ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 315
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/6, հունիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 1993 թ. N 315

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեն ընդունել կատարման ըստ հաշվարկային եկամուտների` 219854385 հազար ռուբլի, ըստ ծախսերի` 267688332 հազար ռուբլի, բյուջեի 47833947 հազար ռուբլի դեֆիցիտով, համաձայն N 1 հավելվածի: *)

2. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեն ընդունել կատարման եկամուտների գծով` 185539573 հազար ռուբլի, ծախսերի գծով` 221541063 հազար ռուբլի, և դրանք նախատեսել ըստ ՀՀ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, առանձին ոլորտների և ուղղությունների, համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեի դեֆիցիտը նախատեսել 36001490 հազար ռուբլի:

4. 1993 թվականին Հայաստանի Հանրապետության շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների տեղական բյուջեներում նախատեսել մասհանումներ`

գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների շահութահարկից` 70 տոկոս, գյուղացիական տնտեսությունների եկամտահարկից` 70 տոկոս.

ավելացված արժեքի հարկից, հանրապետական ենթակայության ձեռնարկությունների շահութահարկից և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից, համաձայն N 3 հավելվածի:

5. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեում օրենսդիր, գործադիր, դատական իշխանության և իրավապահ մարմինների պահպանման ծախսերն ըստ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների, համաձայն N 4 հավելվածի:

6. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեում լուսավորության և մշակույթի գծով ծախսերն ըստ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների, համաձայն NN 5 և 6 հավելվածների:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների 1993 թվականի բյուջեներով ֆինանսավորվող` բնակարանային-կոմունալ տնտեսության գործունեությունից անկախ պատճառներով առաջացող վնասները ծածկելու, ինչպես նաև երեխաներին տրվող նպաստների և պետական կենտրոնացված կապիտալ ներդրումների գծով ծախսերի մի մասը ֆինանսական ռեսուրսներով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեից Հայաստանի Հանրապետության շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների տեղական բյուջեներին հատկացնել նպատակային դոտացիա և սուբվենցիա, համաձայն N 7 հավելվածի:

8. 1993 թվականին ՀՀ կապի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության հիմնական գործունեությանը վերաբերող ձեռնարկությունների, ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ երկաթգծի, ՀՀ տարածքում գործող բանկերի, ապահովագրական մարմինների, ոչ պետական վիճակախաղեր կազմակերպող ձեռնարկությունների, ՀՀ կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության հայկական ինստիտուտի, «Հայավտոսերվիս» ՊՁ-ի, «Մոսկվիչ» տեխսպասարկման կայանի, «Արարատ-Լադա» բաժնետիրական ընկերության, «Ավտոտեխսպասարկում ԻԺ» ԱՄ-ի ՀՀ կառավարությանն առընթեր «Հայտրանսշին» ՊՁ-ի, Արհմիությունների կուրորտների ղեկավարման հայկական հանրապետական խորհրդի, ՀՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչության, տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդի և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության ենթակայության ձեռնարկությունների շահութահարկը ամբողջովին հաշվանցել հանրապետական բյուջե:

9. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ մշակում են «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված առանձին հարկատեսակների մասին օրենսդրական ակտերի նախագծերը և դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն:

10. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի մասին» որոշմամբ`

ա) թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

մինչև «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հարկերի և տուրքերի մասին օրենսդրական ակտերի ընդունումը 1993 թվականին շարունակել 1992 թվականին գործող հարկերի գանձումը.

գյուղացիական տնտեսություններից եկամտահարկի հաշվարկման և բյուջե գանձման ժամանակավոր կարգը կիրարկել 1993 թվականի հունվարի 1-ից.

գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների շահույթը հարկել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

գյուղացիական տնտեսությունների եկամտահարկի և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների շահութահարկի 30 տոկոսը հաշվանցել հանրապետական բյուջե` համապետական նշանակության կենտրոնացված կարգով իրականացվող միջոցառումների ֆինանսավորման համար.

բ) ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը`

1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել փաստացի ստացված սահմաններում, ընդ որում` բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, սննդի, դեղորայքի, ինչպես նաև կենսաապահովման մյուս ծախսերինը` բյուջեով նախատեսված չափերով.

թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին 1993 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումը 1993 թվականի ապրիլ ամսին շարունակելու մասին» որոշմամբ հատկացված վարկը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 1993 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,3 մլրդ ռուբլի վարկ` 10 տարի ժամկետով, մարման ժամկետը սահմանելով 1997 թվականից սկսած` տարեկան 10 տոկոս դրույքաչափով.

գ) թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ, 1993 թվականի պետական բյուջեով չպլանավորված եկամուտներ ստանալու, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտների ստացման և ֆինանսավորման իրականացման միջև ընկած ժամանակաշրջանում ազատ ֆինանսական միջոցների առաջացման դեպքում այդ գումարներն օգտագործել ոչ պետական սեկտորին կարճաժամկետ բյուջետային վարկեր տրամադրելու և լրացուցիչ պետական ծախսեր կատարելու նպատակով.

դ) հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ապահովել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի դրամարկղային պլանի սահմանված կարգով կատարումը:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ մշակել և 1993 թվականի հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել գյուղացիական տնտեսությունների եկամտահարկի հաշվարկման և բյուջե գանձման ժամանակավոր կարգը.

բ) 1993 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտները ժամանակին և ամբողջությամբ հավաքագրելու, հարկման մեխանիզմները կատարելագործելու, մասնավորապես, հարկի հաստատագրված ձևերն ընդլայնելու և դրանով հարկատուների շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և մյուս շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ 20-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջարկություն Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարության ու Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության համակարգի առանձին ձեռնարկությունների գծով հաստատագրված վճարումների համակարգ ներդնելու մասին.

գ) շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ մշակել և հաստատել ավելացված արժեքի հարկի կենտրոնացված վճարումների համակարգ.

դ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1993 թվականի պետական բյուջեով լրացուցիչ ստացվող եկամուտների, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտների ստացման ու ֆինանսավորման իրականացման միջև ընկած ժամանակաշրջանում առաջացած ազատ ֆինանսական միջոցների հաշվին ոչ պետական սեկտորին կարճաժամկետ բյուջետային վարկեր տրամադրելու և լրացուցիչ պետական ծախսեր կատարելու կարգի մասին.

ե) 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար բյուջետային միջոցները հատկացնել փաստացի ստացված եկամուտների մակարդակին համապատասխան, ընդ որում` բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, սննդի, դեղորայքի ծախսերի գծով հատկացումները կատարել բյուջեով նախատեսված չափերով.

գ) տնտեսության պետական ոլորտի կառավարման կազմակերպական կառուցվածքը կատարելագործելու և գործադիր իշխանության մարմինների կառավարման ֆունկցիաները հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և արդարադատության նախարարության հետ համատեղ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների պահպանման ծախսերը միջին հաշվով 10 տոկոսով կրճատելու մասին.

է) ուժեղացնել պետական բյուջեով հատկացվող միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը, մասնավորապես, լուրջ ուշադրություն դարձնել վարկային էմիսիայի հաշվին բյուջեից և արտաբյուջետային հաշվից ձեռնարկություններին և կազմակերպություններին տրամադրված միջոցների  արդյունավետ և նպատակային օգտագործմանը.

ը) 1993 թվականի բյուջեի կատարման 9 ամսվա արդյունքով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վարկային էմիսիայի միջոցների օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն. 

թ) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային ֆինանսական կազմակերպություններից նպատակային վարկեր ստանալու համար: Կազմակերպել «Քեզ, Հայաստան» փոխառություն և արտասահմանում տարածել 9,0 մլրդ ռուբլի գումարով պարտատոմսեր, ինչպես նաև հանրապետությունում ներքին շահող փոխառություն` 1,5 մլրդ ռուբլի գումարով, և դրանց իրացումից ստացված եկամուտներն ուղղել 1993 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանը.

ժ) ԼՂՀ 1993 թվականի բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով հանրապետական բյուջեի միջոցների հաշվին հատկացնել 2966 մլն ռուբլի միջպետական վարկ.

ի) 1993 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 1993 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվություն և անհրաժեշտության դեպքում բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնելու համար:

12. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել 1993 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտները ժամանակին և ամբողջությամբ բյուջե հավաքագրելու համար:

13. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին`

ա) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համապատասխան համակարգի ձեռնարկությունների կողմից պետական բյուջեով նախատեսված` հարկային վճարումների գծով պարտավորությունները ժամանակին և ամբողջությամբ կատարելու համար.

բ) 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության քննարկմանը ներկայացնել կոնկրետ առաջարկություններ` ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության գնահատման ցուցանիշների, մասնավորապես, արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացման գծով ցուցանիշի, և այս ոլորտում պետական ձեռնարկությունների ղեկավարների պատասխանատվության մասին:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ համատեղ քննության առնել նախարարություններից, պետական վարչություններից և գերատեսչություններից ստացված նյութերը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի ու բյուջեի կատարման առումով ձեռնարկությունների գործունեության գնահատման համակարգ և դրա հիման վրա սահմանել համապատասխան հաշվետվության համակարգ:

14. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի մասին» որոշումը կիրարկելու օրվանից սկսած երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել, քննարկել և հաստատել համապատասխան շրջանների ու հանրապետական ենթակայության քաղաքների բյուջեները.

բ) տեղական բյուջեներում նպատակային դոտացիաներն ու սուբվենցիաները, ինչպես նաև հանրապետական հարկերից` ավելացված արժեքի հարկից, հանրապետական ենթակայության ձեռնարկությունների շահութահարկից և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից մասհանումները նախատեսել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված չափերով.

գ) տեղական բյուջեների եկամուտների թերակատարման դեպքում պլանային ծախսերի կատարումն ապահովել փաստացի ստացված եկամուտների և իրենց տրամադրության տակ եղած ֆինանսական ռեսուրսների սահմաններում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ