ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-47-Ո-Կ-23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.06.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2026

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-47-Ո-Կ-23

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյանի


մասնակցությամբ՝

անդամներ

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Ա. Դանիելյանի

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
Ա. Հարությունյանի

Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Ք. ՄԿՈՅԱՆԻ

Արդարադատության նախարարի տեղակալ

Գ. ՔոչարՅԱՆԻ

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի դատավոր

Գ. Հարությունյանի


քարտուղարությամբ՝


Մ. ԹԵԼՈՅԱՆԻ

 

25 հունիսի 2026 թվական

 ք. Երևան

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցի՝ «Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2026 թվականի մայիսի 22-ի N 56-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի գրությունը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու վերաբերյալ։

Արդարադատության նախարարի 12.03.2026 թվականի թիվ 22-Ա որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցի (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին) 22.05.2026 թվականի թիվ 56-Ա որոշմամբ միջնորդություն (այսուհետ նաև՝ Միջնորդություն) է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 01.06.2026 թվականի որոշմամբ 16.06.2026 թվականին նշանակվել է դատական նիստ:

Խորհուրդը 16.06.2026 թվականին կայացած նիստում մերժել է Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Խորհուրդը 16.06.2026 թվականին կայացած նիստում մերժել է Դատավորի ներկայացրած միջնորդությունը՝ Լիազոր մարմնի կողմից Դատավորի նկատամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սահմանված ժամկետները խախտելու հիմքով Միջնորդությունն ամբողջությամբ մերժելու և այդ հիմքով վարույթը կարճելու մասին։

16.06.2026 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և 25.06.2026 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Լիազոր մարմինը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ և 9-րդ հոդվածների 1-ին մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ նաև՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ և 6.5-րդ կետերը, Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 24-րդ հոդվածի 1-ին մասը, 288-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը, 270-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 140-րդ հոդվածի 3-րդ մասը, 350-րդ հոդվածի 6-րդ մասը, 464.9-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 171-րդ հոդվածի 2-3-րդ մասերը, Սահմանադրական դատարանի՝ 08.12.2017 թվականի թիվ ՍԴՈ-1394 որոշումը և 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշումը, Բարձրագույն դատական խորհրդի 13.01.2025 թվականի թիվ ԲԴԽ-106-Ո-Կ-18, 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 05.09.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4, 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27, 22.09.2022 թվականի թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշումները նշել է, որ դատավարական իրավունքի նորմերը սահմանում են դատարանի՝ դատական երաշխիքների վարույթի շրջանակներում կայացված՝ կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը հրապարակելուց հետո 3 ժամվա ընթացքում, խափանման միջոց կիրառելու, կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու, բժշկական հսկողություն ժամկետը երկարաձգելու որոշումները՝ հրապարակելուց հետո 3-օրյա ժամկետում, դատավճիռները, նաև՝ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճիռները հրապարակելուց հետո 5-օրյա ժամկետում հանրային մեղադրողին (դատախազին) ուղարկելու պարտականությունը, որոնց վերաբերյալ ներկայացվել են նաև Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի վերաբերելի իրավական մեկնաբանությունները։

Քննարկվող դեպքում, Դատավորի կողմից 22.05.2025 թվականի և 04.08.2025 թվականի ԿԴ/0740/01/24, 04.06.2025 թվականի ԿԴ/0530/01/25, 28.08.2025 թվականի ԿԴ/0530/01/25, 19.06.2025 թվականի և 02.09.2025 թվականի ԿԴ/0991/01/24, 27.06.2025 թվականի ԿԴ/1137/01/24, 17.06.2025 թվականի և 04.09.2025 թվականի ԿԴ/0260/01/22 քրեական գործերով կայացված կալանքի ժամկետը երկարաձգելու, տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, տնային կալանքի ժամկետը երկարաձգելու, բժշկական հսկողության ժամկետը երկարաձգելու մասին որոշումները հանրային մեղադրողին տրամադրվել են սահմանված վերջնաժամկետից 13 օրից մինչև 4 ամիս 6 օր անց այն դեպքում, երբ դրանք ՔԴՕ 270-րդ հոդվածի 4-րդ մասի և ՔԴՕ 140-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքերով՝ հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում պետք է տրամադրվեին կողմերին:

Բացի այդ, ըստ Լիազոր մարմնի՝ Դատավորի կողմից 07.08.2025 թվականի ԿԴ/0037/06/25 քրեական գործով կայացված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը ՔԴՕ 288-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով՝ հրապարակումից հետո 3 ժամվա ընթացքում պետք է տրամադրվեր վարույթի մասնակիցներին, մինչդեռ այն դատախազին տրամադրվել է սահմանված վերջնաժամկետից 4 ամիս 15 օր անց։

Համաձայն Միջնորդության՝ Դատարանը 18.08.2025 թվականի ԿԴ/0686/01/23, 14.08.2025 թվականի ԿԴ/1165/01/24, 11.08.2025 թվականի ԿԴ/0952/01/24, 11.08.2025 թվականի ԿԴ/1098/01/24, 15.09.2025 թվականի ԿԴ/0189/01/25, 05.05.2025 թվականի ԿԴ/0420/01/25, 03.03.2025 թվականի ԿԴ/0132/01/25, 18.04.2025 թվականի ԿԴ/0369/01/25, 26.05.2025 թվականի ԿԴ/0595/01/24, 19.08.2025 թվականի ԿԴ/0576/01/24, 23.01.2025 թվականի ԿԴ/0297/01/24, 11.03.2025 թվականի ԿԴ/0095/01/24, 10.10.2024 թվականի ԿԴ/0560/01/23 քրեական գործերով կայացված դատավճիռները հանրային մեղադրողին ուղարկել է սահմանված վերջնաժամկետից 19 օրից մինչև 5 ամիս 3 օր անց, մինչդեռ ՔԴՕ 350-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով՝ հրապարակումից հետո 5 օրվա ընթացքում դրանք պետք է ուղարկվեին հանրային մեղադրողին։

Լիազոր մարմինը նշել է նաև, որ 29.05.2025 թվականի ԿԴ/0476/01/25, 28.04.2025 թվականի ԿԴ/0395/01/25, 16.04.2025 թվականի ԿԴ/0375/01/25, 18.08.2025 թվականի ԿԴ/0790/01/25, 18.08.2025 թվականի ԿԴ/0796/01/25, 22.08.2025 թվականի ԿԴ/0816/01/25, 22.08.2025 թվականի ԿԴ/0800/01/25, 16.09.2025 թվականի ԿԴ/0855/01/25, 15.09.2025 թվականի ԿԴ/0861/01/25, 15.09.2025 թվականի ԿԴ/0858/01/25, 31.10.2025 թվականի ԿԴ/1024/01/25, 31.10.2025 թվականի ԿԴ/1029/01/25, 29.05.2025 թվականի ԿԴ/0482/01/25 քրեական գործերով կայացված համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճիռները ՔԴՕ 464.9-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով՝ կայացումից հետո 5 օրվա ընթացքում պետք է ուղարկվեին նաև հանրային մեղադրողին, մինչդեռ դրանք հանրային մեղադրողին ուղարկվել են սահմանված վերջնաժամկետից 1 ամիս 19 օրից մինչև 6 ամիս 20 օր անց։

Լիազոր մարմինը ուշադրության է հրավիրել այն հանգամանքին, որ թիվ ԿԴ/0530/01/25 քրեական գործով Դատարանի 04.06.2025 թվականի՝ խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցներով փոխելու մասին որոշումը և Դատարանի 28.08.2025 թվականի՝ տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգելու մասին որոշումը հանրային մեղադրողին ուղարկվել են գրեթե միաժամանակ՝ համապատասխանաբար 14.10.2025 թվականին և 17.10.2025 թվականին։ Լիազոր մարմինը նշել է, որ Դատարանի 04.06.2025 թվականի որոշումը հանրային մեղադրողին ժամանակին չուղարկելու և հատուկ վերանայման բողոք ժամանակին ներկայացնելու հնարավորությունից փաստացի զրկելու պայմաններում ստացվել է մի իրավիճակ, որ վերացել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից հիշյալ որոշումները բեկանելու իրավական հնարավորությունը։ Մասնավորապես, Դատարանի 04.06.2025 թվականի որոշման դեմ հանրային մեղադրողի բողոքն օբյեկտիվորեն հնարավոր չէ բավարարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանից հետո կայացվել է մեկ այլ որոշում՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որով արձանագրվել է, որ տնային կալանքի կիրառումն այլընտրանքային այլ խափանման միջոցների հետ համակցված ի զորու է ապահովել քննության պատշաճ ընթացքը, իսկ Դատարանի 28.08.2025 թվականի որոշման դեմ հանրային մեղադրողի բողոքն օբյեկտիվորեն հնարավոր չէ բավարարել, քանի որ նախորդիվ առկա է դատական ակտ, որով ևս արձանագրվել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման իրավաչափությունը։

Միաժամանակ, Լիազոր մարմինը ուշադրության արժանի է համարել նաև այն հանգամանքը, որ Դատարանը վերը ներկայացված մի շարք քրեական գործերով տարբեր ամիսների կայացնելով դատավճիռներ՝ հանրային մեղադրողին դրանք ուղարկելու գործընթացը կազմակերպել է միաժամանակ նույն օրերին՝ 24.12.2025–25.12.2025 թվականներին, ինչը կարող է անաչառ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել, որ տվյալ դատական ակտերը, թեև թվագրված են այն ամսաթվով, երբ դրանք պետք է ըստ օրենքի կայացվեին, սակայն իրականում կայացված լինեն միաժամանակ՝ վերը նշված օրերին, օրենքով նախատեսված ժամկետից տևական ժամանակ անց։

Լիազոր մարմինը նշել է, որ Դատավորը թվով 32 քրեական գործերով կայացված թվով 36 դատական ակտերի առնչությամբ դատավարական ժամկետները չպահպանելով, խախտել է ՔԴՕ 270-րդ հոդվածի 4-րդ մասում, 140-րդ հոդվածի 3-րդ մասում, 288-րդ հոդվածի 8-րդ մասում, 350-րդ հոդվածի 6-րդ մասում, 464.9-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված դատավարական նորմերը։

Միջնորդությամբ վկայակոչելով Բանգալորյան սկզբունքների 207-րդ և 209-րդ կետերի մեկնաբանությունները՝ Լիազոր մարմինը հարկ է համարել մեջբերել, որ դատավորը իրեն վերապահված պարտականությունները արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում։ Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը։ Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները։ Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումները առանց ոչ խելամիտ հետաձգումների։

Համաձայն Լիազոր մարմնի Միջնորդությամբ ներկայացված դիրքորոշման՝ Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ։ Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում։ Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ։ Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ գործի ողջամիտ ժամկետում քննությունն իր մեջ ներառում է ոչ միայն պատշաճ և ժամանակին քննության իրականացում, այլ նաև գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտի՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրում։

Սահմանադրական դատարանն իր 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը։ Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը։

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը՝ Լիազոր մարմինը նշել է Սահմանադրական դատարանի արձանագրումն առ այն, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն, այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները։ Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան։

Միջնորդությամբ Լիազոր մարմինը հարկ է համարել անդրադարձ կատարել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) մի քանի որոշումների, մատնանշելով Եվրոպական դատարանի կողմից «ողջամիտ ժամկետում» գործերի քննությանը բազմիցս անդրադառնալու փաստը, համաձայն որոնց արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994)։

Ըստ Լիազոր մարմնի՝ Եվրոպական դատարանն արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը՝ որպես իրավական երաշխիք, նպատակաուղղված է պաշտպանել դատավարության բոլոր մասնակիցներին ընթացակարգային ավելորդ ձգձգումներից (տե՛ս StՓgmՖller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը)։ Նշված իրավական սկզբունքի միջոցով ընդգծվում է արդարադատությունն առանց հետաձգումների իրականացնելու կարևորությունը, քանի որ այդպիսի հետաձգումները կարող են նվազեցնել արդարադատության արդյունավետությունն ու վնաս հասցնել դրա նկատմամբ հանրային վստահությանը (տե՛ս H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը)։

Լիազոր մարմինը հարկ է համարել նշել նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր մի շարք որոշումներում (02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 05.09.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4) կարևորել է ողջամիտ ժամկետում գործի քննության անհրաժեշտությունը՝ այն հաշվառմամբ, որ այդպիսի ժամկետը չպահպանելը կարող է հանգեցնել ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև մի շարք այլ հիմնարար իրավունքների խախտման։

Խորհուրդն իր մեկ այլ՝ 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101– Ո-Կ-27 որոշմամբ նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը ներառում է նախևառաջ խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման պահանջով դատարան դիմելու անձի իրավունքը, իսկ մյուս կողմից ենթադրում է դատարանի պարտականությունը՝ ողջամիտ ժամկետում քննելու գործը և կայացնելու օրինական ու հիմնավորված որոշում, ուստի այս համատեքստում յուրաքանչյուր գործով դատարանները, ելնելով գործի հանգամանքներից, դրա իրավական և փաստական բարդությունից, գնահատելով վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները, պետք է ձեռնարկեն արդյունավետ և օրինական բոլոր միջոցները՝ հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու համար։

Բարձրագույն դատական խորհուրդն իր մեկ այլ՝ 22.09.2022 թվականի թիվ ԲԴԽ-72- Ո-Կ-17 որոշմամբ նշել է, որ դատական գործընթացը չպետք է դիտարկվի որպես մեխանիկական կամ զուտ ընթացակարգային գործողությունների շղթա։ Այն մշտապես գտնվում է դինամիկ վիճակում և պահանջում է առավելագույն ճկունություն, քանի որ յուրաքանչյուր գործով, անկախ դրանց նմանություններից և տարբերություններից, վերջին հաշվով, դատարանը առնչվում է անձի իրավունքների և ազատությունների իրականացման ապահովման հետ։ Արդարադատություն իրականացնելը չպետք է ընկալվի զուտ օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող դատական ակտի կայացման ձևով։ Արդարադատության իրականացումը ոչ ամբողջական, այլ փուլային ձևաչափով դիտարկելու պարագայում, հստակ է, որ յուրաքանչյուր գործով և յուրաքանչյուր փուլում դատարանի կողմից իրականացված ցանկացած ոչ պատշաճ գործողություն կարող է խաթարել արդարադատության իրականացումը, ինչպես նաև դրա ողջ տրամաբանությունը։ Դատավորը կայացնելով համապատասխան որոշում, թե օրենքով նախատեսված կարգով և թե իրավունքի իրացման ամբողջական տրամաբանության լույսի ներքո պարտավոր է դատավարության բոլոր շահագրգիռ կողմերին տեղյակ պահել իր կայացրած դատական ակտի մասին։

Լիազոր մարմինը նշել է, որ դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից և արտահայտված իրավական դիրքորոշումներից հետևում է, որ ցանկացած դեպքում Դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա։

Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող գործի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից։

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում վարույթի մասնակիցներին։ Միաժամանակ, հարկ է կարևորել այն հանգամանքը, որ դատարանի կողմից ընդունված դատական ակտի հիմքում ընկած ապացույցների և փաստերի գնահատումը, իրավանորմերի մեկնաբանությունը, եզրահանգումները վարույթի մասնակիցներին հայտնի է դառնում միայն դատական ակտի ամբողջական տարբերակին ծանոթանալուց հետո, որի բովանդակությամբ պայմանավորված՝ վերջիններիս մոտ առաջացած անհամաձայնությունն արտահայտվում է վերադաս դատական ատյանին ուղղված բողոքում։

Լիազոր մարմինը նշել է, որ քննարկվող դեպքում Դատավորի կողմից դատավարական ժամկետների խախտման բազմակիությունն առերևույթ վկայում է խախտման արդյունքում արդարադատության հնարավոր հեղինակազրկման վտանգավորության բարձր աստիճանի մասին, քանի որ հիշատակված 3 տասնյակից ավել քրեական գործերով դատավարության մասնակիցները փաստացի տևական ժամանակ զրկված են եղել դատական ակտերին, դրանց բովանդակությանը ծանոթանալու և իրենց հետագա գործողություններն ու վարքագիծը դրսևորելու հնարավորությունից, որպիսի պարագայում Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմերի խախտումների արդյունքում սահմանափակվել է ողջամիտ ժամկետում դատավարության մասնակիցների գործերի քննության իրավունքը։

Այսպիսով՝ թվով 32 քրեական գործերով կայացված թվով 36 դատական ակտերը հանրային մեղադրողին ուղարկելու համար սահմանված ժամկետները Դատարանի կողմից պարբերաբար և էապես խախտելու հանգամանքը Հաղորդում ներկայացրած անձի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ։ Դատարանի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում դատական իշխանությունը։

Ըստ Լիազոր մարմնի՝ վերոգրյալից բխում է, որ թվով 32 քրեական գործերով կայացված թվով 36 դատական ակտերի առնչությամբ օրենքով սահմանված դատավարական ժամկետները չպահպանելով՝ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները հանգեցրել են Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված վարքագծի կանոնների խախտման։

Անդրադառնալով մեղքի ձևին և վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին և 2-րդ կետերի, ինչպես նաև 4-րդ և 5-րդ մասերի դրույթները՝ Լիազոր մարմինը նշել է, որ վարույթի շրջանակներում ձեռքբերված փաստական տվյալների ուսումնասիրությունից, իրենց համակցության մեջ դրանց համադրված վերլուծությունից հետևում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է կոպիտ անփութությամբ, այսինքն՝ Դատավորը չի գիտակցել իր վարքի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։

Նշանակված դատական նիստում Լիազոր մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավորի վարույթ հարուցած մարմնին ներկայացրած համառոտագրված բացատրությունը՝ Լիազոր մարմնի առարկություններով հանդերձ արձանագրում է հետևյալ փաստարկները, համաձայն որոնց՝ ըստ Դատավորի «(...) կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը փոխելու և այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու, տնային կալանքի ժամկետը երկարաձգելու, բժշկական հսկողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումները դատախազությունում ստացվել են դատարանի ծանրաբեռնվածության պայմաններում, ինչը (էական ծանրաբեռնվածությունը) ցավոք, դատարանին ուղեկցել է ոչ թե միայն առանձին պահերի, այլև տևական ժամանակահատված։ Առհասարակ սույնով քննարկվող որոշման հիմքում դրված ժամկետների ուշացումների վարքագծային բոլոր դրսևորումների պատճառը ծանրաբեռնվածությունն է։ (...)։ Վերաբերելի ժամանակահատվածում եղած ծանրաբեռնվածությունը հրապարակային փաստերի ուժով խոսում է այն մասին, որ օրենսդրական ժամկետների պահպանումը երբեմն եղել է բարդ կազմակերպչատեխնիկական խնդիր։ Բացատրությունը չծանրաբեռնելու համար այն չեմ հագեցնի ծանրաբեռնվածության մասին առանձին բացվածքով ցուցանիշներով, հաշվի առնելով տեղեկությունների հրապարակայնությունը։ (...): Ամեն դեպքում, խնդրո առարկա բոլոր որոշումներն ու դատավճիռները վաղուց՝ դեռևս 2025 թվականի նոյեմբեր ամսվա սահմաններում, ուղարկված են հասցեատերերին, հաղորդման անհանգստության էությունը փաստացի լուծված է։ Դեռևս անցյալ տարվանից չկան դեռևս չտրամադրված դատական ակտեր։»։

Դատավորն իր բացատրության մեջ հատուկ անդրադարձի կարիք է տեսել Որոշման այն պնդմանը, թե Դատարանի կայացրած հիշյալ որոշումներից որոշները հանրային մեղադրողին ժամանակին չուղարկելու և հատուկ վերանայման բողոք ժամանակին ներկայացնելու հնարավորությունից փաստացի զրկելու պայմաններում ստացվել է մի իրավիճակ, որ Դատարանն իր գործողություններով Վերաքննիչ քրեական դատարանին առհասարակ զրկել է հիշյալ որոշումները բեկանելու հնարավորությունից։ Այս առումով Դատավորը գտել է, որ իրականում բողոքարկման ենթակա դատական ակտերը դրանք բողոքարկելու իրավունք ունեցող կողմին ուշ հասնելու և բողոքարկման իրավունքն ուշ իրացնելու արդյունքում, փաստվում է ոչ թե այդ իրավունքի իրացման անհնարինությունը, այլ այդ իրավունքի իրացման կարիքի բացակայությունը։ Դատարանի որոշմամբ արձանագրված իրողությունները, օրինակ՝ խափանման միջոցը փոփոխելու իրավաչափության հաստատումը, փաստորեն ստացվում է, որ եղել է հիմնավոր և իրավաչափ, քանի որ դրանցից որևէ մեկով մեղադրյալների կողմից իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանը խախտված լինելու վերաբերյալ միջնորդություններ չեն ստացվել, այդ թվում՝ նույն բողոքաբեր կողմից՝ դատախազությունից, ապա նաև չեն ստացվել վերջիններիս կողմից հանցանքներ կատարելու, փախուստի դիմելու, թաքնվելու վերաբերյալ տվյալներ։ Այլ կերպ՝ օբյեկտիվ իրականության մեջ, Դատարանի ուշ ստացած որոշումները փաստացի եղել են ճիշտ, և ըստ էության ծառայել են իրենց օրենսդրական նպատակին։ Իսկ եթե որևէ վարքագիծ ըստ էության անհետևանք է, թեկուզև ձևական կողմից ուղեկցվի կանոններից շեղումներով, անհնար է այդ վարքագծին վերագրել որևէ հետևանք։ Իրավունքների ֆորմալ իրացումն ուշացումով, հարցերի ըստ էության լուծման տիրույթում չեն կարող ինքնին պայմանավորել հարցի բուն էությունը։ Պատահական չէ, որ նույնիսկ որոշ խափանման միջոցների վերաբերյալ որոշումների դեպքում օրենսդիրը բողոքարկման հնարավորություն չի սահմանել, օրինակ՝ այլընտրանքային որոշ խափանման միջոցների վերացման, փոփոխման կամ այլնի վերաբերյալ։ Ուստի նաև հատկանշական է հիշել, որ խափանման միջոցների, և առհասարակ դատավարական հարկադրանքի միջոցների նշանակությունը քրեական դատավարությունում ամենևին չի կազմում արդարադատության բուն էությունը։ Դրանք ընդամենը միջոցներ են հասնելու համար արդարադատության բուն էության ապահովման նպատակին, և այդ միջոցներն առաջնահերթ հենց վարույթն իրականացնողի համար են, մասնավոր դեպքերում նաև՝ երկրորդ հերթին՝ վարույթի մասնակիցների։ Ամեն դեպքում քննարկվող որևէ դեպքով արդարադատության էությունը նույնիսկ չի էլ սասանվել, ուր մնաց թե խաթարվեր։ Դա փաստելու համար ողջամիտ իրավական տրամաբանությամբ կարելի է նաև ուղիղ ցուցիչ համարել այն փաստը, որ նշված գործերով երբևէ կայացված որևէ որոշում, այդ թվում՝ նույն հարցի վերաբերյալ նախորդած որոշումները, ինչպես նաև՝ հենց խնդրո առարկա որոշումները, չեն բեկանվել։

Դատավորն ավելորդ չի համարել նշել, որ ուղիղ իմաստով որոշումների բեկանված չլինելը չի կարող ստվերել դատավարության մասնակիցների իրավունքների ապահովման նկատմամբ կոնկրետ գործերով դատարանի պարտավորության իմաստը, այնուամենայնիվ, Դատավորը գտել է, որ իրավիճակն այլ կլիներ այնպիսի դատարանի դեպքում, որ, օրինակ, ստեղծված իրավիճակը զուգորդված լիներ հաճախակի անարդարացի որոշումների ընդգծված գերակշռությամբ (առնվազն հանրային ընկալման տեսանկյունից):

Ինչ վերաբերում է դատավճիռների ստացման ժամկետային շեղումների մասին պնդումներին՝ Դատավորը գտել է, որ այդտեղ ավելի նվազ է ժամկետային շեղումների նշանակությունը, հատկապես, որ դրանք բոլոր տեսանկյուններից անհետևանք են։ Ի վերջո քրեական գործի քննության սահմանափակ ժամկետներ չկան, և պատահականությունն ու Դատարանի բարեխղճությունն են գործի քննությունը հանգուցալուծման հասցրել կոնկրետ պահի։ Գործերի կոնկրետ օրերի ավարտվելու էական ակնկալիք չեն ունեցել ակտերի հասցեատերերը՝ բացի ձևական կողմից՝ դատարանի առջև ողջամիտ ժամկետում կանգնելու իրավունքի շահից։ Սույն պարագայում քննարկվող որևէ դեպքում այդ շահի առկայությունը ձևականության շեմը հաղթահարած լինելու վերաբերյալ որևէ տվյալ չկա։ Այլ կերպ՝ ոչ ոք չի դժգոհում դատավճիռների ուշացումներից, ոչ մի օբյեկտիվորեն չափվող անհանգստության առիթ չկա։ Կարծում եմ, առհասարակ, հանրության համար անհանգստանալու առավել ազդակ կարող է լինել պետության գերբեռնվածությունը, քան առանձին մանր դեպքերում ձևականորեն կաշկանդող ժամկետների շեղումները ժամանակակից աշխարհում։

Վերոգրյալի համատեքստում Դատավորը հարկ է համարել նշել, որ ժամկետային շեղումները կարևոր չեն, ունեն ոչ թե նվազ նշանակություն, այլ կարգապահական վարքագծի գնահատման տեսանկյունից որևէ նշանակություն չունեն, որը կարող էր վնասել դատական իշխանության հեղինակությունը։

Վկայակոչելով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Դատավորը նշել է, որ հիշյալ դրույթի իմաստով՝ Դատարանի գործողություններով դատական իշխանությունը չի վարկաբեկվել, քանի որ արդարադատությանը բնորոշ որևէ արժեք չի վնասվել, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի մասին խոսք լինել չի կարող։

Այս մասով, Դատավորը գտել է, որ քննարկվող կոնկրետ գործերով կայացված հիշյալ որոշումների հիմնավորվածությունից, պատճառաբանությունից և արդյունքի արդարացիությունից ևս անքննելիորեն տեսանելի է, որ փաստական իրողությունը վկայում է հակառակի մասին՝ հանրային վստահությունը միայն բարձունքում է, իսկ կողմերի բողոքարկման հնարավորությունը, որոշ դեպքերում, պոզիտիվ պարտականություն է։

Հղում անելով նույն օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի դրույթին՝ Դատավորը նշել է, որ նույնիսկ սահմանված ժամկետների անցմամբ, այնուամենայնիվ, որևէ հարց Դատարանի կողմից չի լուծվել ողջամիտ ժամկետի խախտմամբ, նշելով, որ Դատական ակտի առաքման համար սահմանված օրենսդրական նեղ ժամկետի խախտումը դեռևս չի նշանակում լայն առումով արդարադատության ուշացում։ Լիազոր մարմին ուղղված գրավոր բացատրությամբ Դատավորը նաև խորին համոզմոււնք է հայտնել, որ բնության մեջ հնարավոր է, որ նույնիսկ անպետք հարցերը մեխանիկորեն դասվեն ֆորմալ կանոնների և ժամկետների ենթակա երևույթների շարքում և մեխանիկական կանոնակարգման արդյունքում ենթադրեն քննարկման և լուծման ժամկետներ, բայց դա դեռևս չի նշանակում, որ այդ հարցի շուտափույթ լուծումը որևէ մեկին արդարացիորեն պետք է։ Դատավորը փաստել է, որ թվարկված դեպքերից և որևէ մեկով չկա որևէ տվյալ արդարադատության շահերի վնասման մասին, նշելով նաև, որ այդպիսի տվյալ չի էլ կարող լինել, որովհետև թե՛ խափանման միջոցի և թե՛ դատավճռի ազդեցությունը արդարադատության շահի նկատմամբ կարող է գնահատվել բացառապես համարժեք իրավաբանական փաստաթղթերով կամ գոնե այդ մասին աղաղակող տեղեկություններով, ինչպիսիք ըստ Դատավորի՝ տվյալ պարագայում բացակայում են։

Առարկելով Դատավորի վերոնշյալ փաստարկներին՝ Լիազոր մարմինը հարկ է համարել նշել, որ սույն կարգապահական վարույթով հիշատակված դատական ակտերը դատավարության կողմերին օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկվելը Դատավորի՝ տևական ժամանակահատված էական ծանրաբեռնվածությամբ պայմանավորելով հանդերձ, այն չի բովանդակում որևէ փաստական տվյալ կամ հիմնավորում, որը կվկայեր վերջինիս էական ծանրաբեռնվածության մասին և կբացառեր այդչափ գործերի քանակի դեպքում տևական ժամանակ դատական ակտերը չտրամադրելու հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։ Ընդ որում, այս առումով Լիազոր մարմինը հատկանշական է համարել, որ Դատավորի կողմից թույլ տրված ուշացումներն էական են, քանի որ նշված 36 դատական ակտերից 1 դատական ակտ հանրային մեղադրողին ուղարկվել է ավելի քան 6 ամիս, 25 դատական ակտ՝ ավելի քան 2-5 ամիս, 10 դատական ակտ՝ ավելի քան 13 օրից մինչև 1 ամիս ուշացումով։

Ինչ վերաբերում է դատական ակտերը դեռևս 2025 թվականի նոյեմբեր ամսվա սահմաններում տրամադրված լինելու Դատավորի փաստարկին, ապա Լիազոր մարմինը նշել է, որ սույն կարգապահական վարույթի շրջանակներում ձեռքբերված փաստական տվյալների համաձայն՝ Որոշման կայացման պահին դեռևս չտրամադրված որոշ դատական ակտեր տրամադրվել են 22.12.2025-25.12.2025թթ․ ժամանակահատվածում, ինչը փաստում է, որ այդ պահի դրությամբ արդեն իսկ արձանագրված դատավարական ժամկետների խախտումները շարունակվել են 1 ամսից ավելի ժամկետով։

 Լիազոր մարմինը վկայակոչել է նաև Բարձրագույն դատական խորհրդի 22.09.2022 թվականի թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի «(...) դատական գործընթացը չպետք է դիտարկվի որպես մեխանիկական կամ զուտ ընթացակարգային գործողությունների շղթա։ Այն մշտապես գտնվում է դինամիկ վիճակում և պահանջում է առավելագույն ճկունություն, քանի որ յուրաքանչյուր գործով, անկախ դրանց նմանություններից և տարբերություններից, վերջին հաշվով, դատարանը առնչվում է անձի իրավունքների և ազատությունների իրականացման ապահովման հետ։ Արդարադատություն իրականացնելը չպետք է ընկալվի զուտ օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող դատական ակտի կայացման ձևով: Ուստի Դատավորի այն պատճառաբանությունը, որ պատշաճ դատական ակտեր կայացնելը իր կողմից առավել կարևոր է դիտարկվում, քան դրանից հետո իրականացվող գործողությունները, իմաստազուրկ են, քանի որ դատական ակտի կայացման համար օրենսդրությունը սահմանել է հստակ պահանջներ, որի խստիվ պահպանմամբ արդարադատության իրականացումը դատավորի առաջնային պարտականությունն է։ Արդարադատության իրականացումը ոչ ամբողջական, այլ փուլային ձևաչափով դիտարկելու պարագայում, հստակ է, որ յուրաքանչյուր գործով և յուրաքանչյուր փուլում դատարանի կողմից իրականացված ցանկացած ոչ պատշաճ գործողություն կարող է խաթարել արդարադատության իրականացումը, ինչպես նաև դրա ողջ տրամաբանությունը։ Դատավորը կայացնելով համապատասխան որոշում, թե օրենքով նախատեսված կարգով և թե իրավունքի իրացման ամբողջական տրամաբանության լույսի ներքո պարտավոր է դատավարության բոլոր շահագրգիռ կողմերին տեղյակ պահել իր կայացրած դատական ակտի մասին։»։

Ըստ Լիազոր մարմնի՝ ներկայացված բացատրությամբ Դատավորը թեև փորձել է նվազեցնել դատավարական ժամկետների պահպանման նշանակությունը, այնուամենայնիվ, իրավական պետությունում դատավորի գործունեությունը գնահատվում է ոչ միայն առաջացած տեսանելի հետևանքներով և կոնկրետ դատական գործերով դատական ակտերը բողոքարկված չլինելու հանգամանքով, այլ Դատարանի կողմից դատավարական կարգի և օրենքով սահմանված պարտականությունների պահպանմամբ։ Դատական ակտերի ուղարկման օրենսդրական ժամկետները սահմանված են ոչ թե ձևական նպատակներով, այլ արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելու, դատավարության մասնակիցների իրավունքների արդյունավետ իրացման և դատական գործունեության կանխատեսելիությունն ու կազմակերպվածությունն ապահովելու համար։ Ուստի, դատավարական ժամկետների պահպանումն արդարադատության իրականացման բաղկացուցիչ մասն է և կոչված է ծառայելու արդարադատության շահին։

Միաժամանակ, Լիազոր մարմինը մտահոգիչ է որակել Դատավորի այն ձևակերպումը, ըստ որի՝ «պատահականությունն ու Դատարանի բարեխղճությունն են գործի քննությունը հանգուցալուծման հասցրել կոնկրետ պահի»։ Հաշվի առնելով նախաքննությունը և դատաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու քրեադատավարական սկզբունքը՝ դատական իշխանության գործունեությունը չի կարող պայմանավորված լինել պատահականությամբ։ Վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար Դատարանի աշխատանքը պետք է հիմնված լինի իրավական որոշակիության, կանխատեսելիության և պատշաճ կազմակերպվածության սկզբունքների վրա։ Հակառակ մոտեցումը վտանգում է արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը և կարող է տպավորություն ստեղծել, որ դատավարական ժամկետների պահպանումը կախված է ոչ թե օրենքով սահմանված պարտականությունների կատարումից, այլ իրավիճակային կամ կամայական հանգամանքներից։ Բացի այդ, Դատավորի կողմից իր բարեխղճության վկայակոչումը Լիազոր մարմինն ընդունելի չի համարել, քանի որ բարեխղճությունը ոչ թե լրացուցիչ արժանիք է, այլ դատավորի կարգավիճակից բխող պարտադիր պահանջ։

Վկայակոչելով նաև Խորհրդի 13.01.2025 թվականի թիվ ԲԴԽ-106-Ո-Կ-18 որոշումը՝ Լիազոր մարմինը հարկ է համարել մեջբերել, որ «(...) անկախ ծանրաբեռնվածության աստիճանից (թեև ըստ քրեական գործեր քննող դատավորների և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ նույն մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածության մասին վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատավորը միջին ծանրաբեռնվածության դատավոր է)՝ Դատավորը պարտավոր էր ապահովել իրավունքի գերակայությունը. Արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, թույլ չտալ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի կամ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, բարձր պահել իր, դատարանի և դատական իշխանության հեղինակությունը։ Ընդ որում, միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործվում է՝ «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» ("Justice delayed is justice denied") գաղափարը, որի համաձայն՝ դատավարության չհիմնավորված ձգձգումը կարող է հանգեցնել «արդարադատության մերժմանը»՝ դատավարության կողմերի համար։ Հետևաբար, Դատավորը պարտավոր է անհրաժեշտ ջանասիրություն դրսևորել՝ ողջամիտ ժամկետում անձանց դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ։»։

Ըստ Լիազոր մարմնի՝ Դատավորի այն պնդումը, թե «կողմերի բողոքարկման հնարավորությունը որոշ դեպքերում պոզիտիվ պարտականություն է», չի կարող արդարացնել դատական ակտերի ուշ ուղարկումը։ Ընդհակառակը, դատավորի պարտականությունն է ապահովել, որպեսզի դատավարության մասնակիցներն իրական և արդյունավետ հնարավորություն ունենան օգտվելու օրենքով իրենց վերապահված բողոքարկման իրավունքից։ Այդ իրավունքի իրացման հնարավորության սահմանափակումը կամ բարդացումը չի կարող ներկայացվել որպես արդարադատությանը նպաստող երևույթ։ Դատավորի կողմից դատավարական ժամկետների պահպանման նշանակության հետևողական նսեմացումը և դրանք որպես «անպետք հարցերի» կարգավորման մեխանիկական գործիք ներկայացնելը ինքնին անհամատեղելի է դատավորի բարձր կարգավիճակից բխող պատասխանատվության և օրենքի գերակայության սկզբունքի նկատմամբ ակնկալվող վերաբերմունքի հետ։ Ուստի, Բացատրությամբ ոչ միայն չեն հերքվում արձանագրված խախտումներն ու դրանց նշանակությունը, այլ վկայում են Դատավորի կողմից դատավարական պարտականությունների կարևորության թերագնահատման մասին։

Դատավորի կողմից Խորհուրդ գրավոր պատասխան չի ներկայացվել։

Նշանակված դատական նիստում Դատավորը միջնորդել է՝ Լիազոր մարմնի կողմից Դատավորի նկատամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սահմանված ժամկետները խախտելու հիմքով Միջնորդությունն ամբողջությամբ մերժել և այդ հիմքով վարույթը կարճել։

Բացի այդ, դատական նիստում Դատավորն, ըստ էության, պնդել է վարույթ իրականացնող մարմնին բացատրությամբ ներկայացրած փաստարկները և նշելով, որ դատական ակտերի ուշ տրամադրումը չի հանգեցրել որևէ շոշափելի հետևանքի՝ որևէ մեղադրյալ չի փախել, որևէ քննություն չի խաթարվել, որևէ ապացույց չի կորսվել, խնդրել է Խորհրդին մերժել Միջնորդությունը։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1 Հաղորդմանը կից ներկայացված՝ Կոտայքի մարզի դատախազ Կ. Սուքիասյանի 19.11.2025 զեկուցագրի և փաստաթղթերի, «DataLex» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ Համակարգ) քրեական գործերով զետեղված և Միջնորդության թիվ 1 հավելվածում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Դատավորի կողմից 07.08.2025 թվականի ԿԴ/0037/06/25 քրեական գործով կայացված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը ՔԴՕ 288-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով՝ հրապարակումից հետո 3 ժամվա ընթացքում պետք է տրամադրվեր վարույթի մասնակիցներին, մինչդեռ այն դատախազին տրամադրվել է սահմանված վերջնաժամկետից 4 ամիս 15 օր անց։

4.2 Դատաքննության փուլում կայացված խափանման միջոց կիրառելու, կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու, բժշկական հսկողության ժամկետը երկարաձգելու մասին թվով 9 որոշումները ՔԴՕ 270-րդ հոդվածի 4-րդ մասի և ՔԴՕ 140-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքերով՝ հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում պետք է տրամադրվեին կողմերին, մինչդեռ հանրային մեղադրողին ուղարկվել են մասնավորապես՝ 13 օրից մինչև 4 ամիս 6 օր անց, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներառված են ստորև բերված աղյուսակում․

 

Գործի համար

Դատական ակտի հրապարակման

ամսաթիվը/ դատական

ակտը տրամադրելու օրենսդրական վերջնաժամկետը

Դատական ակտի ուղարկման ամսաթիվը

Դատական ակտը Համակարգում տեղադրելու ամսաթիվը

Ուշացման ժամկետը

1.

ԿԴ/0740/01/24

22.05.2025թ․/ 25.05.2025թ․ ներառյալ

21.08.2025թ․

/-/

2 ամիս 27 օր

2.

ԿԴ/0740/01/24

04.08.2025թ․

/07.08.2025թ․ ներառյալ

21.08.2025թ․

/-/

13 օր

3.

ԿԴ/0530/01/25

04.06.2025թ․

/07.06.2025թ․ ներառյալ

14.10.2025թ․

/-/

4 ամիս 6 օր

4.

ԿԴ/0530/01/25

28.08.2025թ․

/31.08.2025թ․ ներառյալ

17.10.2025թ․

/-/

1 ամիս 16 օր

5.

ԿԴ/0991/01/24

19.06.2025թ․

/22.06.2025թ․ ներառյալ

01.10.2025թ․

/-/

3 ամիս 10 օր

6.

ԿԴ/0991/01/24

02.09.2025թ․

/05.09.2025թ․ ներառյալ

01.10.2025թ․

/-/

25 օր

7.

ԿԴ/1137/01/24

27.06.2025թ․

/30.06.2025թ․ ներառյալ

24.10.2025թ․

/-/

3 ամիս 23 օր

8.

ԿԴ/0260/01/22

17.06.2025թ․

/20.06.2025թ․ ներառյալ

14.10.2025թ․

/-/

3 ամիս 23 օր

9.

ԿԴ/0260/01/22

04.09.2025թ․

/07.09.2025թ․ ներառյալ

14.10.2025թ․

/-/

1 ամիս 6 օր

4.3 Դատավորի կողմից քրեական գործերով դատավճիռները հանրային մեղադրողին ուղարկել են սահմանված վերջնաժամկետից 19 օրից մինչև 5 ամիս 3 օր անց, մինչդեռ ՔԴՕ 350-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով՝ հրապարակումից հետո դրանք պետք է ուղարկվեին 5 օրվա ընթացքում, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներառված են ստորև բերված աղյուսակում․

 

Գործի համար

Դատական ակտի հրապարակման ամսաթիվը/ դատական ակտը

տրամադրելու օրենսդրական վերջնաժամկետը

Դատական ակտի ուղարկման ամսաթիվը

Դատական ակտը Համակարգում տեղադրելու ամսաթիվը

Ուշացման ժամկետը

1.

ԿԴ/0686/01/23

18.08.2025թ․

/23.08.2025թ․ ներառյալ

/-/

24.12.2025թ․

4 ամիս

2.

ԿԴ/1165/01/24

14.08.2025թ․

/19.08.2025թ․ ներառյալ

/-/

07.01.2026թ․

4 ամիս 5 օր

3.

ԿԴ/0952/01/24

11.08.2025թ․

/16.08.2025թ․ ներառյալ

/-/

24.12.2025թ․

4 ամիս 8 օր

4.

ԿԴ/1098/01/24

11.08.2025թ․

/16.08.2025թ․ ներառյալ

10.11.2025թ․

10.11.2025թ․

2 ամիս 24 օր

5.

ԿԴ/0189/01/25

15.09.2025թ․

/20.09.2025թ․ ներառյալ

10.10.2025թ․

11.10.2025թ․

19 օր

6.

ԿԴ/0420/01/25

05.05.2025թ․

/10.05.2025թ․ ներառյալ

29.07.2025թ․

31.07.2025թ․

2 ամիս 18 օր

7.

ԿԴ/0132/01/25

03.03.2025թ․

/08.03.2025թ․ ներառյալ

17.04.2025թ․

15.05.2025թ․

1 ամիս 8 օր

8.

ԿԴ/0369/01/25

18.04.2025թ․

/23.04.2025թ․ ներառյալ

04.07.2025թ․

01.07.2025թ․

2 ամիս 10 օր

9.

ԿԴ/0595/01/24

26.05.2025թ․

/31.05.2025թ․ ներառյալ

03.07.2025թ․

02.07.2025թ․

1 ամիս 2 օր

10.

ԿԴ/0576/01/24

19.08.2025թ․

/24.08.2025թ․ ներառյալ

31.10.2025թ․

31.10.2025թ․

2 ամիս 6 օր

11.

ԿԴ/0297/01/24

23.01.2025թ․

/28.01.2025թ․ ներառյալ

02.07.2025թ․

02.07.2025թ․

5 ամիս 3 օր

12.

ԿԴ/0095/01/24

11.03.2025թ․

/16.03.2025թ․ ներառյալ

10.07.2025թ․

09.07.2025թ․

3 ամիս 23 օր

13.

ԿԴ/0560/01/23

10.10.2024թ․

/15.10.2024թ․ ներառյալ

04.03.2025թ․

03.03.2025թ․

4 ամիս 15 օր

4.4 Դատավորի կողմից քրեական գործերով կայացված համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճիռները ՔԴՕ 464.9-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով՝ կայացումից հետո 5 օրվա ընթացքում պետք է ուղարկվեին նաև հանրային մեղադրողին, մինչդեռ դրանք ուղարկվել են սահմանված վերջնաժամկետից 1 ամիս 19 օրից մինչև 6 ամիս 20 օր անց, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներառված են ստորև բերված աղյուսակում․

 

Գործի համար

Դատական ակտի հրապարակման ամսաթիվը/ դատական ակտը

տրամադրելու օրենսդրական վերջնաժամկետը

Դատական ակտի ուղարկման ամսաթիվը

Դատական ակտը Համակարգում տեղադրելու ամսաթիվը

Ուշացման ժամկետը

1.

ԿԴ/0476/01/25

29.05.2025թ․

/03.06.2025թ․ ներառյալ

29.07.2025թ․

31.07.2025թ․

1 ամիս 25 օր

2.

ԿԴ/0395/01/25

28.04.2025թ․

/03.05.2025թ․ ներառյալ

08.08.2025թ․

08.08.2025թ․

3 ամիս 4 օր

3.

ԿԴ/0375/01/25

16.04.2025թ․

/20.04.2025թ․ ներառյալ

08.08.2025թ․

08.08.2025թ․

3 ամիս 18 օր

4.

ԿԴ/0790/01/25

18.08.2025թ․

/23.08.2025թ․ ներառյալ

/-/

24.12.2025թ․

4 ամիս 1 օր

5.

ԿԴ/0796/01/25

18.08.2025թ․

/23.08.2025թ․ ներառյալ

/-/

24.12.2025թ․

4 ամիս 1 օր

6.

ԿԴ/0816/01/25

22.08.2025թ․

/03.09.2025թ․ ներառյալ

/-/

30.12.2025թ․

3 ամիս 21 օր

7.

ԿԴ/0800/01/25

22.08.2025թ․

/27.08.2025թ․ ներառյալ

/-/

30.12.2025թ․

3 ամիս 27 օր

8.

ԿԴ/0855/01/25

16.09.2025թ․

/21.09.2025թ․ ներառյալ

/-/

30.12.2025թ․

3 ամիս 3 օր

9.

ԿԴ/0861/01/25

15.09.2025թ․

/20.09.2025թ․ ներառյալ

/-/

24.12.2025թ․

3 ամիս 4 օր

10.

ԿԴ/0858/01/25

15.09.2025թ․

/20.09.2025թ․ ներառյալ

/-/

30.12.2025թ․

3 ամիս 4 օր

11.

ԿԴ/1024/01/25

31.10.2025թ․

/05.11.2025թ․ ներառյալ

/-/

30.12.2025թ․

1 ամիս 19 օր

12.

ԿԴ/1029/01/25

31.10.2025թ․

/05.11.2025թ․ ներառյալ

/-/

24.12.2025թ․

1 ամիս 19 օր

13.

ԿԴ/0482/01/25

29.05.2025թ․

/03.06.2025թ․ ներառյալ

/-/

24.12.2025թ․

6 ամիս 20 օր

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Հաշվի առնելով վարույթ հարուցած մարմնի կողմից միջնորդությամբ բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված հակափաստարկները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1 արդյո՞ք թվով 32 քրեական գործերով կայացված թվով 36 դատական ակտերի առնչությամբ Դատավորի կողմից դատական ակտերը կայացնելուց հետո 13 օրից մինչև 6 ամիս 20 օր անց դրանք դատավարության մասնակիցներին ուղարկելով թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում (խախտումներ),

5.2 արդյո՞ք թվով 32 քրեական գործերով կայացված թվով 36 դատական ակտերի առնչությամբ կատարված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը (խախտումները) կատարվել է (են) դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

5.3 արդյո՞ք թվով 32 քրեական գործերով կայացված թվով 36 դատական ակտերի առնչությամբ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը (խախտումները) հանգեցրել է (են) դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտման:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Լիազոր մարմնի միջնորդությունը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցչի և Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:

Խորհուրդը հարկ է համարում վերստին արձանագրել, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում՝ դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Վերոգրյալի համատեքստում Խորհուրդը նաև վերահաստատում է, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպեսզի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև ապահովի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը՝ միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`

1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է․ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում։»:

Վերոգրյալի հիման վրա՝ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և վերջինիս մեղքը հաստատելու համար: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։

Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

ՔԴՕ 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախաքննությունը և դատաքննությունը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետում: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար:

Անդրադառնալով դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանմանը՝ Խորհուրդը բազմիցս արձանագրել է, որ այն անմիջականորեն կապված է նաև անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից մեկը հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով, անհերքելի փաստ է, որ արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Արդարադատության իրականացման անհարկի ձգձգումները տպավորություն են ստեղծում, որ դատական համակարգն ի վիճակի կամ ի զորու չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, ինչն իր հերթին հանգեցնում է արդարադատության ողջ համակարգի նկատմամբ անվստահության:

Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե' որպես անհատ, և թե' որպես արդարադատություն իրականացնող պաշտոնատար անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:

ՔԴՕ 270-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, փոխելու, անփոփոխ թողնելու, դրա ժամկետը երկարաձգելու կամ այն կիրառելու, ինքնաբացարկ հայտնելու, բացարկն ընդունելու, վարույթին մասնակցելուց ազատելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցն անթույլատրելի ճանաչելու, դատական տուգանք նշանակելու, վարույթից հեռացնելու մաuին որոշումները շարադրվում են առանձին փաuտաթղթի ձևով:

Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատարանի կողմից հիշյալ հոդվածով սահմանված գործողությունների կատարման հստակ ժամկետը, համաձայն որի՝ դատարանի կայացրած բոլոր որոշումներն անմիջապես հրապարակվում են, իսկ առանձին փաuտաթղթի ձևով կայացված որոշումները երեք օրվա ընթացքում տրամադրվում են կողմերին:

ՔԴՕ 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը․1) միջնորդությունը մերժելու մասին. 2) միջնորդությունը մասնակի բավարարելու մասին. 3) միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու մասին։

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումը պատշաճ ձևով տրվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան այն հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։ Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է այն մեղադրյալի հաշվառման հասցեով, որի գտնվելու վայրը հայտնի չէ։

ՔԴՕ 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բժշկական հսկողության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման համար սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

01.07.2022 թվականից ուժի մեջ մտած և իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ ՔԴՕ 350-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն1՝ դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին, ինչպես նաև տուժողին, գույքային պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:

ՔԴՕ 464.9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ hամաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի արդյունքով դատարանը գրավոր ընթացակարգով կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավճիռը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին:

Նշված հոդվածների համակարգային վերլուծությունից բխում է, որ դրանք պարտավորեցնում են դատարանին օրենքով սահմանված որոշակի ժամկետներում իրականացնել սահմանված դատավարական գործողությունները, մասնավորապես՝ կայացված որոշումների և դատաքննության ավարտին կայացված դատավճռի ուղարկումը դատավարության մասնակիցներին։

Խորհուրդը վերահաստատում է 13.01.2025 թվականի թիվ ԲԴԽ-106-Ո-Կ-18 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ «(...) դատավարական ժամկետների խախտումները մեղքի հիմնավորման կամ դրանց հետևանքների կարևորության աստիճանը գնահատելու տեսանկյունից կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն՝ այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով։ Հակառակ դեպքում անաչառ դիտորդի կողմից հնարավոր է ծագի ողջամիտ կասկած առ այն, որ դատարանը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն առ այն, որ կայացված դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում չի հրապարակել և չի ուղարկել դատավարության մասնակիցներին։ (...): Խորհուրդն արձանագրում է, որ յուրաքանչյուր կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի ծանրաբեռնվածության կամ այլ հանգամանքով պայմանավորված դատավարական ժամկետների խախտումները ենթակա են գնահատման տվյալ վարույթի շրջանակներում դատավորի կողմից ներկայացված բացառիկ հանգամանքների կամ հիմնավորումների սահմաններում։»։

Ի լրումն վերոգրյալի, Խորհուրդը բազմիցս անդրադառնալով օրենքով սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությանը, վերստին արձանագրում է, որ դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, քանի որ նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով:

Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ Դատարանի կայացրած որոշումների կամ դատավճռի պատճենը հանձնելու կամ ուղարկելու համար որոշակի ժամկետ սահմանող դատավարական նորմերը սոսկ ձևական և աշխատանքի կազմակերպման բնույթ չեն կրում, այլ դատավորին հնարավորություն են տալիս առավել արդյունավետությամբ իրականացնել իր պարտականությունները՝ դրսևորելով պաշտոնից բխող բարձր պատասխանատվություն, ձևավորելով ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ ընդհանուր առումով հանրության մոտ դատական համակարգի անխափան ու անխոչընդոտ աշխատանքի, և որպես հետևանք՝ արդարադատության նկատմամբ վստահության ընկալում։

 Խորհուրդն ինչպես նախկինում, այնպես էլ սույն գործով կրկին արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել կամայականության վտանգը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:

Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը): Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը:

Սույն վարույթով Դատավորն իր կողմից կայացված դատական ակտերը դատավարության մասնակիցներին, տվյալ դեպքում՝ հանրային մեղադրողին, օրենքով սահմանված ժամկետներից ուշ տրամադրելը պատճառաբանել է իր ծանրաբեռնվածությամբ և ժամանակի կառավարման խնդիրների առկայությամբ, որոնք հետևանք են գերլարված աշխատանքի։

Խորհուրդն արձանագրում է, որ յուրաքանչյուր կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի ծանրաբեռնվածության կամ այլ հանգամանքով պայմանավորված դատավարական ժամկետների խախտումները ենթակա են գնահատման տվյալ վարույթի շրջանակներում դատավորի կողմից ներկայացված բացառիկ հանգամանքների կամ հիմնավորումների սահմաններում:

Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության 2019 թվականի տարեկան հաղորդմամբ արձանագրված դատարանների գերծանրաբեռնվածության փաստի ուժով՝ դատավարական ժամկետների խախտումներ կարող են տեղի ունենալ, մինչդեռ դրանք պետք է լինեն ողջամիտ և արդարացված այնքանով, որ չհանգեցնեն դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների էական սահմանափակումների և խախտումների: Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից։

Անդրադառնալով սույն վարույթի շրջանակներում Դատավորի կողմից վկայակոչված՝ դատական ակտերը կայացնելու և օրենքով նախատեսված ժամկետից ուշ հանրային մեղադրողին ուղարկելու պատճառներին, Խորհուրդն արձանագրում է, որ ըստ էության չեն ներկայացվել այնպիսի բացառիկ հանգամանքներ, հիմնավորումներ և ապացույցներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում Դատավորի կողմից թվով 32 քրեական գործով կայացված թվով 36 դատական ակտերի առնչությամբ կատարված խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ: Ընդ որում, նշված 36 դատական ակտերից 1 դատական ակտ (մինչդատական վարույթում կայացված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը) օրենքով սահմանված 3 ժամվա ընթացքում տրամադրելու պահանջը խախտվել է 4 ամիս 15 օրով, դատաքննության փուլում կայացված խափանման միջոց կիրառելու, կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու, բժշկական հսկողության ժամկետը երկարաձգելու մասին թվով 9 որոշումները օրենքով սահմանված 3-օրյա ժամկետում տրամադրելու պահանջը խախտվել է 13 օրից մինչև 4 ամիս 6 օրով, ինչպես նաև թվով 26 դատավճիռները սահմանված 5-օրյա ժամկետում ուղարկելու պահանջը խախտվել է 19 օրից մինչև 6 ամիս 20 օրով:

Ըստ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.01.2025-31.12.2025թթ․ ծանրաբեռնվածության վերաբերյալ Դատավորին տրամադրված տեղեկատվության՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող մի շարք դատավորների վարույթներում փոխանցված, ստացված և ավարտված գործերի քանակը որոշ դեպքերում գերազանցել է Դատավորի վարույթ փոխանցված, ստացված և ավարտված գործերի քանակին, իսկ ներկայացված թվային ցուցանիշները վկայում են քրեական գործեր քննող բոլոր դատավորների գրեթե համահավասար ծանրաբեռնվածության մասին:

Խորհուրդը կարևոր է համարում փաստել նաև, որ անկախ ծանրաբեռնվածության աստիճանից՝ Դատավորը պարտավոր էր ապահովել իրավունքի գերակայությունը. արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, թույլ չտալ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի կամ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, բարձր պահել իր, դատարանի և դատական իշխանության հեղինակությունը: Ընդ որում, Խորհուրդը բազմիցս հղում է կատարել միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործված «ուշացած արդարադատությունը՝ մերժված արդարադատություն է» ("Justice delayed is justice denied") դիրքորոշմանը, որի համաձայն` դատավարության չհիմնավորված ձգձգումը կարող է հանգեցնել «արդարադատության մերժմանը» դատավարության կողմերի համար, ուստի Դատավորի պարտքն է անհրաժեշտ ջանասիրություն դրսևորել՝ օրենքով սահմանված դատավարական ժամկետների խախտումները հնարավորինս բացառելու և ողջամիտ ժամկետում անձանց դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ։

Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի կողմից կատարված իրավախախտումների բազմակիությանը, կարևորում է այն հանգամանքը, որ նշված ժամանակահատվածում Դատավորի կողմից 32 քրեական գործով կայացված թվով 36 դատական ակտերի առնչությամբ թույլ տրված դատավարական ժամկետների խախտումները վկայում են դրանց արդյունքում արդարադատության հեղինակազրկման վտանգավորության բարձր աստիճանի մասին, քանի որ քրեական գործերով դատավարության մասնակիցները փաստացի տևական ժամանակ զրկված են եղել իրենց վերաբերյալ դատական ակտերին, դրանց բովանդակությանը ծանոթանալու և իրենց հետագա գործողություններն ու վարքագիծը դրսևորելու հնարավորությունից: Այսպիսով, Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմերի բազմակի խախտումների արդյունքում սահմանափակվել է ողջամիտ ժամկետում դատավարության մասնակիցների գործերի քննության իրավունքը։

Նշվածի համատեքստում Խորհրդի գնահատմամբ հերքվում է Դատավորի այն փաստարկը, որ իր կողմից նման վարքագծի դրսևորումը դատավարության մասնակիցների համար բացասական հետևանքներ չի առաջացրել և արդարադատության բուն էությունը չի խաթարվել, ուստի դրանք կարող են որակվել որպես նվազ կարևորություն ունեցող։

Նման պայմաններում գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների ակնհայտությունը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորին մեղսագրվող դատավարական նորմերի խախտումների առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, և Խորհրդի գնահատմամբ Դատավորը ոչ իրավաչափ գործողություններով մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը՝ էապես նվազեցնելով դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասելով դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Խորհուրդը փաստում է, որ դատարանի հեղինակությունը բարձր պահելու պարտականությունը ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր դատավորի պարտականությունն է, իսկ քննարկվող պարագայում դատավարական նորմերի պահանջների խախտումները՝ Դատարանի կողմից 36 դատական ակտերից 1 դատական ակտ (մինչդատական վարույթում կայացված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը) օրենքով սահմանված 3 ժամվա ընթացքում տրամադրելու փոխարեն 4 ամիս 15 օրով ուշացումով, դատաքննության փուլում կայացված խափանման միջոց կիրառելու, կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու, բժշկական հսկողության ժամկետը երկարաձգելու մասին թվով 9 որոշումները օրենքով սահմանված 3-օրյա ժամկետում տրամադրելու փոխարեն 13 օրից մինչև 4 ամիս 6 օր ուշացումով, ինչպես նաև թվով 26 դատավճիռները սահմանված 5-օրյա ժամկետում ուղարկելու փոխարեն 19 օրից մինչև 6 ամիս 20 օր ուշացումով ուղարկելը և Համակարգում հրապարակելն իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, ինչպես նաև ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտման՝ նվազեցնելով հանրության վստահությունն արդարադատության և դրա արդյունավետության նկատմամբ, այդպիսով հեղինակազրկելով դատական իշխանությունը և ակնհայտորեն վտանգելով դատարանի՝ որպես անաչառ ինստիտուտի մասին հանրային ընկալումը:

Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Միաժամանակ քննարկելով Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ (Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մաս):

Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը կարգապահական խախտում թույլ տալու պահին կարգապահական տույժ չի ունեցել:

Խորհուրդն անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված վերը նշված խախտումների հետևանքին՝ արձանագրում է, որ տվյալ պարագայում անհատապես դատավարության մասնակիցերի համար վրա հասած հետևանքների ծանրությունը կամ դրանց ի հայտ գալու վերաբերյալ տվյալների բացակայությունը առարկայական ուսումնասիրելու առումով կորցնում է իր նշանակությունը, քանի որ Դատավորի կողմից թույլ տված խախտումներով ինքնին էականորեն վնասվել է արդարադատության շահը և հասարակության առջև հեղինակազրկվել է դատարանի բարձր դերը, իսկ դատական իշխանության հեղինակության պահպանումն ինքնին պայմանավորված է հանրային շահով:

Անդրադառնալով Խորհուրդ ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետի խախտման հիմքով Միջնորդությունը մերժելու և վարույթը կարճելու վերաբերյալ Դատավորի միջնորդությանը՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ կարգապահական վարույթի տևողության վերաբերյալ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների հաշվարկի կարգին անդրադարձել է նաև իր 02.06.2025 թվականի ԲԴԽ-21-Ո-Կ-4 որոշմամբ։

Այսպես, Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը։

Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված ժամկետը վարույթ հարուցող մարմնի որոշմամբ դատավորի բացակայության (արձակուրդ, անաշխատունակություն, գործուղում, բացառությամբ այլ դատարան գործուղվելու և այլն) ժամանակահատվածով կարող է երկարաձգվել: Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, օրերով և ժամերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

Խորհուրդը փաստում է, որ սույն կարգապահական վարույթը հարուցվել է 12.03.2026 թվականին։ Այսինքն, Միջնորդությամբ խորհրդին դիմելու ժամկետի ընթացքն սկսվել է Որոշման հաջորդ օրվանից՝ 13.03.2026 թվականից և կարող էր տևել երկու ամիս՝ մինչև 13.05.2026 թվականը ներառյալ։ Այդուհանդերձ, 12.05.2026 թվականի 52-Ա որոշմամբ Դատավորի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածով Որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է 9 օրով՝ մինչև 22.05.2026 թվականը ներառյալ։ Միջնորդությամբ Լիազոր մարմինը Խորհրդին դիմել է 22.05.2026 թվականին, այսինքն՝ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը չի գերազանցել օրենքով սահմանված ժամկետը, ուստի այդ հիմքով Միջնորդությունը չի կարող մերժվել, իսկ վարույթը՝ կարճվել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին հայտարարել խիստ նկատողություն:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

_______________________________

1 Ազգային ժողովի կողմից 25.03.2026 թվականին ընդունված և 28․04.2026 թվականից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով 350-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված փոփոխության համաձայն՝ դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին, ինչպես նաև տուժողին, գույքային պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:

 

Նախագահող`

Անդամներ`

Ա․ ԱթաբեկՅԱՆ

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

 

 

 

 

Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ա. Հարությունյան
Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: