ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 1993 թ. N 238
Քաղ. Երևան
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով սահմանամերձ շրջաններում և քաղաքներում ավերածությունների հետևանքների վերացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 18-ի «1993 թվականի վարկային էմիսիայի մասին» որոշմամբ Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսված վարկային էմիսիայի միջոցների հաշվին սահմանամերձ շրջանների և քաղաքների բնակչությանը տրամադրել երկարաժամկետ (20 տարով) տարեկան 0,5 տոկոսադրույքով վարկ, յուրաքանչյուր ընտանիքին` մասնակի ավերված տների վերականգնման համար մինչև 150 հազ. ռուբլի, իսկ լրիվ ավերված տների վերակառուցման համար մինչև 300 հազ. ռուբլի, որից պատգամավորների Գորիսի շրջխորհրդի գործկոմին` 55 մլն ռուբլի, Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին` 5 մլն ռուբլի, Տաուշի շրջխորհրդի գործկոմին` 80 մլն ռուբլի, Մեղրու շրջխորհրդի գործկոմին` 0,5 մլն ռուբլի, Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմին` 80 մլն ռուբլի, Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմին` 2 մլն ռուբլի, Արարատի շրջխորհրդի գործկոմին` 4 մլն ռուբլի, Իջևանի շրջխորհրդի գործկոմին` 10 մլն ռուբլի, Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմին` 50 մլն ռուբլի, Կապանի շրջխորհրդի գործկոմին` 150 մլն ռուբլի, Գորիսի քաղխորհրդի գործկոմին` 45 մլն ռուբլի և Կապանի քաղխորհրդի գործկոմին` 25 մլն ռուբլի:
2. Հայաստանի Հանրապետության բանկին, Հայպետագրոբանկին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով կանխիկ դրամի բացթողումը` բնակարանների գնման համար ամբողջությամբ, իսկ կառուցման (վերականգնման) համար` նախատեսված վարկի մինչև 50 տոկոսի չափով:
Պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված վարկերը տրամադրել միայն բնակարանների առուծախի վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերի կամ բնակարան կառուցելու համար հողհատկացման մասին որոշման և բնակարանի կառուցման (վերականգնման)նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
Հանձնարարել պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` վարկի հատկացման վերաբերյալ կնքվող պայմանագրերում վարկերի ոչ նպատակային օգտագործման համար նախատեսել վարկավորման դադարեցում, վերականգնում և տուգանքներ:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին` սույն որոշման 1-ին կետում նշված սահմանամերձ շրջաններին և քաղաքներին հատկացնել համապատասխան քանակությամբ նյութական ռեսուրսներ` բնակչությանը վաճառելու համար:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել սահմանամերձ շրջանների և քաղաքների անհատական բնակելի տների վերականգնման համար առանձնացված շինանյութերի փոխադրումները:
5. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` սահմանամերձ շրջանների և քաղաքների անհատական բնակելի տների վերականգնման համար երկարաժամկետ վարկի հատկացման, սպասարկման, նպատակային օգտագործման և մարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար ղեկավարվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 23-ի «Հանրապետությունում ստեղծված տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման միջոցառումների մասին» հրամանագրով ստեղծված օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի 1993 թվականի մարտի 6-ի և 7-ի նիստի N 130/22-82 հանձնարարականին համապատասխան 1992 թվականի դեկտեմբերին և 1993 թվականի հունվարին Տաուշի շրջանում մարտական գործողությունների ժամանակ առանձնացված նյութական արժեքների փոխհատուցման համար պատգամավորների Տաուշի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին հատկացնել 11 մլն ռուբլի և հրետակոծության հետևանքով տուժած «Սելենա» գործարանի վերականգնման աշխատանքների կատարման համար պատգամավորների Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմին` 6,5 մլն ռուբլի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 18-ի «1993 թվականի վարկային էմիսիայի մասին» որոշմամբ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում ավերածությունների հետևանքների վերացման համար 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պարբերաբար անդրադառնալ սույն որոշման կատարման ընթացքին և տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
8. Սույն որոշմամբ նախատեսված վարկի հատկացման և օգտագործման նկատմամբ վերահսկողությունը դնել պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների և նրանց ֆինանսական բաժինների վրա:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|