ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2026 թվականի N 1060-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ ԿԱՄ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22․8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
17.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N 1060-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ ԿԱՄ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ԱՏԳ ԱԱ 0302, 0303, 0304, 0305, 1604 ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը թույլատրվում է սույն որոշմամբ սահմանված կարգով Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում (այսուհետ՝ համակարգ) գրանցված տնտեսավարող սուբյեկտներին։
3. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով՝ ձկնաբուծական տնտեսությունները կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունները կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունները (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) պետք է գրանցված լինեն համակարգում: Ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպության դեպքում՝ համակարգում պետք է գրանցված լինի նաև այն ձկնաբուծական տնտեսությունը կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունը, որտեղ արտադրվել է ձուկը կամ ձկնամթերքը։
4. Համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցումն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ (այսուհետ՝ լիազոր մարմին) սույն կարգի համաձայն։
2. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Համակարգում գրանցման նպատակով՝ տնտեսավարող սուբյեկտը (այսուհետ՝ դիմումատու) լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային եղանակով (իսկ դրա անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով) ներկայացնում է դիմում՝ համաձայն N 1 ձևի, որին կցվում են սույն կարգի 6-րդ կետով պահանջվող փաստաթղթերը։
6. Դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1) իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը․
2) տարածքի գծապատկերը և հիմնական շինությունների լուսանկարները․
3) տեղեկատվություն անվտանգության կառավարման համակարգերի վերաբերյալ․
4) ներդրված վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի հաստատված պլանը․
5) ջրի որակի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը․
6) արտադրության տեսակը՝ համառոտ նկարագիրը․
7) տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները, իրականացվող գործունեության տեսակները և գտնվելու վայրը՝ հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն․
8) տարածքների և ենթակառուցվածքների՝ արտադրական տարածքների, վերամշակման գոտիների, օգտագործվող սարքավորումների և պահեստային հզորությունների վերաբերյալ տեղեկատվություն․
9) բուծվող կամ վերամշակվող կամ պահպանման նպատակով ձկան կամ ձկնամթերքի տեսակները․
10) արտահանման նպատակով ներկայացված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրերը․
11) տարեկան արտադրության ծավալ, հզորություն (կգ, տոննա, հատ)․
12) տեղեկատվություն ձկնաբուծարանների տեսակի՝ (արդյունագործական բաց ջրային կամ փակ համակարգ, կամ հոսքային կամ համակցված կամ այլ)․
13) տեղեկատվություն օգտագործվող ջրի աղբյուրի վերաբերյալ․
14) տեղեկատվություն օգտագործվող կերի, կերային հավելումների վերաբերյալ․
15) տեղեկատվություն կենդանիների հիվանդությունների կանխարգելման, մշտադիտարկման և անասնաբուժական հսկողության վերաբերյալ․
16) տեղեկատվություն թափոնների կառավարման վերաբերյալ․
17) տեղեկատվություն ջրահեռացման և մաքրման համակարգերի վերաբերյալ.
18) պետական գրանցման նույնականացման հաշվառման համարը։
7. Սույն որոշման 6-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելի չէ ձկնաբուծական տնտեսությունների համար, իսկ 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերը կիրառելի չեն ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար։ 5-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ ենթակետերը կիրառելի են ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում։
3․ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
8. Լիազոր մարմինը դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցում ուղարկելու միջոցով՝ դիմումատուին տեղեկացնում է ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը ստանալու մասին։
9. Լիազոր մարմինը դիմումը և կից փաստաթղթերը ուսումնասիրում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
10. Դիմումը ներկայացնելուց հետո դիմումում և կից փաստաթղթերում տեխնիկական բնույթի սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու կամ ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դրա մասին դիմումատուին՝ հնարավորություն տալով երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները և փաստաթղթերը կրկին ներկայացնել:
11. Դիմումը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկական բնույթի թերությունները շտկելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաև դիմումատուն:
12. Սույն որոշման 10-րդ կետով սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում՝ դիմումը մերժվում է և մերժելու վերաբերյալ եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է դիմումատուին։
4. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության ժամկետը լրանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա գրանցման նպատակով դիմում ներկայացրած դիմումատուի մոտ իրականացվում է ստուգում՝ համակարգում գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը, ինչպես նաև սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով։
14. Ստուգման շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, կատարվում է նաև նմուշառում՝ արտադրված արտադրանքի՝ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը լաբորատոր փորձաքննության միջոցով պարզելու նպատակով։
15. Ստուգումը իրականացվում է պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (այսուհետ՝ տեսուչ) կողմից՝ տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։
16. Ստուգման ավարտից հետո անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում՝ տեսուչի կողմից ստուգման արդյունքներով կազմված համապատասխանության վերաբերյալ եզրակացության հիման վրա՝ լիազոր մարմինը տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է համակարգում և ներկայացնում է Եվրոպական Հանձնաժողովի հաստատմանը։
17. Եվրոպական Հանձնաժողովի կողմից հաստատումը ստանալուց հետո՝ դիմումատուն համարվում է համակարգում գրանցված և լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է դիմումատուին, ինչպես նաև տրամադրում է գրանցման համարը։
18. Համակարգում գրանցումը անժամկետ է։
19. Գրանցման համարը ստանալուց հետո՝ տնտեսավարողը համակարգ մուտք գործելու համար ստեղծում է իր օգտահաշիվը։
20. Ստուգման ընթացքում անհամապատասխանություններ (այդ թվում՝ սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերի կապակցությամբ) հայտնաբերելու կամ Եվրոպական Հանձնաժողովի կողմից գրանցումը չհաստատելու դեպքում՝ դիմումատուի համակարգում գրանցման նպատակով ներկայացված դիմումը մերժվում է և երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է դիմումատուին։
21. Սույն կարգի 12-րդ և 20-րդ կետերով սահմանված հիմքերով գրանցման նպատակով դիմումը մերժելն արգելք չէ հետագայում նորից դիմելու համար։
22. Գրանցման պահից սկսած՝ տարին առնվազն մեկ անգամ, լիազոր մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվում է ստուգում՝ համակարգում գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով։
23. Սույն կարգի 22-րդ կետով սահմանված ստուգման արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում՝ տեսուչը անհամապատասխանությունները վերացնելու վերաբերյալ տալիս է հանձնարարական՝ (կարգադրագիր) սահմանելով դրանք վերացնելու համար ժամկետ` համաձայնեցնելով դիմումատուի հետ:
24. Համաձայնեցված ժամկետի ավարտից հետո՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա տնտեսավարող սուբյեկտի մոտ կրկին իրականացվում է ստուգում։
25. Ստուգման ընթացքում, եթե պարզվում է, որ անհամապատասխանությունները չեն վերացվել, տեսուչի եզրակացության հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դադարեցնում է տնտեսավարող սուբյեկտի գրանցումը և համակարգից հանում է անվանումը։
26. Գրանցումը դադարեցվում է նաև տնտեսավարող սուբյեկտի դիմումի հիման վրա։
5․ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
27. Եվրոպական Միության երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու նպատակով՝ անհրաժեշտ է առողջության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ), որը տրվում է լիազոր մարմնի կողմից:
28. Տնտեսավարող սուբյեկտը սերտիֆիկատ ստանալու նպատակով՝ հայտ է ներկայացնում լիազոր մարմին։
29. Հայտի ձևը սահմանում է լիազոր մարմինը։
30. Լիազոր մարմինը սերտիֆիկատը տրամադրում է տնտեսավարող սուբյեկտին՝ արտահանվող ձկան կամ ձկնամթերքի յուրաքանչյուր խմբաքանակի համար։
N 1ձև
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
____________________________________________
(լիազոր մարմնի անվանումը)
ԴԻՄՈՒՄ
Դիմումատու`_______________________________________________________________________________
(իրավաբանական անձի ղեկավարի կամ տնօրենի անունը, ազգանունը)
___________________________________________________________________________________________
(իրավաբանական անձի լրիվ անվանումը) (հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
___________________________________________________________________________________________
(գործունեության ոլորտը, տեսակը)
Գտնվելու վայրը` ________________________________________________________
(իրավաբանական անձի գործունեության իրականացման վայրի հասցեն)
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, __________________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը
__________________________________________
Խնդրում եմ Եվրոպական Միության երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու նպատակով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20--թ ———ի ————ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը հաստատելու մասին» N --- որոշումը՝ իրականացնել ստուգում և գրանցել Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում
Դիմումին կից ներկայացնում եմ պահանջվող
փաստաթղթերը ________________________________________________________:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
|
Դիմումատու _____________________________ (ստորագրությունը) |
__________________________________ (անունը, ազգանունը) |
______ ____________ 20 թ.
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
17.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: