ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
|
ԲԴԽ-47-Ո-Կ-24 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ՎԱՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի |
|
|
|
|
անդամներ |
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ Ա. Դանիելյանի Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ |
|
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ |
Հ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ |
|
Հանձնաժողովի անդամ՝ |
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ |
|
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
Ա. ՎԱՐՈՍՅԱՆԻ |
|
|
|
| 25 հունիսի 2026 թվական |
ք. Երևան |
դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին 2026 թվականի մայիսի 25-ի N-Կ-1/2026 որոշմամբ ներկայացված միջնորդությունը և կից փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 19․01․2026 թվականին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ստացված Դատական դեպարտամենտի ղեկավար Ն.Գալստյանի 19.01.2026 թվականի թիվ ԴԴ-1 Ե-262 գրությամբ վերահասցեագրված՝ Էդվարդ Ներսիսյանի (այսուհետ նաև՝ Հաղորդում ներկայացրած անձ) հաղորդումը (թիվ Մ-691)՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Արմեն Վարոսյանի (այսուհետ նաև` Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու մասին։
Հանձնաժողովը 23.03.2026 թվականին կայացրել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին թիվ N-Կ-1/2026 որոշումը, իսկ 25.05.2026 թվականին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական Խորհրդին (այսուհետև նաև՝ Խորհուրդ) դիմելու մասին թիվ N-Կ-1/2026 որոշումը։
Միջնորդությունը և կից նյութերը Խորհուրդ մուտքագրվել են 26.05.2026 թվականին:
Խորհրդի 01.06.2026 թվականի ԲԴԽ-47-Ո-Կ-24 որոշմամբ 2026 թվականի հունիսի 15-ին նշանակվել է դատական նիստ:
15.06.2026 թվականին կայացած նիստում Խորհուրդն արձանագրային որոշմամբ մերժել է նիստի տեսաձայնագրումը և հրապարակումը չիրականացնելու մասին Դատավորի միջնորդությունը:
15.06.2026 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 25.06.2026 թվականը:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Վարույթ հարուցած մարմինը, ներկայացրած միջնորդությամբ վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 264-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը, 299-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 302-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը, 303-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 304-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, Դատավորների միջազգային միության Դատավորների համընդհանուր խարտիայի 1-ին հոդվածը, Սահմանադրական դատարանի 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 և Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 4-ի թիվ ԲԴԽ-23-Ո-Կ-3 կայացված որոշումները նշել է, որ վերոգրյալ իրավակարգավորումների և դրանց վերաբերյալ արտահայտված դիրքորոշումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է կազմում նաև դատական պաշտպանության դիմած անձի՝ կոնկրետ հարցի քննության համար օրենսդրի կողմից սահմանված հատուկ ժամկետներում քննության իրավունքը:
Հանձնաժողովը նշել է, որ մինչդատական վարույթի շրջանակներում տարաբնույթ լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց դատավարական վարքագծի արդյունքների վիճարկումն արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրացման յուրահատուկ կառուցակարգ է: Այն ուղղակիորեն բխում է նաև դատական պաշտպանության ապահովման վարութային սկզբունքի բովանդակությունից և զգալի զսպիչ գործիք է, որը, թեև post factum, սակայն լուրջ ազդեցություն է ունենում խախտված իրավունքի կամ ոտնահարված իրավաչափ շահի պաշտպանության, իսկ որպես դրա արդյունք՝ հաճախ նաև մինչդատական վարույթի բովանդակության և ընթացքի վրա:
Հանձնաժողովը հարկ է համարել ընդգծել, որ հաշվի առնելով՝ այդ թվում նաև խախտված իրավունքի կամ ոտնահարված իրավաչափ շահի պաշտպանության՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնման կարևորությունը՝ օրենսդիրը նախատեսել է, որ մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշումը կայացվում է վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
Հանձնաժողովի գնահատմամբ, մինչդատական ակտի վիճարկման վարույթի ձգձգումը, դրա արդյունքում հարցի լուծման վերաբերյալ անորոշությունը, կարող է հանգեցնել համապատասխան սուբյեկտի իրավունքի կամ ոտնահարված իրավաչափ շահի պաշտպանության խաթարման, ինչպես նաև՝ բացասական ազդեցություն ունենալ նաև մինչդատական վարույթի բովանդակության և ընթացքի վրա՝ ուղղակիորեն հակասելով վերը նշված բոլոր այն իրավաչափ նպատակներին, որոնց իրագործման նպատակով այս վարույթի գործերի քննության համար օրենքով սահմանվել է կարճ ժամկետ:
Վկայակոչված վերոնշյալ իրավական նորմերի և կարգապահական վարույթի շրջանակներում ուսումնասիրության առարկա դարձած փաստերի համակարգային վերլուծության արդյունքում, Հանձնաժողովն անդրադառնալով կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներին, փաստել է, որ թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործով 2024 թվականի նոյեմբերի 6-ին Դատավորի կողմից կայացվել է Էդվարդ Ներսիսյանի կողմից ներկայացված մինչդատական ակտը վիճարկելու բողոքի հիման վրա վարույթ հարուցելու մասին որոշում։ Միաժամանակ, որոշվել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով՝ դատական ակտի կայացման օր նշանակելով 2024 թվականի դեկտեմբերի 3-ը:
Հանձնաժողովում կարգապահական վարույթի հարուցման հարցի քննարկման օրվա՝ 2026 թվականի մարտի 23-ի դրությամբ «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում հիշյալ դատական գործի շրջանակում խնդրո առարկա բողոքի քննության արդյունքում դատական ակտ կայացված լինելու վերաբերյալ տեղեկությունները բացակայել են, իսկ Հաղորդում ներկայացրած անձը հաղորդումը ներկայացնելու օրվա դրությամբ դեռևս համապատասխան որոշումը ստացած չի եղել:
Վերոշարադրյալի կապակցությամբ Հանձնաժողովը հարկ է համարել ընդգծել, որ դեռևս կարգապահական վարույթի հարուցման փուլում որոշակիորեն հայտնի դարձած հանգամանքների, մասնավորապես, Հաղորդման և «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործի ընթացքի վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքում փաստվել էր, որ Դատավորը թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործով Էդվարդ Անրիի Ներսիսյանի մինչդատական ակտը վիճարկելու բողոքի քննությունը չի իրականացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում և բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը բողոքը ներկայացրած անձին չի ուղարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում:
Հանձնաժողովը հարկ է համարել նշել, որ կարգապահական վարույթի հարուցումից հետո «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործի ընթացքի վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ հիշյալ դատական գործով 2026 թվականի ապրիլի 10-ին հրապարակվել է 2024 թվականի դեկտեմբերի 3-ով թվագրված` «Մինչդատական ակտը վիճարկելու բողոքը քննության առնելու մասին» որոշում։
Վերը շարադրվածի համատեքստում և նման պայմաններում Հանձնաժողովը փաստել է, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ արձանագրված և վերը հիշատակված փաստերն անվիճելի են այնքանով, որքանով՝
- Դատավորի վարույթում գտնված թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործով մինչդատական ակտը վիճարկելու բողոքի քննությունը չի իրականացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում,
- հիշյալ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը բողոքը ներկայացրած անձին չի ուղարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում:
- Դատավորն իր բացատրությամբ անվերապահորեն ընդունել է իր կողմից թույլ տրված խախտումը՝ Հանձնաժողովին գրավոր բացատրությամբ ներկայացնելով այն պատճառները, որոնք համակցության մեջ հանգեցրել են Հանձնաժողովի կողմից արձանագրված դատավարական ժամկետների խախտմանը:
Վերոգրյալի հաշվառմամբ և նման պայմաններում Հանձնաժողովը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Էդվարդ Անրիի Ներսիսյանի մինչդատական ակտը վիճարկելու բողոքի վերաբերյալ որոշումը կայացվել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումից հետո՝ 2026 թվականի ապրիլի 10-ին՝ Քրեական դատավարության օրենսգրքով այդպիսի որոշումների հրապարակման համար սահմանված վերջնաժամկետից շուրջ 1 տարի 4 ամիս անց:
Հանձնաժողովն արձանագրել է, որ զանցակազմի տարրերից յուրաքանչյուրն առանձին անհրաժեշտ է, իսկ բոլորը միասին՝ բավարար, որպեսզի առաջանա դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքը։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իրավակարգավորումներից ուղղակիորեն հետևում է, որ կարգապահական պատասխանատվություն կարող է առաջանալ միայն նույն օրենսգրքով նախատեսված արարքում դատավորի մեղքը հաստատված լինելու դեպքում։ Հետևաբար մեղքը՝ որպես կարգապահական խախտման զանցակազմի սուբյեկտիվ կողմի դրսևորում, հանդիսանում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունն ամբողջացնող և թույլատրող վավերապայման։
Համաձայնելով Դատավորի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ գործերի քննությունը որոշ դեպքերում դատավարական օրենսգրքով սահմանված հատուկ ժամկետներում իրականացնելու անհնարինության հանգամանքի հետ և չբացառելով այդպիսի հնարավոր իրողությունները, այնուամենայնիվ, Հանձնաժողովը գտել է, որ դատավորների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելու ցանկացած դեպքում էական նշանակություն ունի ինչպես ծանրաբեռնվածության աստիճանն, այնպես էլ թույլ տրված ուշացման տևողությունը՝ վեր հանելով այս երկու էական պայմանների ողջամիտ հարաբերակցությունն ու օբյեկտիվ համաչափությունը:
Վերը նշվածի առումով Հանձնաժողովը փաստել է, որ կարգապահական վարույթի զանցակազմի պարտադիր հատկանիշ համարվող մեղքի բացակայությունը կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ ծանրաբեռնվածության փաստի ուժով Դատավորն օբյեկտիվորեն զրկված է եղել կարգապահական խախտման զանցանքն ամբողջացնող մեղավորության ենթադրյալ գոյությունը գնահատելու և իր արարքի վտանգավոր հետևանքները կանխելուն ուղղված անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունից: Ասվածից հետևում է, որ այս հնարավորությունը հարկ է քննարկման առարկա դարձնել թույլ տրված խախտման բովանդակությունը կազմող՝ գործի քննության ձգձգման, որոշման ուղարկման ժամկետի տևողության, ինչպես նաև նույն դատարանում առկա այլ դատավորների նույնպիսի ծանրաբեռնվածության պայմաններում գործերի քննության ապահովման համատեքստում։
Տվյալ դեպքում, Դատավորի գրավոր բացատրությամբ և նույն դատարանի նախագահի վերը վկայակոչված գրությամբ նշված փաստական տվյալների համատեքստում դիտարկելով Դատավորի բացատրությամբ խախտման առաջ քաշված ծանրաբեռնվածության մասին պատճառը՝ Հանձնաժողովը պարզել է, որ Դատավորը 2024-2025 թվականների ընթացքում ստացված և քննված գործերի քանակով չի համարվում Դատարանի ամենածանրաբեռնված դատավորը:
Հանձնաժողովը նշել է, որ չնայած 2024 թվականին ստացված քրեական գործերի քանակով Դատավորը նույն դատարանի մյուս դատավորների համեմատ ստացել է ավելի շատ գործ, սակայն տարբերությունը եղել է աննշան, իսկ 2025 թվականին ստացված քրեական գործերի քանակով վերջինս զիջում է նույն դատարանի մյուս բոլոր դատավորներին՝ բացառությամբ Դատարանի նախագահի, ով ստանում է տոկոսային հարաբերակցությամբ ավելի քիչ գործ, և 03.10.2025 թվականին նշանակված դատավոր Դավիթ Գրիգորյանի: Նշված երկու դատավորներից հետո Ա.Վարոսյանը համարվել է 2025 թվականին ամենաքիչ քրեական գործ ստացած դատավորը: Նույն պատկերն առկա է նաև մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի կատարման և դատական հանձնարարությունների մասով, մասնավորապես` 2024 թվականի ընթացքում Դատավորն ունեցել է ավելի քիչ ծանրաբեռնվածություն, քան Դատարանի մյուս դատավորները՝ բացառությամբ Դատարանի նախագահի և դատավոր Դ. Ղուկեյանի (դատավոր Բ. Բախշիյանը եղել է գործուղված), իսկ 2025 թվականին մյուս դատավորների կողմից ստացված գործերի քանակով եղել է ամենածանրաբեռնված դատավորը, սակայն, տարբերությունը կրկին եղել է ոչ շատ էական:
Հետևաբար, համադրելով քրեական գործերի և մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի կատարման դատական հանձնարարությունների մասով ստացված և ավարտված գործերի ընդհանուր քանակները՝ Հանձնաժողովը եկել է այն համոզման, որ Դատավորը չի եղել այն աստիճան ծանրաբեռնված, որպիսի հանգամանքը կարող էր օբյեկտիվորեն թույլ տալ վերջինիս բողոքի քննության արդյունքում դատական ակտն ուղարկել անձին շուրջ 1 տարի 4 ամիս հետո: Այս առումով Հանձնաժողովը գտել է, որ բնավ արդարացված չէ 1 տարի 4 ամիս տևողությամբ Դատավորի կողմից խնդրո առարկա որոշման կայացման և ուղարկման դատավարական գործողության ուշացումը, քանի որ խախտման կանխարգելման տեսանկյունից ծանրաբեռնվածության և գործի քննության տևողության հարաբերակցությունը ողջամիտ չէ, ինչպես նաև ծանրաբեռնվածության համեմատ գործի քննության տևողությունն ակնհայտորեն անհամաչափ է: Այսքանով հանդերձ՝ Հանձնաժողովն ընդգծել է, որ Դատավորի ծանրաբեռնվածությունն այն աստիճան չէր, որ կարող էր հանգեցնել այսպիսի երկար ժամանակով հարցի քննության ձգձգմանն այն դեպքում, երբ խախտված դատավարական ժամկետի տևողությունը որևէ կերպ չի կարող համարվել կամ դիտվել նաև ողջամիտ ժամկետ, քանի որ որոշման կայացման և գործի քննության ժամկետի տևողությունը նման ծանրաբեռնվածության պայմաններում չի կարող համարվել արդարացված` հատկապես Դատարանի նույնպիսի ծանրաբեռնվածություն ունեցող մյուս դատավորների հետ համեմատական վերլուծության կատարման արդյունքներից ելնելով, ուստի այդ իրողությունը չի կարող հասարակության կողմից ընկալվել որպես դատական իշխանությունում իրավաչափ երևույթ և չի կարող չհանգեցնել դատական իշխանության հեղինակազրկման:
Արդյունքում՝ Հանձնաժողովը հաստատված է համարել նաև այն փաստը, որ թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործով մինչդատական ակտը վիճարկելու բողոքի քննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում չիրականացվելու հանգամանքն ուղղակիորեն հանգեցրել է նաև բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը բողոքը ներկայացրած անձին ուղարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի խախտման:
Այսպիսով, ամբողջ վերոշարադրյալի համատեքստում և նման պայմաններում Հանձնաժողովը փաստել է, որ Դատավորը թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործով Էդվարդ Անրիի Ներսիսյանի բողոքի քննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում իրականացրած չլինելու և բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկված չլինելու պայմաններում, զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող վարքագիծ դրսևորելուց` հաշվի առնելով, որ նշված խախտումները, դրանցով պաշտպանվող շահերի կարևորությունից ելնելով, անմիջականորեն հանգեցրել են Հաղորդում ներկայացրած անձի արդար դատաքննության իրավունքների խախտման, ինչի հետևանքով անձն ստիպված է եղել շուրջ 1 տարի և 4 ամիս սպասել արդարադատության արդյունքին՝ անտեղյակ լինելով ինչպես իր գործի քննության ընթացքից, այնպես էլ կայացվելիք դատական ակտի ելքից:
Հանձնաժողովն անդրադառնալով դատավորի գրավոր բացատրությամբ բերված այն փաստարկին, որ թիվ ԿԴ/0034/11/24 դատական վարույթով որոշմամբ վարույթի հանրային մասնակիցների վրա չի դրվել որևէ պարտականություն, այդ թվում՝ քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն կատարելու, թիվ ԿԴ/0034/11/24 դատական վարույթով կայացված դատական ակտն Էդվարդ Անրիի Ներսիսյանի կողմից բողոքարկվել է վերադաս դատական ատյան և Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մնացել է անփոփոխ, հետևաբար՝ դրա ուշ տրամադրումը ոչ միայն էդվարդ Ներսիսյանի, այլև վարույթի հանրային մասնակիցների համար չի առաջացրել և տվյալ դեպքում չէր կարող առաջացնել որևէ բացասական հետևանք՝ Հանձնաժողովը հարկ է համարել նշել հետևյալը.
Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի ապրիլի 27-ի որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ Էդվարդ Անրիի Ներսիսյանի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ «Էդվարդ Ներսիսյանի հաղորդման հիման վրա քննիչի կողմից քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելն իրավաչափ է՝ հաշվի առնելով, որ հաղորդման մեջ նշված դեպքը քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի ակնհայտորեն չհամապատասխանելը բացառել է քննիչի կողմից դրա հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելը:» արդյունքում գալով հետևության, որ «(…) Էդվարդ Անրիի Ներսիսյանի բողոքը մերժելով՝ առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ, այդ թվում նաև՝ քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա, և գործով կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի հիմնավորված են ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 03-ի ԿԴ/0034/11/24 որոշմամբ արտահայտված հետևությունները։»։
Տվյալ դեպքում Հանձնաժողովը ևս փաստել է, որ Դատավորի որոշմամբ կատարված հետևություններով, որոնք իրավաչափ են համարվել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, վարույթի հանրային մասնակիցների վրա չի դրվել որևէ պարտականություն, այդ թվում՝ քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն կատարելու։ Միևնույն ժամանակ, չնայած տևական անորոշությանը, բողոք բերած անձն իրացրել է բողոքարկման իր իրավունքը:
Այնուամենայնիվ, Դատավորի կողմից թույլ տրված դատավարական ժամկետների խախտումները՝ այդչափ երկար տևողության պայմաններում, Հանձնաժողովի գնահատմամբ հեղինակազրկել են դատական իշխանությունը, քանի որ դատական իշխանությունը չի կարող չհեղինակազրկվել այն պայմաններում, երբ անձն իր բողոքի վերաբերյալ, որի քննությունը պետք է իրականացվեր մեկամսյա ժամկետում, այդ ժամկետի ավարտից հետո 1 տարի 4 ամիս մնում է անորոշության և սպասման մեջ, իսկ համապատասխան դատական ակտը ստանում է Հաղորդման քննարկման արդյունքում կայացված` Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուց հետո միայն:
Հանձնաժողովը հատկապես կարևոր է համարել այն հանգամանքը, որ Հանձնաժողովում կարգապահական վարույթի հարուցման հարցի քննարկման օրվա՝ 2026 թվականի մարտի 23-ի դրությամբ ևս «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում հիշյալ դատական գործի շրջանակում խնդրո առարկա բողոքի քննության արդյունքում դատական ակտ կայացված լինելու վերաբերյալ տեղեկությունները բացակայել են, իսկ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործի ընթացքի վերաբերյալ պարբերաբար կատարված ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզել է, որ 2026 թվականի ապրիլի 10-ին հրապարակվել է (ստեղծման ամսաթիվ։ 2026-04-10 13:59:12) 2024 թվականի դեկտեմբերի 3-ով թվագրված՝ «Մինչդատական ակտը վիճարկելու բողոքը քննության առնելու մասին» որոշումը։
Այսինքն՝ Դատավորը որոշումը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ ստացել է Հանձնաժողովի՝ այդ խախտման կապակցությամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը, ինչպիսի հանգամանքն ինքնին փաստում է այն մասին, որ Դատավորը կատարել է իր պարտականությունը բացառապես այն ժամանակ, երբ արդեն իսկ խախտման փաստի ուժով հարուցված է եղել կարգապահական վարույթ։
Հանձնաժողովը հարկ է համարել նշել, որ Դատավորի հիշյալ որոշման դեմ Էդվարդ Անրիի Ներսիսյանի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է 2026 թվականի ապրիլի 9-ին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյան) 2026 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Էդվարդ Անրիի Ներսիսյանի հատուկ վերանայման բողոքը մերժվել է՝ բողոքարկված դատական ակտը թողնելով անփոփոխ։
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն այդ որոշման կապակցությամբ վերաքննությունն իրականացրել է ընդամենը մի քանի օրվա ընթացքում, այն դեպքում, երբ Դատավորը որոշումը հրապարակել է սահմանված ժամկետից շուրջ 1 տարի և 4 ամիս հետո։ Այս հանգամանքն ինքնին ընդգծում է թույլ տրված խախտման ծանրության աստիճանը և ժամկետի որոշման ողջամիտ չափանիշի հետ քննարկվող դեպքի ակնհայտ անհամաչափ լինելը։
Հանձնաժողովը նշել է նաև, որ Դատավորի առաջ քաշած տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում, ցանկացած նման տևողությամբ գործի քննության ձգձգման և որոշման ուղարկման ժամկետի խախտման դեպքերը կարող են դառնալ օրինաչափություն՝ թողնելով փաստացի հետևանքների ռիսկը Դատավորի վրա, ինչպիսի իրադրությունը չի կարող ժողովրդական և իրավական պետության մեջ համարվել նորմալ երևույթ և չի կարող ունենալ կանխարգելիչ նշանակություն, ավելին՝ անձի հիմնարար իրավունքի վերաբերյալ դատական գործողությունները չեն կարող պայմանավորվել բացառապես բացասական հետևանքների առաջացման հավանականությամբ, քանի որ այս հարցի քննարկման ժամանակ առաջնահերթություն պետք է տրվի արդարադատությունը պատշաճ և ողջամիտ ժամկետում իրականացվելու իրավական շահի գերակայությանը։
Միևնույն ժամանակ, խախտման փաստացի հետևանքների առումով Հանձնաժողովը հատկապես կարևորել է թույլ տրված խախտման բնույթն ու ծանրության աստիճանը՝ գտնելով, որ այդքան երկար ժամանակով գործի քննության ժամկետի ձգձգումը Հաղորդում ներկայացրած անձի համար, անշուշտ, առաջացրել է նաև բողոքի ելքի հետ կապ չունեցող այլ բացասական հետևանքներ, քանի որ այդպիսի հետևանքները հարկ է կապել ոչ միայն բողոքի քննության արդյունքի հետ, այլև՝ տևական ժամանակ անորոշության մեջ գտնվելով հանդերձ՝ Դատավորի կողմից կայացվելիք դատական ակտին ծանոթ չլինելու, իր գործի ելքին սպասելու և ի վերջո այդ ընթացքում դատական իշխանությունից ունեցած սպասումների չարդարացման հետևանքով դատական իշխանության հանդեպ օբյեկտիվորեն առաջացած բացասական վերաբերմունքի հետ։ Ըստ Հանձնաժողովի՝ այս ամենը միասին ևս հանգեցրել են դատական իշխանության հեղինակազրկման և դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության կորստի, և անկողմնակալ դիտորդի տեսանկյունից թույլ տրված խախտումը որևէ օբյեկտիվ փաստարկով չի կարող արդարացվել, ուստի Դատավորին վերագրված խախտումը որպես այդպիսին նվազ կարևոր նշանակություն չունի՝ բացառելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հնարավորությունը։
Հանձնաժողովը հատկապես կարևորել է այն հանգամանքի ընդգծումը և շեշտադրումը, որ դատավարական ժամկետներում համապատասխան գործողությունների կատարումը Դատավորի համար իմպերատիվ պահանջ է, և այն չի կարող և չպետք է պայմանավորված լինի այն հանգամանքով, թե իրավունքի որևէ սուբյեկտի վրա պարտականություն դրվելու է, թե՝ ոչ: Իհարկե, որոշ դեպքերում՝ կախված խախտված ժամկետի տևողությունից և վարույթի համար էական այլ հանգամանքներից, այդ խախտումները կարող են որակվել որպես նվազ կարևոր, սակայն, հաշվի առնելով սույն վարույթում քննարկվող խախտման բնույթն ու տևողությունը և ելնելով խախտման ծանրության աստիճանից` Հանձնաժողովն ընդգծել է, որ Դատարան դիմած անձը մեկ տարուց ավել ակնկալել է իր գործի (հարցի) քննության համար սահմանված ժամկետում ստանալու Դատավորի որոշումը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ելք կունենար բողոքի քննությունը:
Հետևաբար, ըստ Հանձնաժողովի՝ գործերի քննության համար սահմանված դատավարական ժամկետների պահպանումը միայն դատական ակտով առաջացող հետևանքի հետ կապելն անթույլատրելի է, քանի որ, անկախ դատական ակտի ելքից, նշված վարքագիծը հանգեցնում է այնպիսի կոնվենցիոն և սահմանադրական մակարդակներում պաշտպանվող անձի իրավունքի խախտման, ինչպիսին է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ գործը ողջամիտ և սահմանված ժամկետում քննվելու անձի իրավունքը:
Անդրադառնալով Դատավորի բացատրությամբ ներկայացված դիտարկմանն առ այն, որ 2025 թվականի ընթացքում 68 օր ընդգրկված է եղել մինչդատական վարույթի դատական երաշխիքների միջնորդությունների քննության հերթապահության մեջ, իսկ 2026 թվականին՝ շուրջ 20 օր, իսկ մինչդատական վարույթի դատական երաշխիքների և հատկապես անհետաձգելի քննարկման ենթակա միջնորդությունների քննությունը, որպես կանոն, իրականացվում է ոչ աշխատանքային և գիշերային ժամերին, ինչն իր հերթին էական (բացասական) ազդեցություն է ունենում դատավորի աշխատունակության վրա՝ Հանձնաժողովն ընդգծել է, որ Դատավորի կողմից իր առաքելության կատարման մաս կազմող ցանկացած գործառույթ կարևոր է իր ուրույն նշանակությանը համապատասխան, ուստի, անկախ մինչդատական վարույթի դատական երաշխիքների միջնորդությունների քննության անհրաժեշտությունից, կարևորությունից և հրատապությունից, Դատավորն ուներ պարտականություն ապահովելու մեկամսյա ժամկետում բողոքի քննություն, իսկ վերը շարադրված հիմնավորումներով Հանձնաժողովն արդեն իսկ փաստել է, որ Դատավորի ծանրաբեռնվածությունը, հաշվի առնելով նաև Դատարանի մյուս դատավորների ծանրաբեռնվածությունը, այն աստիճան չէր, որ կարող էր արդարացնել բողոքի քննության և որոշման ուղարկման համար սահմանված ժամկետը շուրջ 1 տարի 4 ամիս ժամկետով բաց թողնելու վարքագիծը:
Վերը նշվածի համատեքստում, անդրադառնալով Դատավորի կողմից բերված փաստարկներին առ այն, որ ծանրաբեռնվածությունը հանգեցրել է մտավոր ու ֆիզիկական գերհոգնածության, որի պայմաններում օբյեկտիվորեն անհնար է եղել քրեական գործերի, մինչդատական վարույթի դատական երաշխիքների անհետաձգելի միջնորդությունների և առավել հրատապ լուծման ենթակա հարցերի հետ միասին թիվ ԿԴ/0034/11/24 դատական վարույթով կայացված որոշման առանձին փաստաթղթի ձևով շարադրումը` Հանձնաժողովն ընդգծել է, որ հանրության առջև չի կարող ստեղծվել այնպիսի տպավորություն, որ իր առաքելության կատարման ժամանակ շուրջ 1 տարի 4 ամսվա ընթացքում Դատավորը չի ունեցել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում քննության առնվող բողոքը քննելու և հարցին լուծում տալու ժամանակ, ուստի առնվազն ժամկետի տևողության և ծանրաբեռնվածության համաչափության առումով ներկայացվածը հիմնավոր չէ։
Ինչ վերաբերում է Դատավորի այն պնդմանը, որ յուրաքանչյուր աշխատանքային օր աշխատել է 18:00-ից հետո, առնվազն` մինչև 20:00-ն, շաբաթական առնվազն մեկ ոչ աշխատանքային օր (շաբաթ կամ կիրակի) ևս աշխատել է, աշխատել է նաև առողջական խնդիրներ ունենալու պայմաններում, այնուհանդերձ, դրա վերաբերյալ որևէ փաստաթուղթ ներկայացնել չի կարող, քանի որ չի դիմել բուժհաստատություն, ապա Հանձնաժողովն ամենևին կասկածի տակ չի դրել ներկայացվածը, սակայն, մյուս կողմից ընդգծում է, որ դրա հետ մեկտեղ դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության պահպանման, ամրապնդման և դատական իշխանության հեղինակության ապահովման առումով սույն վարույթի շրջանակներում քննարկված խախտման գոյությունն ակնհայտ խնդրահարույց է, և անկախ Դատավորի ջանասեր աշխատանքից՝ այսպիսի խախտումը չի կարող չհեղինակազրկել դատական իշխանությունը՝ ստեղծելով բացասական տպավորություն ոչ միայն Դատավորի, այլև` դատական իշխանությունը կրող յուրաքանչյուր դատավորի հանդեպ, քանի որ հանրությունն առանց ծանրակշիռ ու լուրջ պատճառների, հարցի քննության այդքան երկար տևողությունն օրենքին ակնհայտորեն հակասելու պայմաններում ընկալում է որպես դատական իշխանության կողմից օրենքով սահմանված ժամկետն օբյեկտիվորեն պահպանելու և (կամ) իր առջև դրված խնդիրները կատարելու անհնարինություն և (կամ) անձի իրավունքների նկատմամբ անտարբերություն և (կամ) տևական ժամանակ արդարադատության կայացման առաքելությունից խուսափում։
Ամփոփելով վերը շարադրված ողջ իրավական դիրքորոշումները՝ Հանձնաժողովը գտել է, որ քննարկվող դեպքում առկա են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, ՔԴՕ 303-րդ հոդվածի 4-րդ մասի, 304-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի խախտման հատկանիշներ:
Անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման մեղքի ձևին՝ Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել արձանագրել հետևյալը.
Օրենսգրքի 142-րդ («Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը») հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
Սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ՝ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Օրենսգրրքի 147-րդ հոդվածի («Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ընթացքը») 5-րդ մասի համաձայն՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցած մարմինը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) կարգապահական վարույթը կարճելու մասին.
2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:
Օրենսգրքի 148-րդ հոդվածի («Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը») 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:
Հանձնաժողովը Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման նկատմամբ վերջինիս հոգեբանական վերաբերմունքը և ըստ այդմ՝ մեղքի ձևը գնահատելու համար ելակետային է համարել վերջինիս բացատրությամբ հայտնված տեղեկությունները և գտել է, որ Դատավորը թույլ է տվել վերը շարադրված իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, որոնք վերջինս կատարել է կոպիտ անփութությամբ:
Միաժամանակ Հանձնաժողովը, հարգելով Դատավորի կարգավիճակն ու գիտակցելով վերջինիս հեղինակությունը բարձր պահելու իր պարտականությունը, ընդգծել է, որ Դատավորի վերաբերյալ սույն որոշմամբ արձանագրված պնդումները, դիրքորոշումները, այդ թվում՝ խախտումների մասին եզրահանգումները, արվել են իր լիազորությունների շրջանակներում և զուտ իր դատողությունների արդյունքում՝ վարույթի համար էական փաստերի գնահատման և իրավունքի նորմերի մեկնաբանության սեփական ընկալման արդյունքների համաձայն` հաշվի առնելով, որ խախտումները Դատավորի կողմից թույլ տրված լինելու փաստը կարող է վերջնականապես հաստատել բացառապես Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը քննող դատարանը՝ Բարձրագույն դատական խորհուրդը։
Դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչները պնդել են ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորը Հանձնաժողովին ներկայացրած բացատրությամբ հայտնել է, հետևյալը․
2025 թվականին հատուկ համակարգչային ծրագրի միջոցով Դատավորին են բաշխվել թվով 213 քրեական գործ, նախորդ տարվանից փոխանցվել են 64-ը, որոնցից 183-ի վերաբերյալ կայացվել է վերջնական դատական ակտ։
2026 թվականի մարտի 10-ի դրությամբ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով Դատավորին են բաշխվել նաև թվով 48 քրեական գործ, իսկ նախորդ տարվանից փոխանցած են եղել թվով 94-ը։
2025 թվականի դեկտեմբերի դրությամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերի քանակն ավելացել է շուրջ 300%-ով։
Դատավորը նշել է, որ նշված քրեական գործերով յուրաքանչյուր աշխատանքային օր նշանակվել և անցկացվել են 5-6 դատական նիստ։ Քրեական գործերը վերաբերել են նաև մեղադրյալների, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանքը կամ տնային կալանքը, որոնք պարբերաբար վերանայվել են։ Նշված քրեական գործերին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ տրվել է առաջնահերթություն, որպեսզի անձանց անազատության մեջ պահելու ժամանակահատվածը սահմանափակվի հնարավոր նվազագույն ժամկետով։ Եղել են և կան նաև քրեական գործեր, որոնց քննության ընթացքում դատալսումները շարունակվել են նույնիսկ 18:00-ից հետո։
Դատավորը հայտնել է, որ քրեական գործերից բացի 2025 թվականին ստացել է նաև կատարման փուլում գտնվող դատական ակտերի վերաբերյալ թվով 132 միջնորդություն, իսկ 2026 թվականին՝ 53 միջնորդություն։ Միջնորդությունները վերաբերել են նաև դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերին, որոնք պետք է լուծվեն 10 օրվա ընթացքում։
Դատավորը նշել է, որ 2025 թվականի ընթացքում 68 օր ընդգրկված է եղել մինչդատական վարույթի դատական երաշխիքների միջնորդությունների քննության հերթապահության մեջ, իսկ 2026 թվականին՝ շուրջ 20 օր։ Դատավորն ավելորդ չի համարել նշել, որ մինչդատական վարույթի դատական երաշխիքների և հատկապես անհետաձգելի քննարկման ենթակա միջնորդությունների քննությունը, որպես կանոն, իրականացվում է ոչ աշխատանքային և գիշերային ժամերին, ինչն իր հերթին էական (բացասական) ազդեցություն է ունենում դատավորի աշխատունակության վրա։
Դատավորը հայտնել է նաև, որ յուրաքանչյուր աշխատանքային օր աշխատել է 18:00-ից հետո, առնվազն՝ մինչև 20։00–ն։ Շաբաթական առնվազն մեկ ոչ աշխատանքային օր (շաբաթ կամ կիրակի) ևս աշխատել է։ Աշխատել է նաև առողջական խնդիրներ ունենալու պայմաններում, այնուհանդերձ, դրա վերաբերյալ որևէ փաստաթուղթ ներկայացնել չի կարող, քանի որ չի դիմել բուժհաստատություն։
Դատավորը հայտնել է, որ թիվ ԿԴ/0034/11/24 դատական վարույթով Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Էդվարդ Անրիի Ներսիսյանի բողոքը մերժվել է և անփոփոխ է թողնվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը։
Դատավորը, որպես թիվ ԿԴ/0034/11/24 դատական վարույթով որոշումը կողմերին ըստ իրեն՝ շուրջ 1 տարի 3 ամիս1 անց հանձնելու պատճառ, կարևորել է, որ վերը նշված փաստական տվյալները և դրանց արդյունքում ծագած ծանրաբեռնվածությունը հանգեցրել է մտավոր ու ֆիզիկական գերհոգնածության, որի պայմաններում օբյեկտիվորեն անհնար է եղել քրեական գործերի, մինչդատական վարույթի դատական երաշխիքների անհետաձգելի միջնորդությունների և առավել հրատապ լուծման ենթակա հարցերի հետ միասին թիվ ԿԴ/0034/11/24 դատական վարույթով կայացված որոշման առանձին փաստաթղթի ձևով շարադրումը։
Ըստ Դատավորի՝ թեև անկողմնակալ դիտորդի մոտ վերը նկարագրված իրավիճակը կարող էր ստեղծել դատավորի ջանասիրության վերաբերյալ բացասական տպավորություն, այնուհանդերձ, հետհայացքով արդեն իսկ տեղի ունեցած իրադարձություններում «անհրաժեշտ ժամանակը» գտնելը հեշտ է, սակայն պետք է հաշվի առնել նաև դատավորի անձի հետ անմիջականորեն կապված՝ սուբյեկտիվ գործոնները (անձնական ու ընտանեկան հարցեր և այլն), որոնք անհնարին են դարձրել այդ թվում՝ թիվ ԿԴ/0034/11/24 դատական վարույթով կայացված որոշումն ավելի կարճ ժամկետում կողմերին հանձնելու հնարավորությունը։
Վերը նկարագրված ծանրաբեռնվածության պայմաններում իր կողմից աշխատանքին տրամադրվել է ոչ միայն անհրաժեշտ, այլև հնարավոր առավելագույն ժամանակը՝ նվազագույն ժամանակ տրամադրելով անձնական ու ընտանեկան հարցերին։
Անդրադառնալով թիվ ԿԴ/0034/11/24 դատական վարույթով որոշումը կողմերին ըստ իրեն՝ շուրջ 1 տարի 3 ամիս անց հանձնելու հետևանքին՝ Դատավորը նշել է, որ հիշյալ դատական վարույթով բողոքը վերաբերել է ներկայացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնելուն և դատարանը հիմնավոր է համարել վարույթի հանրային մասնակցի ի պաշտոնե կատարված այդ գործողությունը։ Այսինքն՝ թիվ ԿԴ/0034/11/24 դատական վարույթով որոշմամբ վարույթի հանրային մասնակիցների վրա չի դրվել որևէ պարտականություն, այդ թվում՝ քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն կատարելու։ Ընդ որում՝ թիվ ԿԴ/0034/11/24 դատական վարույթով կայացված դատական ակտն Էդվարդ Անրիի Ներսիսյանի կողմից բողոքարկվել է վերադաս դատական ատյան և Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մնացել է անփոփոխ, հետևաբար՝ դրա ուշ տրամադրումը ոչ միայն Էդվարդ Ներսիսյանի, այլև վարույթի հանրային մասնակիցների համար չի առաջացրել և տվյալ դեպքում չէր կարող առաջացնել որևէ բացասական հետևանք։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատավորը խնդրել է կայացնել կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում։
Դատավորը բացատրությանը կցել է Դատարանի գրասենյակի պետի պաշտոնակատար Անի Մինասյանի կողմից տրամադրված «Տեղեկատվությունը»՝ Դատավորի կողմից 2025 թվականին ստացված (այդ թվում՝ նախորդ տարիներից փոխանցված), ինչպես նաև ավարտված դատական գործերի քանակի վերաբերյալ։
Կցվել է նաև թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործով Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2026 թվականի ապրիլի 27-ին կայացված որոշումը, որով էդվարդ Ներսիսյանի հատուկ վերանայման բողոքը մերժվել է՝ Դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը թողնելով անփոփոխ։
Դատավորի կողմից Խորհուրդ գրավոր պատասխան չի ներկայացվել։
Դատական նիստում Դատավորն, ըստ էության, պնդել է վարույթ իրականացնող մարմնին բացատրությամբ ներկայացրած փաստարկները և նշելով, որ դատական ակտի ուշացումով կայացնելը և տրամադրելը չի հանգեցրել որևէ շոշափելի հետևանքի․ խնդրել է Խորհրդին մերժել Միջնորդությունը։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային DataLex ծրագրի (այսուհետև՝ նաև Համակարգ) համաձայն՝ թիվ ԿԴ/0034/11/24 քրեական գործով 11.09.2024թ. ստացվել է Էդվարդ Ներսիսյանի բողոքը՝ Կոտայքի մարզի դատախազի 26.08.2024թ. բողոքը քննության առնելու մասին որոշման դեմ, որը նույն օրը մակագրվել է դատավոր Արմեն Վարոսյանին:
Դատարանի 18.09.2024թ. որոշմամբ մինչդատական ակտը վիճարկելու Էդվարդ Ներսիսյանի բողոքը վերադարձվել է. համապատասխան թերությունները վերացնելու և կրկին դատարան ներկայացնելու համար տրամադրվել է 5 օր ժամկետ:
Բողոքը կրկին է ներկայացվել, որի կապակցությամբ 06.11.2024թ. կայացվել է «Մինչդատական ակտը վիճարկելու բողոքի հիման վրա վարույթ հարուցելու մասին» որոշում։ Դատավորը որոշել է. «Էդվարդ Անրիի Ներսիսյանի մինչդատական ակտը վիճարկելու բողոքի հիման վրա հարուցել վարույթ և այն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Վարույթի հանրային մասնակիցներից պահանջել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել բողոքին վերաբերող նյութերը:
Վարույթի մասնակիցներին պարզաբանել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 2-ը իրենց բացատրությունները, դրանք հիմնավորող նյութերը, միջնորդությունները, ինչպես նաև բողոքի պատասխանը ներկայացնելու իրավունքը։
Դատական ակտի կայացման օր նշանակել 2024 թվականի դեկտեմբերի 3-ը:»:
4.2. Հանձնաժողովում կարգապահական վարույթի հարուցման հարցի քննարկման օրվա` 2026 թվականի մարտի 23-ի դրությամբ Համակարգում հիշյալ խնդրո առարկա բողոքի քննության արդյունքում դատական ակտ կայացված լինելու վերաբերյալ տեղեկությունները բացակայել են:
4.3. 2024 թվականի դեկտեմբերի 3-ով թվագրված՝ թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործով «Մինչդատական ակտը վիճարկելու բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Հովհաննես Սաֆարյանի քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու ի պաշտոնե կատարած գործողության դեմ Էդվարդ Անրիի Ներսիսյանի բողոքը մերժվել է, սակայն Համակարգում դատական ակտը հրապարակվել է 2026 թվականի ապրիլի 10-ին (Ստեղծման ամսաթիվ: 2026-04-10 13:59:12)։
4.4. Դատավորի հիշյալ որոշման դեմ Էդվարդ Անրիի Ներսիսյանի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է 2026 թվականի ապրիլի 9-ին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյան) 2026 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Էդվարդ Անրիի Ներսիսյանի հատուկ վերանայման բողոքը մերժվել է՝ բողոքարկված դատական ակտը թողնելով անփոփոխ:
4.5. Հանձնաժողովի նախագահի 2026 թվականի մայիսի 22-ի թիվ ԴԴ-Ե-4044 գրությանն ի պատասխան՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 2026 թվականի մայիսի 25-ի թիվ Մ-8290 գրությամբ տրամադրվել է հետևյալ տեղեկատվությունը․
2024 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ Դատավորի վարույթում գտնված գործերի (քրեական, մինչդատական վարույթի դատական երաշխիքներ, դատական ակտերի կատարում՝ առանձնացնելով ՔԴՕ 299-րդ հոդվածով ստացված բողոքները) քանակի վերաբերյալ հարցադրման մասով՝
|
Հ/Հ |
Գործեր |
Փոխանցված գործերի քանակը |
Ստացված գործերիի քանակը |
Ավարտված գործերի քանակ/այդ թվում՝ միացած, ընդդատություն |
Անավարտ ընթացիկ գործերի քանակը |
|
1․ |
Քրեական |
0 |
208 |
163 |
45 |
|
2․ |
Մինչդատական վարույթի դատական երաշխիքներ |
0 |
252 |
252 |
0 |
|
3․ |
Դատական ակտերի և դատ․ հանձնարարությունների կատարման հետ կապված հարցերի լուծման ոլորտ |
0 |
80 |
53 |
27 |
|
4․ |
Բողոք /ՔԴՕ 299-րդ, 300-րդ հոդվածներ |
0 |
8 |
6 |
2 |
ՔԴՕ 299-րդ հոդվածով ստացված բողոքներով 2025 թվականի համար Դատավորի ծանրաբեռնվածության վերաբերյալ հարցադրման մասով՝
|
Հ/Հ |
Գործեր |
Փոխանցված գործերի քանակը |
Ստացված գործերիի քանակը |
Ավարտված գործերի քանակ |
Անավարտ ընթացիկ գործերի քանակը |
|
1․ |
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք 299-րդ հոդվածով ստացված բողոքներ |
0 |
8 |
7 |
1 |
Քրեական գործերով Դատարանի ծանրաբեռնվածությունը 2024 թվականի համար տրամադրվել է տարեկան կտրվածքով՝
|
Հ/Հ |
Դատավոր |
2024 թվական փոխանցված գործերի քանակը |
2024 թվական ստացված գործերի քանակը |
Ավարտված գործերի քանակ/այդ թվում՝ միացած, ընդդատություն |
2025 թվական փոխանցված գործերի քանակը |
|
1․ |
Գեղամ Մարգարյան |
109 |
195 |
222 |
82 |
|
2․ |
Գոռ Շահբազյան |
140 |
195 |
211 |
124 |
|
3․ |
Արշակ Հարությունյան |
100 |
214 |
229 |
85 |
|
4․ |
Արմեն Վարոսյան |
0 |
233 |
169 |
64 |
|
5․ |
Գագիկ Հարությունյան |
89 |
213 |
174 |
128 |
|
6․ |
Դիանա Ղուկեյան |
124 |
179 |
179 |
124 |
|
7․ |
Բորիս Բախշիյան |
0 |
28 |
28 |
0 |
|
Ընդամենը՝ |
562 |
1257 |
1212 |
607 |
Որպես ամփոփում՝ նշվել է, որ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Դատարանում մուտքագրվել է 1244 քրեական գործ, իսկ նախորդ տարիներից փոխանցված քրեական գործերի թիվը կազմել է 562 գործ: 2024 թվականի ընթացքում ավարտվել է 1,199 քրեական գործ, իսկ անավարտ քրեական գործերի թիվը կազմել է՝ 607 գործ: (Դատարանում ստացված և դատավորների միջև բաշխված գործերի տարբերությունը՝ 13 քրեական գործ, կապված է քրեական գործերի վերաբաշխման հետ)։
Միաժամանակ, 2024 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում (01.07.2024- 31.12.2024 թվականներ) դատավոր Արմեն Վարոսյանն ստացել է թվով 103 քրեական գործ, մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում՝ թվով 133 գործ, իսկ դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված՝ թվով 56 դատական գործ:
Մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի դատական հանձնարարությունների մասով ևս Դատարանի 2024 թվականի համար տրամադրվել է տարեկան կատարման և ծանրաբեռնվածությունը կտրվածքով՝
|
Հ/Հ |
Դատավոր |
2024 թվական փոխանցված գործերի քանակը |
2024 թվական ստացված գործերի քանակը |
Ավարտված գործերի քանակ/այդ թվում՝ միացած, ընդդատություն |
2025 թվական փոխանցված գործերի քանակը |
|
1․ |
Գեղամ Մարգարյան |
38 |
338 |
368 |
8 |
|
2․ |
Գոռ Շահբազյան |
25 |
381 |
393 |
13 |
|
3․ |
Արշակ Հարությունյան |
23 |
376 |
380 |
19 |
|
4․ |
Արմեն Վարոսյան |
0 |
372 |
365 |
7 |
|
5․ |
Գագիկ Հարությունյան |
28 |
387 |
399 |
16 |
|
6․ |
Դիանա Ղուկեյան |
43 |
307 |
332 |
18 |
|
7․ |
Բորիս Բախշիյան |
0 |
34 |
34 |
0 |
|
8․ |
Աննա Արզումանյան |
2 |
2 |
1 |
3 |
|
9․ |
Անի Կարաքեհյան |
3 |
3 |
5 |
1 |
|
10․ |
Նարինե Թորոսյան |
2 |
2 |
3 |
1 |
|
11․ |
Մեխակ Գևորգյան |
3 |
2 |
3 |
2 |
|
12․ |
Անի Միքայելյան |
3 |
2 |
5 |
0 |
|
13․ |
Անահիտ Անտոնյան |
1 |
3 |
3 |
1 |
|
14․ |
Նոնա Գալստյան |
3 |
3 |
4 |
2 |
|
Ընդամենը՝ |
174 |
2212 |
2295 |
91 |
Ամփոփելով՝ նշվել է, որ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Դատարանում մուտքագրվել է մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի հետ կապված դատական հանձնարարությունների միջնորդությունների վերաբերյալ ընդհանուր թվով 2208 դատական գործ, իսկ նախորդ տարիներից փոխանցված դատական գործերի թիվը կազմել է՝ 174 գործ: 2024 թվականի ընթացքում ավարտվել է 2291 դատական գործ, իսկ անավարտ դատական գործերի թիվը կազմել է 91 գործ: (Դատարանում ստացված և դատավորների միջև բաշխված գործերի տարբերությունը՝ 4 դատական գործ, կապված է գործերի վերաբաշխման հետ):
Քրեական գործերով 2025 թվականի համար Դատարանի և դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ ներկայացվել է հետևյալ տեղեկատվությունը.
|
Հ/Հ |
Դատավոր |
2025 թվական փոխանց- ված գործերի քանակը |
2025 թվական ստացված գործերի քանակը |
Ավարտված գործերի քանակ/այդ թվում՝ միացած, ընդդատություն |
2026 թվական փոխանցված գործերի քանակը |
|
1․ |
Գեղամ Մարգարյան |
82 |
193 |
187 |
88 |
|
2․ |
Գոռ Շահբազյան |
124 |
236 |
206 |
154 |
|
3․ |
Արշակ Հարությունյան |
85 |
267 |
231 |
121 |
|
4․ |
Արմեն Վարոսյան |
64 |
213 |
183 |
94 |
|
5․ |
Գագիկ Հարությունյան |
128 |
239 |
136 |
231 |
|
6․ |
Դիանա Ղուկեյան |
124 |
223 |
219 |
128 |
|
7․ |
Դավիթ Գրիգորյան |
0 |
92 |
59 |
33 |
|
Ընդամենը ՝ |
607 |
1463 |
1221 |
849 |
Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Դատարանում մուտքագրվել է 1462 քրեական գործ, իսկ նախորդ տարիներից փոխանցված քրեական գործերի թիվը կազմել է 607 գործ: 2025 թվականի ընթացքում ավարտվել է 1220 քրեական գործ, իսկ անավարտ քրեական գործերի թիվը կազմել է 849 գործ (Դատարանում ստացված և դատավորների միջև բաշխված գործերի տարբերությունը՝ 1 քրեական գործ, կապված է քրեական գործի վերաբաշխման հետ):
Մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի կատարման և դատական հանձնարարությունների մասով 2025 թվականի Դատարանի և դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ ներկայացվել է հետևյալ տեղեկատվությունը․
|
Հ/Հ |
Դատավոր |
2025 թվական փոխանցված գործերի քանակը |
2025 թվական ստացված գործերի քանակը |
Ավարտված գործերի քանակ/այդ թվում՝ միացած, ընդդատություն |
2026 թվական փոխանցված գործերի քանակը |
|
1․ |
Գեղամ Մարգարյան |
8 |
486 |
481 |
13 |
|
2․ |
Գոռ Շահբազյան |
13 |
541 |
540 |
14 |
|
3․ |
Արշակ Հարությունյան |
19 |
597 |
600 |
16 |
|
4․ |
Արմեն Վարոսյան |
7 |
644 |
638 |
13 |
|
5․ |
Գագիկ Հարությունյան |
6 |
594 |
589 |
21 |
|
6․ |
Դիանա Ղուկեյան |
18 |
468 |
466 |
20 |
|
7․ |
Դավիթ Գրիգորյան |
0 |
115 |
112 |
3 |
|
8․ |
Աննա Արզումանյան |
3 |
2 |
5 |
0 |
|
9․ |
Անի Կարաքեհյան |
1 |
0 |
1 |
0 |
|
10․ |
Նարինե Թորոսյան |
1 |
2 |
3 |
0 |
|
11․ |
Մեխակ Գևորգյան |
2 |
2 |
3 |
1 |
|
12․ |
Շուշանիկ Ավագիմյան |
0 |
3 |
1 |
2 |
|
13․ |
Անահիտ Անտոնյան |
1 |
2 |
2 |
1 |
|
14․ |
Նոնա Գալստյան |
2 |
2 |
3 |
1 |
|
Ընդամենը՝ |
91 |
3458 |
3444 |
105 |
Ամփոփելով տրամադրված տեղեկատվությունը՝ նշվել է, որ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Դատարանում մուտքագրվել է մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների հետ կապված միջնորդությունների վերաբերյալ ընդհանուր թվով 3,458 դատական գործ, իսկ նախորդ տարիներից փոխանցված դատական գործերի թիվը կազմել է՝ 91 գործ: 2025 թվականի ընթացքում ավարտվել է 3,444 դատական գործ, իսկ անավարտ դատական գործերի թիվը կազմել է 105 գործ:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
Հաշվի առնելով վարույթ հարուցած մարմնի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված հակափաստարկները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է (են) տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում (խախտումներ),
5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը (խախտումները) կատարվել է (են) դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ,
5.3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը (խախտումները) իր (իրենց) հերթին հանգեցրել է (են) դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտման։
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչների, Դատավորի դիրքորոշումները, ինչպես նաև ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
Օրենսգրքի 89-րդ հոդվածը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը։
Խորհուրդը հարկ է համարում վերստին արձանագրել, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում՝ դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:
Վերոգրյալի համատեքստում Խորհուրդը նաև վերահաստատում է, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:
Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպեսզի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև ապահովի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը՝ միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:
Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ և դրան կից նյութերով ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...)։
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձիք։
Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով։
Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի և լուծվի այդ ժամկետում:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտնելու հիմքեր, իսկ նույն մասի 6-րդ կետի համաձայն՝ առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը։
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Բանգալորյան սկզբունքների մեկնաբանության համաձայն՝ դատավորն իրեն վերապահված պարտականությունները արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում։ Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը։ Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները։ Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումները առանց ոչ խելամիտ հետաձգումների։
Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ։ Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում։ Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ։ Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ գործի ողջամիտ ժամկետում քննությունն իր մեջ ներառում է ոչ միայն պատշաճ և ժամանակին քննության իրականացում, այլ նաև գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտի՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրում։
Անդրադառնալով արդարադատության մատչելիության՝ որպես Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության իրավունքի իրացման կարևոր նախապայմանի, ինչպես նաև դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդիրներին Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի ՍԴՈ-719 որոշմամբ արձանագրել է, որ հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:
10.03.2016 թվականի ՍԴՈ-1257 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ դատարան դիմելն անձի իրավունքն է, որի իրացումն օրենքով նախատեսված իրավական գործընթաց է, պայմանավորված չէ դատական կամ հանրային իշխանության այլ մարմնի հայեցողությամբ, և որի իրացմամբ առաջացած իրավական հետևանքները պարտադիր են ինչպես դիմող անձի, դատավարության մյուս մասնակիցների, այնպես էլ դատարանի համար (...): Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար (...), իսկ 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է նաև, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը2։
ՔԴՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատական բողոքարկման ենթակա է նաև ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն արձանագրելուց կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու մասին մինչդատական ակտը։
ՔԴՕ 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին որոշում, որում նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին:
ՔԴՕ 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով (...), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշումը կայացվում է վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։
ՔԴՕ 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով դատարանը որոշմամբ ամբողջությամբ կամ մասնակի բավարարում է բողոքը կամ մերժում է այն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքը բավարարելու դեպքում դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա դնում է անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն, իսկ 4-րդ մասի համաձայն՝ բանավոր ընթացակարգով բողոքի քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, վիճարկվող վարութային ակտը կայացրած (կատարած) հանրային մասնակցին, քննիչին և հսկող դատախազին:
Վերոնշյալ օրենսդրական կարգավորումների համակարգային վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը հստակ կարգավորել է մինչդատական ակտը վիճարկելու վարույթի ընթացակարգը, դրա իրականացման եղանակն ու ժամկետները՝ միաժամանակ արձանագրելով դրա արդյունքում կայացված որոշումը վարույթի մասնակիցներին անհապաղ հանձնելու կամ ուղարկելու անհրաժեշտությունը։
Խորհուրդն ինչպես նախկինում, այնպես էլ սույն գործով վերստին արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել կամայականության վտանգը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:
Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը): Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը:
Սույն վարույթով Դատավորը թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործով 2024 թվականի նոյեմբերի 6-ին կայացրել է անձի կողմից ներկայացված մինչդատական ակտը վիճարկելու բողոքի հիման վրա վարույթ հարուցելու մասին որոշում՝ որոշելով բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով՝ դատական ակտի կայացման օր նշանակելով 2024 թվականի դեկտեմբերի 3-ը։ Բողոքի քննության արդյունքում որոշումը ՔԴՕ 303-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Դատավորի կողմից պետք է կայացվեր վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։ Այդուհանդերձ, հիշյալ դատական գործով 2024 թվականի դեկտեմբերի 3-ով թվագրված «Մինչդատական ակտը վիճարկելու բողոքը քննության առնելու մասին» որոշումը Համակարգում հրապարակվել է 2026 թվականի ապրիլի 10-ին։
Հատկանշական է նաև այն փաստը, որ թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործով դատական ակտը Դատավորի կողմից կայացվել է միայն Հանձնաժողովի կողմից սույն գործով կարգապահական վարույթի հարուցումը նախաձեռնելուց հետո, ինչը հաստատվում է այն հանգամանքների հաշվառմամբ, որ Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին Կ-1/2026 որոշման կայացման օրվա՝ 2026 թվականի մարտի 23-ի դրությամբ, որոշումը Համակարգում հրապարակված չի եղել, իսկ Դատավորի կողմից Հանձնաժողովին հասցեագրված գրավոր բացատրություն ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին 20.04.2026 թվականի ԴԴԱ-9-Ե-14756/26 գրությամբ՝ Դատավորը հայտնել է, որ Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին Կ-1/2026 որոշումը ստացել է 2026 թվականի ապրիլի 10-ին, այսինքն՝ ԿԴ/0034/11/24 դատական գործով դատական ակտի հրապարակման օրը։
Անդրադառնալով դատական ակտերի կայացման, հրապարակման և կողմերին տրամադրելու օրենքով սահմանված ժամկետերը չպահպանելու խնդրին՝ Խորհուրդն իր 12.06.2026 թվականի ԲԴԽ-42-Ո-Կ-21 որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննարկան առարկա դառնա՝ հաշվի առնելով գործի բոլոր փաստական և իրավական հանգամանքները, դրանց համակցված վերլուծությունը՝ պարզելու համար, թե արդյո՞ք ժամկետների խախտումը պայմանավորված է եղել դատավորի կամքից անկախ օբյեկտիվ հանգամանքներով, թե հանդիսացել է դատավորի կողմից իր պաշտոնեական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանք, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատման առարկա պետք է լինի ոչ միայն խախտման փաստը, այլ նաև դրա պատճառները, գործի առանձնահատկությունները, դատավորի դրսևորած վարքագիծը, խախտման տևողությունը և բնույթը։
Տվյալ դեպքում, Խորհուրդը փաստում է, որ թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործով անձի կողմից մինչդատական ակտը վիճարկելու բողոքի վերաբերյալ որոշումը Դատավորը 2024 թվականի դեկտեմբերի 3-ի փոխարեն կայացրել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից շուրջ 1 տարի 4 ամիս ուշացումով, այն է՝ 2026 թվականի ապրիլի 10-ին, որպիսի հանգամանքն ուղղակիորեն հանգեցրել է ՔԴՕ 303-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մինչդատական ակտը վիճարկելու բողոքի քննությունն իրականացնելու ժամկետի, ինչպես նաև ՔԴՕ 304-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը բողոքը ներկայացրած անձին ուղարկելու սահմանված ժամկետի խախտումների։
Սույն գործով Դատավորը չի վիճարկել իր կողմից թույլ տրված դատավարական նորմերի խախտումները՝ շեշտելով, որ դրանք տեղի են ունեցել աշխատանքային ծանրաբեռնվածության և դրա արդյունքում՝ մտավոր ու ֆիզիկական գերհոգնածության, այլ ոչ թե Դատավորի ոչ բավարար ջանասիրության ցուցաբերման պատճառով։
Անդրադառնալով վերոգրյալ փաստարկին՝ Խորհուրդը գտնում է, որ այն չի բովանդակում այնպիսի բացառիկ հանգամանքներ և հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլիներ տվյալ իրավիճակում Դատավորի կողմից կատարված խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ։ Մասնավորապես, գործերի քանակի, դրանց բարդության, դատական համակարգում, ինչպես նաև Դատարանում առկա ընդհանուր ծանրաբեռնվածության աստիճանի, այլ համադրելի ցուցանիշների գնահատմամբ, Խորհուրդը հանգում է եզրակացության, որ դրանք չեն կարող օբյեկտիվորեն բացառել օրենքով սահմանված ժամկետների պահպանումը։
Վերոգրյալի հաշվառմամբ Խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԿԴ/0034/11/24 դատական գործով անձի կողմից մինչդատական ակտը վիճարկելու բողոքի վերաբերյալ որոշումը Դատավորի կողմից օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից շուրջ 1 տարի 4 ամիս ուշացումով կայացնելու և այն բողոքը ներկայացրած անձին օրենքով սահմանված ժամկետի խախտումով ուղարկելու արդյունքում, Դատավորը խախտել է դատավորի վարքագծի՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կանոնները։
Քննարկելով մեղքի ձևը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Տվյալ դեպքում Դատավորն իրեն վերագրվող խախտումը կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել՝ այնքանով, որքանով հստակ իրավակարգավորումների պայմաններում չի պահպանել դրանց պահանջները։
Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ (Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մաս):
Խորհուրդը գտնում է, որ Դատավորի նկատմամբ կիրառման ենթակա կարգապահական տույժի համաչափության տեսանկյունից էական նշանակություն ունեն խախտման բնույթը, մեղքի աստիճանը, խախտման տևողությունն ու հետևանքները, դատավարության մասնակիցների իրավունքների ու արդարադատության շահի վրա դրա ազդեցությունը։
Նշվածի համատեքստում Խորհուրդն անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված վերոգրյալ խախտումների հետևանքին, արձանագրում է, որ տվյալ պարագայում խախտումների էական տևողությունն ինքնին բացառում է կայացված որոշմամբ հետևանքների բացակայությունը, քանի որ կատարված խախտումներն իրենց բնույթով բացասաբար են անդրադառնում դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության պահպանման, ամրապնդման և դատական իշխանության հեղինակության ապահովման վրա, և այսպիսի խախտումները չեն կարող չհեղինակազրկել դատական իշխանությունը՝ ստեղծելով բացասական տպավորություն ինչպես Դատավորի, այնպես էլ՝ ողջ դատական իշխանության հանդեպ։
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը կարգապահական խախտում թույլ տալու պահին կարգապահական տույժ չի ունեցել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը.
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Հայաստանի Հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանին հայտարարել նկատողություն։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
_________________________
1 Դատավորն իր բացատրության մեջ նշել է ուշացման 1 տարի 3 ամիս ժամկետը, որը չի համապատասխանում դատավարական նորմով սահմանված ժամկետի խախտման մասով Հանձնաժողովի հաշվարկած ժամկետի հետ, այն է՝ շուրջ 1 տարի 4 ամիս ուշացում։
2 Տես՝ Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019; Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010
|
Նախագահող` Անդամներ` |
Ա․ ԱթաբեկՅԱՆ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ | ||
|
|
Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ա. Հարությունյան Ք. ՄԿՈՅԱՆ | ||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: