ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-328-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.

«թ. կազմակերպություններ, որոնցում պետությունը կամ համայնքը չունի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս, սակայն ունի տվյալ կազմակերպության կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա ազդելու կամ տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները կանխորոշելու հնարավորություն՝ նրա կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով, նրա կառավարման մարմինների անդամների մեծամասնությանը նշանակելու իրավունքով կամ նրա հետ կնքված պայմանագրին համապատասխան․».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1-ին կետով․

«3.1) դրամաշնորհ՝ պատվիրատուի կողմից հատկացվող միջոցների հաշվին տնտեսության որևէ ճյուղի կամ գործունեության որևէ տեսակի խթանման նպատակով ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը՝ իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատկացում, որի օգտագործումն ուղղված է ծրագրի իրականացմանը, և որի արդյունքում դեպի պատվիրատու սեփականության կամ այլ գույքային իրավունքների փոխանցում տեղի չի ունենում.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին կետով․

«4.1) շրջանակային համաձայնագիր` մեկ կամ մի քանի պատվիրատուների և մեկ կամ մի քանի մասնակիցների միջև կնքվող համաձայնագիր, որը նպատակ ունի նկարագրելու ապագայում կնքվող գնման պայմանագրերի ընդհանուր պայմանները և (կամ) ընթացակարգերը.»․

4) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«14) գնումների միասնական հարթակ` սույն օրենքով նախատեսված հրատարակման ենթակա տեղեկատվության հրապարակման նպատակով լիազորված մարմնի կողմից կառավարվող միասնական էլեկտրոնային հարթակ, որը տեղակայվում է լիազոր մարմնի սահմանած ինտերնետային կայքում.»․

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-31-րդ կետերով․

«27) հանրային հսկողություն՝ սույն օրենքով նախատեսված միավորների կողմից գնման գործընթացի մշտադիտարկում և դիրքորոշումների տրամադրում․

28) արհեստական բանականության գործիքներ՝ մեքենայական հիմքով գործարկվող համակարգեր, որոնք հստակ կամ ենթադրյալ նպատակների իրականացման համար մուտքագրած տեղեկատվությունից ածանցում են, թե ինչպես ստեղծել ելքային արդյունքներ (այդ թվում՝ կանխատեսումներ, բովանդակություն, առաջարկություններ կամ որոշումներ), որոնք կարող են ազդել ֆիզիկական կամ վիրտուալ միջավայրերի վրա։ Համակարգերը գործարկումից հետո ունեն կամ կարող են ունենալ ինքնավարության և հարմարվողականության տարբեր աստիճաններ։ Արհեստական բանականության գործիքները կարող են կիրառվել գնումների գործընթացի ցանկացած փուլում, այդ թվում՝ փոխարինելով սույն օրենքով սահմանված դերակատարներին․

29) մրցակցային ընթացակարգ՝ ընթացակարգ, որի շրջանակում հայտ ներկայացնելու հնարավորություն ունեն մեկից ավելի մասնակիցներ․

30) ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգ՝ մրցակցային ընթացակարգ, որի շրջանակում պատվիրատուն հրապարակում է գնման ընթացակարգի հայտարարություն և հրավեր.

31) պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգ՝ մրցակցային ընթացակարգ, որի շրջանակում պատվիրատուն չի հրապարակում գնման ընթացակարգի հայտարարություն և հրավեր։»։

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետը «թափանցիկ,» բառից հետո լրացնել «հանրության համար տեղեկատվության հասանելիությամբ և հանրության ներգրավմամբ,» բառերով․

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հանրային հսկողության համար գնումների գործընթացների հասանելիություն:»․

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին և 7-րդ կետերով.

«1.1) արբիտրաժի կամ հաշտարարի ծառայությունների ձեռքբերում.».

«7) բնական մենաշնորհ հանդիսացող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում:».

4) 4-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3) արժեթղթերի ձեռքբերում և արժեթղթերի հավատարմագրային կառավարման հետ կապված գործարքներ, արժեթղթերի և այլ ֆինանսական գործիքների թողարկման, վաճառքի, գնման կամ փոխանցման հետ կապված ֆինանսական ծառայությունների ձեռքբերում.».

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքից,» բառերով։

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվող իրավական այլ ակտերը

 

1. Սույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը.

2) էլեկտրոնային կամ այլ ձևերով գնումների կատարման կարգը, պայմանով, որ գնումները թղթային ձևով կարող են կատարվել միայն էլեկտրոնային համակարգերի կիրառման անհնարինության դեպքում.

3) գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը.

4) հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները.

5) գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգը: Ընդ որում, կարգը նախատեսում է կարգավորումներ նաև պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի վերաբերյալ: Կնքված պայմանագրում փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև պայմանագրի կողմի նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման որոշումն ընդունում է պատվիրատուի ղեկավարը: Որոշումն ընդունելուն հաջորդող օրը այն հրապարակվում է գնումների միասնական հարթակում, բացառությամբ գաղտնի գնումների.

6) գնումների համակարգողներին որակավորում շնորհելու և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստում անցկացնելու կարգը.

7) գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը.

8) ըստ գնման ընթացակարգերի՝ հրավերով մասնակիցներին ներկայացվող հայտի, պայմանագրի և որակավորման ապահովման ձևին և չափին ներկայացվող պահանջները.

9) որակավորման ապահովման պայմանի կիրառման դեպքերը.

10) սույն օրենքով նախատեսված մրցակցային և մեկ անձից գնման ընթացակարգերի կիրարկման կարգը և դրանց առանձնահատկությունները.

11) շրջանակային համաձայնագրերի կնքման կարգը և դրա առանձնահատկությունները․

12) շրջանակային համաձայնագրի ներքո կատարվող գնումների համար մասնակիցների միջև մրցակցային ընթացակարգի նկատմամբ պահանջները․

12.1) գնման գործընթացների վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը՝ գնումների գործընթացների վրա վերջիններիս փաստացի կամ հնարավոր ազդեցությունից ելնելով.

12.2) գնման գործընթացների վրա սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմնի ղեկավարներին կամ գործադիր մարմնի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներին սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված երկրորդ և երրորդ մակարդակներում ներառելու և (կամ) մակարդակները բարձրացնելու դեպքերը.

13) կենտրոնացված եղանակով իրականացվող գնումների իրականացման կարգը.

14) պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը.

15) սույն օրենքով նախատեսված փոխկապակցված անձանց հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը.

16) ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատման կարգը.

17) սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը: Կարգը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային և թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ.

18) միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները, եթե այդ պայմանագրերով չեն նախատեսվում այլ ընթացակարգերի կիրառում.

19) սույն օրենքի շրջանակներում արհեստական բանականության գործիքների կիրարկման կարգն ու պայմանները:»:

 

Հոդված 5. Օրենքի 5․1-ին հոդվածի 4-րդ մասում «գնումների բազային միավորը գերազանցող գին ունեցող» բառերը փոխարինել «բոլոր» բառով:

 

Հոդված 6. Բացառությամբ 4-րդ բաժնի վերնագրի և 33-րդ հոդվածի 1-ին մասի, օրենքի ամբողջ տեքստում «տեղեկագիր», «փակ մրցույթ», «մրցույթ» և «գնման ձև» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել համապատասխանաբար «գնումների միասնական հարթակ», «գաղտնի գնում», «ընթացակարգ» և «գնման ընթացակարգ» բառերով։

 

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով» բառերը փոխարինել «կետի «ա»-«ը» ենթակետերով նախատեսված հիմքերով» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետը «դատապարտված է եղել» բառերից հետո լրացնել «փողերի լվացման,» բառերով․

3) 1-ին մասի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. խախտել է պայմանագրով նախատեսված պարտավորություն կամ հրավերով մասնակցի համար նախատեսված այնպիսի պարտականություն, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծման կամ տվյալ մասնակցի հայտի մերժման, և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում կամ ցուցակում գտնվելու ժամանակահատվածում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը և (կամ) պայմանագրով նախատեսված տույժերը և (կամ) տուգանքները: Սույն ենթակետով նախատեսված կարգավորումը հայտի ապահովման մասով չի գործում, եթե հրավերով հայտի ապահովում նախատեսված չի եղել: Սույն ենթակետի պահանջները չեն կիրառվում, եթե պայմանագիրը միակողմանիորեն լուծվել է սույն օրենքի 36-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով,

բ. որպես ընտրված մասնակից` հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից և հրավերով սահմանված ժամկետում կամ ցուցակում գտնվելու ժամանակահատվածում չի վճարել հայտի ապահովման գումարը: Սույն ենթակետը չի կիրառվում, եթե հրավերով հայտի ապահովում նախատեսված չի եղել:».

4) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով։».

5) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշները: Որակավորման չափանիշները պետք է բխեն գնման կարիքի և առարկայի էությունից՝ բարձրացնելով պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման հավանականությունը։ Չեն կարող սահմանվել մասնակցի որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք`

1) առանց կարիքից բխելու պարզեցնում կամ բարդացնում են հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին.

2) չեն բխում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:»․

6) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով․ «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատվիրատուն իրավասու է սահմանափակելու այն օտարերկրյա անձանց մասնակցությունը, որոնց ռեզիդենտության պետությունը փաստացի սահմանափակում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների մասնակցությունը պետական գնման ընթացակարգերին, կամ օտարերկրյա անձանց մասնակցության նկատմամբ սահմանելու այդ պետության կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ մասնակիցների վրա տարածվող պահանջներին համանման պահանջներ։ Մասնակցության սահմանափակման պայմանը նախատեսում է պատվիրատուն՝ հրավերով:»․

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գնումների գործընթացին որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող անձի (անձանց) մասնակցությունը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սահմանափակվել միայն պատվիրատուի կողմից, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը «վճար» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային համակարգի օգտագործման վճար» բառերով։

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․1-ին հոդվածով․

 

«Հոդված 9.1. Նախաորակավորման, որակավորման և հայտերի գնահատումը

 

1․ Նախաորակավորման, որակավորման և հայտերի գնահատումը կարող է բաղկացած լինել օբյեկտիվ և (կամ) փորձագիտական (սուբյեկտիվ) գնահատական պահանջող չափանիշներից, պայմանով, որ վերջիններս բխում են գնման կարիքից և բարձրացնում են անհրաժեշտ որակով, գնով կամ ժամկետում կարիքը բավարարելու հավանականությունը կամ որևէ այլ ձևով երաշխավորում են սահմանված կարգով հաստատված ոլորտային քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ միջոցառման լիարժեք իրականացումը:

2․ Փորձագիտական գնահատական պահանջող չափանիշներ ներառելու դեպքում պատվիրատուն նախաորակավորման հայտարարության մեջ կամ հրավերում բացահայտում է հանձնաժողովի կազմը և հայտերի գնահատման սկզբունքը։»։

 

Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «հայտարարությունն ուղարկվում է» բառերից հետո լրացնել «միայն» բառով.

2) 1-ին մասից հանել երրորդ նախադասությունը.

3) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է հայտերի գնահատման արդյունքները և հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ։»․

4) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) կիրառելի է, եթե գնման գործընթացը կազմակերպվում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով կամ 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով:»:

 

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «` բացառելով տարակերպ մեկնաբանությունը» բառերը փոխարինել «և բխեն գնման կարիքից» բառերով․

2) 4-րդ մասից հանել «, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան» բառերը․

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Գնման առարկայի հատկանիշները սահմանելիս որևէ առևտրային նշանին, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին հղումներ անելու դեպքում կիրառվում են առնվազն երկու՝ միմյանցից տարբերվող և համարժեք հղումներ: Միայն մեկ հղում կարող է կիրառվել, եթե պատվիրատուն հիմնավորված որոշմամբ փաստում է, որ հղումն օգտագործելու պարագայում կարող են լինել մեկից ավելի մատակարարներ, և առկա է պատվիրատուի հիմնավորված որոշում՝ մեկից ավել հղում կիրառելու անհնարինության վերաբերյալ։»։

 

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Հայտերը կարող են ներկայացվել հայերեն և (կամ) անգլերեն և (կամ) ռուսերեն: Պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգի դեպքում հայտերը կարող են ներկայացվել նաև անգլերեն և (կամ) ռուսերեն: Ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգի դեպքում հայտերը, հրավերով նախատեսված դեպքում, կարող են ներկայացվել նաև անգլերեն և (կամ) ռուսերեն, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի հարյուրապատիկը: Հայտը անգլերեն և (կամ) ռուսերեն ներկայացվելու դեպքում պատվիրատուն ապահովում է դրանում ներառված փաստաթղթերի հայերեն թարգմանության հասանելիությունը:»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․

«3․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հրավերի հայտի և պայմանագրի նախընտրելի լեզուն կարող է սահմանվել անգլերենը։»։

 

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են օրենքով սահմանված կարգով պետական գաղտնիք պարունակող ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4․ Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»․

3) 8-րդ մասը «եթե այդ միջոցների հաշվին պետք է կատարվեն գնումներ» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ արգելվում է գնումների հասկացությանը համապատասխանող գործարքները որակել և իրականացնել որպես դրամաշնորհ» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետի «կազմակերպում է տեղեկագրի հրապարակումը» բառերը փոխարինել «կառավարում է գնումների միասնական հարթակը» բառերով․

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-15-րդ կետերով․

«13) գնումների արդյունավետության բարելավման, սույն օրենքով սահմանված նպատակների և սկզբունքների առավել արդյունավետ ապահովման նպատակով, ըստ գնման ընթացակարգերի տեսակների, իրականացնում է գնումների հետ կապված տվյալների հավաքագրումը, ներառյալ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով տվյալների հավաքագրումը, և իրականացնում է վերլուծություններ, ներդնում է վերլուծությունների իրականացման նպատակով արդի գործիքակազմ և մշակում վերլուծությունների մեթոդոլոգիաներ․

14) հաստատում և պահպանում է հաղորդակցման և հետադարձ կապի միջոցները գնումների միասնական հարթակում բոլոր շահագրգիռ անձանց և հանրության համար․

15) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ։»․

3) 3-րդ մասի 1-ին կետը «համակարգման» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ թիրախավորելով արդյունավետությունը)» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Գնում կատարելու ընթացակարգերն են`

1) մրցակցային ընթացակարգեր.

2) մեկ անձից գնում:»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին և 1․2-րդ մասերով․

«1․1. Ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի տեսակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի կիրառման ժամանակ հայտերի ներկայացման ժամկետը մինչև 80 միլիոն դրամ արժեքով գնումների դեպքում սահմանվում է առնվազն 7 օրացուցային օր, իսկ այդ շեմից բարձր լինելու դեպքում՝ առնվազն 30 օրացուցային օր: Շրջանակային համաձայնագրի առկայության դեպքում, եթե կնքված շրջանակային համաձայնագրի բովանդակությունն արդեն իսկ պարունակում է բնութագիրը, ապա հայտերի ներկայացման ժամկետն առնվազն 3 օրացուցային օր է, հակառակ դեպքում՝ առնվազն 15, իսկ արտակարգ կամ չկանխատեսված իրավիճակի առաջացման հետևանքով գնման անհետաձգելի պահանջի բավարարման դեպքում՝ առնվազն 5 օրացուցային օր է:

1․2. Պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի կիրառման դեպքերն ու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի տեսակներն են՝

1) հրապարակային օֆերտա՝ հրապարակային օֆերտայի կամ հրապարակային օֆերտայի հրավերի հիման վրա իրականացվող գնում․

2) թվային խանութ` գնում, որն իրականացվում է լիազոր էլեկտրոնային հարթակում, որտեղ նախապես գրանցված մասնակիցները ներկայացնում են իրենց կողմից առաջարկվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերջնական ձևաչափերը, որոնք ենթակա չեն փոփոխման բանակցությունների արդյունքում։ Գնային առաջարկը ներկայացվում է կայուն գնով, բացառությամբ մատակարարման վայրի հետ կապված ծախսերի։ Մատակարարման ժամկետը ներկայացվում է օրացուցային օրերով՝ կախված մատակարարման վայրից․

3) առաջարկ ներկայացնելու հրավեր՝ հրավերը ներկայացնելու պահին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտային ցուցակներում ներառված միջազգային հեղինակավոր կազմակերպությանը ներկայացվող հրավերի միջոցով իրականացվող գնում։ Յուրաքանչյուր ցուցակում պետք է ներառված լինի առնվազն 3 համադրելի կազմակերպություն, և առաջարկը ներկայացվում է ցանկում ներառված բոլոր կազմակերպություններին նույն ժամկետներում, ձևաչափով և պայմաններով.

4) գաղտնի գնում՝ պետական գաղտնիք պարունակող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին ներկայացվող հրավերի միջոցով իրականացվող գնում:»․

3) 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել․

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Գնումների կատարման նախընտրելի ձևը մրցակցային ընթացակարգն է (մեկ անձից գնում կատարելու հիմքի առկայությունը չի բացառում մրցակցային ընթացակարգի կիրառումը)։»․

5) 6-րդ մասը «պայմանագիր» բառից հետո լրացնել «կամ շրջանակային համաձայնագիր» բառերով․

6) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից կամ հրապարակային օֆերտայի միջոցով իրականացված գնումները համարվում են մրցակցային ընթացակարգ։»։

 

Հոդված 17. Օրենքի 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 18 Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23. Մեկ անձից գնումների կատարման պայմանները

 

1․ Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`

1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներից որևէ մեկի առկայությամբ․

ա․ գնումը պայմանավորված է հեղինակային և հարակից իրավունքներով,

բ․ սահմանված կարգով հաստատված ոլորտային քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ միջոցառման լիարժեք իրականացման շրջանակում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ձեռք բերել որևէ այլ անձից, պայմանով, որ գնման առարկայի գինը պետք է գերազանցի պատվիրատուի կարիքների համար նախատեսված գնումների ընդհանուր արժեքի 10 տոկոսը: Սույն ենթակետի հիման վրա գնման գործընթացը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական համաձայնությամբ,

գ. գնման առարկայի բացառիկությամբ պայմանավորված ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ձեռք բերել որևէ այլ անձից: Սույն ենթակետի կիրառման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

դ. գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների կամ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումն իրականացվում է գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից,

ե. պատվիրատուն ձեռք է բերում ապրանքի կամ ծառայության նախատիպ կամ նմուշ։ Այս դեպքում պայմանագիրը ներառում է փորձարկումների և (կամ) ապրանքի կամ ծառայության՝ սահմանված պահանջներին համապատասխանությունն ստուգելու վերաբերյալ պայմաններ, սակայն չի կարող ներառել այնպիսի պայմաններ կամ արտադրության կամ մատակարարման քանակություններ, որոնք միտված են առևտրային կենսունակության հաստատմանը կամ հետազոտության և մշակման (R&D) ծախսերի փոխհատուցմանը,

զ. ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարների որոշումների հիման վրա՝ այդ որոշումներով սահմանված կոնկրետ անձանցից,

է. պատվիրատուն ձեռք է բերում պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, ռազմական կարիքների ապահովման համար անհրաժեշտ անշարժ գույք, կառավարական և օպերատիվ կապի ապահովման համար անհրաժեշտ ծառայություններ,

ը. արտաքին հետախուզական, հակահետախուզական գործունեության ապահովման նպատակով պատվիրատուն ձեռք է բերում պետական գաղտնիք պարունակող հատուկ տեխնիկական միջոցներ, ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ.

2) արտակարգ կամ չկանխատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և, արտակարգ կամ չկանխատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել.

3) պատվիրատուն, որևէ անձից կատարելով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով՝ սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ լրացուցիչ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գնման պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից` առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու: Միևնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել պատվիրատուի կողմից սույն կետով սահմանված պայմանի ընտրության նկատմամբ լրացուցիչ խստացնող և սահմանափակող պայմաններ․

4) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը.

5) գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս․

6) գնումը պայմանավորված է արդեն իսկ գործող համակարգերի շարունակականության ապահովմամբ՝ լրացուցիչ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման արդյունքում կարող են առաջանալ համատեղելիության խնդիրներ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել պատվիրատուի կողմից սույն կետով սահմանված պայմանի ընտրության նկատմամբ լրացուցիչ խստացնող և սահմանափակող պայմաններ։

2. Մեկ անձից գնումների պայմաններին համապատասխանությունը և գնման ընթացակարգի ընտրությունը որոշում է պատվիրատուի ղեկավարը: Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի հարյուրապատիկը, ապա նման դեպքում պատվիրատուն կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ գնումը մեկ անձից գնման ընթացակարգի կիրառմամբ իրականացնելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել դիմելու համար լրացուցիչ պայմաններ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է նախատեսել սահմանափակումներ պատվիրատուի կողմից մեկ անձից գնման ընթացակարգով կնքվող պայմանագրով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների վերաբերյալ։»:

 

Հոդված 19 Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ընթացակարգերը» բառը փոխարինել «փուլը» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Նախաորակավորման փուլ ընդգրկող մրցակցային ընթացակարգ կազմակերպելու դեպքում, բացառությամբ շրջանակային համաձայնագրի կնքման ընթացակարգի`

1) այդ մասին հրապարակվում է նախաորակավորման հայտարարություն.

2) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն 15 օրացուցային օր է, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման օրվանից։»․

3) 2-րդ մասի 3-րդ և 9-րդ կետերի «ընթացակարգին» բառը փոխարինել «փուլին» բառով.

4) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) նշում այն մասին, որ տվյալ գնման գործընթացի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է այդ համաձայնագրով սահմանված շեմերը, պայմանով, որ դրանք տարածվում են միայն Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի անդամ երկրների ռեզիդենտների վրա.».

5) 8-րդ մասից հանել «երկու փուլով մրցույթի անցկացման նպատակով կազմակերպված» բառերը և նույն մասի «ընթացակարգին» բառը փոխարինել «փուլին» բառով.

6) 8-րդ մասի 3-րդ կետի «ընթացակարգը» բառը փոխարինել «փուլը» բառով:

 

Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24․1-ին հոդվածով․

 

«Հոդված 24.1. Շրջանակային համաձայնագրերը

 

1. Պատվիրատուների կամ դրանց առանձին խմբերի կարիքների համար գնումները կարող են կատարվել բաց շրջանակային համաձայնագրերով՝ նախաորակավորման միջոցով։ Շրջանակային համաձայնագրերի և դրանց հիման վրա պայմանագրերի նկատմամբ հավելյալ պահանջները, պատվիրատուների առանձին խմբերի կողմից շրջանակային համաձայնագրերի կնքման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2․ Շրջանակային համաձայնագրերը կարող են կնքվել ինչպես գնման առարկայի կամ առարկաների ձեռքբերման նպատակով, այնպես էլ գնման կարիքի նկարագրերի հիման վրա։ Գնման առարկան հայտնի լինելու դեպքում վերջինիս բնութագրերը ներառվում են հրավերում, բնութագրի փոփոխման դեպքում շրջանակային համաձայնագրում արդեն իսկ ներառված մասնակիցները պարտավոր են կրկին անցնել որակավորման ընթացակարգը։

3․ Որակավորման պահանջների խստացման դեպքում շրջանակային համաձայնագրում արդեն իսկ ներառված բոլոր մասնակիցները պարտավոր են կրկին անցնել որակավորման ընթացակարգը։ Շրջանակային համաձայնագրի գործողության դադարեցման մասին որոշումն ընդունում է պատվիրատուի ղեկավարը։

4․ Շրջանակային համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր գնման դեպքում կարող են կիրառվել բոլոր ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերը, պայմանով, որ հրավերը տրամադրվում է բոլոր մասնակիցներին։

5․ Շրջանակային համաձայնագրերը կնքվելուն հաջորդող օրը հրապարակվում են գնումների միասնական հարթակում:

6․ Շրջանակային համաձայնագրի հրավերը գործում է մինչև շրջանակային համաձայնագրի դադարեցումը և ցանկացած պահի հնարավորություն է ընձեռում սույն օրենքի համաձայն գնման գործընթացին մասնակցելու իրավունք ունեցող ցանկացած անձի դիմելու մասնակցության համար։

7․ Շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով պատվիրատուն գնումների միասնական հարթակում հրապարակում է և շրջանակային համաձայնագրի գործողության ողջ ընթացքում հասանելի պահում շրջանակային համաձայնագրի հրավերը։

8․ Շրջանակային համաձայնագրի հրավերը պետք է առնվազն պարունակի՝

1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը․

2) գնման ընթացակարգի ծածկագիրը․

3) մասնակիցների՝ շրջանակային համաձայնագրի ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը․

4) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը․

5) նշում այն մասին, որ հրավերը նախատեսում է շրջանակային համաձայնագրի կնքում և չի երաշխավորում ապագայում գնման պայմանագրերի կնքում․

6) շրջանակային համաձայնագրի ներքո գնման առարկայի կամ գնման կարիքի նկարագրությունը․

7) մասնակցի՝ մասնակցության իրավունքին և որակավորմանը ներկայացվող պահանջները և դրանց գնահատման կարգը, պահանջները բավարարող կամ չբավարարող ճանաչելու չափանիշները․

8) շրջանակային համաձայնագրին միանալու հայտի պատրաստման և ներկայացման կարգը, այդ թվում՝ ձևն ու վայրը, լեզուն․

9) հայտի գնահատման և որոշման կայացման ժամկետները, որոնք չեն կարող գերազանցել երեք ամիսը․

10) նշում այն մասին, որ տվյալ գնման գործընթացի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է այդ համաձայնագրով սահմանված շեմերը, և գնման գործընթացը կազմակերպվում է բազմակի օգտագործման ցանկերի ընթացակարգով․

11) շրջանակային համաձայնագիր կնքելու կամ կնքումը մերժելու կարգը։

9․ Հրավերին կցվում և անբաժանելի մաս է համարվում շրջանակային համաձայնագրի նախագիծը։

10․ Շրջանակային համաձայնագրերի գնման գործընթացի պարագայում սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծվում է գնահատող հանձնաժողով, որը գործում է շրջանակային համաձայնագրի գործողության ողջ ընթացքում։

11․ Շրջանակային համաձայնագրին միանալու հայտն ստանալու պահից շրջանակային համաձայնագրի հրավերով սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովը կայացնում է որոշում՝

1) մասնակցին շրջանակային համաձայնագրի պայմանները բավարարող ճանաչելու և շրջանակային համաձայնագիր կնքելու մասին կամ

2) մասնակցին շրջանակային համաձայնագրի պայմանները չբավարարող ճանաչելու և շրջանակային համաձայնագիր կնքելը մերժելու մասին։

12․ Շրջանակային համաձայնագրի պայմանները բավարարող կամ չբավարարող ճանաչելու և շրջանակային համաձայնագիր կնքելու կամ կնքելը մերժելու մասին որոշումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է գնումների միասնական հարթակում և ծանուցվում է մասնակցին։ Որոշումը հրապարակվելու պահից շրջանակային համաձայնագիրը համարվում է կնքված, մասնակիցը համարվում է միացման պայմանագրին ամբողջությամբ միացած, և շրջանակային համաձայնագրի ներքո նոր նախաձեռնվող գնումները հասանելի են դառնում մասնակցի համար։

13․ Շրջանակային համաձայնագրի ներքո մասնակիցների միջև մրցակցային ընթացակարգի նկատմամբ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով մասնակիցների հավասար հնարավորություններ և սույն օրենքի սկզբունքներին համապատասխանություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված ղեկավար պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված դեպքերում ֆիզիկական անձից փորձագիտական կամ մասնագիտական ծառայությունների ձեռքբերման ժամանակ հայտերի գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում այն ֆիզիկական անձանց մասին, որոնց հետ կարող են կնքվել պայմանագրեր, և այն ֆիզիկական անձանց մասին, որոնց հետ չեն կարող կնքվել պայմանագրեր: Հանձնաժողովի որոշման հիման վրա պատվիրատուի ղեկավարն ընտրում է այն ֆիզիկական անձին, որի հետ կնքվում է պայմանագիր: Գնման ընթացակարգը հայտարարվում է չկայացած, եթե պատվիրատուի ղեկավարը չի ընտրում որևէ ֆիզիկական անձի:

14․ Եթե շրջանակային համաձայնագրի գործողության ընթացքում ընտրված մասնակիցներից որևէ մեկի մոտ ի հայտ են գալիս սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված հիմքերը, ապա տվյալ մասնակցի հետ չի կարող կնքվել շրջանակային համաձայնագրից բխող գնման պայմանագիր։»։

 

Հոդված 21 Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 25. Գնումների բաժանման կամ խմբավորման և գնման առարկայի բնութագրերի փոփոխման անթույլատրելիությունը

 

1. Մրցակցային գնման ընթացակարգերի կիրառման ժամանակ առանձին բնութագրեր ունեցող գնումները մեկ գնման գործընթացի շրջանակում կարող են բաժանվել չափաբաժինների: Արգելվում է՝

1) մեկ գնման առարկան բաժանել առանձին չափաբաժինների՝ մրցակցային գնման ընթացակարգի կիրառումից խուսափելու նպատակով.

2) փոփոխել գնման առարկան:

2. Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնութագրերի փոփոխման դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում խմբավորել թույլատրվում է, երբ նման խմբավորումը բխում է կարիքի բավարարման անհրաժեշտությունից: Արգելվում է առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում խմբավորել՝ թիրախավորելով միայն մրցակցության սահմանափակումը: Նախաորակավորման հայտարարությամբ կամ հրավերով ներկայացվում է գնման առարկաները մեկ չափաբաժնում խմբավորելու հիմնավորումը:»:

 

Հոդված 22. Օրենքի 4-րդ բաժնի վերնագրում «ՄՐՑՈՒՅԹԻ» բառը փոխարինել «ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ» բառերով։

 

Հոդված 23 Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով գնումների միասնական հարթակում հրապարակվում են գնումների հայտարարություն և հրավեր:»․

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետով․

«2․1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգի տեսակն ու կանոնները․»․

3) 2-րդ մասի 12-րդ կետը «շեմերը» բառից հետո լրացնել «, պայմանով, որ մասնակիցը Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի անդամ երկրի ռեզիդենտ է» բառերով․

4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 24. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետը «գնման գինը» բառերից հետո լրացնել «, առկայության դեպքում» բառերով։

 

Հոդված 25. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Այն ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի դեպքում, որոնց ժամանակ մասնակիցները հայտնի չեն, նախաորակավորման հայտարարության մեջ կամ հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին գնումների միասնական հարթակում հայտարարության հրապարակման օրվանից, իսկ պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի դեպքում՝ հրավերում կատարված փոփոխությունները հրավեր ստացած մասնակիցներին տրամադրվելու օրվանից: Այն ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի կիրառման դեպքում, որոնց դեպքում պատվիրատուին հայտնի են մասնակիցները, վերջիններիս համաձայնությամբ կարող են սահմանվել ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետներ։»:

 

Հոդված 26. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում՝ նաև համապատասխանության մասին հայտարարությունը.

2) գնային առաջարկը, բացառությամբ եթե հրավերով սահմանված է ֆիքսված գին.»:

 

Հոդված 27. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «բանկային» բառը փոխարինել «լիազորված մարմնի սահմանած պահանջներին համապատասխանող» բառերով:

 

Հոդված 28. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «Փակ մրցույթի» բառերը փոխարինել «Պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգի» բառերով:

 

Հոդված 29. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «Ընտրված մասնակիցը որոշվում է» բառերից հետո լրացնել «հրավերով սահմանված հետևյալ մեթոդներից մեկով» բառերով.

2) 2-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ոչ գնային չափանիշները պետք է բխեն գնման առարկայից և գնման կարիքից, և դրանց հարաբերական կշիռները ներկայացվեն հրավերի մեջ, կամ».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․

«3) հրավերով գնման առարկայի գինը ֆիքսված լինելու դեպքում՝ ոչ գնային չափանիշներին տրված ամենաբարձր գնահատական ստացած մասնակցին ընտրելով։ Այս մեթոդի կիրառման դեպքում հայտերը գնահատելիս հրավերով սահմանված դեպքերում և կարգով գնահատվում են ոչ գնային չափանիշները: Ոչ գնային չափանիշները պետք է բխեն գնման առարկայից և գնման կարիքից, և դրանց հարաբերական կշիռները ներկայացվեն հրավերի մեջ։».

4) 6-րդ մասից հանել «սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն» բառերը:

 

Հոդված 30. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում «բանկային» բառը փոխարինել «լիազորված մարմնի սահմանած պահանջներին համապատասխանող» բառերով:

 

Հոդված 31. Օրենքի 4-րդ գլուխը և 5-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 32. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ գնահատող հանձնաժողովի անդամի (անդամների)՝ հանձնաժողովի կազմում ներառումը՝ մասնագիտական փորձառության անհամապատասխանության հիմքով։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը բողոքարկելու գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները, գնահատող հանձնաժողովի անդամի (անդամների)՝ հանձնաժողովի կազմում ներառումը՝ մասնագիտական փորձառության անհամապատասխանության հիմքով:»:

 

Հոդված 33. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և լիազորված մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, բացառությամբ պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգով թվային խանութից գնումների կատարման դեպքի: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգերը չեն կարող հակասել սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին, իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմը գերազանցող գնումների դեպքում՝ նաև սույն մասում նշված համաձայնագրի պահանջներին։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգերը ներկայացվում են լիազոր մարմնի կարծիքին.»:

 

Հոդված 34.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքից բխող Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հաշված վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-328-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան