ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3494-Ա |
«15» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷՐԵԲՈՒՆԻ, ԳԱՋԱՀԱՆԻ ԳԻՊՍԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, «ԳԱՋ» ՓԲԸ-Ի ՀԵՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Գաջ» ՓԲԸ-ի տնօրեն Արշակ Ենգոյանի դիմումը՝ Էրեբունի, Գաջահանի գիպսի հանքավայրում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողամասի վարձակալության պայմանագիր կնքելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 03.06.2020թ. տրված օգտակար հանածոների արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թիվ ՇԱԹ-29/621 թույլտվությունը, հ. Լ-621 լեռնահատկացման ակտը և ընդերքօգտագործման 03.06.2020թ. Պ-621 պայմանագիրը։
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասի հատակագծով ներկայացված 5,0հա մակերեսով հողամասից 4,7985հա մակերեսով հողամասն ընդգրկված է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքօգտագործման հողերի գոտում, 0,1907հա մակերեսով հողամասը՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ այլ հողերի, իսկ 0,0108հա մակերեսով հողամասը՝ բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողերի գոտում, ինչի պարագայում «Գաջ» ՓԲ ընկերության հետ հողամասի վարձակալության պայմանագիր հնարավոր է կնքել 4,7985հա մակերեսի չափով։
Քննարկվող հողամասն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ հողամասը գտնվում է 12-րդ գոտում /ծածկագրեր՝ 01-005-0848-0001, 01-005-0848-0002, 01-005-0849-0001, 01-005-1426-0001, 01-005-1427-0001, 01-005-1428-0001, 01-005-1429-0001, Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի հունիսի 23-ի հ.614-Ն որոշում, տողեր՝ 59,60,61,62,63,64,65, իսկ 01-005-0850-0001 և 01-005-0851-0001՝ Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի հ.345-Ն որոշում, տողեր՝ 2020, 2021/:
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով և 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը», 46-րդ կետի «դ» ենթակետերը, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշումը, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23 հ.463-Ն, 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.469-Ն որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-66225-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Էրեբունի, Գաջահանի գիպսի հանքավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 4.7985հա:
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Էրեբունի, Գաջահանի գիպսի հանքավայրում գտնվող 4.7985հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակաը/` ընդերքօգտագործման:
4. Էրեբունի Գաջահանի գիպսի հանքավայրում գտնվող 4.7985հա մակերեսով հողամասին տրամադրել «Վարդաշեն 9-րդ փողոց, հ.94» հասցեն:
5. Էրեբունի, Գաջահանի գիպսի հանքավայրում գտնվող 4.7985հա մակերեսով հողամասը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո, վարձակալության իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել «Գաջ» ՓԲԸ-ին՝ տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի ժ) պարբերության` կազմում է 8314841 /ութ միլիոն երեք հարյուր տասնչորս հազար ութ հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ (4.7985հա x 2888 ՀՀ դրամ x 3% x 2 գործակից): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 2888 ՀՀ դրամ:»:
6. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրում «Վարձակալը պարտավոր է» բաժնում անհրաժեշտ է ներառել կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
1) «Ապահովել հանքավայրին հարակից ընդհանուր օգտագործման ճանապարհների բարեկարգումը, խճապատումը, ասֆալտի քերուկով նորոգումը:».
2) «Ապահովել հանքավայրին հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարբերաբար մաքրման աշխատանքները, մաքրության պահպանումը և դրանց ապահովման նպատակով հանքից դուրս եկող մեքենաների անիվների լվացումը, հանքի տարածքում ջրցան թնդանոթների կամ ջրցան այլ սարքավորումների տեղադրումը, օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ, որի տեխնիկական չափորոշիչները և հասանելիության պայմանները սահմանվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ:»:
7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
8. Լիազորել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր։
9. Ընդունել ի գիտություն, որ անհրաժեշտ է հողամասի վարձակալության պայմանագրում ներառել կետ՝ ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասը հողօգտագործողի կողմից վերականգնելու և բարեկարգելու /ռեկուլտիվացիա/, ինչպես նաև դրանք պիտանի դարձնելու տնտեսության մեջ օգտագործման համար կամ անվտանգ վիճակի բերելու վերաբերյալ:
10. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 5-րդ կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
11. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
12. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։
13. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |