշված օրը Արսեն Սիմոնյանի «Hyundai Sonata 2.5L» մակնիշի «10 UX 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և Հրայր Արամյանի ավտոմեքենայի մասնակցությամբ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 13 հասցեում տեղի է ունեցել ինքնավթար:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի ապրիլի 18-ին կազմված՝ թիվ 26-1553 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «4. Հետևություններ» բաժնի առաջին պարբերության համաձայն՝ փորձաքննության տրամադրված «Hyundai Sonata 2.5L» մակնիշի «10 UX 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնցից՝ առջևի ձախ անվաթևի և հետևի թափարգելի վնասվածքներն առաջացել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 574050 արձանագրությամբ ամրագրված պատահարի հետևանքով, դեպքի վայրում՝ ավտոմեքենան կայանված վիճակում, հանդիպակաց ուղեմասի մայթեզրի մոտ տեղակայված աղբամանը, անիվներն արգելակներով ֆիքսված չլինելու և դրա ինքնաբերաբար տեղաշարժը ապահովված չլինելու պայմաններում ինքնագլորվելու և կայանված ավտոմեքենայի նշված հատվածների՝ նախ առջևի ձախ անվաթևի հետ հարվածային, այնուհետև հետևի թափարգելի հետ սահող բնույթի փոխազդեցությունների մեջ մտնելու հետևանքով: Ըստ փորձագետի՝ աղբամանի ինքնագլորման հավանական պատճառ է հանդիսացել դրա անիվներն արգելակներով ֆիքսված և ինքնաբերաբար տեղաշարժը բացառող պայմանների ապահովված չլինելը: Նույն եզրակացության «4. Հետևություններ» բաժնի երկրորդ պարբերության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Hyundai Sonata 2.5L» մակնիշի «10 UX 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 242.000 (երկու հարյուր քառասուներկու հազար) ՀՀ դրամ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարողի 2026 թվականի մայիսի 18-ի N 2541-Ա որոշմամբ Արսեն Սիմոնյանի 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ Դ-39645-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է:

Արսեն Սիմոնյանի անունից ներկայացված բողոքով վերջինիս լիազորված անձ Ռիմա Տիգրանյանը խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 2026 թվականի մայիսի 18-ի N 2541-Ա որոշումը և ընդունել նոր՝ բարենպաստ վարչական ակտ՝ փոխհատուցելով պատճառված վնասը՝ ընդհանուրը 322.000 (երեք հարյուր քսաներկու հազար) ՀՀ դրամի չափով, որից 242.000 (երկու հարյուր քառասուներկու հազար) ՀՀ դրամը որպես գույքին հասցված նյութական վնաս, իսկ 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամը որպես վնասի ապացուցմանն ուղղված փորձաքննության անհրաժեշտ ծախս:

2026 թվականի հուլիսի 2-ի թիվ Դ-68842-26 դիմումին կից ներկայացվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի 2026 թվականի հունիսի 30-ի թիվ 63/85928-26 գրությունը, որով տեղեկացվել է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից սպասարկվում են բացառապես Երևան քաղաքի Ամիրյան փողոցի հ.12 հասցեում տեղադրված կանաչ գույնի աղբամանները, որոնք հանդիսանում են Երևան համայնքի սեփականությունը:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի երկրորդ բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե չորրորդ բաժնով այլ բան նախատեսված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:

Բողոքի հիմքում դրվել է այն փաստարկը, որ 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ Դ-39645-26 դիմումի քննության շրջանակներում վարչական մարմինը կրել է պոզիտիվ պարտականություն՝ սեփական նախաձեռնությամբ պարզել արդյո՞ք վկայակոչված ժամանակահատվածում և կոնկրետ տեղանքում տեղակայված են եղել համայնքային ենթակայության աղբամաններ և արդյո՞ք այդ հատվածում ու նշված ժամանակահատվածում իրականացվել են աղբահանության սպասարկման աշխատանքներ համապատասխան անձնակազմի կողմից:

Բողոքաբերի մատնանշած՝ վերը հիշատակված հարցերի պարզումը վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորման համար չէր կարող ունենալ կանխորոշիչ նշանակություն, քանի որ 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ Դ-39645-26 դիմումի քննության շրջանակներում, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդված 1-ին մասի «ա» կետի կարգավորումները, ենթակա է եղել պարզման, թե արդյո՞ք դիմումատուի կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորվել է ենթադրյալ վնասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի փոխազդեցության հետևանք հանդիսանալու հանգամանքը: Նշված հանգամանքի պարզումն ուղղակիորեն փոխկապված է Երևանի քաղաքապետարանի գործողությունների և/կամ անգործության և ենթադրյալ վնասի առաջացման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հիմնավորելու հետ, մինչդեռ դիմումատուի կողմից ներկայացված ապացույցներում (տեսագրություն), պատահարի տարածքում բացի համայնքային սեփականություն հանդիսացող և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից սպասարկվող աղբամաններից, առկա են նաև այլ սուբյեկտին պատկանող աղբամաններ, իսկ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ 26-1553 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը չի պարունակում տեղեկատվություն այն մասին, թե ստույգ ո՞ր գույնի և ո՞ր տեսակի աղբամանի փոխազդեցության հետևանք են հանդիսանում փորձաքննության ենթարկված ավտոմեքենայի վրա հայտնաբերված հետքերը, ինչից հետևում է, որ նշված եզրակացությամբ չի հիմնավորվում, որ ենթադրյալ վնասի առաջացման պատճառ հանդիսացել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից սպասարկվող աղբամանը:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ 26-1553 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության բազմակողմանի հետազոտությամբ պարզվել է, որ այն չի հանդիսանում 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ Դ-39645-26 դիմումով պահանջված վնասի առաջացման պատճառներն օբյեկտիվորեն բացահայտող պատշաճ ապացույց, քանի որ չի պարունակում նույն դիմումում նկարագրված ինքնավթարում տեղ գտած աղբամանի հետազոտություն, ինչպես նաև չի պարունակում հետևություններ աղբամանի պատկանելության վերաբերյալ:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ 26-1553 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության բազմակողմանի հետազոտությամբ պարզվել է, որ փորձագետը գիտականորեն ընդունված մեթոդի կիրառմամբ չի հիմնավորել, թե ինչ գործոններով պայմանավորված և ինչ հանգամանքներում է մեկ ուղղությամբ գլորվող աղբամանն անշարժ գտնվող (կայանված) ավտոմեքենայի թափքի վրա թողնել միաժամանակ տարբեր ուղղվածության հետքեր: Եզրակացության մեջ նշված չէ պատահարի վայրի ճանապարհի թեքության աստիճանը, հետևաբար առանց տեղանքի թեքության չափագրման և աղբամանի զանգվածի ու իներցիոն ուժի հաշվարկի, աղբամանն ինքնաբերաբար շարժվելու վերաբերյալ հետևությունը կրում է ենթադրական բնույթ և հիմնված չէ օբյեկտիվ տվյալների և գիտականորեն հիմնավորված հաշվարկների վրա: Փորձագետը չի հիմնավորել ավտոմեքենայի անվաթևի վրա արձանագրված կոշտ ներխրված դեֆորմացիայի առաջացման մեխանիզմը, բացի այդ չի նկարագրել աղբամանի կոնտակտային մակերեսների և մեքենայի վնասվածքների երկրաչափական համադրման արդյունքները, չի հստակեցրել, թե աղբամանի կոնկրետ ո՞ր մասն է թողել ուղղաձիգ դրվածքով ներխրվածքը, չի պարզել ավտոմեքենայի վրա առկա սև քսվածքի ծագումնաբանությունը, չի հստակեցրել ենթադրյալ վնասին հանգեցրած աղբամանի տեսակը, քանի որ աղբամաններն իրենք տեխնիկական բնութագրով (բարձրություն, նյութ, քաշ և այլն) տարբեր են:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարողի 2026 թվականի մայիսի 18-ի N 2541-Ա որոշման հիմքում դրվել են «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ 26-1553 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության բազմակողմանի հետազոտությամբ պարզված փաստական հանգամանքները, որպիսիք հերքող կամ հակառակն ապացուցող ապացույցներ Բողոքին կից չեն ներկայացվել:

Ինչ վերաբերում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի 2026 թվականի հունիսի 30-ի թիվ 63/85928-26 գրությանը, ապա այն չի պարունակում տեղեկատվություն այն մասին, որ քննարկվող պատահարը և ենթադրյալ վնասն առաջացել են համայնքային սեփականություն հանդիսացող՝ կանաչ գույքի աղբամանի փոխազդեցության արդյունքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.

գ) շահերի բախման իրավիճակում:

Ներկայացված Բողոքով չի հիմնավորվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարողի 2026 թվականի մայիսի 18-ի N 2541-Ա որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական ակտի անվավերությանը հանգեցնող որևէ հիմքի առկայության պայմաններում ընդունված լինելու փաստական հանգամանքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.

բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով թիվ Դ-39645-26 և թիվ Դ-48468-26 հանձնարարականների շրջանակներում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից ներկայացված դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/1661/02/19 քաղաքացիական գործով 2013 թվականի հոկտեմբերի 4-ի և թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ի նախադեպային որոշումներով արտահայտված եզրահանգումները, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ, 69-րդ, 75-րդ հոդվածներով և նույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Արսեն Սիմոնյանի լիազորված անձ Ռիմա Տիգրանյանի 2026 թվականի հունիսի 17-ի թիվ Դ-62350-26 բողոքը մերժել և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարողի 2026 թվականի մայիսի 18-ի N 2541-Ա որոշումը թողնել անփոփոխ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան