ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 1993 թ. N 261
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև ձևավորված տնտեսական կապերը պահպանելու և զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) 1993 թվականի պետական առաջադրանքներում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունից Վրաստանի Հանրապետություն առաքվող արտադրատեխնիկական նշանակության կարևորագույն արտադրատեսակների, ժողովրդական սպառման արտադրանքի և պարենային մթերքների առաքման ծավալները, համաձայն N 1 հավելվածի*).
բ) տասնօրյա ժամկետում կատարել ներմուծվող ապրանքների քվոտաների բաշխում ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին` մեկամսյա ժամկետում ավարտել միջկառավարական համաձայնագրի հավելվածներում նշված ապրանքների ծավալների փոխադարձ առաքումների վերաբերյալ տնտեսական պայմանագրերի կնքումը:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, թեթև արդյունաբերության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` երկշաբաթյա ժամկետում Վրաստանի Հանրապետության հետ կնքել համաձայնագրեր համապատասխան ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև փոխադարձ առաքումների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վիճակագրական հաշվետվություն, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1990 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1991 թվականի միջհանրապետական համաձայնագրերով պարտավորությունների կատարման ապահովման միջոցառումների մասին» N 563 որոշման:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` վերահսկողություն սահմանել 1992 թվականի հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության, գազամուղի շինարարության, գազի արդյունաբերական օբյեկտների և տարանցիկ հաղորդակցության վերաբերյալ կնքված համաձայնագրի կատարման վրա:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` սահմանել հսկողություն 1992 թվականի հունիս ամսին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև միջազգային ավտոճանապարհային հաղորդակցության վերաբերյալ կնքված համաձայնագրի կատարման վրա:
7. Սահմանել, որ NN 1 և 2 հավելվածներում նշված արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների և ժողովրդական սպառման արտադրանքի 1993 թվականի փոխադարձ առաքումների կարգավորման պատասխանատվությունը դրվում է, համաձայն կնքված պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների վրա:
______________
*) Հավելվածները չեն բերվում:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|