ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3122-Ա |
«23» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գրիգոր Չոբանյանի լիազորված անձ՝ Հասմիկ Մարտիրոսյանի 2026 թվականի մայիսի 25-ի թիվ Դ-53336-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի մայիսի 25-ի թիվ Դ-53336-26 դիմումի քննության կապակցությամբ 2026 թվականի հունիսի 11-ին, ժամը 15:00-ին հրավիրվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել է դիմումատու Գրիգոր Չոբանյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի մայիսի 25-ի թիվ Դ-53336-26 դիմումը, դիմումին կից ներկայացված ապացույցները, 2026 թվականի հունիսի 11-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի մայիսի 25-ի թիվ Դ-53336-26 դիմումով, ինչպես նաև լսումների ընթացքում ներկայացված փաստարկներով Գրիգոր Չոբանյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի ապրիլի 14-ին Մյասնիկյան պողոտայի թիվ 55/5 հասցեի հարևանությամբ քարե պարսպի փլուզման հետևանքով իր սեփականությունը հանդիսացող «Honda Elison» մակնիշի «35 FL 833» հաշվառման համարանիշի ավտոմեքենան և իր կողմից օգտագործվող պահեստային շինությունում գտնվող՝ «Բրաբիոն ֆլորա սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ սեփականություն հանդիսացող ապրանքների (այսուհետ՝ Ապրանք) վնասման արդյունքում առաջացած վնասը՝ ընդհանուրը՝ 3.500.000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2017 թվականի փետրվարի 22-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ KJ152983 վկայագրի համաձայն՝ «Honda Elison» մակնիշի «35 FL 833» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Գրիգոր Չոբանյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետին ուղղված՝ 2026 թվականի ապրիլի 19-ի զեկուցագրի համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 14-ին ստացված ահազանգի կապակցությամբ այցելություն է կատարվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 55/5 հասցե: Նշված հասցեում ոստիկանության աշխատակիցը տեղեկացել է, որ «Honda Elison» մակնիշի «35 FL 833» հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանված է եղել նշված հասցեի հարևանությամբ, որտեղ ավտոմեքենայի դիմաց գտնվող քարե պարիսպը փլուզվել և թափվել է ավտոմեքենայի վրա: Նույն զեկուցագրի համաձայն՝ ահազանգով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 55/5 հասցե են ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողներ, ովքեր հայտնել են, որ ըստ իրենց՝ պարիսպը փլուզվել է սողանքի հետևանքով:
2026 թվականի մայիսի 25-ի թիվ Դ-53336-26 դիմումին կից, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում Գրիգոր Չոբանյանի կողմից չեն ներկայացվել «Honda Elison» մակնիշի «35 FL 833» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և Ապրանքի վնասվածքներն առաջանալու պատճառները, ենթադրյալ վնասին հանգեցրած պատահարի հանգամանքները հետազոտող, պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների հետքաբանական ու ապրանքագիտական, ինչպես նաև պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող փորձագիտական եզրակացություններ: Միաժամանակ՝ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված է ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ իրավական ակտի, գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քննարկվող պարագայում, ելնելով 2026 թվականի մայիսի 25-ի թիվ Դ-53336-26 ներկայացված պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե.
1) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2026 թվականի ապրիլի 14-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 55/5 հասցեի տարածքում գտնվող պատի փլուզման հարցում Երևանի քաղաքապետարանի մեղավորության առկայությունը,
2) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2026 թվականի ապրիլի 14-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 55/5 հասցեի տարածքում գտնվող պատի փլուզումը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը (վարչական մարմնի ենթադրյալ՝ ոչ իրավաչափ վարչարարության և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայություն),
3) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2026 թվականի ապրիլի 14-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 55/5 հասցեի տարածքում գտնվող պատի փլուզման արդյունքում «Honda Elison» մակնիշի «35 FL 833» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և Ապրանքի սեփականատիրոջը պատճառված վնասը 3.500.000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ կազմելու և այդ գումարի չափով վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքները:
Նշված փաստական հանգամանքների ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը, որով սահմանված է, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2026 թվականի մայիսի 25-ի թիվ Դ-53336-26 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 2026 թվականի ապրիլի 14-ին «Honda Elison» մակնիշի «35 FL 833» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և Ապրանքի վնասմանը հանգեցրած պատի փլուզումը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել պատահարի վայրում՝ պատի փլուզմամբ պայմանավորված Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ իրավական ակտը, անգործողությունը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել պահանջված 3.500.000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ իրավական ակտի, գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև նկատի ունենալով, որ չեն ներկայացվել վնասված ավտոմեքենայի և Ապրանքի հետքաբանական, ապրանքագիտական, պատահարի հանգամանքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գրիգոր Չոբանյանի 2026 թվականի մայիսի 25-ի թիվ Դ-53336-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |