ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․
«2․ Գնահատման գործունեության ոլորտում Կառավարությունն իրավասու է հաստատելու և իրականացնելու գնահատման գործունեության ոլորտի ծրագրեր և հայեցակարգեր:»։
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) լիազոր մարմին՝ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում (այսուհետ՝ Որակավորում) իրականացնող, որակավորման վկայականի գործողությունը կասեցնող և դադարեցնող, գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով գնահատողներին, գնահատման կազմակերպություններին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ինչպես նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին հաշվառող և հաշվառումից հանող լիազոր մարմին.»․
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) գնահատման առաջադրանք՝ պատվիրատուի կողմից գնահատողին ներկայացվող առաջադրանք, որում արտացոլվում են գնահատվող օբյեկտի նույնականացման տվյալները, գնահատման նպատակով ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև գնահատման արժեքի տեսակը, գնահատման նպատակը և գնահատվող օբյեկտի նկատմամբ իրավունքների տեսակը.»․
3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր՝ լիազոր մարմնի ներդրած՝ առցանց աշխատող էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ Հաշվառման ծրագիր), որտեղ մուտքագրվում են անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների վերաբերյալ սույն օրենքով սահմանված տվյալները, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի գնահատման պարտադիր դեպքերում՝ նաև անշարժ գույքի գնահատման հաշվետվությունները.»․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18) հաշվառում՝ լիազոր մարմնի կողմից որակավորված անձանց, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին սույն օրենքով սահմանված դիմումի և փաստաթղթերի հիմքով Հաշվառման ծրագրում ներառելը և սույն օրենքով սահմանված պահանջների ապահովման դեպքում Հաշվառման ծրագիրը կիրառելու նպատակով հասանելիություն տրամադրելը:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «գաղտնաբառը» բառից հետո լրացնել «գնահատման» բառով․
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հաշվառման ծրագիր մուտք են գործում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով:»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Գնահատողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պայմանագիրը՝ անշարժ գույքի դեպքում, կնքելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Հաշվառման ծրագիր պարտադիր ենթակա են մուտքագրման այդ պայմանագրի անբաժանելի հավելված հանդիսացող գնահատման առաջադրանքը, գնահատման նպատակը և գնահատման ենթակա օբյեկտի հասցեն, որի վերաբերյալ համակարգը գեներացնում է համապատասխան նույնականացնող տվյալներ պարունակող քաղվածք: Սույն մասով սահմանված պայմանագրի հիման վրա գնահատման հաշվետվություն կազմելուց հետո գնահատողի կողմից Հաշվառման ծրագիր պարտադիր ենթակա են մուտքագրման անշարժ գույքի վերաբերյալ իր կազմած յուրաքանչյուր գնահատման հաշվետվության վերաբերյալ հետևյալ տվյալները․
1) գնահատված օբյեկտի հասցեն.
2) գնահատման նպատակը, պայմանագրի անբաժանելի հավելված հանդիսացող գնահատման առաջադրանքը.
3) գնահատման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) գնահատված արժեքը.
5) գնահատված օբյեկտի վերաբերյալ առկա այն սահմանափակումները, որոնք ազդել են արժեքի որոշման վրա.
6) գնահատված օբյեկտի տեղազննության արձանագրությունը:»․
4) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Յուրաքանչյուր գնահատման հաշվետվություն կամ հաշվետվության վերաբերյալ տվյալներ Հաշվառման ծրագիր մուտքագրելիս ինքնաշխատ ձևավորվում է հաշվետվությունը նույնականացնող անհատական ծածկագիր։ Հաշվառման ծրագրում հաշվետվության տվյալների մուտքագրումը փաստում է հաշվետվության գոյության մասին: Հաշվետվության վերաբերյալ տվյալները Հաշվառման ծրագիր մուտքագրված չլինելու դեպքում տվյալ հաշվետվությունը չի կարող օգտագործվել որպես գնահատման հաշվետվություն:»․
5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Սույն հոդվածի 1․1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում պետական մարմինների կողմից իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնի կամ հրապարակման ոչ ենթակա վարույթի, ուսումնասիրության կամ գործի շրջանակում պատվիրված և կազմված գնահատման հաշվետվությունների վրա։ Սույն մասով սահմանված տվյալները Հաշվառման ծրագիր մուտքագրելու դեպքում պատասխանատվությունը կրում է գնահատողը։»․
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն օրենքով սահմանված կարգով վկայականի կասեցման դեպքում գնահատողին կարող է տրամադրվել Հաշվառման ծրագրի կիրառման սահմանափակ հասանելիություն, բացառապես այն դեպքում, երբ Հաշվառման ծրագրում առկա է գնահատողի մուտքագրած ընթացիկ գնահատման առաջադրանք, որի կապակցությամբ պատվիրատուն սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված կարգով պահանջել է շարունակել պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գնահատման առաջադրանքը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի հավելվածը:».
2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) գնահատման դիմաց վճարի չափի, ինչպես նաև գնահատման հաշվետվության կազմման համար անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի ձեռքբերման պետական տուրքի և այլ վճարների չափի վերաբերյալ, որը չի ներառվում գնահատման դիմաց վճարի գումարի մեջ և, ըստ անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ձեռքբերման դիմաց վճարման ենթակա պետական տուրքի և այլ վճարների չափի փոփոխության, կարող է փոփոխվել և ենթակա է վճարման պատվիրատուի կողմից.».
3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) պատվիրատուին ուղղված ծանուցում՝ սույն օրենքի համաձայն պայմանագրի կնքման հիմքով պատվիրատուի անունից գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու մասով գնահատողին լիազորություն ընձեռելու վերաբերյալ.».
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) գնահատվող օբյեկտի վերաբերյալ պատվիրատուի կողմից Պայմանագրի կնքման պահին տրամադրված տեղեկությունների և փաստաթղթերի ամբողջական ցանկի վերաբերյալ:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին նախադասությունը «աշխատանքային» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների մատուցման» բառերով, իսկ «պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի» բառերից առաջ՝ «և ծառայությունների մատուցման» բառերով․
2) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
«5) որակավորման վկայականի գործողության կասեցման դեպքում.
6) սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված պահանջը խախտելու դեպքում:»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-8.4-րդ մասերով.
«8.2. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում անձն իրավունք ունի որպես գնահատող հաշվառում ստանալու համար նոր դիմում ներկայացնելու միայն հաշվառումից հանվելուց վեց ամիս հետո, եթե հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելու պահին հանդիսացել է մասնագիտական կամ որակավորման հանձնաժողովի անդամ:
8.3. Սույն հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում անձն իրավունք ունի որպես գնահատող հաշվառում ստանալու համար նոր դիմում ներկայացնելու միայն սույն օրենքով նախատեսված հիմքերի վերացման դեպքերում:
8.4. Սույն հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում գնահատողն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն հիմքերի վերացումից հետո:»․
4) 11-րդ մասի 3-րդ կետի «1-ին մասի 5-7-րդ» բառերը փոխարինել «11-րդ մասի 1-ին և 6-րդ» բառերով․
5) 13-րդ մասի «և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով» բառերը փոխարինել «կետով նախատեսված հիմքով» բառերով․
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ մասով.
«14. Սույն հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունն այլևս չի կարող հաշվառվել լիազոր մարմնում:»:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «գրավոր» բառը փոխարինել «բացառապես էլեկտրոնային» բառերով․
2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գնահատման հաշվետվությունը ստորագրում է գնահատողը՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
3. Գնահատման հաշվետվությունը հաստատվում է գնահատողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ (անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում), իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ այն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որի հետ գնահատողը կնքել է աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաև նշվում է էջերի քանակը:»․
3) 4-րդ մասի «Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ» բառերը փոխարինել «Անշարժ» բառով, իսկ «աջ՝ ներքևի անկյունում» բառերը՝ «վրա» բառով․
4) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) օգտագործել վավերականությունը չհաստատված աղբյուրներից ստացված տվյալներ, ներառել գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ, ինչպես նաև տվյալներ և տեղեկություններ, որոնք ստացվել են այլ գնահատման հաշվետվություն կազմելու նպատակով՝ Հաշվառման ծրագրի գեներացրած այլ քաղվածքի հիման վրա․»։
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Գնահատման հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության խնդիրները կարող է պարզաբանել լիազոր մարմինը` իրեն ուղղված գնահատման գործունեության սուբյեկտներից յուրաքանչյուրի կամ շահառուների դիմումի հիման վրա, կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, բացառությամբ եթե լիազոր մարմնում առկա է տեղեկատվություն առ այն, որ գնահատման հաշվետվությունը դատարանում քննության առարկա է կամ դատական քննության ընթացքում ներկայացվել է որպես ապացույց, որոնց վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:»․
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից՝ Հաշվառման ծրագրի գեներացրած համապատասխան քաղվածքի հիման վրա, հետևյալ եղանակներով՝
ա. էլեկտրոնային եղանակով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների շտեմարաններին հասանելիության ապահովման միջոցով՝ համապատասխան մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա,
բ. թղթային եղանակով՝ գրավոր հարցման հիման վրա.»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով սահմանված տեղեկություններ ստանալու իրավունքը ծագում է սույն օրենքի ուժով Հաշվառման ծրագրի կողմից համապատասխան քաղվածքի գեներացման պահից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների շտեմարաններին գնահատողների հասանելիության կարգը սահմանում է Կառավարությունը:»․
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կնքված պայմանագրի հիման վրա Կառավարության սահմանած կարգով ստանալու հասանելիություն համապատասխան մարմնի տվյալների շտեմարաններին.».
4) 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) գնահատումը կատարել սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառապես գնահատվող օբյեկտի տեղազննության հիման վրա: Տեղազննության արդյունքների արձանագրման ճշգրտության և հիմնավորվածության համար պատասխանատվությունը կրում է գնահատողը։ Եթե տեղազննություն իրականացնելիս որևէ կերպ խոչընդոտվել է անշարժ գույք մուտք գործելը, կամ գնահատման հաշվետվությունը պատվիրվել է պետական մարմինների կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնի կամ հրապարակման ոչ ենթակա վարույթի, ուսումնասիրության կամ գործի շրջանակում, ապա գնահատումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով․»․
5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետով․
«1․1) յուրաքանչյուր գնահատման հաշվետվություն կազմելիս օգտագործել բացառապես տվյալ հաշվետվության համար կատարված հարցման արդյունքով ձեռք բերված տվյալները և տեղեկությունները․»․
6) 3-րդ մասի 2-րդ կետի «հաշվետվության» բառը փոխարինել «հաշվետվությունները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված՝ Հաշվառման ծրագրում մուտքագրման ենթակա գնահատման հաշվետվությունների» բառերով․
7) 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) գնահատման հաշվետվության յուրաքանչյուր էջում լրացնել Հաշվառման ծրագրի ձևավորած անհատական ծածկագիրը.
4) էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրել հաշվետվությունը.»․
8) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) հրաժարվել գնահատման իրականացումից շահերի բախման իրավիճակում, այդ թվում՝ եթե նույն գույքի վերաբերյալ նախկինում իրականացրել է գնահատում՝ հանդիսանալով գնահատման այլ կազմակերպության աշխատակից.»․
9) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ կետերով.
«11) լիազոր մարմնի պահանջով երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել իր կազմած գնահատման հաշվետվությունները, գնահատման հաշվետվությունների ցանկը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու համար լիազոր մարմնի պահանջած՝ գնահատման ստանդարտներով սահմանված գնահատման աշխատանքի ընթացքում ձեռք բերված հիմնական, նախնական տվյալները, բոլոր հաշվարկները, հետազոտության և վերլուծության արդյունքները, որոնց միջոցով կայացվել է արժեքի վերաբերյալ վերջնական եզրակացությունը: Երեք աշխատանքային օրվա ընթացքում պահանջված տեղեկատվությունը ներկայացնելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել լիազոր մարմին՝ հայտնելով կատարման անհնարինության մասին, նշելով անհնարինության պատճառները և հայցելով կատարման նոր ժամկետ.
12) սույն մասի 11-րդ կետում նշված լիազոր մարմնի պահանջով ներկայացման ենթակա հաշվետվություններում, պահանջված տեղեկատվությունում, ինչպես նաև այլ փաստաթղթերում չներառել կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ:»․
10) 4-րդ մասի 2-րդ կետի «ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում)» բառերը փոխարինել «էլեկտրոնային թվային ստորագրությամբ» բառերով․
11) 4-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերը «հետ աշխատանքային» բառերից հետո լրացնել «կամ ծառայությունների մատուցման» բառերով և 6-րդ կետի «կնքված» բառից հետո հանել «աշխատանքային» բառը:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) գնահատողի վկայականի կասեցման դեպքում պահանջելու կատարել պայմանագրով ստանձնած պարտականությունները կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միակողմանի հրաժարվելու պայմանագրից.»․
2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) գնահատման կազմակերպությանը կամ գնահատողին տրամադրել գնահատման օբյեկտի վերաբերյալ և գնահատման համար անհրաժեշտ իր տիրապետության ներքո գտնվող ամբողջական, հավաստի տեղեկատվություն և փաստաթղթեր, այդ թվում՝ գնահատվող օբյեկտի ֆիզիկական և տեխնիկական բնութագրեր, գնահատողի պահանջով ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև ապահովել գնահատվող գույքի տեղազննման հնարավորություն.»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գնահատման հաշվետվության կապակցությամբ առաջացած յուրաքանչյուր անբարենպաստ հետևանքի համար պատասխանատվությունը կրում է բացառապես պատվիրատուն, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուն ապացուցում է, որ պարտականությունների պատշաճ կատարումն անհնարին է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով:»:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Որակավորման քննությունները դասակարգվում են հետևյալ տեսակների՝
1) 3-րդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող անձինք.
2) 2-րդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և գնահատման ոլորտում երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք, ինչպես նաև 3-րդ կարգի գնահատողի որակավորում ունեցող և լիազոր մարմնի հաստատած վեցամսյա մասնագիտական դասընթացին մասնակցած անձինք.
3) 1-ին կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն և գնահատման ոլորտում հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք, ինչպես նաև 2-րդ կարգի գնահատողի որակավորում ունեցող և լիազոր մարմնի հաստատած վեցամսյա մասնագիտական դասընթացին մասնակցած անձինք:»․
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Որակավորման քննությունների համար դիմելու և քննություններին մասնակցելու պայմանները, որակավորման քննությունների մասնակիցներին ներկայացվող պահանջները և որակավորման քննությունների կարգը սահմանում է Կառավարությունը, որով սահմանվում են յուրաքանչյուր տեսակի որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները և ձևերը, ինչպես նաև որակավորման քննություններին առաջադրվող հարցերի, խնդիրների և առաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև քննությունը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ:»․
3) 5-րդ մասից հանել «, առաջադրվող հարցերը» բառերը, իսկ նույն մասի «որակավորման հանձնաժողովը, և» բառերը փոխարինել «լիազոր մարմինը, որը» բառերով․
4) 6-րդ մասի «համակարգչային թեստավորման» բառերը փոխարինել «համակարգչի» բառով․
5) 9-րդ մասը «հայտատուին» բառից հետո լրացնել «համապատասխանաբար 3-րդ կարգի, 2-րդ կարգի կամ 1-ին կարգի» բառերով:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.
| «Հոդված 20.1. | Որակավորման վկայականների դասակարգումը |
1. Որակավորման վկայականները, ըստ տեսակների, դասակարգվում են 3-րդ կարգի, 2-րդ կարգի և 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայականների:
2. 3-րդ կարգի գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողը (3-րդ կարգի գնահատողը) իրավասու է իրականացնելու միայն բնակարանների և մարդատար ավտոմեքենաների գնահատում, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի և նոր ստեղծվող (կառուցման ընթացքում գտնվող) անշարժ գույքի:
3. 2-րդ կարգի գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողը (2-րդ կարգի գնահատողը) իրավասու է իրականացնելու բոլոր տեսակի գնահատման օբյեկտների գնահատում, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի և նոր ստեղծվող (կառուցման ընթացքում գտնվող) անշարժ գույքի:
4. 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողը (1-ին կարգի գնահատողը) իրավասու է իրականացնելու ցանկացած տեսակի գնահատման օբյեկտի գնահատում:»:
Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 22. | Գնահատման գործունեություն իրականացնելու համար տրամադրվող միավորները և դրանց նվազեցման կարգը, վկայականի գործողության կասեցման և դադարեցման հիմքերը |
1. Գնահատողի որակավորման վկայական ստացած անձին որակավորման վկայական տրամադրելու օրվանից մեկ տարի ժամկետով գնահատման գործունեություն իրականացելու համար տրվում է 20 միավոր: Գնահատողին յուրաքանչյուր հաջորդ տարի տրվում է 20 միավոր, ընդ որում, նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:
2. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար համապատասխանաբար կիրառվում են 1, 3 կամ 20 միավոր նվազեցումները: Նվազեցումները կատարում է լիազոր մարմինը մասնագիտական հանձնաժողովի միջոցով՝ գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրությունների շրջանակում կազմված եզրակացությունների հիման վրա։
3. 1 միավոր նվազեցումը կիրառվում է, եթե գնահատողն իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել տեխնիկական կամ ձևաբանական սխալ կամ վրիպակ, որը չի հանգեցնում կազմած գնահատման հաշվետվության անարժանահավատության և չի ազդում գնահատված արժեքի վրա: Ընդ որում, յուրաքանչյուր գնահատման հաշվետվության ուսումնասիրության ընթացքում սույն մասով սահմանված յուրաքանչյուր սխալի համար հանվում է մեկական միավոր, իսկ նույն գնահատման հաշվետվության մեջ ամբողջությամբ նույն տեխնիկական կամ ձևաբանական սխալը կամ վրիպակը մեկից ավելի անգամ կրկնվելու դեպքում, անկախ դրանց ընդհանուր քանակից, հանվում է 1 միավոր:
4. 3 միավոր նվազեցումը կիրառվում է, եթե գնահատողն իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել մեթոդաբանական կամ վերլուծական այնպիսի խախտում, որը չի ազդել գնահատված արժեքի վրա: Սույն մասով նախատեսված հիմքով յուրաքանչյուր խախտման համար հանվում է երեքական միավոր, ընդ որում, յուրաքանչյուր գնահատման հաշվետվության ուսումնասիրության ընթացքում յուրաքանչյուր սխալի համար հանվում է երեքական միավոր: 3 միավորի նվազեցումը կիրառվում է նաև այն դեպքում, երբ գնահատողը չի կատարել սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1-ին կետով սահմանված պարտականությունը։
5. 20 միավոր նվազեցումը կատարվում է, եթե գնահատողը իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել գնահատման արժեքի վրա ազդող սխալ կամ գնահատումն իրականացրել է շահերի բախման իրավիճակում:
6. Վկայականի գործողության կասեցման հիմքերն են՝
1) մեկ օրացուցային տարվա ընթացքում 7 միավոր նվազեցումը.
2) վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.
3) պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ լինելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում՝ իր լիազորությունների ժամկետով.
4) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարը երկու ամիս անընդմեջ չվճարելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը համարվում է կասեցված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված կասեցման դիմումի և անդամավճարը վճարված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչև վճարումներն ամբողջությամբ կատարելը.
5) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը մինչև անդամակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված կասեցման դիմումի և անդամակցությունը դադարեցված լինելը հավաստող տեղեկանքի հիման վրա․
6) սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված կարգով նախատեսված տեղեկատվությունը լիազոր մարմին ոչ ամբողջական ներկայացնելը կամ չներկայացնելը։
7. Վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցնում է լիազոր մարմինը՝ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցվում է նվազագույնը մեկ ամիս ժամկետով, իսկ առավելագույնը՝ երկու տարի ժամկետով՝ սույն հոդվածի 20-րդ մասով սահմանված կարգով:
8. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքով վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցվում է անորոշ ժամկետով մինչև հիմքերի պատշաճ վերացումը:
9. Վկայականի գործողությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Կառավարության սահմանած կարգով՝ Հաշվառման ծրագրի միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ Հաշվառման ծրագրից տեղեկություններ ստանալու համար և լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել Հաշվառման ծրագրից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան հրամանը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականի գործողության կասեցման մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմնի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության կասեցման մասին նշում:
10. Վկայականի գործողության կասեցման ընթացքում գնահատողն իրավունք չունի իրականացնելու գնահատման գործունեություն, բացառությամբ նախքան վկայականի կասեցումը կնքված և գործող պայմանագրերի հիման վրա սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված դեպքերում պատվիրատուի կողմից պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելու պահանջի հիմքով կատարված գնահատման գործունեության:
11. Վկայականի գործողության դադարեցման հիմքերն են՝
1) մեկ օրացուցային տարվա ընթացքում կամ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված խախտման հիմքով 20 միավոր նվազեցումը.
2) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը.
3) որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ գնահատման գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.
4) գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելը.
5) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը.
6) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը խախտելը.
7) վկայականի գործողության կասեցման ժամկետում սույն օրենքի իմաստով գնահատման գործունեություն իրականացնելը.
8) որակավորման վկայականի՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալը։
12. Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության, ինչպես նաև Կառավարության սահմանած դեպքերում և կարգով լիազոր մարմինը ստեղծում է լիազոր մարմնի և գնահատման ինքնակարգավորվող կազմակերպությունների մասնակցությամբ հանձնաժողով, որի կազմը պետք է տարբերվի գործող մասնագիտական հանձնաժողովի կազմից, և որի գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը։ Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովը, ուսումնասիրելով գնահատման հաշվետվությունը և մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը, քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ որոշում է՝ արդյոք առկա են 20 միավոր նվազեցնելու հիմքեր: Քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի կազմում ներառված լիազոր մարմնի ներկայացուցիչներն ունեն որոշիչ ձայնի իրավունք: Հանձնաժողովի նիստերն ուղիղ եթերով առցանց հեռարձակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում կամ սոցիալական ցանցի էջում: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հայտնելու հատուկ կարծիք: Հանձնաժողովի եզրակացության հիման վրա կազմվում է ամփոփաթերթ, որը կցվում է վարչական վարույթի նյութերին: Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
13. Վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի՝ վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանով դադարեցնում է լիազոր մարմինը՝ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
14. Վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Հաշվառման ծրագրի միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ Հաշվառման ծրագրից տեղեկություններ ստանալու համար և լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել Հաշվառման ծրագրից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան հրամանը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմնի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության դադարեցման մասին նշում:
15. Ցանկացած կարգի գնահատողի որակավորման վկայականի գործողության դադարեցումից հետո անձը Կառավարության սահմանած կարգով կարող է դիմել 3-րդ կարգի գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար վերջինիս վկայականի գործողության դադարեցումից երեք ամիս հետո, իսկ 1-ին և 2-րդ կարգի գնահատողի որակավորման վկայականի գործողության դադարեցումից հետո համապատասխանաբար նույն կարգի գնահատողի որակավորման քննություններին մասնակցելու համար՝ վկայականի գործողության դադարեցումից մեկ տարի հետո։
16. Վկայականն ուժը կորցրած ճանաչելու կամ գործողությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի հրամանները ենթակա են անհապաղ կատարման, և դրանց դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում վիճարկվող հրամանի կատարումը:
17. Վկայականը կասեցնելու և դադարեցնելու մասին լիազոր մարմնի հրամանի պատճենը Հաշվառման ծրագրի միջոցով ուղարկվում է նաև գնահատման կազմակերպություն:
18. Սույն հոդվածով սահմանված հիմքերով 6 միավոր և ավելի նվազեցվելու դեպքում գնահատողը պարտավոր է անցնել մասնագիտական վերապատրաստում: Յուրաքանչյուր նվազեցված միավորի դիմաց գնահատողը պարտավոր է անցնել մեկական ժամ մասնագիտական վերապատրաստում:
19. Մասնագիտական վերապատրաստումն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների, հաշվառված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների, անհատական դասընթացների, ինչպես նաև միջազգային դասընթացներին մասնակցությամբ, որոնց արդյունքները, դասընթացների ժամաքանակը և ժամկետները պետք է ամրագրված լինեն դասընթացը կազմակերպողի հավաստագրով: Մասնագիտական վերապատրաստման նվազագույն պահանջները սահմանում է լիազոր մարմինը:
20. Համապատասխան ժամաքանակով մասնագիտական վերապատրաստումը հավաստող հավաստագրի ներկայացման դեպքում լիազոր մարմնի որոշմամբ գնահատողի որակավորման վկայականի կասեցումը վերացվում է: Ընդ որում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը հավաստող հավաստագրի տրամադրման ժամկետը կարող է նաև նախորդել վկայականը կասեցնելու կամ միավորները նվազեցնելու ամսաթվին, բայց ոչ ավելի, քան այդ ամսաթվին նախորդող մեկ տարի ժամկետը: Գնահատողի կողմից մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը հավաստող հավաստագիրը լիազոր մարմին կարող է ներկայացվել վկայականի կասեցման հրամանն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո՝ մինչև երկու տարին լրանալը: Վկայականը կասեցնելու մասին լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, սույն հոդվածով սահմանված կարգով մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը հավաստող հավաստագիրը լիազոր մարմին չներկայացվելու դեպքում վկայականի գործողությունը դադարեցվում օրենքի ուժով:»:
Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ղեկավարի ընդունած իրավական ակտով վաղաժամկետ դադարեցնում է մասնագիտական հանձնաժողովի գնահատող անդամի անդամակցությունը: Մասնագիտական հանձնաժողովի գնահատող անդամի անդամակցությունը վաղաժամկետ դադարում է գնահատողի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելով կամ կասեցնելով, գնահատողին հաշվառումից հանելով, մասնագիտական հանձնաժողովի նիստերից երկու և ավելի անգամ անհարգելի բացակայելու դեպքերում.»․
2) 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. գնահատման սուբյեկտների կամ շահառուների դիմումների հիման վրա կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ կատարում է գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ մասնագիտական հանձնաժողովի միջոցով, այդ թվում՝ գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության, ինչպես նաև գնահատման հաշվետվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ, որոնք եզրափակվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված՝ սույն օրենքով սահմանված եզրակացությունների հիման վրա՝ լիազոր մարմնի՝ վարչական վարույթը՝ համապատասխան դեպքով և հիմքերով, եզրափակելու մասին վարչական ակտ կայացնելով: Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերը և կարգը սահմանում է Կառավարությունը: Մասնագիտական հանձնաժողովի մասնագիտական ուսումնասիրությունների առարկա չեն կարող լինել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված օտարվող սեփականության և դրա նկատմամբ գույքային իրավունքների գնահատման հաշվետվությունները: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ուսումնասիրության ենթակա չեն այն գնահատման հաշվետվությունները, որոնց կապակցությամբ լիազոր մարմնում առկա է տեղեկատվություն առ այն, որ դրանք դատարաններում քննության առարկա են կամ դատական քննության ընթացքում ներկայացվել են որպես ապացույց: Լիազոր մարմնի նախաձեռնությամբ մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու դեպքերը սահմանվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգով,»․
3) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» ենթակետերով.
«գ. գնահատողներից կամ գնահատման կազմակերպություններից պահանջում է ներկայացնել գնահատման հաշվետվությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու համար լիազոր մարմնի պահանջած՝ գնահատման ստանդարտներով սահմանված՝ գնահատման աշխատանքի ընթացքում ձեռք բերված հիմնական, նախնական տվյալները, բոլոր հաշվարկները, հետազոտության և վերլուծության արդյունքները, որոնց միջոցով կայացվել է արժեքի վերաբերյալ վերջնական եզրակացությունը: Պահանջված տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու անհնարինության և նոր ժամկետ հայցելու վերաբերյալ գրավոր դիմումի հիման վրա լիազոր մարմինը կատարման անհնարինությունը հաստատվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է փաստաթղթերի ներկայացման նոր ժամկետ տրամադրելու մասին,
դ. գնահատման հաշվետվությունները, ինչպես նաև սույն կետի «գ» ենթակետում նշված տեղեկատվությունները ոչ ամբողջական ներկայացնելու դեպքում գնահատողներին կամ գնահատման կազմակերպություններին տրամադրվում է երեք աշխատանքային օր՝ ճշգրտված տեղեկատվությունը կրկին ներկայացնելու համար.»:
Հոդված 14.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված գնահատման գործունեության որակավորման վկայականները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համարվելու են 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայականներ: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, Կադաստրի կոմիտեն մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված գնահատման գործունեության որակավորման վկայականները վերաձևակերպում է 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայականների՝ տրամադրելով համապատասխան գնահատողներին:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Կադաստրի կոմիտեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնում է սույն օրենքին:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 9 Երևան ՀՕ-286-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական: