ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2026 թվականի N 1015-Ն
ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ, ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ, ԱՎԱԶԱԿՈՊՃԱԳԼԱՔԱՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 25-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման հավելվածի 12-րդ կետի պահանջի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1015-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ, ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ, ԱՎԱԶԱԿՈՊՃԱԳԼԱՔԱՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված իմաստով:
3. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սահմանային շերտում սահմանային գետերի հունից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանումը:
4. Ընդերքօգտագործողը գետաողողատներում գտնվող հանքավայրերից ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումն իրականացնում է հետևյալ պայմանների պահպանմամբ՝
1) գետաողողատից ջրհոսքի բացակայության պայմաններում.
2) գետերի միջվարարումների փուլում՝ տվյալ տարվա ընթացքում կուտակված վերականգնված պաշարների ծավալի փաստագրումից հետո.
3) գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումների արդյունքների փաստագրումից հետո.
4) արդյունահանման հետևանքով պետք է բացառվեն՝
ա. գետի բնական հունի փոփոխությունը,
բ. ափերի քայքայումը,
գ. ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումը,
դ. հիդրոտեխնիկական կառույցների (այդ թվում՝ կամուրջների, ջրառի կետերի, գետի հունի արգելապատնեշների և այլ ինժեներական կառույցների) անվտանգ շահագործման կամ կառուցվածքային կայունության վրա բացասական ազդեցության առաջացումը,
ե. օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով սահմանված արդյունահանման թույլատրելի առավելագույն խորության գերազանցումը։
5. Գետերի միջվարարումների փուլը՝ գետերում վարարումների և ափամերձ տարածքների ջրածածկման ընթացքի ավարտից հետո մինչև հաջորդ վարարումների մեկնարկն ընկած ժամանակահատվածն է:
6. Գետերի միջվարարումների փուլում՝ մինչև արդյունահանման աշխատանքների մեկնարկը, ինչպես նաև արդյունահանման աշխատանքների ավարտից հետո, սույն կարգի 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պայմանների պահպանումը փաստագրվում է ընդերքօգտագործողի կողմից տոպոգրաֆիական հանույթների միջոցով և երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային և թղթային տարբերակներով ներկայացվում բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին։
7. Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումն իրականացվում է միայն օրվա լուսավոր ժամերին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տվյալների։
8. Սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) վերականգնվող պաշարների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի առկայության դեպքում՝ արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով ընդերքօգտագործողը յուրաքանչյուր ամիս իրականացնում է գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ տվյալ ամսվա համար՝ տոպոգրաֆիական հանույթի աշխատանքների կատարման միջոցով՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետով:
9. Սույն կարգի 8-րդ կետով պահանջվող ամսական մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ (այդ թվում՝ ոչ իր գործունեության հետևանքով) հայտնաբերելու դեպքում ընդերքօգտագործողն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետով:
10. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված մշտադիտարկման արդյունքները (տոպոգրաֆիական հանույթները) բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացվում նաև էլեկտրոնային եղանակով` թվային տարբերակով Դի Էքս Էֆ (DXF) կամ Էս Էիչ Փի (SHP) ֆորմատներով:
11. Գետաողողատային տիպի հանքավայրերից՝ ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) վերականգնվող պաշարների արդյունահանման ծավալները չպետք է գերազանցեն օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով սահմանված հանքի տարեկան արտադրողականության ծավալները:
12. Գետերի հուների արգելապատնեշների կառուցման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ունեցող անձը գետաողողատից օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա, արդյունահանման աշխատանքների իրականացման տևողության (ժամկետի) և արդյունահանման ծավալների վերաբերյալ գրավոր իրազեկում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնին ու բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ արդյունահանման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ։
13. Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացվում են բացառապես ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցներով, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլներով՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 32-35-րդ կետերով սահմանված պահանջներով։
14. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոների արդյունահանման մասով ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը տեսչական մարմնի որոշմամբ կասեցվելու կամ ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով դադարեցվելու վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանաբար տեսչական մարմինը կամ լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ տվյալ տնտեսավարողի մուտքը սահմանային շերտ սահմանափակելու նպատակով։
15. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2.5-րդ մասով նախատեսված՝ ազգային անվտանգության, արտաքին գործերի, պաշտպանության կամ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների կողմից ներկայացված գրության հիման վրա բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է ընդերքօգտագործողի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշում, որը ենթակա է անհապաղ կատարման:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|