ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպություն՝ Լիազոր մարմնի կողմից հավաստագրված կազմակերպություն, որն իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ ռեաբիլիտացիոն ծրագիր.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած՝ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Որոշման պատճենն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Ոստիկանության իրավասու ծառայողը նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մեջ առկա տեղեկությունները Կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված համակարգ և մուտքագրման օրը համակարգով ծանուցում է ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությանը։ Ծանուցումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության կրկնակի դրսևորումները կանխարգելելու նպատակով:»։
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ մասերով.
«12.1. Անհետաձգելի միջամտության որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած՝ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Կազմակերպությունն այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության կրկնակի դրսևորումները կանխարգելելու նպատակով։
12.2. Ոստիկանության իրավասու ծառայողն անհետաձգելի միջամտության որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մեջ առկա տեղեկությունները Կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված համակարգ և մուտքագրման օրը համակարգով ծանուցում է ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությանը: Ծանուցումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունը ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության կրկնակի դրսևորումները կանխարգելելու նպատակով:»։
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ ընդգրկելով ինչպես ոստիկանության, քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, այնպես էլ վերջիններիս չգրանցած՝ աջակցության կենտրոնների և ապաստարանների, ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունների տրամադրած տվյալները, դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում, ինչպես նաև այդ վիճակագրության ամենամյա հրապարակում իր պաշտոնական կայքում.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) սոցիալական դեպքի վարման շրջանակում օգտագործում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում ներգրավված անձանց՝ բռնության ենթարկված անձի, բռնություն գործադրած անձի և բռնության ականատեսի վերաբերյալ ընտանեկան և կենցաղային բռնության հաշվառման համակարգում առկա տվյալները, որոնք ներառում են նրանց բնակության վայրի, աշխատանքի և կրթության վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև առողջական վիճակի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ հաշմանդամության կամ հոգեկան առողջության խնդիրների առկայությունը, ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից, թունանյութերից կամ դեղանյութերից կախվածությունը, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու հանգամանքը, ընտանեկան և կենցաղային բռնության տեսակը և գործադրման վայրը, բռնությունը հայտնաբերող կամ ահազանգող անձի և բռնության ենթարկված անձի կամ բռնություն գործադրած անձի հետ նրա ունեցած փոխհարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով.»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 2-րդ կետի, 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 7-րդ հոդվածի 12․2-րդ մասի և 4-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից։
2. 2027 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 7-րդ հոդվածի 12.1-ին մասը:
3. Սույն օրենքի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունները կատարվում են մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-298-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|