ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 1993 թ. N 265
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋԱՐԴՈՆԻ ՈՒ ԹԱՓՈՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինության տակ է հանրապետությունում գտնվող թանկարժեք մետաղների ջարդոնի ու թափոնի մեծ մասը և, ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող թանկարժեք մետաղներ պարունակող մեքենաների, սարքավորումների, ինչպես նաև ջարդոնի և թափոնի հաշվառման, հավաքման, պահպանման, վերամշակման և հետագա տնօրինման կարգի մասին» N 158 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ժամանակավորապես, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների զտման (աֆինաժի) արտադրություն ստեղծելը, թույլատրել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացման հիմնադրամին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ, փոխշահավետ պայմանագրեր կնքել արտերկրյա ֆիրմաների հետ թանկարժեք մետաղներ պարունակող թափոնի և ջարդոնի վերամշակումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կազմակերպելու վերաբերյալ: Պայմանագրերի կնքման, փոխշահավետության և իրագործման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության վրա:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացման հիմնադրամին` համաձայնեցնելով ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ.
ա) Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից և բնակչությունից հավաքել, պահեստավորել թանկարժեք մետաղներ պարունակող թափոնը և ջարդոնը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 16-ի N 158 որոշմամբ սահմանված կարգով.
բ) թափոնի և ջարդոնի վերամշակումից ստացված թանկարժեք մետաղներն օգտագործել արտասահմանյան բանկերում ներդրում կատարելու համար, դրանք ուղղելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացմանը.
գ) պատվիրել թանկարժեք մետաղներից հուշադրամ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում մշակել և կառավարությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թանկարժեք մետաղների և քարերի հետ գործառնությունների կատարման կարգի մասին որոշման նախագիծ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 30-ի «Սպառողական կոոպերատիվների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար արգելված գործունեության տեսակների ցանկի հաստատման մասին» N 426 որոշման հավելվածի 2-րդ կետը չտարածել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացման հիմնադրամի վրա:
5. Գաղտնի:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |