ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-312-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-122-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և կիրառման ոլորտը

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության ոլորտի գործունեության իրականացումը, կառավարմանն առնչվող հարաբերությունները:

2. Սույն օրենքը տարածվում է տոհմային անասնաբուծության ոլորտում ծագած հարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների, այդ թվում` տոհմային անասնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց վրա:

 

Հոդված 2.

Հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքը սահմանում է ոլորտային հետևյալ հիմնական հասկացությունները.

1) տոհմային անասնաբուծություն` սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծում, տոհմանյութի արտադրություն և օգտագործում.

2) տոհմանյութ` տոհմային կենդանի, սերմնահեղուկ (սպերմա), սաղմ, ձվաբջիջ, ձու, մեղվի մայրապտուկ, ձկնկիթ.

3) տոհմային կենդանի՝ բուծման նպատակով օգտագործվող գյուղատնտեսական մաքրացեղ կենդանի, որը տոհմային անասնաբուծության ոլորտում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված է տոհմային կենդանիների պետական ռեեստրում․

4) տոհմային արժեք` տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը և դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա.

5) բոնիտավորում` հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկությունների, ինչպես նաև տոհմանյութի գնահատում և դասակարգում.

6) տոհմային վկայական (անձնագիր)՝ սահմանված նմուշի փաստաթուղթ, որով հաստատվում են տոհմային կենդանու ծագումը, մթերատվությունը և տոհմային արժեքը, ինչպես նաև սաղմի և սերմնահեղուկի ծագումը, տոհմային արժեքը և այլ հատկանիշներ․

7) տոհմային գրանցում` տոհմային արժեք ներկայացնող կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների և գյուղատնտեսական կենդանիների ցեղերի ու նրանց խմբերի տոհմային կարգավիճակի ամրագրում.

8) տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձ` սելեկցիոն նպատակով տոհմային կենդանիներ բուծող և տոհմանյութ արտադրող ու օգտագործող, ինչպես նաև տոհմային անասնաբուծության ոլորտում տոհմային ծառայություն մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր.

9) տոհմային կենդանիների մթերատվություն` տոհմային կենդանիների տնտեսական օգտակար հատկությունների և նրանցից ստացվող արտադրանքի քանակական ու որակական ցուցանիշների ամբողջություն.

10) մաքրացեղ բուծում` միևնույն ցեղին պատկանող կենդանիների բուծում` այդ ցեղին բնորոշ հատկությունների կայունացման նպատակով.

11) տոհմային կենդանիների պետական գրանցում` տոհմային կենդանիների վերաբերյալ տեղեկատվության գրանցում համապատասխանաբար պետական տոհմային գրքում և տոհմային կենդանիների պետական ռեեստրում տոհմային կենդանիների նույնականացման, ծագման որոշման և մթերատվության հաստատման նպատակով․

12) գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գիրք` որևէ ցեղի բարձր մթերատու տոհմային կենդանիների կամ հոտերի, նախիրների և երամակների տվյալների հավաքածու.

13) տոհմային կենդանիների պետական ռեեստր՝ տվյալների շտեմարան, որը պարունակում է տեղեկություններ տոհմային կենդանիների և տոհմային հոտերի մասին.

14) տոհմային անասնաբուծական տնտեսություն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, որոնք զբաղվում են տոհմային կենդանիների բուծմամբ, դրանց արտադրողականության և տոհմային հատկանիշների բարելավմամբ, վաճառքով, փորձարկմամբ, ինչպես նաև կենդանիների արհեստական սերմնավորմամբ և սաղմերի փոխպատվաստմամբ․

15) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն․

16) տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակի վկայական՝ լիազոր մարմնի կողմից տրվող փաստաթուղթ, որը հավաստում է անասնաբուծական տնտեսության տոհմային լինելը․

17) տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակ՝ լիազոր մարմնի հավաստում տոհմային անասնաբուծական տնտեսության՝ տոհմային լինելու մասին։

 

Հոդված 3. Տոհմային անասնաբուծության մասին օրենսդրությունը

 

1. Տոհմային անասնաբուծության ոլորտում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, իրավական այլ ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Տոհմային անասնաբուծության ոլորտում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

 

ԳԼՈՒԽ 2

 

 ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 4. Տոհմային անասնաբուծության ոլորտում Կառավարության իրավասությունները

 

1. Տոհմային անասնաբուծության ոլորտում Կառավարության իրավասություններն են`

1) տոհմային անասնաբուծության ոլորտում պետական աջակցության ծրագրերի հաստատումը․

2) տոհմային անասնաբուծության զարգացման համար տոհմասելեկցիոն գործընթացի իրականացման նպատակով ծրագրերի հաստատումը․

3) տոհմային անասնաբուծության ոլորտում մասնագետների վերապատրաստման կարգի հաստատումը․

4) տոհմային կենդանիների պետական գրանցման կարգի հաստատումը:

 

Հոդված 5.

Լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Լիազոր մարմնի իրավասություններն են`

1) տոհմային վկայականների (անձնագրերի) ձևերի հաստատումը․

2) տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձանց կողմից վարվող գրանցամատյանների ձևերի հաստատումը.

3) տոհմային անասնաբուծական տնտեսությունների գրանցման և հաշվառման կարգի հաստատումը.

4) պետական աջակցության ծրագրերի մշտադիտարկման կարգի հաստատումը․

5) պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահառուների կողմից տրամադրվող հաշվետվության ձևի հաստատումը․

6) պետական տոհմային գրքի կազմման և տոհմային կենդանիների պետական ռեեստրի վարման կարգի հաստատումը․

7) տոհմային անասնաբուծական տնտեսություններին ներկայացվող պահանջների հաստատումը․

8) տոհմային անասնաբուծական տնտեսություններին տոհմային կարգավիճակի տրման և դադարեցման կարգի հաստատումը․

9) տոհմային կենդանիների բոնիտավորման հրահանգների և գնահատման կարգի հաստատումը.

10) տնտեսության տոհմային կարգավիճակի վկայականի ձևի և տրման կարգի հաստատումը։

 

ԳԼՈՒԽ 3

 

ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 6. Տոհմային կենդանիների բոնիտավորումը

 

1․ Տոհմային կենդանիների բոնիտավորում անցկացվում է ամեն տարի գործող բոնիտավորման կարգին համապատասխան՝ ըստ կենդանատեսակների և ցեղի, բոլոր այն կազմակերպություններում, որոնք արտադրում են տոհմանյութ։

2․ Տոհմային կենդանիների բոնիտավորումն իրականացվում է լիազոր մարմնի հաստատած համապատասխան հրահանգներով։

3․ Ըստ կենդանատեսակի և ցեղի՝ տոհմային կենդանիների բոնիտավորումն իրականացնում են անասնաբույծ մասնագետները։

4․ Բոնիտավորման արդյունքներն արտացոլվում են բոնիտավորման մատյաններում, և ամփոփում է համապատասխան տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձը։

 

Հոդված 7. Տոհմային կենդանիների գնահատումը

 

1․ Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու և էգ կենդանիները ենթակա են գնահատման` ըստ սերնդի որակի, մթերատվության և տոհմանյութի:

2․ Տոհմային կենդանիների գնահատումն անցկացվում է այն տոհմային նախիրներում, հոտերում և երամակներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձր մակարդակ:

3․ Տոհմային կենդանիների գնահատումն իրականացնում են անասնաբույծ մասնագետները։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 8.

Տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները

 

1․ Տոհմային անասնաբուծական տնտեսությունների հիմնական տեսակներն են՝

1) տոհմաբուծարանները.

2) տոհմային վերարտադրողական տնտեսությունները.

3) գենոֆոնդային տնտեսությունները.

4) սելեկցիոն կայանները.

5) գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման և սաղմերի փոխպատվաստման կազմակերպությունները.

6) ֆերմաները:

2․ Տոհմային անասնաբուծական տնտեսությունների համապատասխանությունն իրականացվում է լիազոր մարմնի հաստատած՝ տոհմային անասնաբուծական տնտեսություններին ներկայացվող պահանջներին համապատասխան։

 

Հոդված 9.

Տոհմային անասնաբուծական տնտեսությունների կարգավիճակը և գործունեության սկզբունքները

 

1․ Տոհմային անասնաբուծական տնտեսությունները գործում են յուրաքանչյուր ցեղի համար նախատեսված տոհմասելեկցիոն ծրագրերի համաձայն, որը հաստատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։

2․ Լիազոր մարմնի սահմանած կարգով հաշվառված և գրանցված անասնաբուծական տնտեսություններն ստանում են տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակ:

3․ Տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակը տրվում է հինգ տարի ժամկետով, որի վերաբերյալ լիազոր մարմինը տալիս է համապատասխան վկայական:

4․ Տոհմային անասնաբուծական տնտեսությունն ստանում է տոհմային կարգավիճակ, եթե համապատասխանում է տոհմային անասնաբուծական տնտեսություններին ներկայացվող պահանջներին։

5․ Տնտեսության տոհմային կարգավիճակը կարող է դադարեցվել`

1) տոհմային կարգավիճակ ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) տոհմային անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում․

3) տոհմային անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դիմումի համաձայն.

4) տնտեսության տոհմային կարգավիճակի ժամկետը լրանալու դեպքում։

6․ Տնտեսության տոհմային կարգավիճակի ժամկետը երկարաձգվում է նախկինում տրված ժամկետի չափով։

7․ Տոհմային անասնաբուծական տնտեսություններն իրենց գործունեությունը կազմակերպում են հետևյալ սկզբունքների հիման վրա.

1) ապահովել ցեղի կատարելագործումը, պահպանել տոհմային կենդանիներին, որոնք պատկանում են տեղական և աշխարհում լայնորեն տարածում ստացած գենոֆոնդներին՝ առաջնահերթություն տալով դրանց մաքրացեղ բուծմանը․

2) ռացիոնալ օգտագործել տոհմային ռեսուրսները․

3) լավագույն ցեղերի գենոֆոնդի օգտագործմամբ տեղական տոհմային և մթերատու հատկանիշներով կենդանիների թվաքանակի աճ և կատարելագործում․

4) գիտական հիմունքներով կենսաբանական բազմազանության ապահովում և պաշտպանություն․

5) ցեղի համապատասխանեցում տարածաշրջանի պայմաններին․

6) պահպանել տոհմային կենդանիների խնամքին և պահմանը ներկայացվող ընդհանուր անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջները։»։

 

Հոդված 2.

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։

3․ «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը գործող տոհմային տնտեսությունների համար ուժի մեջ կմտնի սույն օրենքն ընդունվելուց վեց ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 15

Երևան

ՀՕ-312-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական: