ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3256-Ա |
«30» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արմենուհի Սարգսյանի լիազորված անձ՝ Պարգև Սարգսյանի 2026 թվականի հունիսի 18-ի թիվ Դ-63113-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով Արմենուհի Սարգսյանի լիազորված անձ՝ Պարգև Սարգսյանի 2026 թվականի հունիսի 18-ի թիվ Դ-63113-26 դիմումը, գնահատելով նշված և 2026 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-59690-26 դիմումներին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2026 թվականի հունիսի 18-ի թիվ Դ-63113-26 դիմումով Արմենուհի Սարգսյանի լիազորված անձ՝ Պարգև Սարգսյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի մայիսի 20-ին Երևան քաղաքի Գևորգ Քոչարի փողոցի թիվ 4 հասցեի մոտ կայանված՝ Արմենուհի Սարգսյանի սեփականությունը հանդիսացող «Nissan Maxima 3.5» մակնիշի «01 RA 374» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը:
2023 թվականի հունիսի 20-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YJ285925 վկայագրի համաձայն՝ «Nissan Maxima 3.5» մակնիշի «01 RA 374» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Արմենուհի Սարգսյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնի պետի պարտականությունները կատարող Վ.Թադևոսյանին ներկայացված՝ 2026 թվականի մայիսի 24-ի զեկուցագրի և 2026 թվականի մայիսի 21-ին կազմված՝ հասցե այցելելու վերաբերյալ արձանագրության համաձայն՝ 2026 թվականի մայիսի 20-ին ստացված ահազանգի (հաղորդում թիվ 4615) կապակցությամբ այց է կատարվել պատահարի հասցե, որտեղ պարզվել է, որ Երևան քաղաքի Գևորգ Քոչար փողոցի թիվ 4 հասցեի մոտ ծառը կոտրվել և ընկել է «Nissan Maxima 3.5» մակնիշի «01 RA 374» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի արդյունքում վնասվել են ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը, տանիքը, ավտոմեքենայի աջ կողմի հատվածն ամբողջությամբ:
«Առաջին փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի հունիսի 8-ին տրված թիվ 063/26 հետքաբանական եզրակացության հետևության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Nissan Maxima 3.5» մակնիշի «01 RA 374» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի, առջևի աջ կողմի անվաթևի ու տանիքի աջ կողմի երկայնական եզրին հարող մակերեսների վրա առկա վնասվածքներն ու հետքերն առաջացել են ծառից տարանջատված համեմատաբար հաստ կմախքային ճյուղի հարվածային բնույթի փոխազդեցության հետևանքով, իսկ ավտոմեքենայի հետևի վահանի աջ կողմում՝ լապտերի ստորին եզրին հարող հատվածում առկա քերծվածքները, չի բացառվում, որ առաջացած լինեն ըստ ավտոմեքենայի սեփականատիրոջ ներկայացվող հանգամանքներում՝ տապալված ճյուղն ավտոմեքենայի վրայից հեռացնելու ընթացքում:
«Առաջին փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի հունիսի 8-ին տրված թիվ 064/26 ապրանքագիտական եզրակացության հետևության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Nissan Maxima 3.5» մակնիշի «01 RA 374» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված գույքային վնասի չափը արժեքային արտահայտությամբ, 2026 թվականի մայիսի 20-ի դրությամբ, գործող շուկայական գներով կազմում է 206.000 (երկու հարյուր վեց հազար) ՀՀ դրամ:
Պարգև Սարգսյանի և «Առաջին փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2026 թվականի հունիսի 1-ին կնքվել է փորձաքննություն կատարելու վճարովի ծառայության մատուցման մասին թիվ 063/26 պայմանագիրը, որի գինը նույն պայմանագրի 3.1-րդ կետով սահմանվել է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
Պարգև Սարգսյանի և «Առաջին փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2026 թվականի հունիսի 1-ին կնքվել է փորձաքննություն կատարելու վճարովի ծառայության մատուցման մասին թիվ 064/26 պայմանագիրը, որի գինը նույն պայմանագրի 3.1-րդ կետով սահմանվել է 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
«Արարատբանկ» բաց բաժնետիկան ընկերության «Արարատյան» մասնաճյուղում 2026 թվականի հունիսի 10-ին Պարգև Սարգսյանի կողմից կատարվել է բանկային գործարք, որի արդյունքում 90.000 (իննսուն հազար) ՀՀ դրամի չափով գումար փոխանցվել է «Առաջին փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ գործարքի նպատակ դաշտում կատարվել է հետևյալ՝ «Ծառայության դիմաց» գրառումը:
2026 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-59690-26 դիմումի ուսումնասիրության արդյունքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի մայիսի 20-ին Կենտրոն վարչական շրջանի Գ.Քոչար փողոցի թիվ 4 հասցեում կայանված «Nissan Maxima 3.5» մակնիշի «01 RA 374» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա տապալված կենսունակ ծառի կենսունակ ճյուղերը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից 2026 թվականի մայիսի 21-ին մասնատվել և դուրս են բերվել տարածքից:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
2026 թվականի հունիսի 18-ի թիվ Դ-63113-26 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դիմումի առարկային առնչվող բոլոր ապացույցների գնահատման արդյունքում հիմնավորվում է Արմենուհի Սարգսյանի սեփականությունը հանդիսացող «Nissan Maxima 3.5» մակնիշի «01 RA 374» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղեր ընկնելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ինչ վերաբերում է 2026 թվականի հունիսի 1-ին կնքված թիվ 063/26 և թիվ 064/26 պայմանագրերի հիման վրա 90.000 (իննսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով կատարված ծախսին, ապա նշված գումարը «Առաջին փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանցվել է Պարգև Սարգսյանի կողմից, հետևաբար այն իրենից չի ներկայացնում խախտված իրավունքների վերականգնման նպատակով Արմենուհի Սարգսյանի կողմից կատարված ծախս:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից թիվ Դ-59690-26 հանձնարարականով տրամադրված տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնում թիվ 4615 հաղորդման կապակցությամբ կազմված նյութերը, «Առաջին փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2026 թվականի հունիսի 8-ին տրված թիվ 063/26 հետքաբանական և թիվ 064/26 ապրանքագիտական եզրակացությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Արմենուհի Սարգսյանի լիազորված անձ Պարգև Սարգսյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2026 թվականի հունիսի 18-ի թիվ Դ-63113-26 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Առաջին փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2026 թվականի հունիսի 1-ի թիվ 064/26 ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Nissan Maxima 3.5» մակնիշի «01 RA 374» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 206.000 (երկու հարյուր վեց հազար) ՀՀ դրամը փոխհատուցել Արմենուհի Սարգսյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|