ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2026 թվականի N 995-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿՐԿՆԱԿԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 3 հավելվածի N 1․1․1․1 աղյուսակով նախատեսված հատկացումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով «1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացում» ծրագրի «42012 Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգում» միջոցառմամբ նախատեսված 20,111,798,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկի շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք վարկային պայմանագրերում սահմանել, որ՝
ա. տրամադրվող բյուջետային վարկի մարման ժամկետ սահմանվում է 10 տարի, որից 2 տարին՝ արտոնյալ,
բ. տրամադրվող բյուջետային վարկի տոկոսադրույքը սահմանվում է համարժեք՝ տոկոսադրույքի սահմանման պահի դրությամբ պետական գանձապետական 10 տարի մարման ժամկետով երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսի վերջին տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությանը,
գ. տրամադրվող բյուջետային վարկի հիմնական գումարի մարումն իրականացվում է կիսամյակային հավասարաչափ մարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,
դ. տրամադրվող բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարումն իրականացվում է կիսամյակային մարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին՝ սկսած բյուջետային վարկի մասնաբաժնի փաստացի տրամադրման ամսաթվին հաջորդող՝ սույն ենթակետով սահմանված վճարման ամսաթվից,
ե. վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|