ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՈՒՂԵԲԵՌԻ, ԲԵՌԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-284-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՈՒՂԵԲԵՌԻ, ԲԵՌԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքի նպատակն է օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ), ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանումը։

 

Հոդված 1

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների կողմից ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության պարտադիր ապահովագրության, ինչպես նաև այդ ապահովագրության նվազագույն պահանջների, ծածկույթների և դրանց ապահովման հետ կապված հարաբերությունները։

 

Հոդված 2

Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքը կիրառվում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում բոլոր օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների նկատմամբ։

2. Սույն օրենքով նախատեսված կարգավորումները չեն տարածվում՝

1) պետական այն օդանավերի վրա, որոնք նշված են 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 3(բ) հոդվածում․

2) 20 կիլոգրամից պակաս առավելագույն թռիչքային քաշ ունեցող մոդելային օդանավերի վրա․

3) ոտքով արձակվող թռչող ապարատների վրա (այդ թվում՝ շարժիչավոր պարապլանների և դելտապլանների)․

4) կապովի օդապարիկների վրա․

5) օդապարուկների վրա․

6) պարաշյուտների վրա (այդ թվում՝ պարասեյլինգ պարաշյուտների)․

7) 500 կիլոգրամից պակաս առավելագույն թռիչքային քաշով օդանավերի (այդ թվում՝ սավառնակների) և գերթեթև թռչող ապարատների վրա, որոնք՝

ա․ օգտագործվում են ոչ առևտրային նպատակներով կամ

բ․ օգտագործվում են ուսուցման նպատակով իրականացվող ներքին թռիչքներում, և որոնց դեպքում չի ենթադրվում միջազգային սահմանների հատում։

 

Հոդված 3 Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները․

1) օդային փոխադրող՝ օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություն, որն ունի կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման գործող հավաստագիր․

2) օդանավ շահագործող՝

ա․ օդային փոխադրում չիրականացնող կամ օդային փոխադրող չհանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի օդանավի օգտագործման կամ շահագործման շարունակական տնօրինման իրավասություն,

բ․ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի անունով գրանցված է օդանավը, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է ապացուցել, որ շահագործողն այլ անձ է․

3) թռիչք՝

ա․ թռիչքային անձնակազմի դեպքում՝ ժամանակահատված, որն սկսվում է այն պահից, երբ անձնակազմի անդամը զեկուցում է իր հերթափոխն սկսելու մասին, որը ներառում է մեկ կամ մի քանի սեկտոր, և ավարտվում է այն պահին, երբ օդանավը վերջնականապես կանգ է առնում, և շարժիչներն անջատվում են վերջին սեկտորի վերջում, որտեղ անձնակազմի անդամը գործում է որպես թռիչքային անձնակազմի անդամ,

բ․ սպասարկող անձնակազմի դեպքում՝ ժամանակահատված, որն սկսվում է այն պահից, երբ անձնակազմի անդամն օպերատորի կողմից պարտավորվում է ներկայանալ կամ սկսել իր պարտականությունները, և ավարտվում է այն պահին, երբ նա ազատվում է բոլոր պարտականություններից, ներառյալ թռիչքից հետո կատարվող պարտականություններից,

գ․ ուղևորների կամ չգրանցված ուղեբեռի դեպքում՝ օդանավով ուղևորների տեղափոխման ժամանակահատվածը, այդ թվում՝ օդանավ բարձրանալու և օդանավից իջնելու ժամանակահատվածը,

դ․ բեռի կամ գրանցված ուղեբեռի դեպքում՝ ուղեբեռի կամ բեռի տեղափոխման ժամանակահատվածը՝ օդային փոխադրողին ուղեբեռը կամ բեռը հանձնելու պահից մինչև նշված ստացողին դրանց տրամադրման պահը,

ե․ երրորդ անձանց դեպքում՝ օդանավի օգտագործումը գետնավարման կամ իրական վերթիռի նպատակով դրա շարժիչներին սնուցման մատակարարման պահից մինչև այն պահը, երբ այն գտնվում է գետնի մակերևույթին, և դրա շարժիչների աշխատանքը լիովին դադարեցվել է, ինչպես նաև օդանավի շարժը քարշակող կամ հրող տրանսպորտային միջոցների կամ այն ուժերի օգնությամբ (մասնավորապես օդի հոսքերը), որոնք բնորոշ են օդանավի վարման և վերելքի ժամանակ․

4) առավելագույն թռիչքային քաշ (այսուհետ՝ ԱԹՔ)` օդանավի հավաստագրված փաստաթղթերում նշված՝ օդանավի բոլոր տեսակներին բնորոշ հաստատված առավելագույն մեծությանը համապատասխանող քաշ․

5) ուղևոր՝ յուրաքանչյուր անձ, որը գտնվում է օդանավում օդային փոխադրողի կամ օդանավ շահագործողի թույլտվությամբ, բացառությամբ թռիչքային և սպասարկող (որոնք կարող են գտնվել ինքնաթիռում թռիչքի ժամանակ) անձնակազմում ընդգրկված անդամների․

6) երրորդ անձ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ ուղևորների, ինչպես նաև թռիչքային և սպասարկող անձնակազմում ընդգրկված անդամների․

7) առևտրային փոխադրումներ՝ փոխադրումներ վարձատրության կամ վճարի դիմաց․

8) փոխառության հատուկ իրավունք (այսուհետ՝ ՓՀԻ)՝ միջազգային պահուստային ակտիվ, որն ստեղծվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից և տեղաբաշխվում է նրա անդամների միջև՝ ի լրումն առկա պահուստային ակտիվների․

9) լիազոր մարմին՝ «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող համապատասխան նախարարությունը․

10) հատուկ ավիացիոն պատասխանատվություն՝ ընդհանուր քաղաքացիական պատասխանատվությունից տարբերվող՝ ավիացիայի ոլորտին հատուկ կարգավորում ունեցող պատասխանատվություն՝ օդային փոխադրումների ընթացքում պատճառված վնասների համար․

11) համատեղ օգտագործման ծածկագիր՝ պայմանավորվածություն երկու կամ ավելի ավիաընկերությունների միջև նույն թռիչքը համատեղ շահագործելու մասին՝ օգտագործելով տարբեր թռիչքային համարներ (ծածկագրեր (Code Sharing))։

 

Հոդված 4․

Ապահովագրության իրականացումը, ապահովագրվող ռիսկերը և օդային փոխադրողների և օդանավ շահագործողների պարտականությունը

 

1. Օդային փոխադրողների և օդանավ շահագործողների ապահովագրությունն իրականացվում է սույն օրենքի համաձայն՝ ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց նկատմամբ հատուկ ավիացիոն պատասխանատվության առումով։ Ապահովագրվող ռիսկերի թվին են դասվում ռազմական գործողությունները, ահաբեկչությունը, օդանավի հափշտակումը, դիվերսիոն գործողությունները, օդանավի անօրինական զավթումը և քաղաքացիական խռովությունները։

2. Օդային փոխադրողները և օդանավ շահագործողներն ապահովում են, որ ապահովագրական ծածկույթ (գումար) առկա լինի յուրաքանչյուր թռիչքի համար՝ անկախ այն հանգամանքից, թե շահագործվող օդանավը նրանց տնօրինման ներքո է սեփականության իրավունքով, թե վարձակալության պայմանագրով կամ համատեղ գործունեություն իրականացնելու կամ համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի), համատեղ օգտագործման ծածկագրերի (Code Sharing) կամ ցանկացած այլ համանման պայմանագրով։

 

Հոդված 5

Համապատասխանությունը

 

1. Օդային փոխադրողները և անհրաժեշտության դեպքում օդանավ շահագործողներն ապացուցում են սույն օրենքով սահմանված ապահովագրության պահանջներին համապատասխանությունը՝ լիազոր մարմնին ի պահ հանձնելով ապահովագրության պայմանագիրը (վկայագիրը, սերտիֆիկատը կամ վկայականը) կամ գործող ապահովագրության այլ ապացույցներ։

2. Ֆինանսական շուկայի ճգնաժամի, Կառավարության հայտարարած արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմների հետևանքով ապահովագրական շուկայի գործունեության խափանման դեպքերում Կառավարությունը կարող է սահմանել սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված կարգավորումներից տարբերվող կարգավորումներ։

 

Հոդված 6 Ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի և բեռի նկատմամբ պատասխանատվության ապահովագրությունը

 

1. Ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի նկատմամբ պատասխանատվության ապահովագրության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը, բացառությամբ 2 700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների, մարմնական վնասվածքի, առողջությանն այլ վնաս պատճառելու կամ մահվան դեպքերում կազմում է առնվազն 250000 ՓՀԻ՝ յուրաքանչյուրի համար։

2. 2700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների համար նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 100 000 ՓՀԻ՝ մեկ ուղևորի համար։

3. Ուղեբեռի փոխադրման ժամանակ դրա ֆիզիկական ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքերում պատասխանատվության ապահովագրության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է 1519 ՓՀԻ՝ առևտրային փոխադրումների շրջանակում մեկ ուղևորի համար։

4. Բեռի փոխադրման ժամանակ դրա ֆիզիկական ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքերում պատասխանատվության ապահովագրության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է 26 ՓՀԻ՝ առևտրային փոխադրումների շրջանակում մեկ կիլոգրամի համար։

5. Փոստային առաքումների փոխադրման ժամանակ օդանավ շահագործողը պատասխանատվություն է կրում համապատասխան փոստային ծառայություն մատուցող կազմակերպության առջև, փոխադրողների և փոստային ծառայություն մատուցողների միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվող կանոնների երկուստեք պայմանավորվածության համաձայն, ընդ որում, մի քանի հաջորդական փոխադրողների միջոցով իրականացման ենթակա փոխադրման դեպքում ապահովագրական ծածկույթի սահմանաչափերը գործում են որպես օդանավ շահագործողների կողմից իրականացվող մեկ գործողություն:

 

Հոդված 7

Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրությունը

 

1. Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության մասով մեկ պատահարի համար նվազագույն ապահովագրական ծածկույթը յուրաքանչյուր օդանավի դեպքում կազմում է՝

 

Կատեգորիա

ԱԹՔ

(կգ)

Նվազագույն

ապահովագրական

ծածկույթ (միլիոն ՓՀԻ)

1

< 500

0,75

2

< 1000

1,5

3

< 2700

3

4

< 6000

7

5

< 12000

18

6

< 25000

80

7

< 50000

150

8

< 200000

300

9

< 500000

500

10

≥ 500000

700:

 

2. Եթե, պատերազմի կամ ահաբեկչության ռիսկերով պայմանավորված, երրորդ անձանց հասցվող վնասի ապահովագրական ծածկույթը հասանելի չէ օդային փոխադրողին կամ օդանավ շահագործողին՝ յուրաքանչյուր պատահարի փոխհատուցման սկզբունքով, ապա այդ օդային փոխադրողը կամ օդանավ շահագործողը պետք է կատարի այդ ռիսկերն ապահովագրելու իր պարտավորությունը՝ ապահովագրելով դրանք ընդհանուր փոխհատուցման սկզբունքով։ Ընդհանուր փոխհատուցումն առնվազն համարժեք պետք է լինի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան գումարին։

 

Հոդված 8․

Կատարման ապահովումը և պատասխանատվության միջոցները

 

1. Լիազոր մարմինն ապահովում է, որ օդային փոխադրողները և օդանավ շահագործողները կատարեն սույն օրենքի պահանջները։

2. Օտարերկրյա գրանցում ունեցող օդային փոխադրողները կամ օդանավ շահագործողները, որոնք թռիչքներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության օդային տարածքով, պետք է լիազոր մարմին ներկայացնեն սույն օրենքով սահմանված ապահովագրական պահանջների կատարման ապացույց։

3. Լիազոր մարմինն անհրաժեշտության դեպքում օտարերկրյա գրանցում ունեցող օդային փոխադրողներից, օդանավ շահագործողներից կամ ապահովագրողից կարող է պահանջել սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը՝ որպես լրացուցիչ ապացույցներ, եթե ապահովագրական պահանջների կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի իսկությունն ակնհայտ կասկածելի է։

4. Սույն օրենքի դրույթների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ «Ավիացիայի մասին» օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Եթե լիազոր մարմինը չի հավաստիացել սույն օրենքի պայմանների կատարման հարցում, ապա չի թույլատրում օդանավի վերասլացքը, քանի դեռ համապատասխան օդային փոխադրողը կամ օդանավ շահագործողը սույն օրենքի համաձայն չի ներկայացրել պատշաճ ապահովագրական ծածկույթի ապացույց։

 

Հոդված 9 

Վեճերի լուծման կարգը

 

1. Օդային փոխադրումներ իրականացնողների կամ օդանավ շահագործողների և ուղևորների, թռիչքային կամ սպասարկող անձնակազմի կամ երրորդ անձանց միջև սույն օրենքի կարգավորման առարկայի շրջանակում ծագած յուրաքանչյուր վեճ կարող է լուծվել հետևյալ կարգով․

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ ապահովագրության պայմանագրով նախատեսված միջոցներով․

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընթացակարգերով․

3) դատական կարգով:

2. Վեճերի լուծման ընթացքում կիրառվում են սույն օրենքով սահմանված նվազագույն ապահովագրական պահանջներն ու պայմանները:

 

Հոդված 10

Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» 2009 թվականի հունիսի 10-ի ՀՕ-156-Ն օրենքը։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 9

Երևան

ՀՕ-284-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան