ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3187-Ա |
«29» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Մարտիկ Հակոբյանի 2026 թվականի հունիսի 23-ի թիվ Դ-64754-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով Մարտիկ Հակոբյանի 2026 թվականի հունիսի 23-ի թիվ Դ-64754-26 դիմումը, գնահատելով նշված և 2026 թվականի մայիսի 29-ի թիվ Դ-55132-26 դիմումներին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2026 թվականի հունիսի 23-ի թիվ Դ-64754-26 դիմումով Մարտիկ Հակոբյանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների կողմից 2026 թվականի հունիսի 22-ին տրված թիվ 21892602 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել 2026 թվականի մայիսի 20-ին Երևան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 3 հասցեի մոտ կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Tesla Model 3» մակնիշի «37 ME 417» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 190.000 (մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:
2025 թվականի դեկտեմբերի 5-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB577346 վկայագրի համաձայն՝ «Tesla Model 3» մակնիշի «37 ME 417» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Մարտիկ Հակոբյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնի պետի պարտականությունները կատարող Վ.Թադևոսյանին ներկայացված՝ 2026 թվականի մայիսի 23-ի զեկուցագրի և 2026 թվականի մայիսի 20-ին կազմված՝ հասցե այցելելու մասին արձանագրության համաձայն՝ 2026 թվականի մայիսի 20-ին ստացված ահազանգի (հաղորդում թիվ 4604) կապակցությամբ այց է կատարվել պատահարի հասցե, որտեղ պարզվել է, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 3 հասցեում ծառը կողաշրջվել է ՝ «Tesla Model 3» մակնիշի «37 ME 417» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի արդյունքում վնասվել են ավտոմեքենայի տանիքը, ձախ կողմի առաջին դուռը, ապակին և ձախ կողմը:
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների կողմից 2026 թվականի հունիսի 22-ին տրված թիվ 21892602 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության հետքաբանական մասի հետևության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Tesla Model 3» մակնիշի «37 ME 417» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք իրենց համակցությամբ առաջացել են ներկայացված նյութերում ամրագրված պատահարի հետևանքով, համապատասխան կառուցվածքներ ու մեկերևույթ ունեցող կոշտ առարկայի հետ, որպիսին հանդիսանում է դեպքի վայրի լուսանկարներում պատկերված, կոտրված ծառը, անմիջական, վերևից ներքև ուղղությամբ հարվածային բնույթի փոխազդեցության արդյունքում: Փորձագետը նաև նշել է, որ փոխազդեցությունը տեղ է գտել ավտոմեքենայի անշարժ վիճակում գտնվելու պայմաններում՝ նշված ծառը բնի շրջանում չորացած և քայքայված լինելու պատճառով կոտրվելու և անշարժ վիճակում գտնվող ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում:
Նույն եզրակացության ապրանքագիտական մասի հետևության համաձայն՝ «Tesla Model 3» մակնիշի «37 ME 417» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված նյութական (գույքային) վնասի չափը՝ փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, կազմում է 190.000 (մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:
2026 թվականի հունիսի 22-ին դուրս գրված թիվ A5638698915 հարկային հաշվի համաձայն՝ Մարտիկ Հակոբյանի կողմից «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վճարվել է ընդհանուրը 100.000 (մեկ հարյուր հազար) Հ դրամ՝ որպես ավտոմեքենայի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննությունների ծառայության մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց վճարման ենթակա գումար:
Մարտիկ Հակոբյանի՝ 2026 թվականի մայիսի 29-ի թիվ Դ-55132-26 դիմումի ուսումնասիրության արդյունքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոցի թիվ 3 հասցեում 2026 թվականի մայիսի 20-ին կենսունակ հացենին տապալվել է «Tesla Model 3» մակնիշի «37 ME 417» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, որը կազմակերպության աշխատակիցների կողմից մասնատվել և դուրս է բերվել տարածքից։
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
2026 թվականի հունիսի 23-ի թիվ Դ-64754-26 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դիմումի առարկային առնչվող բոլոր ապացույցների գնահատման արդյունքում հիմնավորվում է Մարտիկ Հակոբյանի սեփականությունը հանդիսացող «Tesla Model 3» մակնիշի «37 ME 417» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը, ինչպես նաև ավտոմեքենան փորձաքննության ենթարկելու նպատակով կատարված ծախսը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից թիվ Դ-55132-26 հանձնարարականով տրամադրված տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնում թիվ 4604 հաղորդման կապակցությամբ կազմված նյութերը, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների կողմից 2026 թվականի հունիսի 22-ին տրված թիվ 21892602 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, 2026 թվականի հունիսի 22-ին դուրս գրված թիվ A5638698915 հարկային հաշիվը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Մարտիկ Հակոբյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2026 թվականի հունիսի 23-ի թիվ Դ-64754-26 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների կողմից 2026 թվականի հունիսի 22-ին տրված թիվ 21892602 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Tesla Model 3» մակնիշի «37 ME 417» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ տապալվելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 190.000 (մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Մարտիկ Հակոբյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |