ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3423-Ա |
«09» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 2181-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի ապրիլի 30-ի թիվ Ն/28038-26 զեկուցագրի հիման վրա և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով 2026 թվականի հունիսի 11-ին հարուցվել և իրականացվել է վարչարարություն:
Վարչարարության շրջանակներում 2026 թվականի հուլիսի 3-ին հրավիրվել է լսումներ, որին մասնակցել է վարույթին մասնակից դարձված անձ՝ Արսեն Մկրտչյանի լիազորված անձ՝ Գրիգորի Վարդանյանը:
Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի ապրիլի 30-ի թիվ Ն/28038-26 զեկուցագիրը, 2026 թվականի մայիսի 14-ի թիվ Ն/30443-26 գրությունը, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 3-ի արձանագրությունը, գնահատելով վարույթի առարկային առնչվող փաստական հանգամանքներն ու ապացույցները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/1323/05/22 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 8-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (այսուհետ՝ Վճիռ) պարտավորեցվել է Երևանի քաղաքապետարանին Արսեն Մկրտչյանին տրամադրել դիմումով պահանջված Վ.Սարգսյան ինստիտուտի հետնամասում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցին հարող տարածքի վրա ինքնակամ կառուցված շինության օրինականացման վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ:
Ի կատարումն Վճռի պահանջի՝ Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է 2026 թվականի ապրիլի 30-ի N 2181-Ա որոշումը, որի 1-ին կետով Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 113/2 հասցեում գտնվող 930.4քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ կիսակառույց բնակելի տուն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչվել է օրինական:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի մայիսի 14-ի թիվ Ն/30443-26 գրությամբ, ի լրումն թիվ Ն/28038-26 գրության՝ նշվել է հետևյալը. «..... Երևանի քաղաքապետի 30.04.2026թ. հ.2181-Ա որոշման հետ կապված, հայտնում ենք, որ որակավորում ունեցող չափագրողի կողմից ներկայացված օրինականացվող շինության հատակագծային լուծումներում բացակայում են բնակելի սենքերը՝ ինչը հակասում է ՀՀՇՆ 31.02.2022թ. «Բնակելի շենքեր, մաս II անհատական բնակելի տներ» ՀՀ շինարարական նորմերով /4. ընդհանուր դրույթներ, կետ 25) սահմանված բնակելի տանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ապահոված չէ ինքնակամ իրականացված բնակելի տան նորմատիվային հեռավորությունը հայցվող հողամասի սահմաններից` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N04-Ն /Հավելված փոփոխություն 2024 թվականի նոյեմբերի 5-ի N19-Ն/ հրամանով հաստատված ՀՀՇՆ 30.01.2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերով սահմանված պահանջների / կետեր 131, 132 և գլուխ XXVII հակահրդեհային պահանջներ/՝ շինության հողամասի սահմաններին կից ճակատներում առկա լուսային բացվածքի մասով, ինչը սահմանափակում է այլ անձանց /այդ թվում Երևան համայնք/ իրավունքները և oրենքով պահպանվող շահերը՝ համաձայն «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի /կետ 2, ենթակետ ա)/։»
Արսեն Մկրտչյանի լիազորված անձ՝ Գրիգորի Վարդանյանը վարույթի լսումների ընթացքում վարույթի առարկայի կապակցությամբ հայտնել է դիրքորոշում այն մասին, որ Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 30-ի N 2181-Ա որոշումը կայացվել է դատական ակտի հիման վրա, որի պահանջը վարչական մարմնի կողմից ենթակա է պարտադիր կատարման և որի անվավերության իրավական և փաստական հիմքեր առկա չեն:
Վարույթի լսումների ընթացքում Գրիգորի Վարդանյանը հայտնել է, որ տվյալ դեպքում վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ 2026 թվականի ապրիլի 30- ին, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48- րդ հոդվածի ուժով վարչական մարմինը պետք է վարչական վարույթի շահագրգիռ մասնակցին տրամադրի բարենպաստ վարչական ակտ, քանի որ նշված օրենքով նախատեսված ժամկետներում որոշում չի կայացվել: Արդյունքում՝ Գրիգորի Վարդանյանը, որպես Արսեն Մկրտչյանի լիազորված անձ, վարույթի լսումների ընթացքում բանավոր կերպով խնդրել է քննվող վարույթի արդյունքում ընդունել բարենպաստ վարչական ակտը և այն տրամադրել Արսեն Մկրտչյանին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի մայիսի 14-ի թիվ Ն/30443-26 գրության կապակցությամբ Գրիգորի Վարդանյանը հայտնել է, որ գրությամբ նկարագրված հանգամանքները վարչական մարմնին հայտնի են եղել դեռևս 2021-2022 թվականներին, որպիսիք քննության առարկա են դարձել դատարանում, սակայն դատարանը որոշել է, որ վարչական մարմինը պետք է տրամադրի օրենքի ուժով ընդունված համարվող վարչական ակտը՝ ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ վարչական մարմնի վրա:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1- ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետևյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից անձի ներկայացրած դիմումի հիմքով հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չընդունելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և անձը կարող է ձեռնամուխ լինել իր հայցած իրավունքի իրականացմանը, որպիսի կանոնից բացառություն է սահմանված այն դեպքի համար, երբ նման վարչական ակտն առ ոչինչ է, այսինքն՝ այդ դեպքում վարչական ակտը չի կարող համարվել ընդունված վարչական ակտ: Միաժամանակ վարչական ակտն առ ոչինչ հանդիսանալու համար անհրաժեշտ է, որ դրանով հասցեատիրոջ վրա դրվի ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվի ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, որի բացակայությունը բացառում է վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն օրենքի ուժով ընդունված համարվող վարչական ակտի հետ կապված արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «... «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պայմանավորված չէ հայցվող վարչական ակտի իրավաչափությամբ, և նույնիսկ ոչ իրավաչափ վարչական ակտը, նշված իրավադրույթի համաձայն, կարող է համարվել ընդունված, բացառությամբ՝ եթե այդ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ: Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով:»։
Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նաև հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը դատարանի կողմից քննության առարկա չի դարձվում և վարչական մարմինը, օժտված լինելով իր կողմից կայացված վարչական ակտի իրավաչափությունը վերանայելու իրավասությամբ, օրենքով սահմանված կարգով կարող է քննարկման առարկա դարձնել վարչական ակտի անվավերության հիմքերը և դրանց տալ համապատասխան իրավական գնահատական:
Տվյալ դեպքում թիվ ՎԴ/1323/05/22 վարչական գործի շրջանակներում քննության առարկա է հանդիսացել բացառապես հայցվող վարչական ակտի առոչնչության հարցը, իսկ դիմումատուի կողմից հայցված վարչական ակտի իրավաչափության հարցը՝ անվավերության հիմքերի բացահայտման տեսանկյունից, քննարկման առարկա չի հանդիսացել:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումներով արտահայտվել է դիրքորոշում այն մասին, որ օրենսդիրը նախատեսել է, որ ոչ իրավաչափ վարչական ակտերը հանդես են գալիս երկու ձևով` որպես անվավեր և որպես առ ոչինչ վարչական ակտեր: Օրենսդիրը, հաշվի առնելով վարչական ակտի որոշակիությանը ներկայացվող պահանջի կարևորությունը, նախատեսել է, որ առանձին դեպքերում վարչական ակտի որոշակիության պահանջի չպահպանումը հանգեցնում է վարչական ակտի առ ոչինչ լինելուն: Եթե վարչական ակտից հստակ չի երևում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել կամ ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում, ապա այդ վարչական ակտը, ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» կետերի, առ ոչինչ վարչական ակտ է: Սակայն, եթե վարչական ակտը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, և միաժամանակ, առկա չեն օրենսդրի կողմից սահմանված վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հիմքերը, իրավական որոշակիության պահանջին չհամապատասխանող վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օրենքի ուժով ընդունված համարվող ֆիկտիվ վարչական ակտին, նախադեպային որոշումներով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ « .... այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը «de jure» համարվում է ընդունված, ինչը նշանակում է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը համարվում է եզրափակված, որից հետո վարչական մարմինն այլևս իրավասու չէ նույն դիմումի առնչությամբ կայացնել որևէ որոշում՝ քանի դեռ ֆիկտիվ վարչական ակտի իրավաչափության հարց օրենքով սահմանված կարգով չի բարձրացվել և դրան լուծում չի տրվել։» (հիմք՝ թիվ ՎԴ/0324/05/23 վարչական գործով 2025 թվականի հոկտեմբերի 1-ի որոշում):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Նույն կետի «բ» ենթակետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի ապրիլի 30-ի թիվ Ն/28038-26 զեկուցագիրը, 2026 թվականի մայիսի 14-ի գրությունը և ղեկավարվելով ՀՀՇՆ 2022 թվականի փետրվարի 31-ի «Բնակելի շենքեր, մաս II անհատական բնակելի տներ» շինարարական նորմերի «4. ընդհանուր դրույթներ»-ի 25-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն (Հավելված փոփոխություն 2024 թվականի նոյեմբերի 5-ի N 19-Ն) հրամանով հաստատված ՀՀՇՆ 2023 թվականի հունվարի 30-ի «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերով սահմանված պահանջների 131-132 կետերով և XXVII գլուխի հակահրդեհային պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43- րդ և 58-րդ հոդվածներով, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 30-ի N 2181-Ա որոշումը ճանաչել անվավեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |