ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
|
ԲԴԽ-47-Ո-Կ-25 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԻՎԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի |
|
|
|
|
անդամներ |
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ Ա. Դանիելյանի Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ |
|
Արդարադատության նախարարի տեղակալներ |
Գ. ՔոչարՅԱՆԻ Տ. դադունցի |
|
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
Դ. Կիրակոսյանի |
|
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դատավորի ներկայացուցիչներ
քարտուղարությամբ՝ |
Տ. Գրիգորյանի Է. Սաղաթելյանի Ա. Մնացականյանի
Մ. ԹԵԼՈՅԱՆԻ |
| 25 հունիսի 2026 թվական |
ք. Երևան |
դռնփակ դատական նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցի՝ «Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2026 թվականի մայիսի 26-ի թիվ 59-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից 24.12.2025 թվականի թիվ 20/5(1)–13-25 գրությամբ ներկայացված հաղորդումը (այսուհետ՝ նաև Հաղորդում)՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
Արդարադատության նախարարի 25.03.2026 թվականի թիվ 29-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցի (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին) 26.05.2026 թվականի թիվ 59-Ա որոշմամբ միջնորդություն (այսուհետ նաև՝ Միջնորդություն) է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 01.06.2026 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
16.06.2026 թվականին նշանակված դատական նիստը Դատավորի միջնորդությամբ հետաձգվել է վերջինիս ներկայացուցիչների կողմից գործի նյութերին ծանոթանալու և Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու նպատակով և հաջորդ դատական նիստը նշանակվել է 23.06.2026 թվականին:
23.06.2026 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում Դատավորի ներկայացուցիչների կողմից ներկայացված դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է: Նույն օրը նշանակված դատական նիստի ընթացքում Դատավորի ներկայացուցիչները ներկայացրել են Միջնորդությունը Օրենսգրքով սահմանված ժամկետների խախտմամբ Խորհուրդ ներկայացված լինելու հիմքով կարգապահական վարույթը կարճելու և թիվ 62232525 քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազին որպես վկա հրավիրելու միջնորդություններ, որոնք չեն բավարարվել: Միաժամանակ, Դատավորի ներկայացուցիչների Դատավորին վերաբերող քրեական գործով չնախանշված ժամկետում կայացվելիք դատական ակտերը ստանալու հիմքով նիստը հետաձգելու մասին միջնորդությունն արձանագրային որոշմամբ մերժվել է, իսկ եզրափակիչ ելույթով հանդես գալու և ապացույցների ներկայացման նպատակով ժամանակ տրամադրելու մասին միջնորդությունը բավարարվել:
24.06.2026 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 25.06.2026 թվականը:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Վկայակոչելով «Հանրային ծառայության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք)
7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 3-րդ մասը, 33-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 11-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 61-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը՝ Լիազոր մարմինը նշել է, որ վկայակոչված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով դիտարկվում է որպես ինքնավար պաշտոն՝ հաշվի առնելով դատավորի սահմանադրական կարգավիճակը, լիազորությունների իրականացման անկախ բնույթը և որոշումների ընդունման ինքնուրույնությունը։ Միևնույն ժամանակ օրենքի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ դատավորի օգնականի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, իսկ դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է, ինչը նշանակում է, որ դատավորի և նրա օգնականի միջև առկա է անմիջական ծառայողական ենթակայության հարաբերություն։
Հավելել է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել է որոշակի սահմանափակումներ, որոնց թվին է պատկանում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ իրենց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ համատեղ աշխատելու արգելքը, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ։ Այս համատեքստում Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված սահմանափակումը տարածվում է նաև դատական համակարգում առկա այն հարաբերությունների վրա, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը և նրա անմիջական ենթակայության ներքո գտնվող ծառայողը միմյանց հետ գտնվում են մերձավոր ազգակցության կամ խնամիական կապի մեջ։ Նշված նորմի նպատակը հանրային ծառայության անաչառության, ծառայողական օբյեկտիվության և շահերի բախման բացառման ապահովումն է։ Միևնույն ժամանակ հիշյալ արգելքի խախտման համար օրենսդիրը սահմանել է կարգապահական պատասխանատվություն, որը ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառելի կարող է համարվել օրենքով նախատեսված դեպքերում։
Վկայակոչելով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ նաև՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ կետը՝ Լիազոր մարմինը նշել է, որ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց։
Դատավորի կողմից վարքագծի կանոնների պահպանման կարևորումն էական նշանակություն ունի նաև հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից։ Ըստ այդմ, ընդհանրապես դատավորի դրսևորած վարքագիծն ուղղակի ազդեցություն է ունենում դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման ձևավորմանը, ինչպես նաև էական գործոն է հանդիսանում դատական իշխանության հեղինակության ամրապնդման համար։
Այնուհետև վկայակոչելով Խորհրդի 09.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-30-Ո-Կ-9, 11.10.2021 թվականի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-09 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները Լիազոր մարմինը նշել է, որ դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից և իրավական դիրքորոշումներից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա։ Ընդ որում, օրենսդիրը քննարկվող նորմերի շրջանակներում չի սահմանափակվել կոնկրետ արարքների նկարագրությամբ, այլ որպես խախտում է դիտարկել հիշյալ նորմերում նշված իրավական հետևանքներ առաջացնող ցանկացած վարքագծի դրսևորում։
Ըստ Լիազոր մարմնի՝ կարգապահական վարույթներով Խորհրդի ձևավորած պրակտիկան ևս հիմնված է այն իրավական մոտեցման վրա, որ դատավորը, օժտված լինելով արդարադատություն իրականացնելու բացառիկ սահմանադրական լիազորությամբ, պարտավոր է դրսևորել վարքագծի առավել բարձր չափանիշներ։ Խորհուրդն իր որոշումներով ընդգծել է, որ յուրաքանչյուր դատավոր իր վարքագծով ներկայացնում է պետության արդարադատությունը, և այդ վարքագիծը որոշիչ նշանակություն ունի հասարակության կողմից արդարադատության նկատմամբ վերաբերմունքի ձևավորման հարցում։ Միաժամանակ, Խորհուրդը շեշտադրել է, որ դատավորի վարքագիծը պետք է ապահովի հասարակության և դատավարության մասնակիցների վստահությունը դատարանի անկախության, անկողմնակալության և արդարության նկատմամբ։ Դատավորը պարտավոր է իր գործողություններով և վերաբերմունքով հասարակության մոտ ձևավորել համոզմունք, որ դատարանում ապահովվելու է արդար դատաքննություն և կողմերի իրավունքների հավասար պաշտպանություն։
Լիազոր մարմինը նշել է, որ օրենսդրի կողմից դատավորների համար սահմանվել են նաև ի պաշտոնե գործելիս պարտադիր պահպանման ենթակա վարքագծի կանոններ, որոնց թվին է պատկանում դատավորի պարտականությունը՝ թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն։ Այս նորմը պետք է մեկնաբանվի դատական իշխանության հիմնարար սկզբունքների՝ անկախության, անաչառության և հանրային վստահության ապահովման լույսի ներքո, քանի որ հիշյալ կարգավորումը նպատակաուղղված է դատավորի անկախության և անաչառության երաշխավորմանը՝ կանխելով այնպիսի իրավիճակների առաջացումը, որոնց պայմաններում դատավորի անձնական կամ ընտանեկան շահերը կարող են առերևույթ կամ փաստացի ազդեցություն ունենալ նրա պաշտոնեական գործունեության վրա։
Ընդ որում, «շահերի բախում» եզրույթի էությունը բացահայտող «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավադրույթների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ շահերի բախումն այնպիսի իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերը, որոնք վերաբերում են իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Նորմի բովանդակության մեջ տեղ գտած «կարող են ազդել» ձևակերպումն ընդգծում է ռիսկի վրա հիմնված մոտեցում, որի նպատակն է կանխարգելել ոչ միայն փաստացի, այլև պոտենցիալ վտանգները։ Բացի այդ՝ քննարկվող իրավակարգավորման իմաստով «մասնավոր շահ» հասկացությունը ներառում է ոչ միայն տվյալ պաշտոն զբաղեցնող անձին վերաբերող, այլև նրա հետ փոխկապակցված անձանց շահերը։
Հատկանշական է, որ հոդվածի իմաստով փոխկապակցված անձ է համարվում պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, ինչպես նաև պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում՝ համատեղ բնակվող անձինք, այլ կերպ՝ փաստացի ամուսնական հարաբերությունները, անկախ պետական գրանցումից, պետք է իրավաբանորեն ընկալվեն որպես փոխկապակցվածություն։
Լիազոր մարմինը նշել է, որ կարգապահական վարույթի հարուցման առիթ հանդիսացած Հաղորդման, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հետևյալը.
• ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 8-ին կազմված արձանագրության համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը, նրա հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող նրա օգնականը և վերջինիս մայրը 2023 թվականի ապրիլից համատեղ բնակվել են նույն հասցեում գտնվող բնակարանում (այսուհետ նաև՝ համատեղ բնակության վայր):
• Դատավորի օգնականի անձնական գործում առկա է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանին ուղղված առանց թվագրման գրությունը, որով միջնորդել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձին նշանակել դատավորի օգնականի պաշտոնում՝ կցելով իրեն։
• Դատավորի միջնորդությունը և Դատավորի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձի դիմումը Հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի ղեկավարի 29.08.2023 թվականի գրությամբ ուղարկվել է Դատական դեպարտամենտ։
• Դատական դեպարտամենտի ղեկավարի 31.08.2023 թվականի թիվ 1617-Ա հրամանով Դատավորի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի օգնականի պաշտոնում՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ից։
• Դատական դեպարտամենտի ղեկավարի 30.06.2025 թվականի թիվ 1109-Ա հրամանով Դատավորի օգնականը 2025 թվականի հունիսի 30-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
• Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել և զննվել է Դատավորի, վերջինիս հոր և Մ.Ս.-ի սահմանահատումների պատմությունը, որով պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Մ.Ս.-ն և Դատավորի հայրը, իսկ նույն օրը՝ ժամը 11:01-ին, Գիվի Հովհաննիսյանը հատել են Հայաստանի Հանրապետության «Բավրա» անցակետը՝ դեպի Վրաստանի Հանրապետություն, իսկ 2025 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 14:31-ից 14:39-ը ընկած հատվածում մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն, ընդ որում՝ Գիվի Հովհաննիսյանի տվյալներում «Տրանսպորտ» սյունակում նշվել է՝ ավտոմեքենայի համարանիշը, մակնիշը և «3 անձ» տվյալը:
Ավելի վաղ՝ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 05:29-ին, Մ.Ս.-Ն, իսկ նույն օրը՝ ժամը 05:30-ին, Գիվի Հովհաննիսյանը հատել են Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն» անցակետը՝ դեպի Վրաստանի Հանրապետություն, իսկ 2024 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 18:21-ից 18:34-ը ընկած հատվածում մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն։
Բացի այդ՝ 2024 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 10:27-ին, Գիվի Հովհաննիսյանը իսկ նույն օրը՝ ժամը 10:39-ին, Մ.Ս.-ն հատել են Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն» անցակետը՝ դեպի Վրաստանի Հանրապետություն և նույն օրը՝ ժամը 20:25-ից 20:35-ը ընկած հատվածում մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն։
• Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորներից ստացված տեղեկատվության զննությամբ պարզվել է, որ 2023-2025 թվականներին Դատավորի և Դատավորի օգնականի կողմից օգտագործված հեռախոսահամարների միջև առկա են բազմաթիվ փոխադարձ ելքային և մուտքային հեռախոսազանգեր, իսկ Դատավորի հեռախոսահամարը նշված ժամանակահատվածում 124 անգամ սպասարկվել է համատեղ բնակության վայրը սպասարկած ալեհավաք կայանների տիրույթում։
• Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող թիվ 62232525 քրեական վարույթը 06.03.2026 թվականին կայացված որոշմամբ կարճվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով այն հիմնավորմամբ, որ թեև անձի արարքը ձևականորեն պարունակում է Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներ, այնուամենայնիվ այն իր նվազ վտանգավորության պատճառով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հասարակությանը կամ պետությանը Քրեական օրենսգրքով պաշտպանվող շահերին էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել։
• Թիվ 62232525 քրեական վարույթը կարճելու մասին 06.03.2026 թվականին կայացված որոշման դեմ վերադաս դատախազին բողոքներ են ներկայացրել Դատավորի և Դատավորի օգնականի ներկայացուցիչները, որոնք վերադաս դատախազի՝ 21.04.2026 թվականի որոշումներով մերժվել են։ Միևնույն ժամանակ՝ թիվ 62232525 քրեական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է նաև դատական կարգով։
Վկայակոչված փաստական հանգամանքները համադրելով վերը մեջբերված իրավակարգավորումների և իրավական վերլուծությունների հետ՝ Լիազոր մարմինը փաստել է, որ Դատավորը, 2023 թվականի ապրիլից արդեն իսկ համատեղ բնակվելով իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Դատավորի օգնականի հետ, դրանից որոշ ժամանակ անց սեփական նախաձեռնությամբ միջնորդել է Դատական դեպարտամենտի ղեկավարին վերջինիս նշանակել իր օգնականի պաշտոնում, ինչի արդյունքում 2023 թվականի սեպտեմբերի 4-ից անձը, ով Դատավորի հետ գտնվում էր փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ, նշանակվել է Դատավորի օգնականի պաշտոնում։
Վերոգրյալի առնչությամբ, հաշվի առնելով դատավորի կարգավիճակից բխող վերջինիս առաջադրվող անկախության և անաչառության պահանջները, Լիազոր մարմինն ընդգծել է, որ դատավորի գործունեությունը ենթարկվում է առավել խիստ չափանիշների, քան հանրային ծառայության այլ ոլորտներում գործող պաշտոնատար անձանց գործունեությունը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական իշխանությունը հանդիսանում է իրավունքի գերակայության ապահովման առանցքային ինստիտուտ, իսկ դատավորի նկատմամբ հանրային վստահությունը հիմնվում է ոչ միայն իրական անաչառության, այլև դրա արտաքին ընկալման վրա։ Այս համատեքստում շահերի բախման ինստիտուտն ունի կանխարգելիչ բնույթ, որը միտված է բացառելու ոչ միայն այն իրավիճակները, երբ մասնավոր շահն արդեն իսկ ազդել է դատավորի պաշտոնեական գործունեության վրա, այլև երբ առկա է նման ազդեցության ողջամիտ հնարավորությունը։
Ըստ Լիազոր մարմնի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի բախման հասկացության լայն սահմանումը, որն իր մեջ ներառում է նաև մասնավոր շահի հավանական ազդեցությունը, ինչպես նաև փոխկապակցված անձանց ընդարձակ շրջանակը, վկայում են օրենսդրի նպատակի մասին՝ կանխելու անձնական հարաբերությունների ներթափանցումը պաշտոնեական գործունեության ոլորտ։ Այս տեսանկյունից փաստացի ամուսնական հարաբերությունները, անկախ դրանց պետական գրանցման հանգամանքից, իրենց բնույթով ենթադրում են սերտ անձնական կապ, փոխադարձ վստահություն, ինչպես նաև ընդհանուր տնտեսական և կենցաղային շահերի առկայություն։ Նման հարաբերությունների պայմաններում օբյեկտիվորեն կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ մասնավոր շահը կարող է ազդել կամ առնվազն ստեղծել այդ ազդեցության ողջամիտ տպավորություն պաշտոնեական գործունեության նկատմամբ։ Նշված ռիսկերն առավել ընդգծված են «դատավոր-օգնական» հարաբերությունների պարագայում, քանի որ դատավորի օգնականի պաշտոնը բնութագրվում է համապատասխան դատավորի հետ անմիջական ծառայողական ենթակայությամբ, ամենօրյա մասնագիտական հաղորդակցությամբ և վստահության վրա հիմնված սերտ համագործակցությամբ։ Հետևաբար, դատավորի և նրա օգնականի միջև փաստացի ամուսնական հարաբերությունների առկայությունը կարող է ողջամտորեն ընկալվել որպես դատավորի պաշտոնեական անաչառության և շահերի բախման բացառման վերաբերյալ հանրային վստահության վրա ազդեցություն ունեցող հանգամանք։
Վերոշարադրյալի հաշվառմամբ Լիազոր մարմինը գտել է, որ Դատավորի կողմից իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձին որպես իր օգնական աշխատանքի ընդունելուն միջնորդելը, ինչպես նաև վերջինիս հետ՝ որպես իր օգնականի անմիջական ծառայողական ենթակայության պայմաններում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելը համատեղելի չի կարող լինել դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու՝ դատավորի պարտականության հետ։ Նշվածը հակասում է նաև ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ դատավորի ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա ցանկացած ազդեցություն բացառելու վերաբերյալ օրենսդրական պահանջին։ Նման իրավիճակը կարող է վտանգել դատավորի անաչառության օբյեկտիվ ընկալումը՝ առաջացնելով հիմնավոր կասկածներ թե՛ դատավարության մասնակիցների և թե՛ հասարակության լայն շրջանակների մոտ, ինչն իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ դատական իշխանության հեղինակության և դրա նկատմամբ հանրության վստահության վրա։
Նման պայմաններում, Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատավորի կողմից թույլ են տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։
Լիազոր մարմինն անդրադառնալով դատավորի կողմից թույլ տրված արարքի՝ մեղավորությամբ կատարված լինելու հանգամանքին, ինչպես նաև վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 5-րդ մասը գտել է, որ Դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։
Անդրադառնալով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից ներկայացված 11.04.2026 թվականի գրավոր բացատրությանը (այսուհետ նաև՝ Բացատրություն)՝ Լիազոր մարմինը նշել է հետևյալը.
1. քննարկվող դեպքում կարգապահական խախտման տեսանկյունից վճռորոշ նշանակություն չունի այն հանգամանքը, թե Դատավորի և Մ. Ս.-ի միջև կոնկրետ որ ամսվա դրությամբ են ձևավորվել փաստացի ամուսնական հարաբերություններ, էական է մեծապես այն հանգամանքը, որ այդպիսի հարաբերություններ արդեն իսկ ձևավորված լինելու պայմաններում է Դատավորը միջնորդել որպես իր օգնականի աշխատանքի ընդունել Մ. Ս.-ին։
2. Փաստացի ամուսնական հարաբերությունների առկայությունն իրավական գնահատման ենթակա է հարաբերությունների փաստացի բովանդակության և անձանց միջև առկա սերտ անձնական, կենցաղային ու տնտեսական կապերի համատեքստում, ինչն ինքնին չի ենթադրում, որ անձինք պարտադիր և անընդհատ պետք է համատեղ բնակվեն նույն վայրում, որպիսի պայմաններում Դատավորի կողմից այլ բնակավայրում ժամանակավորապես բնակվելու կամ ծառայողական գործունեությամբ պայմանավորված այլ վայրում գտնվելու հանգամանքն ինքնին չի բացառում փաստացի ամուսնական հարաբերությունների առկայությունը։ Միաժամանակ, տան վարձակալության, վարձավճարների կամ կոմունալ վճարումների վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը ևս ինքնին չի ապացուցում, որ դատավորը աներկբայորեն բնակվել է այդ տանը և չի գտնվել իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ համատեղ կենցաղային հարաբերություններում։ Նշված փաստաթղթերը վկայում են միայն տվյալ բնակարանի վարձակալության և որոշակի ծախսերի կատարման մասին, սակայն չեն կարող բացառել կարգապահական վարույթի նյութերով հաստատված մյուս փաստական տվյալները, մասնավորապես՝ համատեղ բնակության, համատեղ տեղաշարժերի, պարբերական հաղորդակցության և փոխկապակցված վարքագծի վերաբերյալ տեղեկությունները։ Ավելին, Դատավորի կողմից վկայակոչված այն հանգամանքը, թե վերջինս համապատասխան ժամանակահատվածում բնակվել է բացառապես Ճամբարակ քաղաքում, ամբողջությամբ չի հաստատվում վարույթի նյութերով։ Մասնավորապես, նշված ժամանակահատվածում Դատավորի կողմից օգտագործված հեռախոսահամարը բազմիցս սպասարկվել է Երևան քաղաքի տարբեր հատվածներ ընդգրկող ալեհավաք կայանների սպասարկման տիրույթում՝ շաբաթվա տարբեր օրերին և օրվա տարբեր ժամերին։ Նշված տվյալները վկայում են, որ Դատավորը տվյալ ժամանակահատվածում պարբերաբար գտնվել է Երևան քաղաքում և պահպանել է կայուն ու սերտ կապը վերջինիս հետ, որպիսի հանգամանքը վարույթի նյութերով հաստատված մյուս տվյալների հետ համակցության մեջ, այդ թվում՝ համատեղ բնակության, պարբերական հաղորդակցության և համատեղ տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների հետ, էական նշանակություն ունի Դատավորի և նրա օգնականի միջև առկա փաստացի հարաբերությունների գնահատման համատեքստում։
3. Կարգապահական վարույթի շրջանակներում 124 անգամ համապատասխան ալեհավաք կայանների տիրույթում սպասարկված լինելու հանգամանքը Լիազոր մարմնի կողմից գնահատվել է ոչ թե ինքնուրույն, այլ ձեռք բերված մյուս ապացույցների համակցության մեջ. Դատավորի բջջային հեռախոսահամարի՝ Երևան քաղաքի Դատավորի հաշվառման հասցեն սպասարկող ալեհավաք կայանների տիրույթում բազմակի սպասարկված լինելու հանգամանքն ինքնին չի բացառում նրա կողմից նաև այլ հասցեներում, այդ թվում՝ Երևան քաղաքի համատեղ բնակության վայրում գտնվելու և փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ լինելու հնարավորությունը։ Ինչպես նախորդիվ արդեն իսկ նշվել էր, ամուսնական հարաբերությունները, ներառյալ՝ փաստացի, չեն ենթադրում, որ անձինք անընդհատ և մշտապես պետք է համատեղ բնակվեն նույն վայրում կամ ամբողջ ժամանակահատվածում գտնվեն միասին։ Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկին, որ 2 տարի 10 ամսվա ընթացքում 124 անգամ ալեհավաք կայանների տիրույթում սպասարկված լինելու հանգամանքը չի կարող հաստատել տարեկան 183 օր համատեղ բնակության փաստը, ապա Լիազոր մարմինը պարզաբանել է, որ կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորին չի մեղսագրվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու փաստերի առնչությամբ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, քանի որ Օրենսգրքով սահմանված համապատասխան նորմերի ուժով վերոնշյալը դուրս է Լիազոր մարմնին տրված իրավական հնարավորությունների տիրույթից և վերաբերում է հայտարարագրման պարտականությունների շրջանակում համատեղ բնակության փաստի գնահատմանը, ինչն ինքնին չի բացառում փաստացի ամուսնական կամ սերտ անձնական հարաբերությունների առկայությունը՝ շահերի բախման և Դատավորին մեղսագրվող դատավորի վարքագծի կանոնների պահպանման համատեքստում, որպիսի պայմաններում տվյալ փաստարկը չի հերքում վարույթի նյութերով արձանագրված հանգամանքների ամբողջությունը։
4. Լիազոր մարմինն անդրադարձել է նաև Օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների կարգավորումներին՝ նշելով, որ դրանք փոխկապակցված, սակայն ինքնուրույն իրավական ինստիտուտներ են. Օրենքի 32-րդ հոդվածը սահմանում է հանրային ծառայության ոլորտում համատեղ աշխատանքի սահմանափակումները, մինչդեռ 33-րդ հոդվածը կարգավորում է շահերի բախման կանխարգելման ընդհանուր իրավական ռեժիմը։ Նշված նորմերը միմյանց չեն բացառում և ենթակա են համակցված կիրառման այն դեպքերում, երբ նույն փաստական իրավիճակը միաժամանակ առնչվում է թե՛ անմիջական ենթակայության պայմաններում համատեղ աշխատանքին, թե՛ պաշտոնեական լիազորությունների իրականացման վրա մասնավոր շահի ազդեցության ռիսկին։ Այս առումով, այն հանգամանքը, որ տվյալ իրավիճակում առկա են Օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված սահմանափակման հատկանիշներ, ինքնին չի բացառում նույն հարաբերությունների գնահատումը նաև շահերի բախման կանխարգելման տեսանկյունից՝ Օրենքի 33-րդ հոդվածի շրջանակներում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է դատավորի կարգավիճակին և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ապահովմանը։ Ինչ վերաբերում է Դատավորի կողմից առաջ քաշված այն մոտեցմանը, թե դատավորների նկատմամբ առավել խիստ չափանիշների կիրառումը կհանգեցնի այլ պաշտոնատար անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքի, Լիազոր մարմնի գնահատմամբ, չի կարող ընդունելի համարվել՝ թեկուզ միայն այն հիմնավորմամբ, որ դատավորի սահմանադրական կարգավիճակն էապես տարբերվում է հանրային ծառայության այլ ոլորտներում պաշտոն զբաղեցնող անձանց կարգավիճակից։ Դատավորի նկատմամբ կիրառվող բարձր չափանիշները պայմանավորված են ոչ թե անձնական առանձնահատկություններով, այլ արդարադատության իրականացման բացառիկ լիազորությամբ, դատական իշխանության անկախության ապահովման անհրաժեշտությամբ և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության պահպանման սահմանադրական պահանջով։ Հենց այդ պատճառով է, որ ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային չափանիշներով դատավորների նկատմամբ սահմանվում են վարքագծի, անաչառության և շահերի բախման բացառման առավել խիստ պահանջներ, ներառյալ նաև այնպիսի իրավիճակների կանխարգելումը, որոնք կարող են ողջամտորեն կասկածի տակ դնել դատավորի անկախության արտաքին ընկալումը։ Միևնույն ժամանակ Լիազոր մարմինն ուշադրության արժանի է համարել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն «ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերությունների» առկայությանը, այլ դատավորի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձի՝ նրա անմիջական ենթակայության ներքո որպես օգնական աշխատելուն, որպիսի հանգամանքը, նկատի ունենալով «դատավոր-օգնական» հարաբերությունների առանձնահատկությունները, օբյեկտիվորեն առաջացնում է շահերի բախման և անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածների ռիսկ։ Վերոգրյալի առնչությամբ Լիազոր մարմինը հավելել նաև, որ Օրենքի 33-րդ հոդվածի 12-րդ մասը հստակ սահմանում է նույն հոդվածի այն մասերը, որոնք չեն տարածվում դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի վրա, որոնց շարքում ներառված չեն Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 11-րդ մասերը, որպիսի պայմաններում «շահերի բախման» կառուցակարգը հաստատապես կիրառելի է նաև դատավորների առնչությամբ՝ Օրենքով սահմանված կոնկրետ բացառությունների հաշվառմամբ, որոնք, սակայն, վերաբերելի չեն սույն կարգապահական վարույթին։
Բացատրությամբ բերված մյուս փաստարկների վերաբերյալ Լիազոր մարմինը նշել է, որ դրանք հերքվում են Միջնորդությամբ ներկայացված հիմնավորումներով և գտել, որ անհիմն են:
Լիազոր մարմնի ներկայացուցիչները դատական նիստում պնդել են ներկայացված Միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ
Դատավորը Բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը՝ ներկայացնելով հետևյալ փաստարկները.
1. «Յուքոմ» ՓԲԸ-ից ստացված Դատավորի բջջային հեռախոսահամարի փոխանցվող տվյալների համաձայն՝ իր և Մ. Ս.-ի միջև առաջին հեռախոսային կապը 2023 թվականի ապրիլ ամսից հետո եղել է 2023 թվականի հուլիսի 30-ին, մինչդեռ, ըստ մինչդատական վարույթն իրականացրած մարմինների՝ ինքը Մ. Ս.-ի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել դեռ 2023 թվականի ապրիլ ամսից։ Միաժամանակ, Դատավորը փաստել է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի օգոստոս ամսից և լիազորություններն իրականացրել է Ճամբարակ քաղաքում, որտեղ կացության հարցի լուծման նպատակով վարձակալել է տուն, կատարել վարձակալության պայմանագրից բխող վճարումներ, այդ թվում՝ նաև կոմունալ։ Ըստ Դատավորի՝ Երևան է տեղափոխվել միայն 2023 թվականի սեպտեմբերի 15-ից։ Այսինքն՝ 2022 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը մշտապես բնակվել է Ճամբարակ քաղաքում, ինչը հիմնավորվում է տան վարձավճարի և կոմունալ վճարների վերաբերյալ փաստաթղթերով և իրականացված դատալսումներով։ Նշվածի հաշվառմամբ, Դատավորը փաստել է, որ 2023 թվականի ապրիլ ամսից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ չի գտնվել և չէր կարող գտնվել Մ.Ս.-ի հետ, վերջինիս հետ համատեղ չի բնակվել, այդ թվում՝ նաև իր բնակության հասցեում և հետևաբար, որպես օգնական աշխատանքի չի ընդունել փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Մ. Ս.-ին։
2. Միաժամանակ, Դատավորը նշել է, որ ՀՀ-ում գործող կապի օպերատորներից ստացված տեղեկատվության զննությամբ ակնհայտ է դառնում, որ իր հեռախոսն իր հաշվառման վայրում, որը հանդիսանում է նաև իր փաստացի բնակության հասցեն, սպասարկող ալեհավաքների կողմից հայցվող ժամանակահատվածում սպասարկվել է 1000-ից ավել անգամ և պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ է հաղորդում ներկայացնող անձն առկա փաստերի պարագայում, 124 անգամ համապատասխան ալեհավաք կայանների տիրույթում սպասարկված լինելու հանգամանքը գնահատել առավել ծանրակշիռ և դրել իր եզրահանգումների հիմքում, հատկապես, որ 2 տարի 10 ամսվա ժամանակահատվածում 124 անգամ համապատասխան ալեհավաք կայանների տիրույթում սպասարկված լինելու հանգամանքը չի կարող հաստատել տարեկան 183 օր համատեղ բնակության փաստը։
3. Անդրադառնալ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 11-րդ մասերի իրավակարգավորումներին՝ Դատավորը նշել է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածում «շահերի բախում» սահմանող կառուցակարգերը չեն վերաբերվում դատավորի կողմից իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ համատեղ աշխատելու դեպքերին, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ, այլ նշված իրավահարաբերությունները կարգավորվում են Օրենքի 32-րդ հոդվածով։
Միաժամանակ Դատավորը հավելել է, որ եթե դատավորի պարագայում առավել խիստ չափանիշներ սահմանվեն, քան հանրային ծառայության այլ ոլորտներում գործող պաշտոնատար անձանց պարագայում, ապա կարող է ստեղծվել իրավիճակ, որ դատավորի օգնական չի կարող աշխատել դատավորի հետ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձը, սակայն մյուս պաշտոնատար անձանց դեպքում, ովքեր գործառութային առումով բացառիկ լիազորություններ ունեն երկրի կառավարման՝ տնտեսական, ռազմական և այլ կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում, այս սահմանափակումը չի գործի։
Դատական նիստի ընթացքում Դատավորի ներկայացուցիչները, ներկայացնելով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը քննելու մասին» 07.11.2025 թվականի որոշումը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի 19.12.2025 թվականի հանձնարարությունը, քրեական գործերով արձանագրություններ և «Վիվա Արմենիա» ՓԲԸ կողմից ի պատասխան փաստաբանական հարցման՝ տարածքում տեղադրված կոնկրետ բջջային ալեհավաք կայանի մոտ գտնվող բաժանորդի զանգերի սպասարկումն այլ հասցեում տեղադրված ալեհավաք կայանի փոխանցելու հնարավորության մասին փաստաթղթերը, հերքել են Դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տրված լինելու հանգամանքը և խնդրել մերժել Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի Միջնորդությունը:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
4.1. 2025 թվականի ապրիլի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է Ազգային անվտանգության ծառայության օպերլիազորի հաղորդումը, համաձայն որի՝ ՀՀ դատական իշխանությունում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը, «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, այն է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 2024 թվականի մայիսի 26-ին էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ պաշտոնատար անձի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում, որպես համատեղ բնակվող չափահաս անձ, չի նշել իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող և 183 օրից ավել նույն հասցեում համատեղ բնակվող իր օգնականին և վերջինիս մորը։ Բացի այդ, նույն հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացրել՝ փաստացի բնակության վայրի փոխարեն նշելով միայն հաշվառման հասցեն։
Բացի այդ Դատավորի օգնականն իր հերթին, «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, այն է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 2024 թվականի մայիսի 30-ին էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ պաշտոնատար անձի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի իր տարեկան հայտարարագրում, որպես համատեղ բնակվող չափահաս անձ, չի նշել իր հետ 183 օրից ավել նույն հասցեում համատեղ բնակվող իր մորը և փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող դատավորին։
4.2. Հաղորդման քննարկման արդյունքում 2025 թվականի ապրիլի 12-ին Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նախաձեռնվել է թիվ 62232525 քրեական վարույթը։
4.3. Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ դատական իշխանությունում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ հանդիսացող Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի և վերջինիս օգնական Մ.Ս.-ի (այսուհետ նաև՝ Դատավորի օգնական) կողմից նույնանման արարքներ կատարվել են նաև 2025 թվականի մայիսի 31-ին էլեկտրոնային եղանակով պաշտոնատար անձի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր ներկայացնելիս, ինչի արդյունքում 2025 թվականի ապրիլի 12-ին Հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչությունում Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նախաձեռնվել է թիվ 62254225 քրեական վարույթը։ 2025 թվականի հունիսի 9-ի որոշմամբ թիվ 62254225 քրեական վարույթը միացվել է թիվ 62232525 քրեական վարույթին։
4.4. Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 8-ին կազմված արձանագրության համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը, նրա հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող նրա օգնականը և վերջինիս մայրը 2023 թվականի ապրիլից համատեղ բնակվել են նույն հասցեում։
4.5. Կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Դատավորի օգնականի անձնական գործում առկա է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի առանց թվագրման գրությունն ուղղված Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանին, որով միջնորդել է Մ.Ս.-ին նշանակել դատավորի օգնականի պաշտոնում՝ կցելով իրեն։
4.6. Դատավորի միջնորդությունը և Մ.Ս.-ի դիմումը Հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի ղեկավարի 29.08.2023 թվականի գրությամբ ուղարկվել է Դատական դեպարտամենտ։
4.7. Դատական դեպարտամենտի ղեկավարի 31.08.2023 թվականի թիվ 1617-Ա հրամանով Մ.Ս.-ն նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի օգնականի պաշտոնում՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ից։
4.8. Դատական դեպարտամենտի ղեկավարի 30.06.2025 թվականի թիվ 1109-Ա հրամանով Դատավորի օգնականը 2025 թվականի հունիսի 30-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
4.9. Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել և զննվել է Դատավորի, վերջինիս հոր և Մ.Ս.-ի սահմանահատումների պատմությունը, որով պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Մ.Ս.-ն և Դատավորի հայրը, իսկ նույն օրը՝ ժամը 11:01-ին, Գիվի Հովհաննիսյանը հատել են Հայաստանի Հանրապետության «Բավրա» անցակետը՝ դեպի Վրաստանի Հանրապետություն, իսկ 2025 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 14:31-ից 14։39-ը ընկած հատվածում մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն, ընդ որում՝ Գիվի Հովհաննիսյանի տվյալներում «Տրանսպորտ» սյունակում նշվել է ավտոմեքենայի համարանիշը, մակնիշը և «3 անձ» տվյալը:
Ավելի վաղ՝ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 05։29-ին, Մ.Ս.-ն, իսկ նույն օրը՝ ժամը 05։30-ին, Գիվի Հովհաննիսյանը հատել են Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն» անցակետը՝ դեպի Վրաստանի Հանրապետություն, իսկ 2024 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 18։21-ից 18:34-ը ընկած հատվածում մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն։
Բացի այդ՝ 2024 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 10:27-ին, Գիվի Հովհաննիսյանը իսկ նույն օրը՝ ժամը 10:39-ին, Մ.Ս.-ն հատել են Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն» անցակետը՝ դեպի Վրաստանի Հանրապետություն և նույն օրը՝ ժամը 20:25-ից 20:35-ը ընկած հատվածում մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն։
4.10. Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորներից ստացված տեղեկատվության զննությամբ պարզվել է, որ 2023-2025 թվականներին Դատավորի և Դատավորի օգնականի կողմից օգտագործված հեռախոսահամարների միջև առկա են բազմաթիվ փոխադարձ ելքային և մուտքային հեռախոսազանգեր, իսկ Դատավորի հեռախոսահամարը նշված ժամանակահատվածում 124 անգամ սպասարկվել է համատեղ բնակության վայրը սպասարկած ալեհավաք կայանների տիրույթում։
4.11. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող թիվ 62232525 քրեական վարույթը 06.03.2026 թվականին կայացված որոշմամբ կարճվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով այն հիմնավորմամբ, որ թեև անձի արարքը ձևականորեն պարունակում է Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներ, այնուամենայնիվ այն իր նվազ վտանգավորության պատճառով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հասարակությանը կամ պետությանը Քրեական օրենսգրքով պաշտպանվող շահերին էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել։
4.12. Թիվ 62232525 քրեական վարույթը կարճելու մասին 06.03.2026 թվականին կայացված որոշման դեմ վերադաս դատախազին բողոքներ են ներկայացրել Դատավորի և Դատավորի օգնականի ներկայացուցիչները, որոնք վերադաս դատախազի՝ 21.04.2026 թվականի որոշումներով մերժվել են։ Միևնույն ժամանակ՝ թիվ 62232525 քրեական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է նաև դատական կարգով, որի վերաբերյալ դեռևս առկա չէ դատական ակտ։
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից Միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի ներկայացուցիչների ներկայացված հակափաստարկները՝ Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է (են) տրվել վարքագծի կանոնի (կանոնների) խախտում (խախտումները),
5.2. արդյո՞ք Դատավորի կողմից ենթադրյալ վարքագծի կանոնի (կանոնների) խախտում (խախտումները) կատարվել է (են) դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.3 արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ վարքագծի կանոնի (կանոնների) խախտում (խախտումները) հեղինակազրկել է (են) դատական իշխանությունը, համատեղելի չէ (չեն) դատավորի կարգավիճակի հետ և Օրենսգրքի իմաստով կարող է (են) գնահատվել որպես էական կարգապահական խախտում:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով վարույթ հարուցող մարմնի հաղորդումը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչների, Դատավորի ներկայացուցիչների դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:
Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:
Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպեսզի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև ապահովի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը՝ միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`
1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:
Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և վերջինիս մեղքը հաստատելու համար: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն:
Բանգալորյան սկզբունքների համաձայն՝ դատական նիստի ժամանակ և դատարանի շենքից դուրս դատավորն իր վարքագծով պետք է նպաստի հանրության, իրավաբանի մասնագիտության ներկայացուցիչների և դատավարության կողմերի վստահության պահպանմանն ու բարձրացմանը դատավորի և դատական համակարգի անաչառության հանդեպ: Դատավորի վարքագիծն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից պետք է անթերի լինի և դատավորի գործողություններն ու վարքագիծը պետք է ամրապնդեն ժողովրդի հավատը դատական համակարգի ազնվության ու անկաշառելիության հանդեպ։ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ պետք է իրականացվի հասարակության համար տեսանելի ձևով։
Վերոնշյալ սկզբունքների համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է և դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները ու դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց։ Ընդ որում, որպես հասարակության սևեռուն ուշադրության առարկա՝ դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ, մասնավորապես՝ դատավորի վարքագիծը պետք է համապատասխանի դատավորի պաշտոնի արժանապատվությանը։ Դատավորն իր անձնական հարաբերություններում իրավական համայնքի այն անդամների հետ, ովքեր կանոնավոր կերպով հանդես են գալիս իր դատարանում, պետք է խուսափի այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են հիմնավոր կասկածի կամ որևէ կողմին հատուկ վերաբերմունքի արժանացնելու կամ կողմնապահության տպավորություն ստեղծել։ Դատավորը չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանիքի անդամները, սոցիալական կամ այլ տիպի հարաբերությունները ոչ պատշաճ ձևով ազդեն դատավորի գործառույթների իրականացման հետ կապված իր գործողությունների, ինչպես նաև իր կողմից կայացվող դատական ակտերի վրա։ Դատավորն իրավունք չունի դատական համակարգի հեղինակությունն օգտագործել կամ թույլ տալ, որ այն օգտագործվի դատավորի, դատավորի ընտանիքի անդամի կամ մեկ այլ անձի անձնական շահերն առաջ տանելու նպատակով։ Դատավորը չպետք է այնպիսի տպավորություն ստեղծի կամ թույլ տա, որ ուրիշները տպավորություն ստեղծեն, որ դատավորի լիազորությունների իրականացման վրա որևէ մեկն անհարկի ազդեցություն է գործում1։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում նույնպես ընդգծել է դատական իշխանության հատուկ դերը հասարակությունում՝ որպես արդարադատության երաշխավորի, որը պետք է վայելի հանրային վստահություն՝ իր գործառույթը հաջողությամբ իրականացնելու համար և ընդգծել է, որ դատավորը պարտավոր է խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք, արտաքին դիտորդի կարծիքով, կարող են հիմնավոր կասկածներ առաջացնել իր անկախության վերաբերյալ, իսկ դատական համակարգի ներսում դերերի ցանկացած շփոթություն կամ ներքին անձնական համաձայնություններն անընդունելի են2։
Դատավորի կարգավիճակի մասին միջազգային փաստաթղթերի, մասնավորապես` Եվրոպական խարտիայի (1998) դրույթների համաձայն` յուրաքանաչյուր ոք դատական մարմիններից և ամեն մի դատավորից իրավաչափորեն ակնկալում է ձեռնհասություն, անկախություն և անկողմնակալություն։
Վերոնշյալի հաշվառմամբ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը՝ միաժամանակ զերծ մնալով դատական իշխանությունը վարկաբեկող վարքագծից և/կամ նման տպավորություն ստեղծելուց։ Դատավորը, Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված լինելով արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ, ներկայացնում է երկրի արդարադատությունը, և նրա վարքագծից է կախված հասարակության վերաբերմունքն արդարադատության նկատմամբ։ Այդ պատճառով էլ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ դատավորներ կարող են լինել մասնագիտական, գործնական և բարոյական բարձր հատկանիշներով օժտված անձինք։
Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ դատավորի վարքագծի նկատմամբ մոտեցումները ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային չափանիշների համատեքստում խիստ են, պահանջում են բարեվարքության և պատշաճության ավելի բարձր ստանդարտ, քան հասարակության այլ ներկայացուցչից՝ ի թիվս այլնի կարևորելով «ողջամիտ դիտորդի» օբյեկտիվ ընկալումը: Միաժամանակ, հստակ սահմանվում է արտաքին տեսանելիության սկզբունքը, երբ դատավորը ոչ միայն պետք է խուսափի խախտումներ թույլ տալուց, այլ նաև իր վարքագծով չպետք է ստեղծի նաև խախտման պատրանք՝ բացառելով նման «երևույթը», այն է՝ այդպիսին երևալը և/կամ այդպիսի տպավորություն թողնելը: Նշված չափանիշների ամրագրման հիմքում դրված տրամաբանությունը հանգում է նրան, որ դատական իշխանությունը, ի դեմս դատավորի, օժտված լինելով արդարադատության երաշխավորի դերակատարությամբ, առանց նման խիստ սահմանափակումների կենսագործման չի կարող ձևավորել հանրային լիարժեք վստահություն և հաջողությամբ իրականացնել իր գործառույթը՝ ապահովելով հասարակության հավատը դատական համակարգի բարեվարքության նկատմամբ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Մ.Ս.-ն 31.08.2023 թվականից մինչև 30.06.2025 թվականը հանդիսացել է Դատավորի օգնականը և նույն ժամանակահատվածում, մասնավորապես,
- Դատավորը և իր օգնականը 2023 թվականի դեկտեմբերի 30-ին հատել են Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն» անցակետը՝ դեպի Վրաստանի Հանրապետություն, իսկ 2024 թվականի հունվարի 8-ին մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն,
- 2024 թվականի օգոստոսի 5-ին առավոտյան Դատավորը և իր օգնականը հատել են Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն» անցակետը՝ դեպի Վրաստանի Հանրապետություն և նույն օրը երեկոյան մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն։
- Դատավորն իր հոր և օգնականի հետ 2024 թվականի դեկտեմբերի 29-ին հատել են Հայաստանի Հանրապետության «Բավրա» անցակետը՝ դեպի Վրաստանի Հանրապետություն, իսկ 2025 թվականի հունվարի 8-ին մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն:
Տվյալ դեպքում, անկախ Դատավորի և իր օգնականի համատեղ բնակության վայրը սպասարկած ալեհավաք կայանների տիրույթում Դատավորի հեռախոսահամարի սպասարկման վերաբերյալ տվյալների, ինչպես նաև Դատավորի և իր օգնականի փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու և նույն հասցեում բնակվելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեում ստացված Ազգային անվտանգության ծառայության օպերլիազորի հաղորդման բովանդակությունից, Դատավորի վարքագիծը հասարակության կողմից չի կարող ընկալելի համարվել և դիտարկվել մասնագիտական կամ աշխատանքային հարաբերությունների տիրույթում, հատկապես հիմք ընդունելով Դատավորի և իր օգնականի՝ Հայաստանի Հանրապետությունից միասին, այդ թվում՝ ընտանիքի անդամի ուղեկցությամբ, տոնական ժամանակահատվածում դուրս գալու և մուտք գործելու հանգամանքները և դրանց տևողությունը: Այս պարագայում, արտաքին տեսանելիության սկզբունքն ակնհայտորեն անտեսվել է Դատավորի կողմից: Ընդ որում, նշված փաստական հանգամանքները չեն կարող գնահատվել դատավորի օգնականի պաշտոնի առանձնահատկություններից կտրված, ընդհակառակը, դրանց իրավական գնահատման համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ դատավորի օգնականը դատավորի անմիջական մասնագիտական գործունեությունն ապահովող անձն է, որի հետ դատավորի հարաբերությունները պետք է կրեն բացառապես աշխատանքային և ծառայողական բնույթ: Մասնավորապես, այդ հարաբերությունների հիմքում ընկած փոխադարձ վստահությունը պետք է պայմանավորված լինի ոչ թե անձնական, այլ բացառապես պաշտոնեական փոխհարաբերություններով: Հետևաբար, դատավորի և օգնականի միջև անձնական բնույթի հարաբերությունների առկայությունը կամ դրանց վերաբերյալ օբյեկտիվորեն հիմնավորված կասկածի առաջացումը սկզբունքորեն անհամատեղելի է դատավորի պաշտոնի էության հետ և ուղղակիորեն հակասում է դատավորի բարձր պաշտոնին ներկայացվող խիստ պահանջներին:
Ընդ որում, Խորհրդի գնահատմամբ, տվյալ դեպքում որոշիչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ ոչ միայն պետք է բացառել նման հարաբերությունների փաստացի առկայությունը, այլ նաև ողջամիտ և անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորության ձևավորումը, քանի որ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ապահովման տեսանկյունից կարևոր է նաև այն, թե արդյո՞ք առկա են այնպիսի օբյեկտիվ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ ու անկողմնակալ դիտորդի մոտ ձևավորել տպավորություն կամ կասկած դատավորի և նրա օգնականի միջև անձնական բնույթի հարաբերությունների առկայության մասին: Նման կասկածի առաջացումն արդեն իսկ ստվերում է դատավորի անկախության, անաչառության և ծառայողական հարաբերությունների պատշաճ բնույթի նկատմամբ հանրային վստահությունը: Հետևաբար, անհրաժեշտ է ոչ միայն բացառել նման հարաբերությունների փաստացի առկայությունը, այլ նաև խուսափել այնպիսի վարքագծից կամ իրավիճակներից, որոնք օբյեկտիվորեն կարող են ստեղծել դրանց առկայության վերաբերյալ ողջամիտ տպավորություն: Մինչդեռ, վերոնշյալ փաստական տվյալների համակցությունն օբյեկտիվորեն խելամիտ և անաչառ դիտորդի մոտ առնվազն կարող է ձևավորել այնպիսի տպավորություն, որ Դատավորի և նրա օգնականի հարաբերությունները դուրս են ծառայողական և աշխատանքային հարաբերությունների սահմաններից։
Այսպիսով, Դատավորը՝ կրելով հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների ազդեցությունը բացառելու պարտավորություն, պարտավոր էր նաև խուսափել այնպիսի վարքագծից, որը կարող է վնասել դատարանի հեղինակությանը և դատավորի բարձր կոչմանը, նվազեցնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը կամ կասկած հարուցել իր անաչառության և անկողմնակալության նկատմամբ, մինչդեռ, տվյալ դեպքում Դատավորի վարքագիծը, գնահատվելով սույն գործով առկա փաստերի ամբողջության մեջ, չի համապատասխանում այն բարձր վարքագծային չափանիշներին, որոնք օրենսդիրը սահմանել է դատավորի համար և հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի իմպերատիվ պահանջների խախտմանը, այն է՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, իսկ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է բացառել հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն:
Անդրադառնալով թույլ տրված արարքում Դատավորի մեղքի ձևին՝ Խորհուրդն արձանագրում է հետևյալը:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Տվյալ դեպքում Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումը կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել: Դատավորի կողմից անփութության ակնհայտությունն առավել ընդգծվում է նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անգամ չի գիտակցել, որ նման վարքագիծն ուղղակիորեն վարկաբեկում է դատական իշխանությունը, և արտաքին տեսանելիության սկզբունքի պահպանումը դատավորի վարքագծի կարևորագույն բաղադրիչն է՝ դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության ձևավորման և վերջինիս հավատը դատական համակարգի բարեվարքության նկատմամբ վերահաստատման համատեքստում:
Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ Խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյոք Դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:
Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Խորհուրդն արձանագրում է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում և համատեղելի չլինել դատավորի կարգավիճակի հետ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված իմպերատիվ պահանջների խախտումներ, այն է՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, իսկ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է բացառել հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն:
Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Այս առումով Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ Դատավորը պետք է վայելի հանրային վստահություն, որպեսզի կարողանա հաջողությամբ իրականացնել իր գործառույթը, որի հիմքը դատավորի վարքագծին ներկայացվող բարձր սպասելիքներն են։ Խորհրդի գնահատմամբ հենց այս տրամաբանությունը պետք է առանցքային դեր ու նշանակություն ունենա դատավորի բարեվարքության համար, մասնավորապես, դատավորը պետք է այնքան բարեվարք լինի, որ որևէ իրավիճակներում ողջամիտ դիտորդի մոտ որևէ կասկած չառաջանա։
Դատավորի բարոյական կերպարը արդարադատության հիմքն է։ Այն ներառում է անաչառություն, անկախություն, ազնվություն, բարձր պրոֆեսիոնալիզմ և զսպվածություն։ Իզուր չէ, որ անկախությունը, անկողմնակալությունը, բարեվարքությունն ու պրոֆեսիոնալիզմը հանդիսանում են դատական համակարգի հիմնաքարային արժեքները3: Ընդ որում, անկախությունը դատավորին տրված արտոնություն կամ առավելություն չէ, ընդհակառակը, այն հիմնարար սկզբունք է, ցանկացած ժողովրդավարական պետության էական տարր, իրավունքի գերակայության նախապայման և արդար դատաքննության երաշխիք4: Ըստ այդմ, դատավորը պարտավոր է պահպանել վարքագծի խիստ կանոններ և՛ աշխատավայրում, և՛ անձնական կյանքում՝ հասարակության մոտ անվերապահ վստահություն ներշնչելու համար։
Տվյալ դեպքում, Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել նաև այն հանգամանքը, որ Դատավորը հանդիսացել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իսկ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդել ինչպես հանրային վստահության վերականգնման ու դատական համակարգի արդյունավետության բարձրացման, այնպես էլ կանխարգելիչ ազդեցության, այն է՝ անխուսափելի պատասխանատվության մթնոլորտի ձևավորման5։ Մինչդեռ, տվյալ դեպքում, Դատավորը, ով պետք է կատարեր պետության կողմից վստահված այս կարևորագույն առաքելությունը, իր վարքագծով առնվազն արտաքին տեսանելիության սկզբունքն անփութորեն անտեսելով, զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց: Ուստի Միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների խախտումներն էական կարգապահական խախտում են, համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ և ակնհայտորեն առաջացնում են դատական իշխանության անկախության և անաչառության նվազման, դատական իշխանության հեղինակությունը վարկաբեկող, հանրության վստահությունը նվաստացնող հետևանք:
Անդրադառնալով Դատավորի ներկայացուցիչների կողմից քննության ընթացքում ներկայացված միջնորդություններին, մասնավորապես, Միջնորդությունը Օրենսգրքով սահմանված ժամկետների խախտմամբ Խորհուրդ ներկայացված լինելու հիմքով կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, օրերով և ժամերով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:
Խորհուրդը փաստում է, որ սույն կարգապահական վարույթը հարուցվել է 25.03.2026 թվականին: Այսինքն՝ Միջնորդությամբ Խորհրդին դիմելու ժամկետի ընթացքն սկսվել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցելու մասին որոշման կայացման հաջորդ օրվանից՝ 26.03.2026 թվականից և կարող էր տևել երկու ամիս՝ մինչև 26.05.2026 թվականը ներառյալ։ Տվյալ դեպքում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Խորհրդին դիմելու մասին թիվ 59-Ա որոշումը կայացվել է 26.05.2025 թվականին՝ Օրենսգրքով սահմանված ժամկետի պահպանմամբ, որպիսի պայմաններում ժամկետների խախտման հիմքով կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել:
Ինչ վերաբերում է թիվ 62232525 քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազին, որպես վկա հրավիրելու միջնորդությանը, ապա այն մերժվել է սույն գործով էական նշանակություն ունեցող փաստի հաստատմանն ուղղված չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի միջնորդությունը՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
___________
1 Մանրամասն տես՝ https://www.unodc.org/documents/ji/training/bangaloreprinciples.pdf:
2 Մանրամասն տես՝ Baka v. Hungary, Micallef v. Malta, Piersack v. Belgium, Cubber v. Belgium:
3 Մանրամասն տես՝ Parlov-Tkalčić v. Croatia, (Application no. 24810/06), պարբերություն 86, Oleksandr Volkov v. Ukraine, (Application no. 21722/11), պարբերություն 107, Findlay v. THE United Kingdom (Application no. 22107/93), պարբերություն 73:
4 Venice Commission, CDL-AD(2014)018, Joint opinion on the draft amendments to the legal framework on the disciplinary responsibility of judges in the Kyrgyz Republic, պարբերություն 14, CCJE Opinion No. 1 (2001), պարբերություն 11, CCJE Opinion No. 1 (2014), պարբերություն 5, ՄԻԵԴ, Agrokompleks v. Ukraine (Application no. 23465/03), պարբերություն 136:
5 Մանրամասն տես՝ http://parliament.am/draft_docs7/K-785_himnavorum.pdf:
|
Նախագահող` Անդամներ` |
Ա․ ԱթաբեկՅԱՆ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ | ||
|
|
Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ա. Հարությունյան Ք. ՄԿՈՅԱՆ | ||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: