ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3088-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3088-Ա

«22» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Խնգիանոս Մարիկյանի անունից Երևանի քաղաքապետարան հասցեագրված Մկրտիչ Մարիկյանի 2026 թվականի մայիսի 21-ի թիվ Դ-52441-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

2026 թվականի մայիսի 21-ի թիվ Դ-52441-26 դիմումի քննության նպատակով 2026 թվականի հունիսի 10-ին, ժամը 15.00-ին հրավիրված լսումների մասին 2026 թվականի մայիսի 22-ի թիվ 07/68114-26 գրությամբ պատշաճ ծանուցվել է Մկրտիչ Մարիկյանը (փոստային առաքանի թիվ AL0133618986AM), սակայն լսումներին չի ներկայացել:

Ուսումնասիրելով 2026 մայիսի 21-ի թիվ Դ-52441-26 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դիմումին կից ներկայացված ապացույցները, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2026 թվականի մայիսի 21-ի թիվ Դ-52441-26 դիմումով Մկրտիչ Մարիկյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի ապրիլի 13-ին Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեում կայանված «BMW» մակնիշի «PP 205 TP» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի պետին ներկայացված զեկուցագրի համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 13-ին Մկրտիչ Մարիկյանի կողմից ստացված ահազանգի կապակցությամբ այց է կատարվել Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի բակ, որտեղ հայտնաբերվել է «BMW» մակնիշի «PP 205 TP» հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի թափքի և ծածկի վրա ծառ է ընկած եղել:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի բակում «BMW» մակնիշի «PP 205 TP» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու վերաբերյալ գրություն, «Թեժ գիծ», «Ակտիվ քաղաքացի» հարթակից որևէ ահազանգ կազմակերպությունում չի ստացվել:

2026 թվականի մայիսի 21-ի թիվ Դ-52441-26 դիմումը Մկրտիչ Մարիկյանը ներկայացրել է Խնգիանոս Մարիկյանի անունից, սակայն դիմումին կից չի ներկայացվել Խնգիանոս Մարիկյանի անունից հանդես գալու իրավասություն սահմանող՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր, իսկ դիմումին կից ներկայացված՝ օտարալեզու փաստաթղթերն ապացուցողական ուժ չունեն և վարույթով ենթակա չեն գնահատման:

Դիմումին կից ներկայացված՝ «Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի մայիսի 20-ին տրված թիվ 0203/26-Պ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «BMW» մակնիշի «PP 205 TP» հաշվառման համարանիշի (հաշվառված է Վրաստանի Հանրապետությունում) ավտոմեքենայի վնասի վերականգնման ծախսերի շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կազմում է 157.000 (մեկ հարյուր հիսունյոթ հազար) ՀՀ դրամ:

2026 թվականի մայիսի 22-ի թիվ 07/68114-26 գրությամբ Մկրտիչ Մարիկյանին պարզաբանվել է, որ Դիմումի քննության շրջանակներում անհրաժեշտ է ներկայացնել օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր, դիմումին կից ներկայացված օտարալեզու փաստաթղթերի հայերեն թարգմանված օրինակները, վնասված ավտոմեքենայի հետքաբանական փորձագիտական եզրակացություն, սակայն վարույթի քննության ժամկետում նշված փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանում չեն ստացվել:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթի իրականացման հետ կապված փաստաթղթերը կազմվում են, և ամբողջ գործավարությունն իրականացվում է հայերենով: Եթե վարույթի մասնակիցները փաստաթղթեր են ներկայացրել այլ լեզվով, ապա վարչական մարմնի պահանջով նրանք պարտավոր են ներկայացնել նաև դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Դիմումի քննությամբ չի ապացուցվել Վրաստանի Հանրապետությունում հաշվառված՝ «BMW» մակնիշի «PP 205 TP» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը Մկրտիչ Մարիկյանի սեփականությունը հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև վերջինիս՝ Խնգիանոս Մարիկյանի անունից Երևանի քաղաքապետարանում հանդես գալու իրավասության առկայությունը:

Մկրտիչ Մարիկյանի՝ «BMW» մակնիշի «PP 205 TP» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը հանդիսանալու փաստն ապացուցված չլինելու և Խնգիանոս Մարիկյանի անունից հանդես գալու՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր ներկայացված չլինելու հանգամանքներն արդեն իսկ բավարար հիմք են հանդիսանում Դիմումի մերժման համար, ուստի վարույթի քննությունը չբարդացնելու նպատակով՝ Դիմումին կից ներկայացված «Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2026 թվականի մայիսի 20-ի թիվ 0203/26-Պ ապրանքագիտական եզրակացությունը և պահանջին առնչվող մյուս փաստական հանգամանքներն առանձին գնահատման առարկա չեն դարձվում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 27-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Խնգիանոս Մարիկյանի անունից Երևանի քաղաքապետարան հասցեագրված Մկրտիչ Մարիկյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2026 թվականի մայիսի 21-ի թիվ Դ-52441-26 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան