ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 1993 թ. N 116
Քաղ. Երևան
1976 ԹՎԱԿԱՆԻՆ ԾՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՑԱԳՐՄԱՆ ԵՎ 1977 ՈՒ 1978 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԾՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության զինապարտության մասին» օրենքի, 1993 թվականի ժամկետային զինվորական ծառայությունը կազմակերպված և ժամանակին անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին` 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպել 1976 թվականին ծնված քաղաքացիների կցագրում և սահմանել կոնկրետ ժամկետներ ըստ շրջանային ու քաղաքային զորակոչային տեղամասերի:
2. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) նիստերում քննության առնել 1976 թվականին ծնված քաղաքացիների կցագրման հարցը.
բ) մշակել կոնկրետ միջոցառումներ նշված ժամկետներում 1976 թվականին ծնված, ինչպես նաև ավագ տարիքի այն քաղաքացիների կցագրումն անցկացնելու ուղղությամբ, որոնք վերջին տարիներին չեն վերցվել հաշվառման.
գ) հաստատել 1977 և 1978 թվականներին ծնված պատանիների դիսպանսերացման պլանը:
Դիսպանսերացումն ավարտել մինչև 1993 թվականի մայիսի 20-ը.
դ) զորակոչային տեղամասերի աշխատանքն ապահովելու նպատակով զինվորական կոմիսարիատների հայտերով այնտեղ գործուղել անհրաժեշտ թվով համապատասխան աշխատողներ, զորակոչային տեղամասերին հատկացնել նյութական ու ֆինանսական միջոցներ, ինչպես նաև` անհրաժեշտ կահավորանք.
ե) բնակշահագործման տեղամասերի, պատգամավորների գյուղական և ավանային խորհուրդների գործկոմների, հիմնարկությունների, ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարներին ներկայացնել կցագրման ենթակա 1976 թվականին ծնված պատանիների ցուցակները և ըստ զինվորական կոմիսարիատների ժամանակացանկի ապահովել պատանիների ներկայանալը զորակոչային տեղամասեր:
3. Քաղաքային և շրջանային զինվորական կոմիսարիատներին` հերթական զորակոչը կազմակերպված անցկացնելու համար 1976 թվականին ծնված պատանիներին կցագրելու ընթացքում ուսումնասիրել 1993 թվականին զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի մասին բողոքները և անհրաժեշտության դեպքում նրանց ուղարկել ստացիոնար բժշկական զննության:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի հայտերով զորակոչային տեղամասերը լրակազմել փորձառու մասնագետ բժիշկներով.
բ) դիսպանսերացման, կցագրման և զորակոչի ընթացքում պատանիների բժշկական զննությունն անցկացնել մասնագետ բժիշկների միևնույն կազմով` ըստ շրջանային զորակոչային տեղամասերի.
գ) զորակոչային տեղամասերն ապահովել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով.
դ) նախքան կցագրումն սկսելը որոշել և առանձնացնել այն բժշկական հիմնարկները, որտեղ անհրաժեշտության դեպքում կուղարկվեն պատանիները լրացուցիչ հետազոտման և բուժման համար.
ե) սահմանել հսկողություն պատանիների բժշկական զննության, բուժման և դիսպանսերացման նկատմամբ:
5. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը`
ա) միջոցներ ձեռնարկել 8-ամյա կրթություն չունեցող պատանիների ուսումը շարունակելու համար.
բ) պարտավորեցնել ուսումնական հաստատությունների տնօրեններին` հսկողություն սահմանել պատանիների ներկայացրած փաստաթղթերի ձևակերպման և ժամանակին զինվորական կոմիսարիատ ներկայացման նկատմամբ:
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` աջակցել քաղաքային և շրջանային զինվորական կոմիսարիատներին ապահովելու զինվորական հաշվառումից խուսափող անձանց ներկայանալը զորակոչային տեղամասեր:
7. Զանգվածային լրատվության միջոցներով բնակչությանը տեղեկացնել կցագրման ժամկետների և նպատակների մասին:
8. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին` մինչև 1993 թվականի մայիսի 15-ը սույն որոշման կատարման մասին տեղեկագրություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|