ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-50-Ո-Կ-26
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.06.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2026

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-50-Ո-Կ-26

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյանի


մասնակցությամբ՝

անդամներ

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Ա. Դանիելյանի

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
Ա. Հարությունյանի

Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Ք. ՄԿՈՅԱՆԻ

Արդարադատության նախարարի տեղակալ`

Գ. ՔոչարՅԱՆԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ`

Դ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի դատավոր

Ա. Արզումանյանի ներկայացուցիչներ՝

 

 

Ա. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Ն. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Մ. ԹԵԼՈՅԱՆԻ

 

25 հունիսի 2026 թվական

 ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Աննա Կարապետյանի՝ «Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2026 թվականի մայիսի 29-ի թիվ 60-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Վերահսկողական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի (այսուհետ նաև՝ Հաղորդում ներկայացրած անձ) կողմից 26.03.2026 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված զեկուցագիրը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանի (այսուհետ նաև` Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ քաղաքացի Դիանա Եփրեմյանի հաղորդման ուսումնասիրության շրջանակներում «Datalex» դատական տեղեկատվական համակարգի (այսուհետ նաև՝ Համակարգ) միջոցով թիվ ԿԴ/0251/02/24 քաղաքացիական գործի (այսուհետ նաև՝ Գործ) ուսումնասիրության արդյունքում հաղորդման փաստակազմից դուրս հայտնաբերված՝ դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը լուծելու մասին:

Արդարադատության նախարարի 30.03.2026 թվականի թիվ 32-Ա որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Աննա Կարապետյանի (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին) 29.05.2026 թվականի թիվ 60-Ա որոշմամբ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն (այսուհետ նաև՝ Միջնորդություն) է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)։

Խորհրդի 10.06.2026 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

Խորհրդի 19.06.2026 թվականի արձանագրային որոշմամբ Դատավորի ներկայացուցչի՝ ապացույց պահանջելու մասին միջնորդությունը մերժվել է։

19.06.2026 թվականին կայացած դատական նիստում գործի քննությունն ավարտվել է և դատական ակտի հրապարակումը նշանակվել է 25.06.2026 թվականին:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ նաև՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ կետը` Լիազոր մարմինը նշել է, որ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականությունները արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում։ Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը: Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները: Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումները առանց ոչ խելամիտ հետաձգումների1:

 Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում։ Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ: Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ գործի ողջամիտ ժամկետում քննությունն իր մեջ ներառում է ոչ միայն պատշաճ և ժամանակին քննության իրականացում, այլ նաև գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտի՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրում:

 Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Cases of H. v. France, application no. 10073/82. 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994, Stögmüller v. Austria (1602/62) 10.11.1969 թվական, H. v. France (10073/82) 24.10.1989 թվական) վճիռներով, Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 05.09.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4, 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, Լիազոր մարմինը հայտնել է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա։ Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը:

Վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 201-րդ հոդվածի 1-ին մասը, 202-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 210-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Լիազոր մարմինը նշել է, որ դատարանի կողմից աշխատանքային վեճը քննելու և լուծելու՝ հայցը մերժելու կամ բավարարելու մասին համապատասխան վճիռ կայացնելու համար սահմանված է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո հաշվվող եռամսյա ժամկետ: Աշխատանքային վեճերով գործերի դատական քննության և լուծման համար օրենսդրի կողմից դատավարական իմպերատիվ ժամկետների սահմանումը պայմանավորված է աշխատանքային հարաբերության մասնակիցների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի բովանդակության և Օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի համադրումից հետևում է, որ անձն իրավաչափորեն կարող է ակնկալել, որ իր աշխատանքային իրավունքների դատական պաշտպանությունն իրականացնելու նպատակով քաղաքացիական դատավարության կարգով ներկայացված հայցի հիման վրա դատարանը քաղաքացիական գործ հարուցելով՝ Օրենսգրքով նախատեսված ժամկետներում կքննի և կլուծի իր իրավասությանը հանձնված վեճը: Եվ քանի որ անձի արդար դատաքննության իրավունքը նախևառաջ ներառում է դատարանի պարտականությունը՝ ողջամիտ ժամկետում քննելու գործը և կայացնելու օրինական ու հիմնավորված որոշում, ուստի այս համատեքստում դատարանի կողմից գործը լուծված կարող է համարվել միայն վճիռը գործին մասնակցող անձանց տրամադրված լինելու պայմաններում։

Վկայակոչելով ՔԴՕ 411-րդ հոդվածի 1-ին մասը և 413-րդ հոդվածի 1-ին մասը` Լիազոր մարմինը հայտնել է, որ վերադաս ատյանների կողմից եզրափակիչ դատական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և բեկանված մասով գործը նոր քննության ուղարկելու պայմաններում գործում են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնները՝ օրենսդրի կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրված՝ «Բեկանված եզրափակիչ դատական ակտով գործերի նոր քննությունը» գլխում ընդգրկված կանոնների կիրառման առաջնահերթությամբ: Ուստի առավել քան ակնհայտ է, որ սույն գլխում այլ բան նախատեսված չլինելու պայմաններում գործում են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված և այդ իրավահարաբերությունների կարգավորման համար սահմանված կանոնները:

Լիազոր մարմինը նշել է, որ Միջնորդության հիմքում ընկած կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ «Թիվ ԿԴ/0251/02/24 քաղաքացիական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.07.2024 թվականի վճիռը բեկանելու և Գործը նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու մասին» 21.02.2025 թվականի որոշման արդյունքում թիվ ԿԴ/0251/02/24 քաղաքացիական գործը 13.06.2025 թվականին մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանին, ով 18.06.2025 թվականին կայացրել է «Գործը վարույթ ընդունելու և 30.07.2025 թվականին նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշում: Դատավորը ՔԴՕ 210-րդ հոդվածի 2-րդ մասով առաջնորդվելու դեպքում պետք է Գործի քննությունն ավարտեր և հայցադիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ կայացներ առնվազն մինչև 18.09.2025 թվականը, մինչդեռ Դատավորի կողմից Գործի դատաքննությունն ավարտվել է 10.04.2026 թվականին, իսկ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 29.04.2026 թվականը: Նման պայմաններում հարկ է արձանագրել, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ամբողջ ծավալով նոր քննության ուղարկված գործը Դատարանի վարույթում է գտնվել 18.06.2025 թվականից մինչև 29.04.2026 թվականը՝ շուրջ 10 ամիս, 10 օր, ինչի արդյունքում Դատավորի կողմից խախտվել է աշխատանքային վեճերով գործի քննությունն ու լուծումը 3 ամսյա ժամկետում իրականացնելու օրենսդրի պահանջը:

Լիազոր մարմինը գտել է, որ Դատարանի կողմից աշխատանքային վեճերով գործերի դատական քննության և լուծման համար օրենսդրի կողմից սահմանված դատավարական իմպերատիվ ժամկետները չպահպանելու արդյունքում սահմանափակվել է հայցվորի` իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, քանզի ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջն ի թիվս այլնի ընդգրկում է գործով կայացված եզրափակիչ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց ուղարկելու, այլ կերպ ասած՝ վերջիններիս համար այն հասանելի դարձնելու պահանջների ապահովումը, որը պետք է իրականացվեր Գործը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։

Միաժամանակ նկատել է, որ 29.04.2026 թվականին Դատավորի կողմից կայացված վճիռը բացասական հետևանքներ է առաջացրել նաև Գործով պատասխանող հանդիսացող Աբովյան համայնքի ղեկավարի համար այն հիմնավորմամբ, որ 29.04.2026 թվականին Դատավորի կողմից կայացված վճռով (այսուհետ նաև՝ Վճիռ) վերջինիս համար առաջացել է պարտավորություն՝ սկսած 08.02.2024 թվականից մինչև նախկին աշխատանքում վերականգնելու օրը վճարել Դիանա Եփրեմյանին հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար՝ վերջինիս միջին աշխատավարձի չափով: Նման պայմաններում իհարկե չբացառելով Վճռի բողոքարկման իրավական հնարավորությունը, որի դեպքում Դիանա Եփրեմյանը փաստացի շարունակելու է գտնվել հարկադիր պարապուրդում, իսկ հարկադիր պարապուրդի գումարը՝ հաշվարկման փուլում, այնուամենայնիվ, Լիազոր մարմնի գնահատմամբ՝ Դատավորի կողմից Գործի քննությունը 3 ամսյա ժամկետում` 18.06.2025-18.09.2025 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացնելու պայմաններում Դիանա Եփրեմյանի հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածն արհեստականորեն չէր ձգձգվի մինչև 29.04.2026 թվականը, որպիսի պայմաններում էլ Գործը հավելյալ 7 ամիս չէր գտնվի Դատարանի վարույթում, և փոխարենը Վճռի բողոքարկման դեպքում այդ նույն ժամանակահատվածում Գործը կգտնվեր վերադաս ատյանի/ատյանների վարույթում, իսկ այն չբողոքարկելու դեպքում՝ 7 ամսից էլ ավելի շուտ Գործով վճիռն արդեն օրինական ուժ ստացված կլիներ, իսկ աշխատանքային վեճը՝ լուծված։

Լիազոր մարմինը նշել է, որ վերոնշյալի լույսի ներքո ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Դատավորի կողմից Գործի դատաքննությունն ավարտվել է 10.04.2026 թվականին՝ Լիազոր մարմնի՝ 30.03.2026 թվականի «Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին» թիվ 32-Ա որոշումը ստանալուց անմիջապես հետո:

Նման պայմաններում, Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատավորի կողմից թույլ են տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ:

Լիազոր մարմինը, անդրադառնալով դատավորի կողմից թույլ տրված արարքի՝ մեղավորությամբ կատարված լինելու հանգամանքին, ինչպես նաև վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 5-րդ մասը, գտել է, որ Դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը:

Այսպիսով՝ եզրակացրել է, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավորի վարքագծի կանոնների խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Անդրադառնալով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից 17.04.2026 թվականին ներկայացված գրավոր բացատրությանը (այսուհետ նաև՝ Բացատրություն), Լիազոր մարմինը նշել է հետևյալը.

«Բացատրությամբ Դատավորի կողմից 3.1 կետում նշված դիրքորոշման կապակցությամբ՝ նախ հարկ է արձանագրել, որ օրենսդրի կողմից հատուկ հայցային վարույթների առանձնացումը և գործերի հարուցման, գործի քննության, դատական ակտերի կայացման հատուկ կարգ սահմանելն ինքնանպատակ չէ, քանզի պաշտպանության ենթակա իրավունքի բնույթով, անհետաձգելիության հանգամանքով, վիճելի նյութական իրավահարաբերության առանձնահատկություններով, սուբյեկտային կազմով և այլ գործոններով պայմանավորված՝ հայցային վարույթի ընդհանուր կանոնները չեն կարող ապահովել վարույթի այս տեսակների արդյունավետ իրականացումը։ Բացի այդ, օրենսդիրը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Բեկանված եզրափակիչ դատական ակտով գործերի նոր քննությունը» 57-րդ գլխում, մասնավորապես՝ ՔԴՕ 413-րդ հոդվածի 1-ին մասում, ամրագրել է, որ «գործի նոր քննությունը դատարանում իրականացվում է դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները»։

Վերոգրյալն ամբողջացնելով կարելի է հստակ արձանագրել, որ ՔԴՕ 57-րդ գլուխը, որն ընդգրկում է 410-414-րդ հոդվածները, չի ներառում որևէ իրավական նորմ, ինչը կբովանդակի վերադաս ատյանի կողմից եզրափակիչ դատական ակտը բեկանվելուց և գործը նոր քննության ուղարկվելուց հետո գործի նոր քննության իրականացման ժամկետների մասին: Ուստի, նման պայմաններում ՔԴՕ 413-րդ հոդվածի 1-ին մասի ուժով առավել քան ակնհայտ է, որ բեկանված և նոր քննության ուղարկված աշխատանքային վեճով նոր քննության դեպքում նույնպես կիրառելի է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ գործի քննության հատուկ ժամկետը, այն է՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո աշխատանքային վեճերի քննության և լուծման 3 ամսյա ժամկետը։ Միաժամանակ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թեև սույն դեպքում օգտագործված է «հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո» եզրույթը, իսկ Դատավորի եզրահանգմամբ՝ հատուկ ժամկետն իր կողմից ենթակա չի եղել կիրառման այն հիմնավորմամբ, որ վերջինս կայացրել է ոչ թե հայցադիմումը վարույթ ընդունելու, այլ գործը վարույթ ընդունելու մասին որոշում, հարկ է նշել, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից Վճիռը բեկանվելուց և Գործը նոր քննության ուղարկվելուց հետո պաշտպանության ենթակա իրավունքի բնույթը կամ վիճելի նյութական իրավահարաբերությունը չի փոխվել, այսինքն` ոչ միայն չի վերացել թիվ ԿԴ/0251/02/24 քաղաքացիական գործով վարույթը օրենսդրի կողմից սահմանված իմպերատիվ ժամկետում իրականացնելու պահանջը, այլև դրա պահպանումն առավել քան երբևէ եղել է խիստ անհրաժեշտ՝ հաշվի առնելով, որ Գործը, «Datalex» դատական տեղեկատվական համակարգում զետեղված տեղեկատվության համաձայն, 11.03.2024 թվականից գտնվել է առաջին ատյանի, ապա Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2025 թվականի որոշման՝ վճռաբեկության կարգով բողոքարկման արդյունքում՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվելու և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից Գործը նոր քննության ուղարկվելուց հետո՝ 18.06.2025 թվականից գտնվում է Դատավորի վարույթում։ Ստացվում է, որ մինչև Դատավորի կողմից 18.06.2025 թվականին Գործը վարույթ ընդունելը, այն 11.03.2024-18.06.2025 թվականների ընթացքում՝ արդեն շուրջ 1 տարի, 3 ամիս, 6 օր գտնվել է տարբեր դատական ատյանների վարույթներում, իսկ նման պայմաններում Գործի քննությունը 3 ամսյա ժամկետում իրականացնելու պահանջի կատարման փոխարեն Դատավորը Գործի քննությունը ձգձգել է, քանզի թեև Գործով առաջին նախնական դատական նիստը նշանակվել է 30.07.2025 թվականին՝ ՔԴՕ 166-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված 30-օրյա ժամկետի պահպանմամբ, այնուամենայնիվ աշխատանքային վեճերով գործի քննությունն ու լուծումը 3 ամսյա ժամկետում իրականացնելու պահանջի հաշվառմամբ անհրաժեշտ էր նախնական դատական նիստը նշանակել ավելի վաղ, իսկ ընդհանուր գործի քննությունն իրականացնել սեղմ՝ 3 ամսյա ժամկետում:

Բացի այդ, թվով երկրորդ նախնական դատական նիստը նշանակվել է 08.09.2025 թվականին այն դեպքում, երբ Գործի քննությունը և լուծումը Դատավորի կողմից պետք է ապահովվեր առնվազն մինչև 18.09.2025 թվականը: Բարձրագույն դատական խորհուրդն իր 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-7 որոշմամբ արձանագրել է հետևյալը. «դատավարական ժամկետների ողջամիտ խախտումները մեղքի հիմնավորման կամ դրանց հետևանքների կարևորության աստիճանը գնահատելու տեսանկյունից կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն՝ այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով..»: Սույն որոշմամբ Խորհուրդը նշել է, որ «որոշակի ժամկետներով՝ նմանատիպ գործողությունների սահմանափակումը կոչված է իրավահարաբերությունների ապահովելու կայունությունը, որոշակիությունը, հստակությունը, ինչպես նաև կանխելու և բացառելու «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն: Տվյալ դեպքում, օրենսդիրը, հաշվի առնելով աշխատանքային վեճի առանձնահատկությունները և կարևորությունը, նպատակ ունենալով երաշխավորել վարույթի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նախատեսելով արդյունավետ մեխանիզմներ, սահմանել է գործի քննության առավելագույն ժամկետ, որի չպահպանումը կարող է հանգեցնել ուշացած արդարադատության»:

Արդյունքում՝ աշխատանքային վեճը դատական քննության փուլում է գտնվել 11.03.2024-29.04.2026 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 2 տարի, 1 ամիս, 17 օր: Ընդ որում, բացառված չէ նաև Վճռի բողոքարկման հնարավորությունը, ինչը բնականաբար բացառելով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը՝ կերկարաձգի Գործով վարույթի ընթացքը և աշխատանքային վեճի լուծումը:

Անդրադառնալով Բացատրությամբ Դատավորի կողմից 3.4 կետում նշված դիրքորոշմանը և մեջբերելով Օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասը, համաձայն որի՝ «Վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով՝ «ծառայողական» դրոշմագրով...»՝ հարկ է արձանագրել այն փաստը, որ սույն կարգապահական վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը Արդարադատության նախարարությունից ելքագրվել են փակ ծրարով և «ծառայողական» դրոշմագրով, այսինքն՝ Օրենսգրքով սահմանված պահանջի խիստ պահպանմամբ:»: Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից Բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն:

Դատական նիստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդել են Միջնորդությունը:

Միաժամանակ Արդարադատության նախարարի տեղակալը կարգապահական վարույթը կարճելու մասին Դատավորի ներկայացուցչի միջնորդության վերաբերյալ նշել է, որ Լիազոր մարմինը խախտում է արձանագրել Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որը վերաբերում է դատավորի վարքագծի կանոններին և որով ամրագրվում է, որ դատավորն ի պաշտոնե գործելիս պարտավոր է առանց արդարադատության շահերին վնասելու ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, ուստի գտնում է, որ դատավորի վարքագծի կանոնի խախտում առկա է եղել այն փուլում, երբ արձանագրվել և կայացվել է որոշում վարույթ նախաձեռնելու մասին՝ անկախ գործն ըստ էության լուծված լինելու հանգամանքից, քանի որ օրենքով նախատեսված ողջամիտ ժամկետները վաղուց անցած են եղել: Գտել է, որ Արդարադատության նախարարության կողմից խախտում թույլ չի տրվել:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Դատավորը Բացատրությամբ նշել է հետևյալը.

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը մեջբերելով՝ Դատավորը նշել է, որ սույն նորմերի տառացի մեկնաբանությունից երևում է, որ օրենսդիրն առաջին ատյանի դատարանում աշխատանքային վեճերի քննության և լուծման համար սահմանել է հատուկ ժամկետ՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո երեք ամիս: Այլ կերպ ասած՝ նշված հատուկ ժամկետը գործում է միայն գործի սկզբնական քննության ընթացքում, հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո երեք ամսվա ընթացքում: Իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանված և նոր քննության ուղարկված աշխատանքային վեճերի քննության համար, Դատավորի մեկնաբանմամբ, նշված հատուկ ժամկետը չի գործում։ Սույն դեպքում, թիվ ԿԴ/0251/02/24 քաղաքացիական գործը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2025 թվականի որոշմամբ բեկանվել է և «Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով 13.06.2025 թվականին մակագրվել է Դատավորին: 18.06.2025 թվականին Դատարանը որոշում է կայացրել Գործը վարույթ ընդունելու մասին՝ 30.07.2025 թվականին ժամը 17:00-ին հրավիրելով նախնական դատական նիստ: Այսինքն, Դատավորի պատճառաբանմամբ, թիվ ԿԴ/0251/02/24 քաղաքացիական գործն իր վարույթում է գտնվել բեկանումից հետո։ Ուստի օրենսդրի կողմից ՔԴՕ 210-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երեք ամսվա ժամկետը սույն դեպքում կիրառելի չէ և հետևաբար, եռամսյա ժամկետի խախտում թույլ չի տրվել։

30.07.2025 թվականին՝ ժամը 17:00-ին, նշանակված դատական նիստին Դատավորը պարզել է հայցի հիմքը և առարկան, պատասխանողի կողմից ներկայացվել է դիրքորոշում հայցի վերաբերյալ։ Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ Դատարանը դատական նիստը հետաձգելու և այն 08.09.2025 թվականին՝ ժամը 15:00-ին նշանակելու մասին որոշում է կայացրել՝ այն հանգամանքի հաշվառմամբ, որ 14.08.2025 թվականից մինչև 04.09.2025 թվականը՝ ներառյալ գտնվելու էր ամենամյա հերթական արձակուրդում։ Բացատրության շրջանակներում Դատավորը նշել է դատական նիստերի նշանակման ժամկետները և հետաձգման հիմքերն ու պատճառները:

10.04.2026 թվականին նշանակված դատական նիստին Դատավորն արձանագրային որոշում է կայացրել՝ նախնական դատական նիստը համարել ավարտված, գործը դատաքննության նախապատրաստված, և տվյալ դատական նիստում անցում է կատարել դատաքննության փուլ: Դատարանը 10.04.2026 թվականին Գործի դատաքննությունը հայտարարել է ավարտված, և 29.04.2026 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

Դատավորը նշել է, որ կարգապահական վարույթի նյութերը մուտքագրվել են դատարանի գրասենյակ բաց ծրարով:

Դատավորը, մեջբերելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը, արձանագրել է, որ իր կողմից թույլ չի տրվել գործի քննության համար սահմանված հատուկ և ողջամիտ ժամկետների խախտում, ինչպես նաև դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ չի դրսևորվել:»:

Դատական նիստում Դատավորի ներկայացուցիչը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը կարճելու մասին միջնորդություն է ներկայացրել, որի համաձայն՝ տվյալ դեպքում կարգապահական վարույթի հարուցման օրինականությունը խախտվել է, և ըստ էության Խորհուրդն իր մի քանի որոշումներով, մասնավորապես՝ 13.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-11 և 02.09.2021 թվականի թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-18 որոշումներով գտել է, որ կարգապահական վարույթի հարուցման օրինականությունը Խորհրդի կողմից պետք է դառնա քննության առարկա և կարգապահական վարույթի օրինականության խախտումներ արձանագրվելու դեպքում այլևս առարկայազուրկ է դառնում միջնորդության մեջ նշված պատճառաբանությունների օրինականությանը և հիմնավորվածությանը անդրադառնալը: Անդրադառնալով կարգապահական վարույթի հարուցման օրինականության խախտմանը՝ նշել է, որ կարգապահական վարույթի հարուցումը պայմանավորված է եղել և կարգապահական վարույթի հարուցման հիմքում դրվել է Դատավորի կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված դատավարական ժամկետների խախտումը, մինչդեռ այս դեպքում վարույթ հարուցող մարմինը սա գնահատել է բացառապես որպես դատավորի կողմից իր վարքագծային կանոնների խախտում, մինչդեռ քանի որ նման ձևով է տրվել գնահատականը, ըստ էության շրջանցվել է Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումն առ այն, որ ընթացիկ վարույթներով և գործերով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել միայն այն դեպքում, երբ արձանագրվում է դատական պաշտպանության իրավունքի խախտում և միաժամանակ նաև արդարադատության խաթարում: Կարգապահական վարույթ հարուցելու մասին 2026 թվականի մարտի 30-ի որոշմամբ, ըստ էության, այս հանգամանքներին որևէ անդրադարձ չի կատարվել, Դատավորի կողմից նրա վարույթում գտնվող ընթացիկ գործով դատավարական նորմի խախտման հիմքով հարուցվել է կարգապահական վարույթ՝ առանց դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման վերաբերյալ որևէ եզրահանգումներ և գնահատականներ տալու: Կարգապահական վարույթը հարուցվել է 30.03.2026 թվականին, սակայն այս գործով ուժի մեջ մտած դատական ակտը տվյալ պահի դրությամբ դեռևս չկա 29.04.2026 թվականին է Դատարանի կողմից կայացվել գործով վճիռը, որը բողոքարկվել է վերաքննիչ դատարան և ներկայումս գտնվում է քննության փուլում: Գտել է, որ Դատավորին վերագրելով դատավարական նորմի խախտում՝ ընթացիկ վարույթի պայմաններում, որևէ արձանագրում, ըստ էության, կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ չի եղել պաշտպանության իրավունքի խախտման և արդար դատաքննության խաթարման վերաբերյալ և սրանով կարգապահական վարույթի օրինականությունը ամբողջությամբ խախտվել է։ Մասնավորապես՝ կարգապահական վարույթը հարուցվել է Դատավորի կողմից փաստացի դատավարական նորմի խախտման հիմքով, սակայն այդպիսի ընթացիկ քաղաքացիական գործի պայմաններում դա կարող էր հարուցվել միայն մի դեպքում դա Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի ուղղակի կարգավորումն է, որ ընթացիկ գործով վարույթ կարող է հարուցվել, երբ արձանագրվում է դատական պաշտպանության իրավունքի խախտում և միաժամանակ նաև արդարադատության խաթարում: Այս հանգամանքներն առհասարակ կարգապահական վարույթ հարուցելու ընթացքում քննարկման առարկա չեն դարձվել և փաստացի սա դիտարկվել է ընդամենը վարքագծային խախտում և դրանով, ըստ էության, շրջանցվել է Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումը՝ ընթացիկ վարույթներով կարգապահական վարույթ հարուցելու անթույլատրելիության կամ սահմանափակ հնարավորության վերաբերյալ: Իսկ Խորհուրդը իր կողմից հիշատակված որոշումներում ուղղակիորեն նշել է, որ կարգապահական վարույթի օրինականությունը Խորհրդում ենթակա է ստուգման, և այդպիսի խախտումներ հայտնաբերվելու դեպքում կարգապահական վարույթը ենթակա է կարճման՝ առանց վարույթ հարուցող մարմնի միջնորդության պատճառաբանության օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու: Հավելել է, որ վերագրված դատավարական ժամկետի խախտումը կարող է նաև հանգեցնել վարքագծային կանոնների խախտման, սակայն երբ դատավարական օրենքով սահմանված է հստակ ժամկետ և այդ ժամկետը խախտվում է, սա ուղիղ, առաջին հերթին կարող է դիտարկվել դատավարական նորմի, հետո նոր վարքագծային կանոնի խախտման համատեքստում, թեև իրենց պնդումը հիմնականում այն է, որ սա բացառապես դատավարական նորմի խախտում է և ոչ էթիկայի խախտում: Հետևաբար այս խախտումներն այնքան ծանրակշիռ են, որ հիմք են հարուցված կարգապահական վարույթը կարճելու համար:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1. Դիանա Եփրեմյանը 05.03.2024 թվականին էլեկտրոնային եղանակով հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Աբովյան համայնքի ղեկավարի՝ Աբովյան համայնքի ղեկավարի 07.02.2024 թվականին կայացրած թիվ 47 և թիվ 51 կարգադրություններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելու պարտավորեցնելու պահանջների մասին (այսուհետ՝ Հայցադիմում), որը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Կարաքեհյանին (թիվ ԿԴ/0251/02/24 քաղաքացիական գործ):

4.2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Կարաքեհյանի 16.07.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

4.3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2025 թվականի որոշմամբ Դիանա Եփրեմյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.07.2024 թվականի վճիռը բեկանվել է և Գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

4.4. Գործը 13.06.2025 թվականին մակագրվել է Դատավորին:

4.5. Դատարանի 18.06.2025 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ՝ 30.07.2025 թվականին:

4.6. Դատարանի 10.04.2026 թվականի որոշմամբ դատաքննությունը հայտարարվել է ավարտված և նշանակվել է վճռի հրապարակման օր:

4.7. Դատարանի 29.04.2026 թվականի վճռով հայցը բավարարվել է։

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի և նրա ներկայացուցիչների կողմից ներկայացված հակափաստարկները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնի (կանոնների) խախտում,

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից վարքագծի կանոնի (կանոնների) խախտումը թույլ է տրվել դիտավորությամբ, թե կոպիտ անփութությամբ։

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Անդրադառնալով Դատավորի ներկայացուցչի՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը կարճելու մասին միջնորդությանը՝ Խորհուրդը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտումների։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը հայտնաբերվել է մինչև տվյալ գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ապա նույն կետով նախատեսված մեկ տարվա ժամկետը հաշվարկվում է տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից, իսկ եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման, ապա վարույթ կարող է հարուցվել նաև մինչև տվյալ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Նշված նորմերի վերլուծության արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետային սահմանափակումը գործում է դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման պարագայում, մինչդեռ սույն վարույթը հարուցվել և Խորհրդին ներկայացվել է դատավորի կողմից վարքագծի կանոնները խախտելու հիմքով։ Հետևաբար կարգապահական վարույթի հարուցման օրինականության խախտման վերաբերյալ Դատավորի ներկայացուցչի պնդումն անհիմն է, իսկ այդ հիմքով վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժման ենթակա։

Ինչ վերաբերում է Դատավորի ներկայացուցչի վկայակոչած Խորհրդի որոշումներին, ապա նման պայմաններում Խորհուրդը փաստում է, որ նշված գործերի և սույն կարգապահական վարույթի փաստական հանգամանքները նույնական չեն, հետևաբար տվյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներն ու նորմերի մեկնաբանությունները սույն գործով կիրառելի չեն։

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Արդարադատության նախարարության ներկայացուցիչների և Դատավորի ներկայացուցիչների դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպեսզի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև ապահովի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը՝ միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`

1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝

1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը,

3) գործի քննության ընդհանուր տևողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի (այդ թվում՝ ըստ փուլերի) քննության միջին ուղենիշային տևողությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի և լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։

Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է, այդ թվում նաև անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:

Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե' որպես անհատ, և թե' որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:

ՔԴՕ 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները հատուկ հայցային վարույթներն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով:

ՔԴՕ 202-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը՝ առանձին աշխատանքային վեճերով գործերը:

ՔԴՕ 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի փոփոխման, լուծման, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանում է աշխատանքային վեճերի լուծման հատուկ ընթացակարգ: Մասնավորապես՝ դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով է քննում աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի փոփոխման, լուծման, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը, ընդ որում՝ օրենսդիրը սահմանել է գործի քննության և լուծման ժամկետային առանձնահատկություն:

Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննելու և լուծելու համար որոշակի ժամկետ սահմանող դատավարական նորմն ուղղված է երաշխավորելու տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, բացի այդ, այն հնարավորություն է տալիս դատարանին առավել արդյունավետությամբ իրականացնել իր պարտականությունները:

Խորհուրդը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս արձանագրել է, որ եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, քանի որ նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը:

Խորհուրդը, սույն կարգապահական վարույթի շրջանակներում վերահաստատելով գործի ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտությունը և կարևորությունը, ևս մեկ անգամ փաստում է, որ դատավորին վերագրված խախտումը կարող է հանգեցնել ոչ միայն արդար դատաքննության իրավունքի, այլ նաև այլ իրավունքների խախտման, ինչպես նաև կրկին կարևորում է, որ օրենսդրությամբ ամրագրված դատավարական ժամկետներն ինքնանպատակ չեն, դրանք կոչված են երաշխավորելու դատավարական գործընթացներում իրավական որոշակիությունը, ապահովելու անձանց կողմից իրենց իրավունքներից օգտվելու նպատակով հաջորդիվ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը2։ Օրենսդրի կողմից ժամկետների սահմանումը և պահպանումն իրավական որոշակիության սկզբունքի պահպանման երաշխիք են:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքի կիրառման հարցերին, նշել է. «(…) գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը։

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն իր ամրագրումն է ստացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Այսպես՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) դատարանի կողմից ողջամիտ ժամկետում (…) դատաքննության իրավունք:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994)»3:

Վերոգրյալ իրավանորմերի և դիրքորոշումների լույսի ներքո Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ ժամկետների սահմանումը: Այդպիսի ժամկետների սահմանումը դատարանների համար առաջացնում է ուղղակի պարտականություն՝ դատավարական գործողությունները կատարել և գործերի քննությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Տվյալ պարագայում Գործը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից նոր քննության ուղարկվելուց հետո 13.06.2025 թվականին մակագրվել է Դատավորին և 18.06.2025 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, 30.07.2025 թվականին նշանակվել է նախնական դատական նիստ, իսկ Դատարանի 29.04.2026 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը պարտավոր էր Գործի քննությունն ավարտել և վճիռ կայացնել առնվազն մինչև 19.09.2025 թվականը, մինչդեռ վճիռը կայացվել և Համակարգում տեղադրվել է 29.04.2026 թվականին: Այսինքն՝ Գործի քննությունը և լուծումն օրենքով սահմանված եռամսյա ժամկետի փոխարեն իրականացվել է այն վարույթ ընդունելուց շուրջ 10 ամիս 10 օր հետո, որն ավելի քան երեք անգամ գերազանցում է աշխատանքային վեճերով գործի քննության և լուծման համար սահմանված օրենսդրական ժամկետը:

Այս կապակցությամբ Խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ որոշակի ժամկետներով նմանատիպ գործողությունների սահմանափակումը կոչված է ապահովելու իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, հստակությունը, ինչպես նաև կանխելու և բացառելու «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն: Տվյալ դեպքում, օրենսդիրը, հաշվի առնելով աշխատանքային վեճի առանձնահատկությունները և կարևորությունը, նպատակ ունենալով երաշխավորել վարույթի մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը, նախատեսելով արդյունավետ մեխանիզմներ, սահմանել է գործի քննության առավելագույն ժամկետ, որի չպահպանումը կարող է հանգեցնել ուշացած արդարադատության:

Ինչ վերաբերում է Դատավորի այն պնդմանը, որ օրենսդրի կողմից նշված հատուկ ժամկետը գործում է միայն գործի սկզբնական քննության ժամանակ՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո երեք ամսվա ընթացքում, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված և նոր քննության ուղարկված աշխատանքային վեճերի քննության համար նշված հատուկ ժամկետը կիրառելի չէ, ապա Խորհուրդը հարկ է համարում նշել հետևյալը.

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Բեկանված եզրափակիչ դատական ակտով գործերի նոր քննությունը» վերտառությամբ 57-րդ գլխով կարգավորվել են գործը դատարան ուղարկելու, գործի նոր վարույթ հարուցելու հարցերը, սահմանվել են գործի նոր քննության ժամանակ դատարանի կազմը, գործի նոր քննության կարգը և սահմանները: Ընդ որում, վերոնշյալ գլխի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում դատարանը գործն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է գործը վարույթ ընդունելու մասին որոշում, իսկ 413-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի նոր քննությունը դատարանում իրականացվում է դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները։

Թիվ ԵԴ/8728/02/23 քաղաքացիական գործով 23.04.2024 թվականին կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը (…) օրենսդիրը նախատեսել է հատուկ հայցային վարույթների հստակ շրջանակ՝ համապատասխան հատուկ կանոնները կիրառելի համարելով բացառապես այն գործերով, որոնք ունեն օրենքով կանխորոշված որոշակի առանձնահատկություններ՝ պայմանավորված պաշտպանության ենթակա իրավունքով կամ վիճելի իրավահարաբերության բնույթով, սուբյեկտային կազմով և այլ գործոններով։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտել է, որ հատուկ հայցային վարույթի տվյալ տեսակին բնորոշ առանձնահատկությունները չունեցող հայցային բնույթի գործերը պետք է քննվեն համապատասխան առանձնահատկություններն ունեցող գործերի համար սահմանված վարույթի կանոններով, իսկ այդպիսի առանձնահատկությունների բացակայության պարագայում՝ հայցային վարույթի ընդհանուր կանոններով:

Խորհուրդը գտնում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ գլխով եզրափակիչ դատական ակտը բեկանվելուց և գործը նոր քննության ուղարկվելուց հետո գործի նոր քննության իրականացման ժամկետների վերաբերյալ կոնկրետ նորմ նախատեսված չլինելու պայմաններում դատարանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով, այդ թվում նաև՝ հատուկ ժամկետների պահպանմամբ:

Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ օրենսդրի կողմից աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննելու և լուծելու ժամկետի նախատեսումը պայմանավորված է վեճի բնույթով, այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե գործը հայցադիմումի կամ գործի վարույթ ընդունմամբ է քննվում, դրա արդյունքում վեճի բնույթը չի փոխվում, ինչով ևս մեկ անգամ փաստվում է գործն օրենքով նախատեսված եռամսյա ժամկետում քննելու անհրաժեշտությունը։

Վերոգրյալի հաշվառմամբ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտում:

Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ դատավարական ժամկետների ողջամիտ խախտումները մեղքի հիմնավորման կամ դրանց հետևանքների կարևորության աստիճանը գնահատելու տեսանկյունից կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն՝ այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով, մինչդեռ նման պայմաններում անաչառ դիտորդի կողմից հնարավոր է ծագի ողջամիտ կասկած առ այն, որ Դատարանը վերը նշված գործը քննելու ժամանակ դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կայացնելու ուղղությամբ պատշաճ ջանասիրություն չի դրսևորել:

Տվյալ դեպքում Խորհուրդը գտնում է, որ Դատավորի փաստարկները, ըստ էության, չեն բովանդակում այնպիսի բացառիկ հիմնավորումներ և հանգամանքներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում Գործով կատարված խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:

Գնահատման առարկա դարձնելով Դատավորի կողմից թույլ տրված արարքում մեղքի առկայության հարցը՝ Խորհուրդն արձանագրում է, որ այն կատարվել է կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից դատավորի վարքագծի կանոնները խախտելու առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումը կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել, այնքանով, որքանով հստակ իրավակարգավորումների պայմաններում չի պահպանել դրանց պահանջները:

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Խորհուրդը գտնում է, որ Դատավորի նկատմամբ կիրառման ենթակա կարգապահական տույժի համաչափության տեսանկյունից էական նշանակություն ունեն խախտման բնույթը, մեղքի աստիճանը, խախտման տևողությունն ու հետևանքները, դատավարության մասնակիցների իրավունքների և արդարադատության շահի վրա դրա ազդեցությունը, ինչպես նաև դատավորի անձը, նախկինում կիրառված կարգապահական տույժերի առկայությունը կամ բացակայությունը և մեղմացնող կամ ծանրացնող այլ հանգամանքները։

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումն իր բնույթի և հետևանքների առումով ստվերում է դատարանի անկախությունը և անաչառությունը, հանրության մոտ առաջացնում է անվստահություն Սահմանադրությամբ և Օրենսգրքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ:

Խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանին հայտարարել նկատողություն:

2 Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

_____________

1 Տե՛ս, Դատավորի վարքագծի բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, կետ 207, 209, https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/Commentry_on_the_Bangalore_principles_ of_Judicial_Conduct.pdf

2 Տես, Բարձրագույն դատական խորհրդի (inter alia) 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 20.12.2021թ. թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27, 22.09.2022թ. թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17, 03.11.2022թ. թիվ ԲԴԽ-89-Ո-Կ-22 որոշումները:

3 Տես, ՀՀ սահմանադրական դատարանի 16.03.2021թ. թիվ ՍԴՈ-1585 որոշումը։

 

Նախագահող`

Անդամներ`

Ա․ ԱթաբեկՅԱՆ

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

 

 

 

 

Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ա. Հարությունյան
Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան