ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-306-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «գործընթաց» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով։

 

Հոդված 2․ Օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով․

«35) իրականացնում է Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցումը և գրանցման դադարեցումը:»:

 

Հոդված 3․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

 

«Հոդված 14․1․ Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցումը, գրանցման դադարեցումը և առողջության սերտիֆիկատը

 

1. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով ձկնաբուծական տնտեսությունները կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունները կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունները (այսուհետ սույն հոդվածում՝ տնտեսավարող սուբյեկտ) պետք է գրանցված լինեն Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում (այսուհետ սույն հոդվածում՝ համակարգ)։

2. Համակարգում գրանցվելու նպատակով տնտեսավարող սուբյեկտը Կառավարության որոշմամբ հաստատված կարգով դիմում է ներկայացնում լիազոր մարմին։

3. Դիմումը ստանալուց հետո լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացվում է ստուգում համակարգում գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով։ Սույն մասով սահմանված հրամանում նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի անվանումը և հասցեն, ստուգման նպատակը և ժամանակահատվածը։

4. Ստուգման ավարտից հետո անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում տեսուչի կողմից ստուգման արդյունքներով կազմված համապատասխանության վերաբերյալ եզրակացության հիման վրա լիազոր մարմինը տնտեսավարող սուբյեկտի տվյալները գրանցում է համակարգում և ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը։

5. Եվրոպական հանձնաժողովի հաստատումը ստանալուց հետո տնտեսավարող սուբյեկտը համարվում է համակարգում գրանցված, և լիազոր մարմինը տնտեսավարող սուբյեկտին տրամադրում է գրանցման համար։

6. Համակարգում գրանցումն անժամկետ է։

7. Համակարգում գրանցման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերում լիազոր մարմնի սահմանած ժամկետում թերությունները չշտկվելու կամ ստուգման ընթացքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու կամ Եվրոպական հանձնաժողովի կողմից գրանցումը չհաստատվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի՝ համակարգում գրանցման նպատակով ներկայացրած դիմումը մերժվում է։

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերով գրանցման նպատակով դիմումը մերժելն արգելք չէ հետագայում նորից դիմելու համար։

9. Համակարգում գրանցված լինելու դեպքում Եվրոպական միության երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար տնտեսավարող սուբյեկտը հայտ է ներկայացնում լիազոր մարմին առողջության սերտիֆիկատ ստանալու նպատակով։

10. Գրանցման պահից սկսած՝ տարին առնվազն մեկ անգամ, լիազոր մարմինը տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացնում է ստուգում համակարգում գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով։

11. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում տրվում է հանձնարարական (կարգադրագիր)` սահմանելով դրանք վերացնելու համար ժամկետ, որը համաձայնեցվում է տնտեսավարող սուբյեկտի հետ։

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի դիմումի հիման վրա լիազոր մարմինը դադարեցնում է տնտեսավարող սուբյեկտի գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

13. Սույն հոդվածով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքը։»:

 

Հոդված 4.

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 13

Երևան

ՀՕ-306-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2026 թվական: