ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«22» ՄԱՅԻՍԻ 2026 Թ. քաղ. Երևան |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը դրա դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է՝ դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը կարող է իրականացվել պարզաբանող մարմնի նախաձեռնությամբ։ Իր հերթին Կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ Արդարադատության նախարարությունն իրավասու է պաշտոնական պարզաբանումներ տալ հաշտարարության բնագավառը կարգավորող օրենսդրական ակտերի և Կառավարության որոշումների վերաբերյալ։
Հարկ է նկատել, որ «Հաշտարարության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1.1-ին մասի և 12-րդ հոդվածի 7-րդ ու 8-րդ մասերի համատեղ կիրառման համատեքստում, հաշտարարության ավարտման արձանագրության կազմման և տրամադրման դիմաց վճարման առանձնահատկությունների վերաբերյալ կարող են առաջանալ տարաբնույթ ընկալումներ և մեկնաբանություններ:
Ելնելով վերոգրյալից և նպատակ ունենալով ապահովել հաշտարարի վարձատրությանը և ավարտման արձանագրության տրամադրմանը վերաբերող դրույթների միատեսակ ընկալումն ու կիրառումը՝ «Հաշտարարության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1.1-ին մասի և 12-րդ հոդվածի 7-րդ ու 8-րդ մասերի դրույթները պաշտոնական պարզաբանման կարիք ունեն այն հարցադրման համատեքստում, թե արդյո՞ք հաշտարարն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ վճար հաշտարարության ավարտման արձանագրության կազմման և տրամադրման համար:
«Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման համար հաշտարարի վարձատրության դրույքաչափը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Կողմերի համաձայնության առկայության դեպքում հաշտարարի վարձատրության չափը կարող է գերազանցել Կառավարության որոշմամբ սահմանված՝ հաշտարարի վարձատրության դրույքաչափերը:»:
Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարության իրականացման վարձատրության դրույքաչափը սահմանվում է Կառավարության որոշմամբ։»:
Օրենքի 11-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն. «Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ և 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում կողմերի և հաշտարարի միջև ստորագրվում է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն, որը ոչ ուշ, քան հաջորդ օրը տրամադրվում է կողմերին: Եթե կողմը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա հաշտարարն այդ մասին նշում է կատարում արձանագրությունում։ Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունն ստորագրվում է հաշտարարի և ներկայացած կողմի միջև, հաշտարարը նշում է կատարում արձանագրությունում մյուս կողմի չստորագրելու մասին։»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:»:
«Հաշտարարության մասին» ՀՀ օրենքով ամուսնաընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության սահմանումն ուղղված է՝ ընտանեկան վեճերի հնարավոր հաշտությամբ լուծմանը, երեխաների լավագույն շահի ապահովմանը, վեճի սրացման կանխմանը և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը։
Պարտադիր հաշտարարության պահանջը չի զրկում անձին դատարան դիմելու իրավունքից, այլ ընդամենը պայմանավորում է այդ իրավունքի իրացումը՝ նախապես փորձելով վեճը լուծել հաշտարարության մեխանիզմով։ Հաշտարարության ավարտման արձանագրության առկայությունը հանդիսանում է դատարան դիմելու նախապայման և հաշտարարության չհաջողվելու ապացույց։
Պարտադիր հաշտարարության շրջանակներում հաշտարարի վարձատրության դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 804-Ն որոշմամբ։ Մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության համար սահմանված են հետևյալ վճարները՝ մինչև մեկ ժամ տևողությամբ հաշտարարության դիմաց՝ 25 000 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ մեկ ժամը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ 30 րոպեի համար՝ 10 000 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Եթե հաշտարարությունը նախաձեռնվել է միայն մեկ կողմի կողմից, հաշտարարի վարձատրությունը վճարում է նախաձեռնող կողմը։ Երկու կողմերի համատեղ դիմումի դեպքում վարձատրությունը վճարվում է կողմերի կողմից հավասար չափով։ Անվճարունակ ֆիզիկական անձանց համար, համապատասխան հայտարարագրի ներկայացման դեպքում, մինչև երկու ժամ տևողությամբ պարտադիր հաշտարարությունն իրականացվում է անվճար։
Կառավարության կողմից հաշտարարի վարձատրության ֆիքսված դրույքաչափերի սահմանումը նպատակ ունի բացառել կամայական մոտեցումները, ապահովել կանխատեսելիություն և իրավական որոշակիություն։ Նշվածը բխում է նաև ուղղ.16.11.2022 թվականին ընդունված՝ ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի հիմնավորումներից, ըստ որոնց, պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հաշտարարի վարձատրության փոխհատուցման կարգը հատուկ նախատեսված է այն տրամաբանությամբ, որ նախատեսի լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ հաշտարարության դիմած անձանց համար1: Ուստի, վճարման պարտականության բաշխումը հիմնված է նախաձեռնության սկզբունքի վրա, ինչը համահունչ է քաղաքացիաիրավական հարաբերությունների ընդհանուր տրամաբանությանը։ Միաժամանակ, անվճարունակ անձանց համար անվճար հաշտարարության ինստիտուտը ծառայում է սոցիալական արդարության սկզբունքին և կանխում ֆինանսական խոչընդոտների առաջացումը դատարան դիմելու իրավունքի իրացման ճանապարհին։
Համաձայն «Հաշտարարության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ ավարտման արձանագրության կազմումը և տրամադրումը հանդիսանում է հաշտարարի իրավական պարտականությունը, որով փաստաթղթավորվում է գործընթացի ավարտը: Սա ոչ թե լրացուցիչ կամ կամավոր ծառայություն է, այլ հաշտարարության գործընթացի պարտադիր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի) եզրափակիչ փուլ, որի իրականացումն ուղղակիորեն բխում է օրենքի պահանջից: Ավելին, ավարտման արձանագրությունը դիտարկվում է որպես դատարան դիմելու իրավունքի իրացման անհրաժեշտ նախապայման։ Բացի այդ, ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 804-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերը հաշվարկվում են ըստ հաշտարարության տևողության (ժամաքանակի) և ոչ թե ըստ կատարված առանձին գործողությունների կամ փաստաթղթերի քանակի: Հաշվի առնելով, որ վարձատրությունը նախատեսված է հաշտարարության իրականացման համար որպես ամբողջական գործընթաց, ապա այդ գործընթացի բաղկացուցիչ մաս կազմող արձանագրության կազմումը չի կարող դիտարկվել որպես այդ ժամաքանակից դուրս առանձին միավոր: Բացի այդ, նախապես չհամաձայնեցված կամ պայմանագրով ու իրավական ակտերով չնախատեսված վճարների պահանջը չի բխում գործող իրավակարգավորումներից։ Ցանկացած լրացուցիչ ծախս կամ վարձատրություն պետք է կատարվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Ըստ այդմ, «Հաշտարարության մասին» օրենքի և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մեկնաբանության համատեքստում՝ հաշտարարի վարձատրությունը պետք է ներառի նաև ավարտման արձանագրության կազմման և տրամադրման ծառայությունը: Ավարտման արձանագրության կազմումը և տրամադրումը հանդիսանում են հաշտարարության ծառայության անբաժանելի մասը և ներառված են հաշտարարի վարձատրության ընդհանուր դրույքաչափի մեջ՝ անկախ այն հանգամանքից՝ հաշտարարությունը ավարտվել է հաշտության համաձայնությամբ, թե ոչ։
Ավարտման արձանագրության տրամադրումը իրականացվում է ըստ փաստացի իրականացված հաշտարարության ժամաքանակի և պայմանավորված չէ հաշտարարության հանդիպումների ընթացքում մեկ կամ մի քանի պահանջներ քննարկելու տրամաբանությամբ։ Հետևաբար, եթե հաշտարարության ընթացքում ներկայացվում կամ քննարկվում են մի քանի պահանջներ, յուրաքանչյուր պահանջի համար առանձին վճար չի ենթադրվում:
Ինչ վերաբերում է հաշտարարի կողմից նախաձեռնված հանդիպումներին կողմերի մասնակցությանը, ապա հարկ է պարզաբանել, որ պարտադիր հաշտարարության շրջանակներում ակնկալվում է կողմերի մասնակցությունը գործընթացին՝ հաշտարարի կողմից ներկայացվող պարզաբանումները լսելու և հաշտարարական մեխանիզմի էությանը ծանոթանալու նպատակով: Այս համատեքստում ավարտման արձանագրության կազմումը պետք է պայմանավորված լինի հաշտարարի և առնվազն նախաձեռնող կողմի (կամ երկու կողմերի) փաստացի հանդիպմամբ: Գործընթացի հնարավոր չարաշահումը կանխելու և դատարան դիմելու իրավունքի անժամկետ արգելափակումը բացառելու նպատակով՝ իրավաչափ է համարվում ավարտման արձանագրության կազմումը նաև այն դեպքում, երբ կողմերից մեկն առանց հարգելի պատճառի չի ներկայանում հաշտարարության առաջին հանդիպմանը։ Նման իրավիճակներում հաշտարարի կողմից պետք է կազմվի ավարտման արձանագրություն՝ չներկայացած կողմի վերաբերյալ համապատասխան նշումով:
Հարկ է հստակեցնել նաև, որ օրենսդրորեն սահմանված՝ հաշտարարության գործընթացին մասնակցության պահանջը չպետք է նույնացվի դրա արդյունքի՝ պարտադիր համաձայնության հետ։ Կողմերից ակնկալվում է բարեխիղճ մասնակցություն, սակայն համաձայնության հասնելը մնում է նրանց կամահայտնության տիրույթում։ Այսպիսով, ամուսնաընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության իրավակարգավորումները միտված են ընտանեկան վեճերի արդյունավետ և մարդակենտրոն լուծմանը՝ հարգելով անձանց հիմնարար իրավունքներն ու դատական պաշտպանության հնարավորությունը։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42–րդ հոդվածի 5-րդ մասով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.
Ավարտման արձանագրության կազմումը և տրամադրումը դիտարկվում են որպես հաշտարարության ծառայության անբաժանելի մաս և ներառված են համարվում հաշտարարի վարձատրության ընդհանուր դրույքաչափի մեջ՝ անկախ այն հանգամանքից՝ հաշտարարությունն ավարտվել է հաշտության համաձայնությամբ, թե՝ ոչ: Միաժամանակ, ավարտման արձանագրության տրամադրումն իրականացվում է ըստ հաշտարարության փաստացի ժամաքանակի և չպետք է պայմանավորված լինի հաշտարարության հանդիպումների ընթացքում մեկ կամ մի քանի պահանջներ քննարկելու տրամաբանությամբ, ինչի դեպքում չի ենթադրվում յուրաքանչյուր պահանջի համար առանձին վճարի հաշվարկում: Իր հերթին, ցանկացած լրացուցիչ վարձատրություն կամ ծախս պետք է կատարվի բացառապես կողմերի նախնական փոխադարձ համաձայնությամբ:
_____________
1 Տե՛ս http://parliament.am/draft_docs8/K-292-292-5Lr_Himnavorum.pdf հղումով (03.03.2026 թվականի դրությամբ)
|
Պարտականությունները կատարող՝
5/22/2026 |
Տ. Դադունց |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2026 թվական: