ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 238
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 1993 թ. N 238

Քաղ. Երևան

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով սահմանամերձ շրջաններում և քաղաքներում ավերածությունների հետևանքների վերացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 18-ի «1993 թվականի վարկային էմիսիայի մասին» որոշմամբ Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսված վարկային էմիսիայի միջոցների հաշվին սահմանամերձ շրջանների և քաղաքների բնակչությանը տրամադրել երկարաժամկետ  (20 տարով) տարեկան 0,5 տոկոսադրույքով վարկ, յուրաքանչյուր ընտանիքին` մասնակի ավերված տների վերականգնման համար մինչև 150 հազ. ռուբլի, իսկ լրիվ ավերված տների վերակառուցման համար մինչև 300 հազ. ռուբլի, որից պատգամավորների Գորիսի շրջխորհրդի գործկոմին` 55 մլն ռուբլի, Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին` 5 մլն ռուբլի, Տաուշի շրջխորհրդի գործկոմին` 80 մլն ռուբլի, Մեղրու շրջխորհրդի գործկոմին` 0,5 մլն ռուբլի, Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմին` 80 մլն ռուբլի, Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմին` 2 մլն ռուբլի, Արարատի շրջխորհրդի գործկոմին` 4 մլն ռուբլի, Իջևանի շրջխորհրդի գործկոմին` 10 մլն ռուբլի, Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմին` 50 մլն ռուբլի, Կապանի շրջխորհրդի գործկոմին` 150 մլն ռուբլի, Գորիսի քաղխորհրդի գործկոմին` 45 մլն ռուբլի և Կապանի քաղխորհրդի գործկոմին` 25 մլն ռուբլի:

2. Հայաստանի Հանրապետության բանկին, Հայպետագրոբանկին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով կանխիկ դրամի բացթողումը` բնակարանների գնման համար ամբողջությամբ, իսկ կառուցման (վերականգնման) համար` նախատեսված վարկի մինչև 50 տոկոսի չափով:

Պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված վարկերը տրամադրել միայն բնակարանների առուծախի վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերի կամ բնակարան կառուցելու համար հողհատկացման մասին որոշման և բնակարանի կառուցման (վերականգնման)նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

Հանձնարարել պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` վարկի հատկացման վերաբերյալ կնքվող պայմանագրերում վարկերի ոչ նպատակային օգտագործման համար նախատեսել վարկավորման դադարեցում, վերականգնում և տուգանքներ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին` սույն որոշման 1-ին կետում նշված սահմանամերձ շրջաններին և քաղաքներին հատկացնել համապատասխան քանակությամբ նյութական ռեսուրսներ` բնակչությանը վաճառելու համար:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել սահմանամերձ շրջանների և քաղաքների անհատական բնակելի տների վերականգնման համար առանձնացված շինանյութերի փոխադրումները:

5. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` սահմանամերձ շրջանների և քաղաքների անհատական բնակելի տների վերականգնման համար երկարաժամկետ վարկի հատկացման, սպասարկման, նպատակային օգտագործման և մարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար ղեկավարվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 23-ի «Հանրապետությունում ստեղծված տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման միջոցառումների մասին» հրամանագրով ստեղծված օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի 1993 թվականի մարտի 6-ի և 7-ի նիստի N 130/22-82 հանձնարարականին համապատասխան 1992 թվականի դեկտեմբերին և 1993 թվականի հունվարին Տաուշի շրջանում մարտական գործողությունների ժամանակ առանձնացված նյութական արժեքների փոխհատուցման համար պատգամավորների Տաուշի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին հատկացնել 11 մլն ռուբլի և հրետակոծության հետևանքով տուժած «Սելենա» գործարանի վերականգնման աշխատանքների կատարման համար պատգամավորների Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմին` 6,5 մլն ռուբլի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 18-ի «1993 թվականի վարկային էմիսիայի մասին» որոշմամբ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում ավերածությունների հետևանքների վերացման համար 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պարբերաբար անդրադառնալ սույն որոշման կատարման ընթացքին և տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

8. Սույն որոշմամբ նախատեսված վարկի հատկացման և օգտագործման նկատմամբ վերահսկողությունը դնել պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների և նրանց ֆինանսական բաժինների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ