ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2026 թվականի N 1019-Ն
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2029 թվականի հունվարի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1019-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ապահովագրված անձանց (բացառությամբ ապահովագրավճար չվճարողների) առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվվող բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման և դրանց միջոցով վճարումներ իրականացնելու հետ կապված հարաբերությունները։
2. Բոնուսը, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվվող միավորներն են, որոնք կուտակվում են ապահովագրված անձի առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի բոնուսային հաշվում, ապահովագրավճարի պահուստային ֆոնդին հատկացվող գումարի չափով, եթե օրացուցային տարվա ընթացքում ապահովագրված անձի անունով բացի կանխարգելիչ ծառայությունից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել:
3. Բոնուսային հաշիվն արտացոլվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից վարվող առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում (այսուհետ` ռեգիստր):
4. Բոնուսային հաշվում նշվում են բոնուսային միավորների փոխանցման ամսաթիվը և չափը, դրանց կուտակային չափը, ծախսի չափն ու ամսաթիվը` ըստ ուղղությունների:
5. Մեկ բոնուսային միավորը համարժեք է Հայաստանի Հանրապետության մեկ դրամին: Բոնուսային միավորները կանխիկ գումարի փոխարկվել չեն կարող:
6. Բոնուսային միավորներն ունեն հաշվարկային և կուտակային բնույթ ու չեն հանդիսանում դրամական միջոց։
7. Բոնուսային միավորների համար գործողության ժամկետ սահմանված չէ:
8. Բոնուսային միավորների հաշվարկն ու փոխանցումն իրականացնում է հիմնադրամը:
9. Բոնուսային միավորները հաշվարկվում են օրացուցային տարվա արդյունքներով, ինչից հետո դրանց վերջնական արդյունքները փոխանցվում են ապահովագրված անձի բոնուսային հաշվին՝ օրացուցային հաջորդ տարվա առաջին աշխատանքային օրը: Բոնուսային հաշվին փոխանցված բոնուսային միավորները արտացոլվում են նաև ապահովագրված անձի էլեկտրոնային գործիքներում:
10. Բոնուսային միավորների հաշվարկման և փոխանցման նպատակով ապահովագրված անձը էլեկտրոնային գործիքի միջոցով պետք է համաձայնություն տա իր` բոնուսային միավորների և դրանց նկատմամբ լրացուցիչ գործակիցների կիրառման համար անհրաժեշտ բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններին հիմնադրամին հասանելիություն տրամադրելու վերաբերյալ:
2. ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Բոնուսային միավորների նկատմամբ լրացուցիչ գործակիցներ կիրառվում են, եթե ապահովագրված անձը`
1) հանդես է եկել որպես արյան դոնոր.
2) առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվել են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավվող ցուցանիշներ՝
ա. մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորում,
բ. ծխելուց հրաժարում,
գ. ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարում,
դ. այլ ցուցանիշներ:
12. Գործակիցները կիրառվում են այն դեպքում, երբ անձը հանդես է եկել որպես արյան դոնոր, կամ առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավվող ցուցանիշները գրանցվել են հիմնադրամի հետ օրենքով սահմանված պայմանագիր կնքած և Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում:
13. Գործակից կիրառելիս վերջնական բոնուսային միավորների չափը որոշվում է նախնական բոնուսային միավորները համապատասխան գործակցով բազմապատկելու միջոցով (բոնուսային միավոր x գործակից): Ստացված թիվը (վերջնական բոնուսային միավորները) արտացոլվում են ապահովագրված անձի բոնուսային հաշվում:
14. Օրացուցային տարվա ընթացքում մեկից ավելի գործակիցներ կիրառվելու հիմքերի առկայության դեպքում յուրաքանչյուր գործակցի կիրառման արդյունքով հաշվարկվում է առանձին բոնուսային միավորների չափ, որից հանվում է նախնական բոնուսային միավորների չափը, և ստացված տարբերությունները գումարվում են նախնական բոնուսային միավորներին՝ ձևավորելով վերջնական բոնուսային միավորների չափը:
ՎԲՄ = ՆԲՄ + (ՆԲՄ x գ1 – ՆԲՄ) + (ՆԲՄ x գ2 – ՆԲՄ)..., որտեղ`
ՎԲՄ – վերջնական բոնուսային միավորներն են,
ՆԲՄ – նախնական բոնուսային միավորներն են,
գ1- բոնուսային միավորների նկատմամբ կիրառման ենթակա գործակիցը,
գ2- բոնուսային միավորների նկատմամբ կիրառման ենթակա գործակիցը:
15. Յուրաքանչյուր օրացուցային տարվա համար ապահովագրված անձի բոնուսային հաշվին փոխանցվող վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել իր կողմից վճարվող տարեկան ապահովագրավճարի 10%-ը:
16. Որպես արյան դոնոր հանդես գալու դեպքում բոնուսային միավորների նկատմամբ լրացուցիչ գործակիցներ կիրառվում են այն դեպքում, երբ անձը անհատույց, կամավոր հիմունքներով է հանդես եկել որպես արյան դոնոր:
3. ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
17. Բոնուսային հաշվին կուտակված միավորները կարող են օգտագործվել ապահովագրված անձի կողմից հետևյալ նպատակներով`
1) «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերում նշված ապահովագրված անձանց (ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների) կողմից, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված ձևի դիմում հիմնադրամին ներկայացնելու պարագայում ապահովագրավճարի գումարը վճարելու համար.
2) կամավոր առողջության ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթներ ձեռք բերելու համար.
3) մարզասրահների կամ լողավազանների բաժանորդային վճարներ կատարելու համար.
4) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարներ կատարելու համար.
5) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում չհատուցվող բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարումներ կատարելու համար.
6) այլ ուղղություններով վճարումներ կատարելու համար։
18. Բոնուսային միավորների միջոցով վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով՝ էլեկտրոնային գործիքների միջոցով։
19. Բոնուսային միավորների միջոցով վճարումներ կարող են ընդունել`
1) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները.
2) կամավոր առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ապահովագրական կազմակերպությունները` հիմնադրամի հետ պայմանագիր կնքած լինելու դեպքում.
3) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում հիմնադրամի հետ պայմանագիր կնքած դեղատները.
4) մարզասրահներ և լողավազաններ շահագործող կազմակերպությունները՝ հիմնադրամի հետ պայմանագիր կնքած լինելու դեպքում:
20. Բոնուսային միավորների միջոցով վճարումների իրականացման և փոխհատուցման պայմանները սահմանվում են հիմնադրամի և վճարումներ ընդունողների միջև կնքված պայմանագրերով։
21. Բոնուսային միավորների միջոցով վճարում իրականացնելու նպատակով՝ ապահովագրված անձը էլեկտրոնային գործիքների միջոցով ընտրում է սույն կարգի 17-րդ կետի 2-6-րդ ենթակետերով սահմանված վճարման նպատակը, փոխանցման ենթակա բոնուսային միավորների քանակը, համապատասխան վճարում ընդունողին և բոնուսային միավորների միջոցով վճարում իրականացնելու մասին հայտ է ուղարկում վերջինիս:
22. Հայտը ստանալուց հետո վճարում ընդունողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային գործիքի միջոցով մուտքագրում կամ հաստատում է մատուցվող բժշկական օգնության և սպասարկման կամ այլ ծառայության անվանումը, ընդհանուր արժեքը, բոնուսային միավորների միջոցով վճարման ենթակա գումարի չափը և ապահովագրված անձի առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը։
23. Էլեկտրոնային գործիքն ավտոմատ կերպով ստուգում է՝
1) ապահովագրված անձի բոնուսային հաշվին առկա բոնուսային միավորների բավարար մնացորդի առկայությունը.
2) վճարում ընդունողի՝ հիմնադրամի հետ գործող պայմանագիր ունենալու փաստը.
3) տվյալ վճարման նպատակի՝ սույն կարգով թույլատրելի լինելու համապատասխանությունը։
24. Սույն կարգի 23-րդ կետով սահմանված պայմանների առկայության դեպքում, համապատասխան վճարման կոճակը ակտիվանալուց հետո, ապահովագրված անձը հաստատում է վճարումը, ինչից հետո էլեկտրոնային գործիքում ապահովագրված անձի բոնուսային միավորներից դուրս են գրվում համապատասխան բոնուսային միավորներ։
25. Բոնուսային միավորներով վճարումը համարվում է կատարված այն պահից, երբ համապատասխան բոնուսային միավորները դուրս են գրվել ապահովագրված անձի բոնուսային հաշվից։ Նշված գործողությունը գրանցվում է նաև ռեգիստրում:
26. Էլեկտրոնային գործիքն ավտոմատ կերպով ձևավորում է վճարման մասին էլեկտրոնային տեղեկանք և փոխանցում այն վճարում ընդունողին՝ որպես մատուցված ծառայության դիմաց վճարման փաստի հավաստում, ինչից հետո վճարում ընդունողը մատուցում է համապատասխան ծառայությունը:
27. Հիմնադրամը հաշվառում է բոնուսային միավորներով իրականացված վճարումները և համապատասխան պայմանագրերի հիման վրա ապահովում այդ վճարումների դիմաց փոխհատուցումը։
28. Բոնուսային միավորների միջոցով իրականացված վճարումները ենթակա չեն հետ վերադարձման՝ բացառությամբ տեխնիկական սխալի հետևանքով կատարված վճարումների։ Տեխնիկական սխալի հետևանքով իրականացված վճարումների ուղղումը կատարվում է հիմնադրամի կողմից` ապահովագրված անձի կամ վճարում ընդունողի` էլեկտրոնային գործիքի միջոցով կամ հիմնադրամի էլեկտրոնային փոստին ուղարկված դիմումի հիման վրա` եռօրյա ժամկետում։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|