ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 07.07.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
01.07.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«01» հուլիսի 2026 թ.

N 32-Ն

 

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը՝ համաձայն 1-ին և 2-րդ hավելվածների, և 1-22-րդ ձևաթղթերի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար՝

 

7/1/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2026 թվականի հուլիսի 1-ի

N 32-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) օգտագործվող հասկացություններն ունեն «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված նշանակությունները։ Կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններ․

1) Ազգային մարմին՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ:

2) Մրցույթ՝ ազգային և համատեղ արտադրության ֆիլմերի նախագծերին (այսուհետ՝ Նախագիծ) պետական ֆինանսավորում տրամադրելու նպատակով Ազգային մարմնի կողմից կազմակերպվող և անցկացվող մրցույթ:

3) Աջակցություն՝ Մրցույթում հաղթած Ֆիլմերի պետական ֆինանսավորում:

4) Հայտ՝ Մրցույթին մասնակցելու նպատակով Հայտատուի կողմից Ազգային մարմին ներկայացված՝ Կանոնակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթ:

5) Հայտատու` Ազգային մարմին Հայտ ներկայացրած, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիլմարտադրող:

6) Փաստաթղթերի ուսումնասիրություն՝ Հայտի ամբողջականության, փաստաթղթերի վավերականության, Կանոնակարգի պայմաններին ու Հայտում ներկայացված տվյալներին փաստաթղթերի համապատասխանության ստուգում:

7) Նախնական գնահատում՝ Մրցույթի փուլ, որում Փորձագիտական հանձնախմբերի կողմից կատարվում է Նախագծերի գեղագիտական-գեղարվեստական արժեքի գնահատում:

8) Վերջնական գնահատում՝ Մրցույթի փուլ, որում Փորձագիտական հանձնախմբերի կողմից կատարվում է Նախնական գնահատման փուլը հաղթահարած Նախագծերի իրականացնելիության ներուժի, տնտեսական հիմնավորվածության, ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորության, առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարի գնահատում:

9) Հայտերի հաստատում՝ Մրցույթի փուլ, որում պետական ֆինանսավորման հաստատման նպատակով ընտրվում են Հայտեր՝ Վերջնական գնահատման փուլը հաղթահարած Նախագծերից:

10) Աշխատանքային խումբ՝ Ազգային մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված մասնագիտական խումբ, որը Կանոնակարգով սահմանված կարգով կատարում է Փաստաթղթերի ուսումնասիրություն և ապահովում Մրցույթի իրականացումը:

11) Շտեմարան՝ Ազգային մարմնի պաշտոնական կայքում անկախ մասնագետների տվյալների բաց շտեմարան, որը համալրվում է լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշներին և ընթացակարգին համապատասխան:

12) Փորձագիտական հանձնախումբ՝ Շտեմարանում ընդգրկված անկախ մասնագետների կազմից Ազգային մարմնի տնօրենի հրամանով ստեղծված հանձնախումբ, որը գնահատում և հաստատում է Մրցույթին մասնակցող Նախագծերը։

13) Զարգացում՝ Ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ աշխատանքների սկզբնական փուլ, որի ընթացքում ֆիլմարտադրողի կողմից կատարվում է հետազոտական աշխատանք, մշակվում է ֆիլմի սցենարը, կազմվում նախնական բյուջե, գտնվում են ֆինանսական միջոցներ, հնարավոր ներդրողներ, գործընկերներ ու հիմնական ստեղծագործական անձնակազմ, կնքվում են պայմանագրեր:

14) Արտադրություն՝ Ֆիլմի նկարահանումների հետ կապված ստեղծագործական, տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքների իրականացում ֆիլմարտադրողի կողմից:

15) Հետարտադրություն՝ Ֆիլմի նկարահանումների ավարտին հաջորդող, մինչև պատրաստի ֆիլմի ստեղծումը ներառյալ կատարվող, հետարտադրական աշխատանքների իրականացում ֆիլմարտադրողի կողմից, այդ թվում՝ ելանյութերի պատրաստման գործընթաց:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Կանոնակարգով կարգավորվում են Մրցույթի պայմանները, Աջակցության տրամադրման և Հայտ ներկայացնելու ընթացակարգերը, ինչպես նաև Աշխատանքային խմբի և Փորձագիտական հանձախմբերի կազմավորման ու գործառույթների հետ կապված հարաբերությունները:

3. Մրցույթի արդյունքում հաստատված նախագծերին ֆինանսական աջակցություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված միջոցների շրջանակներում՝ համաձայն բյուջեով նախատեսված եռամսյակային վճարումների պլանի:

4. Մրցույթը անցկացվում է տարեկան առնվազն երկու անգամ՝ Ազգային մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն։

5. Տվյալ տարվա չորրորդ եռամսյակում հայտարարված Մրցույթում հաստատված Նախագծերի պետական ֆինանսավորումը իրականացվում է հայտարարությանը հաջորդ ֆինանսական տարում։

6. Մրցույթն անցկացվում է հետևյալ երկու տեսակների և երեք անվանակարգերում՝

1) լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն,

2) կարճամետրաժ` խաղարկային, վավերագրական, անիմացիոն:

7. Կանոնակարգի իմաստով դեբյուտ է համարվում ռեժիսորի առաջին կարճամետրաժ և առաջին լիամետրաժ Ֆիլմերը (չհաշված ուսումնառության տարիներին նկարահանած աշխատանքները)՝ անկախ ֆինանսավորման աղբյուրից:

8. Դեբյուտային լիամետրաժ Ֆիլմի արտադրությունից հետո նույն անվանակարգում և նույն ռեժիսորի մասնակցությամբ ներկայացված կարճամետրաժ ֆիլմի Նախագիծը Մրցույթի շրջանակներում դեբյուտային չի համարվում:

9. Հայտերի հաստատման փուլում հավասար գնահատական ունենալու դեպքում Աջակցության տրամադրման նախապատվությունը տրվում է դեբյուտային Նախագծերին, իսկ հավասար գնահատականներ ստացած հայտերի թվում դեբյուտային նախագիծ չլինելու դեպքում կամ երկու հավասար միավորներ ստացած դեբյուտային նախագծեր լինելու դեպքում՝ այն Նախագծերին, որոնք Վերջնական գնահատման փուլում «գեղագիտական-գեղարվեստական արժեք» չափորոշիչով ստացել են առավել բարձր գնահատական։

10. Ֆիլմի ընդհանուր բյուջեի համալրվածությունը Մրցույթի շրջանակում ներառում է զարգացման, արտադրության և հետարտադրության ծախսերը, այդ հաշվառմամբ էլ դիտարկվում են ներկայացված նախահաշիվները և համալրման փաստաթղթերը։

11. Համատեղ արտադրության Նախագծում Հայտատուն համարվում է առավելագույն մասնակցություն ունեցող, եթե Հայաստանի Հանրապետության կողմի ներդրումը (ներառյալ պետական ֆինանսավորումը) տվյալ ֆիլմարտադրության մեջ համատեղ արտադրող մյուս յուրաքանչյուր երկրի ներդրման համեմատ կազմում է ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեծամասնություն՝ ֆինանսական արտահայտությամբ, ինչպես նաև բավարարում է ազգային ֆիլմ համարվելու Օրենքով սահմանված պայմանները:

12․ Ամբողջովին հայաստանյան արտադրության և համատեղ արտադրության Հայաստանի Հանրապետության կողմի առավելագույն մասնակցությամբ Նախագծերի պետական ֆինանսավորումը տրամադրվում է նույն պայմաններով։

13. Համատեղ արտադրության Նախագծում Հայտատուն համարվում է նվազագույն մասնակցություն ունեցող, եթե Հայաստանի Հանրապետության կողմի ներդրումը (ներառյալ պետական ֆինանսավորումը) տվյալ ֆիլմարտադրության մեջ համատեղ արտադրող մյուս երկրի կամ երկրներից առնվազն մեկի ներդրման համեմատ կազմում է ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների փոքրամասնություն՝ ֆինանսական արտահայտությամբ, ինչպես նաև՝ Նախագծի ստեղծագործական հետևյալ կազմից՝ սցենարի հեղինակ, բեմադրող կամ գլխավոր ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր, բեմադրող կամ գլխավոր օպերատոր, բեմադրող կամ գլխավոր նկարիչ, երաժշտության հեղինակ, հնչյունային ռեժիսոր, անիմատոր, զգեստների նկարիչ, առաջին, երկրորդ և երրորդ դերի դերասաններ, առնվազն 3 (երեք) հոգի Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Տվյալ ձևաչափով Աջակցություն ստանալու նպատակով Հայտատուն կարող է դիմել՝ Ֆիլմի ընդհանուր բյուջեի առնվազն 50%-ը համալրված լինելու դեպքում կամ առավելագույն մասնակցություն ունեցող համատեղ արտադրող երկրի ազգային մարմնի կողմից ֆինանսավորման հաստատման դեպքում:

14. Համատեղ արտադրության նախագծերի դեպքում, ֆինանսավորման հաստատումից հետո պայմանագրի կնքման փուլում Հայտատուի կողմից ներկայացվում է համատեղ արտադրության պայմանագիր։ Հայտով ներկայացված առավելագույն կամ նվազագույն մասնակցության կարգավիճակը պարտադիր պետք է համընկնի համատեղ արտադրության պայմանագրով սահմանված մասնակցության կարգավիճակին: Նույն կերպ՝ համաձայնագրի կնքման փուլում, հայտով ներկայացված առավելագույն կամ նվազագույն մասնակցության կարգավիճակը պարտադիր պետք է համընկնի համաձայնագրում արտացոլված կարգավիճակի հետ:

15. Ազգային ֆիլմի Նախագծի ստացած պետական ֆինանսավորման առնվազն 70%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում:

16. Հայաստանի Հանրապետության կողմի առավելագույն մասնակցությամբ համատեղ արտադրության Նախագծի ստացած պետական ֆինանսավորման առնվազն 70%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում:

17. Հայաստանի Հանրապետության կողմի նվազագույն մասնակցությամբ համատեղ արտադրության լիամետրաժ Նախագծի ստացած պետական ֆինանսավորման առնվազն 120%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում, իսկ կարճամետրաժ Նախագծի ստացած պետական ֆինանսավորման առնվազն 150%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում:

18. Յուրաքանչյուր լիամետրաժ Նախագծին Աջակցությունը տրամադրվում է (ներառյալ Զարգացման փուլում Ազգային մարմնից ստացած գումարը) Նախագծի ընդհանուր բյուջեի մինչև 30%-ի, իսկ դեբյուտային նախագծերին՝ 70%-ի չափով:

19. Յուրաքանչյուր կարճամետրաժ Նախագծին Աջակցությունը տրամադրվում է Նախագծի ընդհանուր բյուջեի մինչև 70%-ի չափով (բացառությամբ դեբյուտային Նախագծերի, որոնց Աջակցությունը տրամադրվում է Նախագծի ընդհանուր բյուջեի մինչև 100%-ի չափով):

20. Զարգացման և Հետարտադրության փուլերի համար Աջակցությունը տրամադրվում է Նախագծի տվյալ փուլի բյուջեի մինչև 100%-ի չափով։

 

3. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է Ազգային մարմնի պաշտոնական կայքում, զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

22. Մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում Ազգային մարմինը իրականացնում է Հայտերի ընդունում:

23. Մրցույթի մասին պաշտոնական հայտարարությունը պետք է պարունակի մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող Նախագծերի՝

1) անվանակարգերը,

2) Հայտ ներկայացնելու պայմանները (առցանց եղանակով և այլն),

3) Հայտ ներկայացնելու ժամկետները,

4) տվյալ Մրցույթի համար նախատեսված առավելագույն ֆինանսավորման չափը և նվազագույն քանակական ցուցանիշը

5) տվյալ Մրցույթի անցկացման համար սահմանված լրացուցիչ պահանջները (առկայության դեպքում),

6) պետական ֆինանսավորման հաստատված Նախագծի Հայտատուի հետ կնքվելիք Աջակցության տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևը,

7) անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

24. Մրցույթին մասնակցելու համար Հայտատուն պետք է ներկայացնի Հայտ՝ ըստ Կանոնակարգով սահմանված ֆիլմի տեսակի, անվանակարգի, ֆիլմարտադրության փուլի, ինչպես նաև՝ լրացնելով Կանոնակարգով հաստատված տվյալ Նախագծին համապատասխանող ձևաթղթերը:

25. Լիամետրաժ Նախագծերի Հայտեր կարող են ներկայացվել ֆիլմի արտադրության հետևյալ 3 (երեք) փուլերի Նախագծերի պետական ֆինանսավորման համար՝

1) Զարգացման փուլ,

2) Արտադրության փուլ,

3) Հետարտադրության փուլ:

26. Նույն Հայտատուն Մրցույթին կարող է ներկայացնել արտադրության տարբեր փուլերի մեկից ավելի Նախագծերի Հայտեր: Նույն Նախագիծը ներկայացվում է միայն մեկ փուլի Աջակցություն ստանալու համար, բացառությամբ Արտադրության փուլի Աջակցության համար ներկայացվող Նախագծերի, որոնց դեպքում թույլատրվում է նույն Նախագծի համար միաժամանակ դիմել նաև Հետարտադրության փուլի Աջակցություն ստանալու համար:

27. Կարճամետրաժ Նախագծերի Հայտերը ներկայացվում են ֆիլմի ամբողջ արտադրության համար։ Կարճամետրաժ խաղարկային և վավերագրական Նախագծերի Հայտերի ներկայացման համար պարտադիր է, որ Հայաստանի Հանրապետության կողմը հանդիսանա առավելագույն մասնակցություն ունեցող։

28. Հայտը ներկայացվում է հայերեն, իսկ օտարալեզու փաստաթղթերը՝ հայերեն թարգմանված տարբերակի հետ միասին: Հայերեն և օտարալեզու տարբերակների միջև հակասությունների առկայության դեպքում՝ նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին։

29. Նկարահանումները սկսած ֆիլմերը չեն կարող մասնակցել Զարգացման և Արտադրության փուլի մրցույթին, բացառությամբ վավերագրական Նախագծերի:

30. Հայտատուն կարող է մեկնարկել Նախագծի արտադրության փուլը միայն Նախագծի բյուջեն համալրելու և համալրումը հաստատող համապատասխան փաստաթղթերը Ազգային մարմնին ներկայացնելու և վերջինիս կողմից ընդունելու դեպքում:

31. Բյուջեի համալրումը հաստատող փաստաթուղթ է համարվում՝ Արտադրող ընկերության բանկային հաշվի վրա բավարար գումարի առկայությունը` վավերացված բանկային կամ ֆինանսավարկային կազմակերպության կողմից տրամադրված քաղվածքով (Նախագծի արտադրության մեջ ներդրվող գումարի չափով ներդրման վերաբերյալ Հայտատուի հիմնադրի որոշման հետ միասին), համատեղ արտադրության պայմանագիր կամ համաձայնագիր, ինչպես նաև՝ գույքի կամ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով կնքված ցանկացած տեսակի պայմանագիր կամ համաձայնագիր, որոնցում առկա են ներդրումների, ժամկետների և եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ։ Բյուջեի համալրումը հաստատող փաստաթուղթ է համարվում նաև Հայտատուի կողմից ներկայացված՝ Նախագծի շրջանակում փաստացի կատարված ծախսերը հիմնավորող վճարահաշվարկային փաստաթղթերը: Պայմանագրերի կամ համաձայնագրերի «առարկա» դաշտում պետք է նշված լինի Հայտով ներկայացված Նախագծի անվանումը:

32. Աջակցություն ստացած Ֆիլմարտադրողը նույն Նախագծի համար իրավունք ունի մասնակցելու այլ անվանակարգի Մրցույթի, եթե պատշաճ կարգով իրականացրել է Ազգային մարմնի հետ կնքված պայմանագրային պարտավորությունները և ներկայացրել համապատասխան հաշվետվություններ, որոնք ընդունվել են Ազգային մարմնի կողմից:

33. Արտադրության որևէ փուլի Աջակցություն ստացած Նախագիծը նույն փուլի Մրցույթի կրկին մասնակցել չի կարող:

34. Նախագիծը, որի Հայտը մերժվել է, կարող է դիմել մասնակցելու նոր Մրցույթի՝ ևս 2 (երկու) անգամ: Այն Նախագծերը, որոնք երրորդ անգամ ներկայացված լինելու դեպքում անցել են Հայտերի հաստատման փուլ, սակայն տվյալ Մրցույթի համար նախատեսված մրցութային ֆինանսական միջոցների սպառման պատճառով չեն ստացել Աջակցություն, իրավունք են ստանում նույն նախագծով մրցույթին դիմելու ևս մեկ՝ վերջին անգամ։

35. Հայտը պետք է ներկայացվի Կանոնակարգին և հայտ ներկայացնելու Կարգին համապատասխան 2 (երկու) ամբողջական PDF ֆայլերում ներառելով պահանջվող բոլոր փաստաթղթերը՝ հայտ ներկայացնելու կարգի մեջ թվարկված խմբավորմամբ և հերթականությամբ, ինչպես նաև տրված ձևաթղթերից ընտրելով և լրացնելով տվյալ Նախագծին համապատասխանող Ձևերը: (Տե՛ս Ձև 1, Ձև 2, Ձև 3, Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև 7, Ձև 8, Ձև 9, Ձև 10, Ձև 11, Ձև 12, Ձև 13, Ձև 14, Ձև 15, Ձև 16, Ձև 17):

36. Հետարտադրության փուլի Աջակցություն ստանալու համար Հայտ ներկայացրած Հայտատուն պարտավոր է ներկայացնել արդեն նկարահանված նյութի նկատմամբ հեղինակային իրավունքներ ունեցող անձանց հետ կնքված պայմանագրեր, ինչպես նաև՝ նախկինում կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթեր՝ ներառյալ վճարահաշվարկային փաստաթղթեր: Միջազգային համատեղ արտադրության նախագծերի դեպքում ծախսերը հիմնավորող փաստաթղթերի փոխարեն ներկայացվում են համատեղ արտադրության պայմանագիրը և համատեղ արտադրության մյուս կողմի կողմից կատարված փաստացի ծախսերը հավաստող փաստաթուղթ։

37. Մինչև Հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետի լրանալը Հայտատուն իրավունք ունի իր Հայտը փոխելու, գրավոր չեղարկելու կամ նոր փաստաթղթերով համալրված կրկին ներկայացնելու, բացառությամբ բյուջեի համալրվածությունը հիմնավորող փաստաթղթերում լրացումների, փոփոխությունների և հավելումների, որոնք Հայտատուն կարող է ներկայացնել մինչև Նախագծերի Հաստատման փուլը:

Հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված նոր Հայտը չի դիտարկվում:

38. Մրցույթի ընթացքում Հայտատուի կողմից Հայտի չեղարկումը կատարվում է պաշտոնական գրությամբ՝ Ազգային մարմնին ծանուցում ուղարկելու միջոցով: Հայտի չեղարկման մասին տեղեկությունը հրապարկվում է Ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ հայտարարության տեսքով:

39. Մրցույթին ներկայացված Հայտերի Փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնելու նպատակով, Ազգային մարմնի ղեկավարի հրամանով, Ազգային մարմնի աշխատակիցների կազմից ձևավորվում է Աշխատանքային խումբ, որը, անհրաժեշտության դեպքում, իր աշխատանքները սկսում է մրցույթի մասին հայտարարությունը տալու հետ միաժամանակ։

40. Աշխատանքային խումբը, Հայտ ընդունելու վերջնաժամկետի օրվան հաջորդող 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է ներկայացված Հայտերի համապատասխանությունը Կանոնակարգի պահանջներին, Հայտ ներկայացնելու կարգին և Հայտում ներկայացված տվյալներին, ստուգում Հայտերի ամբողջականությունը, փաստաթղթերի վավերականությունը, բովանդակությունը, Նախագծի դեբյուտային կամ ոչ դեբյուտային լինելու հանգամանքը, ինչպես նաև իրականացնում է Կանոնակարգով նախատեսված այլ գործառույթներ։

41. Ամբողջական է համարվում Կանոնակարգի 35-րդ կետին և Հրամանի Հավելված 2-ին համապատասխան ներկայացված Հայտը:

42. Հայտում նշված տեղեկությունների հավաստիությունը ստուգելու նպատակով, Աշխատանքային խմբի առաջարկությամբ, Ազգային մարմինն իրավունք ունի ստուգել ներկայացված տեղեկությունների հավաստիությունը՝ դիմելով Հայտի հետ առնչություն ունեցող երրորդ անձանց:

43. Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող, ոչ հավաստի տեղեկություն պարունակող, ոչ ամբողջական, թերություններ կամ տեխնիկական սխալներ, վրիպումներ ու բացթողումներ հայտնաբերելու պարագայում Աշխատանքային խումբը առաջարկում է Հայտատուին համալրել Հայտը կամ շտկել առկա թերությունները՝ այդ մասին առձեռն կամ էլեկտրոնային փոստով Հայտատուին ծանուցելու միջոցով։ Հայտատուի կողմից Հայտը պետք է համալրվի կամ առկա թերությունները շտկվեն սույն կետով սահմանված կարգով ծանուցումը ստանալու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։

44. Կանոնակարգի 40-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է Հայտը համալրելու կամ շտկելու վերաբերյալ ծանուցումը Ազգային մարմնի կողմից Հայտատուին ուղարկելու օրվանից մինչև Ազգային մարմնի կողմից համալրված կամ շտկված Հայտի ստացման օրը։

45. Հայտը մրցույթի չի դրվում և չի ուղարկվում Փորձագիտական հանձնախմբի գնահատմանը, եթե.

1) Հայտատուի կողմից չի ապահովվել Կանոնակարգի 43-րդ կետով սահմանված գործընթացը,

2) Հայտը ներկայացվել է Ազգային մարմնի կողմից պետական ֆինանսավորում ստացած այն ֆիլմարտադրողի կողմից, որը մինչև Կանոնակարգով սահմանված կարգով Մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի լրանալն ունի Ազգային մարմնի հանդեպ ժամկետանց ցանկացած տեսակի պայմանագրային պարտավորություն,

3) Հայտը չեղարկվել է Հայտատուի կողմից:

46. Հայտը Մրցույթում ընդգրկելու կամ չընդգրկելու վերաբերյալ Աշխատանքային խմբի որոշումը (այսուհետ՝ Որոշում) ընդունվում և ձևակերպվում է Աշխատանքային խմբի նիստի արձանագրությամբ:

47․ Աշխատանքային խմբի կողմից Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Մրցույթում ընդգրկված Հայտերի անվանացանկերը, ինչպես նաև Մրցույթի Փորձագիտական հանձնախմբերի կազմերը հրապարակվում են Ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ Որոշման կայացման օրվան հաջորդող 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

48. Հայտը Մրցույթում ընդգրկելու կամ չընդգրկելու վերաբերյալ Հայտատուները առձեռն կամ էլեկտրոնային փոստով ծանուցվում են Որոշման կայացման օրվան հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

49. Մրցույթում ընդգրկված Հայտերը Որոշման կայացման օրվան հաջորդող 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են Փորձագիտական հանձնախմբի անդամներին՝ գնահատման նպատակով։ Փորձագիտական հանձնախումբը Նախագծերի Գնահատումն իրականացնում է Կանոնակարգով սահմանված կարգով:

50. Հայտը Փորձագիտական հանձնախմբի կողմից ենթակա է մերժման, եթե Նախագիծն պարունակում է թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի կամ դրանց պրեկուրսորների ստեղծման և պատրաստման մեթոդների, պոռնկագրության, բռնության և դաժանության պաշտամունքը քարոզող նյութեր:

51. Մրցույթը հայտարարվում է չկայացած, եթե մինչև Հայտերի ընդունման վերջնաժամկետը ոչ մի Հայտ չի ներկայացվել կամ Աշխատանքային խմբի կողմից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ոչ մի Հայտ Մրցույթում չի ընդգրկվել:

52. Մրցույթն անցկացվում է հետևյալ 3 փուլերով․

1) Նախնական գնահատում,

2) Վերջնական գնահատում,

3) Հայտերի հաստատում:

 

4. ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

53. Աջակցությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատած սահմանաչափերի և մասնաբաժնի համաձայն:

54. Մեկ օրացուցային տարվա ընթացքում Հայտատուն Աջակցություն կարող է ստանալ մեկ Զարգացման փուլի համար, ինչպես նաև՝

1) Արտադրության փուլի առավելագույն մասնակցությամբ մեկ լիամետրաժ և նվազագույն մասնակցությամբ մեկ լիամետրաժ Նախագծերի կամ,

2) Արտադրության փուլի առավելագույն մասնակցությամբ մեկ լիամետրաժ և Հետարտադրության փուլի առավելագույն մասնակցությամբ մեկ լիամետրաժ Նախագծերի կամ,

3) մեկ լիամետրաժ և երկու կարճամետրաժ Նախագծերի կամ,

4) երեք կարճամետրաժ Նախագծերի համար:

55. Զարգացման կամ Հետարտադրության փուլերի Մրցույթի ներկայացված լիամետրաժ Նախագծերը, ինչպես նաև կարճամետրաժ (դեբյուտային) Նախագծերը, իրավունք ունեն ստանալու Աջակցություն՝ առանց Հայտատուի կողմից ֆինանսական միջոցների ներդրման, իսկ Կանոնակարգով նախատեսված առավելագույն ֆինանսավորման չափը գերազանցված լինելու դեպքում Հայտատուն պարտադիր պետք է ներկայացնի համապատասխան չափով տվյալ փուլի բյուջեի համալրվածությունը հիմնավորող փաստաթղթեր:

56. Զարգացման փուլում հաստատված Աջակցությունը տրամադրվում է հետևյալ աշխատանքների իրականացման համար՝ կինոսցենարի վերջնական տարբերակի ստեղծում (ինչպես նաև՝ թարգմանություն, հետազոտություն, խորհրդատուի, համասցենարիստի, խմբագրի ներգրավում և այլն), արխիվային նյութերի ձեռքբերում և բյուջեի համալրման նպատակով կազմակերպվող հանդիպումներ՝ Նախագծի ներկայացում համատեղ արտադրության կողմերին կամ միջազգային այլ հնարավոր գործընկերների՝ կինոփառատոններում, կինոշուկաներում կամ միջազգային այլ հարթակներում:

57. Արտադրության փուլում հաստատված Աջակցությունը տրամադրվում է նկարահանումների հետ կապված ստեղծագործական և տեխնիկական աշխատանքների իրականացման, սարքավորումների, տաղավարների վարձակալումների, դեկորացիաների ստեղծման, գործուղումների, հոնորարների ու աշխատավարձերի վճարումների, (անիմացիոն նախագծերի դեպքում՝ երաժշտության ստեղծման, խոսքադրման, ձայնագրման), ինչպես նաև արտադրական աշխատանքներին առնչվող այլ ծախսերի կատարման համար:

58. Հետարտադրության փուլում հաստատված Աջակցությունը տրամադրվում է երաժշտության ստեղծման, մոնտաժային, խոսքադրման, հնչյունավորման, ձայնագրման, գունաշտկման, հատուկ էֆֆեկտների ներդրման, ինչպես նաև հետարտադրական աշխատանքներին առնչվող այլ ծախսերի կատարման համար:

59. Արտադրության փուլի Մրցույթի ներկայացված, ֆիլմի արտադրության բյուջեն համալրած (Ազգային մարմնից ակնկալվող Աջակցության չափը ներառյալ) և Փորձագիտական հանձնախմբի կողմից պետական ֆինանսավորման հաստատված Նախագծի Հայտատուի հետ կնքվում է հաստատված գումարի չափով Աջակցության տրամադրման մասին պայմանագիր՝ նախագծի բյուջեի համալրվածությունը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:

60. Մրցույթում հաղթած Նախագծում առավելագույն մասնակցություն ունեցող Հայտատուի և Ազգային մարմնի միջև պետական ֆինանսավորման պայմանագիր չի կնքվում, իսկ կնքված պայմանագիրը Ազգային մարմնի կողմից միակողմանի լուծվում է՝ Նախագծի ռեժիսորի փոխվելու դեպքում։ Պայմանագրի լուծման պահի դրությամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման Ազգային մարմնին։ Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ Հայտատուն հիմնավորում է ռեժիսորի աշխատանքը շարունակելու անհնարինությունը։

61. Արտադրության փուլի Մրցույթի ներկայացված, ֆիլմի արտադրության բյուջեն (Ազգային մարմնից ակնկալվող Աջակցության չափը ներառյալ) չհամալրած և Փորձագիտական հանձնախմբի կողմից ընտրված Նախագծերի Հայտատուների հետ կնքվում է համաձայնագիր՝ հաստատված գումարի չափով Աջակցության տրամադրման մասին, որով Հայտատուին տրվում է մինչև 24 (քսանչորս) ամիս ժամանակ` Արտադրության փուլը մեկնարկելու հնարավորություններ ձեռք բերելու և ֆիլմի արտադրության բյուջեն համալրելու, համապատասխան փաստաթղթերը Ազգային մարմին ներկայացնելու նպատակով:

62. Կանոնակարգի 61-րդ կետով նախատեսված ժամկետը կողմերի համաձայնությամբ կարող է ոչ ավելի, քան մեկ անգամ երկարաձգվել՝ մինչև 6 (վեց) ամիս ժամկետով, հետևյալ դեպքերում.

1) միջազգային համատեղ արտադրող կամ միջազգային ֆինանսավորող կողմի հետ համագործակցության պայմանագրի առկայություն, որում նշված են հստակ սահմանված ժամկետներ,

2) բեմադրող ռեժիսորի, բեմադրող օպերատորի, գլխավոր դերակատարի, անիմացիայի դեպքում՝ նաև բեմադրող նկարչի հիվանդություն (համապատասխան բուժ․ հաստատության կողմից տրամադրված հիմնավորող փաստաթղթի առկայության դեպքում), որի պարագայում ֆիլմի արտադրություն սկսելը դառնում է անհնարին։

63. Հայտատուն ում հետ կնքվել է Աջակցության տրամադրման մասին համաձայնագիր պարտավոր է առավելագույնը 6 ամիսը մեկ անգամ Ազգային մարմնին գրավոր տեղեկացնել Նախագծի բյուջեի համալրվածության մասին:

Բյուջեի համալրումը հաստատող համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո Ազգային մարմինը առավելագույնը 6 (վեց) ամսվա ընթացքում պարտավոր է կնքել պայմանագիր՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով ֆինանսավորման ժամանակացույց: Անհրաժեշտության դեպքում Ազգային մարմինը Հայտատուին կարող է տրամադրել ևս 6 (վեց) ամիս ժամկետ՝ արտադրությունը սկսելու համար:

64. Հետաձգված վճարումները (deferrals) կարող են ներառվել Նախագծի բյուջեում համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում, սակայն դրանց ծավալը չի կարող գերազանցել Նախագծի ընդհանուր բյուջեի 15%-ը: Այն դեպքում, երբ Նախագծի բյուջեում նախատեսված հետաձգված վճարումների (deferrals) չափը գերազանցում է նշված սահմանաչափը, հաստատված է համարվում միայն Նախագծի ընդհանուր բյուջեի 15%-ի չափով նախատեսված մասը:

65. Այն դեպքում, երբ Ֆիլմի արտադրության բյուջեի համալրման արդյունքում Հայտատուն առավելագույն մասնակցություն ունեցող ֆիլմարտադրողից դառնա նվազագույն մասնակցություն ունեցող ֆիլմարտադրող, անկախ Աջակցության տրամադրման վերաբերյալ կնքված համաձայնագրի պայմաններից, Հայտատուին տրամադրվող պետական ֆինանսավորման չափը սահմանվում է նվազագույն մասնակցություն ունեցող համատեղ ֆիլմարտադրության նախագծերի համար նախատեսված Աջակցության չափով։

66. Նվազագույն մասնակցություն ունեցող համատեղ ֆիլմարտադրության Նախագծերին Զարգացման և Հետարտադրության փուլերի Աջակցություն չի տրամադրվում:

67. Զարգացման փուլում, որպես առավելագույն մասնակցություն ունեցող համատեղ ֆիլմարտադրության Նախագիծ, աջակցություն ստացած, սակայն Արտադրության փուլում նվազագույն մասնակցություն ունեցող համատեղ ֆիլմարտադրության Նախագիծ դարձած Հայտին տրվում է նվազագույն մասնակցություն ունեցող համատեղ ֆիլմարտադրության Նախագծերի համար սահմանված Աջակցության չափով պետական ֆինանսավորում՝ ներառյալ Զարգացման փուլում ստացած ֆինանսավորման չափը:

 

5. ԳՆԱՀԱՏՈՂ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

68. Շտեմարանի համալրման և Մրցույթին ներկայացված Հայտերը գնահատող Փորձագիտական հանձնախմբերի ձևավորման նպատակով Ազգային մարմինը հրապարակում է պարբերաբար թարմացվող նոր հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է Ազգային մարմնի կայքում՝ Մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակման հետ միաժամանակ:

69. Շտեմարանում ընդգրկվելու հայտ ներկայացրած բոլոր մասնագետները պետք է Ազգային մարմնին տրամադրեն ընդլայնված ինքնակենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթական, մասնագիտական և առաջխաղացման բոլոր մանրամասները:

70. Հայտարարությամբ համալրված մասնագետների մասին համառոտ տեղեկատվությունը ավելացվում է Շտեմարանում։

71. Փորձագիտական հանձնախմբի անդամ կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից (այդ թվում` օտարերկրյա) այն թեկնածուն, որն ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ և արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն կամ ստացել է կինոփառատոնի մրցանակ և բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ.

2) ունի համատեղ արտադրություն իրականացնելու փորձ.

3) համատեղ արտադրության որևէ ծրագրի՝ պաշտոնական ընտրությունն անցած մասնակից է։

72. Շտեմարանում ընդգրկված մասնագետների հետ Ազգային մարմնի կողմից ճշտվում է տվյալ Մրցույթում ներկայացված Հայտերի հետ նրանց առնչություն ունենալու հարցը: Շտեմարանում ընդգրկված մասնագետներից կազմվում է տվյալ Մրցույթի Հայտերի հետ Կանոնակարգի 76-րդ կետով նախատեսված կարգով առնչություն չունեցող թեկնածուների ցանկ։ Տվյալ ցանկից ձևավորվում են առնվազն հինգ անդամից բաղկացած երկու առանձին փորձագիտական հանձնախմբեր (լիամետրաժ և կարճամետրաժ Նախագծերի):

73. Յուրաքանչյուր Մրցույթի համար ձևավորվում են նոր Փորձագիտական հանձնախմբեր:

74. Ընդունելով Մրցույթի Կանոնակարգի պայմանները՝ Հայտատուն ընդունում է իր Նախագիծը գնահատող փորձագիտական հանձնախմբի իրավազորությունը և ձեռնահասությունը։

75. Փորձագիտական հանձնախմբի անդամներին Ազգային մարմինը ներկայացնում է Մրցույթի ընթացակարգը, Կանոնակարգը, ձևաթղթերը, հանձնախմբում աշխատելու և Նախագծերը գնահատելու կարգերը, ծանոթացնում է Փորձագիտական հանձնախմբի անդամի հետ կնքվելիք պայմանագրի պայմաններին:

76. Փորձագիտական հանձնախմբի անդամ կարող է լինել այն անձը, ով բավարարում է հետևյալ պայմաններին.

1) Փորձագիտական հանձնախմբի անդամը չի կարող լինել Ազգային մարմնի կամ Լիազորված պետական մարմնի աշխատակից կամ Ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամ,

2) Փորձագիտական հանձնախմբի անդամը և նրա հետ փոխկապակցված անձինք (հայրը, մայրը, ամուսինը, կինը, ամուսնու և կնոջ ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ ու եղբոր ամուսինը և երեխաները, ինչպես նաև՝ նրանց ղեկավարած կազմակերպությունները ու նրանց աշխատակիցները) հանձնախմբերում անդամի ընդգրկվածության ողջ ժամանակահատվածի համար չեն կարող մասնակցել տվյալ խմբավորման (լիամետրաժ կամ կարճամետրաժ Նախագծերի) Մրցույթին և չեն կարող ընդգրկված լինել տվյալ խմբավորման Մրցույթին ներկայացված Նախագծերի ու նկարահանվելիք Ֆիլմերի բեմադրող կամ գլխավոր ստեղծագործողական կազմերում (սցենարի հեղինակ, բեմադրող կամ գլխավոր ռեժիսոր, բեմադրող կամ գլխավոր օպերատոր, բեմադրող կամ գլխավոր նկարիչ, գլխավոր անիմատոր, երաժշտության հեղինակ),

3) Սույն կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալու պարագայում այդ անդամները զրկվում են հանձնախմբում աշխատելու հնարավորությունից, և Ազգային մարմինը միայն այդ տեղի համար, հնարավորության դեպքում, ընտրում է նոր թեկնածու,

4) Փորձագիտական հանձնախմբերի անդամները պարտավորվում են իրենց տրամադրված նյութերի գաղափարները, մոտիվները, մտահղացման և այլ ստեղծագործական գաղտնիքները չօգտագործել այլ նպատակներով, բացի Կանոնակարգով իրենց տրամադրված նյութերը ուսումնասիրելու և գնահատելու համար սահմանված նպատակներից:

77. Մրցույթի Նախնական գնահատման փուլում փորձագիտական հանձնախմբի անդամի աշխատանքներին մասնակցելու անհնարինության և իր մասնակցությունից գրավոր հրաժարման դեպքում Ազգային մարմինը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում համալրել տվյալ հանձնախմբի կազմը՝ Շտեմարանից ընդգրկելով նոր անդամի, իսկ Վերջնական գնահատման և Հաստատման փուլերում՝ Մրցույթի ընթացքը շարունակվում է մնացած անդամների մասնակցությամբ՝ առանց կազմի համալրման։

78. Նույն անձը կարող է ընդգրկվել 2 (երկու) անգամ հաջորդաբար անցկացվող Մրցույթների հանձնախմբերում և կրկին կարող է ընդգրկվել, եթե նրա վերջին մասնակցությունից հետո անցկացվել է առնվազն 2 (երկու) Մրցույթ:

79. Փորձագիտական հանձնախմբերի կողմից Նախագծի գնահատումներն իրականացվում են Հայտում Հայտատուի ներկայացրած տվյալների, ինչպես նաև Նախագծի պրոդյուսերի ու ռեժիսորի հետ անհատական զրույցի հիման վրա:

80. Հանձնախմբերի կողմից Նախագծերը գնահատվում են 2 (երկու) փուլով՝

1) Նախնական գնահատում՝ համաձայն Կանոնակարգի Ձև 18-ի պահանջների:

2) Վերջնական գնահատում՝ համաձայն Կանոնակարգի Ձև 20-ի պահանջների:

81. Նախնական գնահատման փուլում յուրաքանչյուր փորձագետ Աշխատանքային խմբի կողմից Հայտը տրամադրելուց հետո 25 (քսանհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և գնահատում է Մրցույթում ընդգրկված Նախագծերը և յուրաքանչյուր Նախագծի համար ներկայացնում անհատապես ստորագրված Նախնական գնահատման թերթիկ (Ձև 18), որում առկա է գնահատականների հիմնավորում և գնահատված են Նախագծի հետևյալ բաղադրիչները.

1) գեղագիտական-գեղարվեստական արժեքը.

2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը.

3) ֆիլմի նախագծի իրականացնելիության ներուժը.

4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը.

5) ֆիլմի առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարը:

Յուրաքանչյուր բաղադրիչը գնահատվում է դրական կամ բացասական, որից հետո կազմվում է Նախնական ամփոփաթերթիկ (Ձև 19)։ Մրցույթի Վերջնական գնահատման փուլ են անցնում առնվազն երկու դրական գնահատական ստացած Հայտերը:

82. Նախնական գնահատման փուլի արդյունքներով իրականացվում է Մրցույթի հաջորդ փուլ անցնող Նախագծերի ընտրություն, ընտրված Հայտերի ցանկերը հրապարակվում են Ազգային մարմնի պաշտոնական կայքում, տեղեկությունն ուղարկվում է Հայտատուներին և փորձագետներին, նախնական գնահատման վերջնաժամկետը լրանալու հաջորդ օրվանից՝ առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

83. Վերջնական գնահատման փուլ անցած Հայտերի ցանկերը հրապարակելու օրվան հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում Հայտերի նախագծերի պրոդյուսերն ու ռեժիսորը հրավիրվում են անհատական զրույցի, որին մասնակցում են տվյալ հանձնախմբի բոլոր փորձագետները և Ազգային մարմնի ներկայացուցիչը:

84. Պրոդյուսերի և ռեժիսորի հետ անհատական զրույցը տեղի է ունենում յուրաքանչյուր Հայտի համար առանձին:

85. Վերջնական գնահատման փուլում յուրաքանչյուր փորձագետ Հայտատուների հետ անհատական զրույցից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային մարմին է ներկայացնում անհատապես լրացված, ստորագրված Վերջնական գնահատման թերթիկ (Ձև 20), որում առկա է գնահատականների հիմնավորում և գնահատված են Նախագծի հետևյալ բաղադրիչները.

1) գեղագիտական-գեղարվեստական արժեքը՝ ընդ որում գնահատվում է հետևյալ չափանիշներով.

ա) մտահղացում, սյուժե,ինքնատիպություն

բ) դրամատուրգիական կառուցվածք, կերպարների զարգացում

գ) կերպարներ, երկխոսություններ

դ) ոճական առանձնահատկություններ, պատկերային լուծումներ

2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը.

3) ֆիլմի նախագծի իրականացնելիության ներուժը.

4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը.

5) ֆիլմի առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարը:

86. Վերջնական գնահատման փուլում գեղագիտական-գեղարվեստական արժեքը գնահատվում է առավելագույնը 10 միավոր՝ որտեղ 1-ը (մեկը) ամենացածր գնահատականն է, իսկ 10-ը (տասը)՝ ամենաբարձրը: Մյուս բոլոր բաղադրիչները գնահատվում են առավելագույնը 5 (հինգ) միավոր՝ որտեղ 1-ը (մեկը) ամենացածր գնահատականն է, իսկ 5-ը (հինգը)՝ ամենաբարձրը: Յուրաքանչյուր Նախագծի համար դուրս է բերվում միջին թվաբանական գնահատական՝ Վերջնական գնահատման թերթիկների տվյալների հիման վրա, համաձայն Վերջնական ամփոփաթերթիկի (Ձև 21)։ Մրցույթի Հայտերի հաստատման փուլ են անցնում առնվազն 21 (քսանմեկ) և ավելի միավոր (միջին թվաբանական գնահատական) ստացած Հայտերը:

87. Աշխատանքային խումբը Հայտերի հաստատման փուլ անցած յուրաքանչյուր Նախագծի համար հաշվարկում է նրա վարկանիշը, որը ձևավորվում է Վերջնական գնահատման փուլում Նախագծին տրված միավորների արդյունքում:

88. Աշխատանքային խումբը, հիմք ընդունելով յուրաքանչյուր Նախագծի համար ձևավորված վարկանիշը, պատրաստում է (կնքվելիք պայմանագրերի և համաձայնագրերի համար առանձին-առանձին, ինչպես նաև դրանցում առանձնացնելով լիամետրաժ ու կարճամետրաժ Նախագծերը) Մրցույթի արդյունքների վարկանիշային (միավորների նվազման կարգով) և ֆինանսավորման ամփոփաթերթիկ (Ձև 22)՝ Վերջնական գնահատման թերթիկները ներկայացնելու վերջնաժամկետի օրվան հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

89․ Գնահատման բոլոր փուլերում մրցույթի մասնակցող հայտերի ցանկերը, բոլոր փորձագետների տված գնահատականներով և գնահատականների հանրագումարով կազմված ամփոփաթերթիկները, վարկանիշային և ֆինանսավորման ամփոփաթերթիկները, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ կամ լրացուցիչ ստացված (նախագծի բյուջեի ի լրումն համալրման կամ անձնակազմերում կատարված փոփոխության և այլնի վերաբերյալ) ցանկացած տեղեկություն և փաստաթուղթ՝ կապված նախագծերի կամ որևէ փորձագետի պահանջի կամ առաջարկության հետ, ուղարկվում են բոլոր փորձագետներին՝ տվյալ տեղեկության կամ փաստաթղթի ստանալուն կամ կազմվելուն պես (Ձև 19, 21, 22, Նախագծերի արտադրաֆինանսական վերլուծություն ու բյուջեի համալրվածության տվյալներ և այլն):

90. Մրցույթի արդյունքների վարկանիշային և ֆինանսավորման ամփոփաթերթիկի (Ձև 22) ձևաթուղթը ներառում է հետևյալ բաղադրիչները (որոնցից վերջինը դեռ չլրացված).

1) Նախագծի անվանումը, խմբավորումը, անվանակարգը, արտադրության փուլը, պրոդյուսերը, սցենարիստը, ռեժիսորը (անիմացիոն նախագծերի դեպքում՝ նաև նկարիչը)

2) Հայտատու ընկերության անվանումը, ղեկավարը

3) Վարկանիշը (Վերջնական գնահատման փուլում Նախագծին տրված միավորները),

4) Ակնկալվող ֆինանսավորման չափը և տեսակը (կնքվելու է հաստատված գումարի չափով պայմանագիր, թե համաձայնագիր՝ երկու առանձնացված ցանկ մեկ փաստաթղթում),

5) Հաստատված ֆինանսավորման չափը (չլրացված):

91. Հայտերի հաստատման փուլում աշխատանքներին դիտորդական կարգավիճակով՝ առանց քվեարկության իրավունքի միանում են նաև լիազորված պետական մարմնի և Ազգային մարմնի ներկայացուցիչները, որոնց տրամադրվում են Հաստատման փուլ անցած Հայտերը, բոլոր գնահատման թերթիկները, Նախագծերի արտադրաֆինանսական վերլուծության ու բյուջեի համալրվածության տվյալները, ինչպես նաև՝ ամփոփաթերթիկները:

92. Լիազորված պետական մարմնի և Ազգային մարմնի ներկայացուցիչները իրավունք ունեն՝

1) մասնակցելու Հայտերի հաստատման փուլի նիստերին,

2) ներկայացնել տեխնիկական, ֆինանսական կամ իրավական խնդիրների վերաբերյալ դիտարկումներ,

3) ներկայացնելու գրավոր կամ բանավոր կարծիքներ և եզրակացություններ Մրցույթի կազմակերպման և անցկանցման արդյունավետության մասին։

93. Մրցույթի արդյունքների վարկանիշային և ֆինանսավորման ամփոփաթերթիկները տրամադրելու օրվան հաջորդող 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում փորձագետները, լիազորված պետական մարմնի և Ազգային մարմնի ներկայացուցիչները մասնակցում են Հայտերի հաստատման փուլի նիստին, որի ընթացքում ներկայացվում են Մրցույթի արդյունքները և փորձագետների կողմից որոշում է կայացվում Հայտերի հաստատման փուլ անցած Նախագծերին տրամադրվելիք Աջակցության վերաբերյալ:

94. Ֆինանսավորվող Հայտերի քանակը որոշվում է՝ ելնելով Վերջնական գնահատման փուլը հաղթահարած Հայտերի քանակից և տվյալ պահին առկա Մրցույթի համար նախատեսված առավելագույն ֆինանսավորման չափից՝ հաշվի առնելով Մրցույթի արդյունքների վարկանիշային (միավորների նվազման կարգով) և ֆինանսավորման ամփոփաթերթիկները:

95. Նախագծերի ուսումնասիրման ընթացքում Փորձագիտական հանձնախմբի անդամը, հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար, կարող է դիմել համապատասխան մասնագետի (գիտնականի, ռազմագետի, պատմաբանի, բժշկի և այլն) և ստանալ մասնագիտական կարծիք, առանց Հայտի նյութերը տրամադրելու։

96. Լիամետրաժ և կարճամետրաժ Նախագծերի Հայտերի հաստատման նիստերը տեղի են ունենում միմյանցից առանձին և արձանագրվում են: Վարկանիշային և ֆինանսավորման ամփոփաթերթիկները ներառվում են համապատասխան արձանագրությունների մեջ: Եթե առկա է հանձնախմբի անդամի հատուկ կարծիք կամ խորհրդատու-մասնագետի գրավոր եզրակացություն, ապա կարծիքն արձանագրվում է, իսկ մասնագիտական եզրակացությունը կցվում է համապատասխան արձանագրությանը: Արձանագրությունները ստորագրում են տվյալ Փորձագիտական հանձնախմբի անդամները, Ազգային մարմնի ներկայացուցիչը և լիազորված պետական մարմնի ներկայացուցիչը:

97. Աջակցության համար ընտրված Հայտերի նախագծերի արտադրաֆինանսական վերլուծության, բյուջեի համալրվածության տվյալների, Հայտատուի կողմից ակնկալվող Աջակցության չափի վերաբերյալ հանձնախմբի անդամների միջև վիճահարույց կարծիքների առկայության դեպքում որոշում կայացվում է ընդհանուր համաձայնության` կոնսենսուսի միջոցով, կոնսենսուս ձեռք չբերելու դեպքում՝ քվեարկության արդյունքներով, որին մասնակցում են միայն փորձագետները։ Որոշումը կայացվում է քվեարկողների ձայների պարզ մեծամասնությամբ:

 

6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

98. Հաստատված Հայտերի ցանկը՝ տրամադրվելիք Աջակցության չափի մասին տեղեկությամբ, հրապարակվում է Ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ արձանագրությունները ստորագրելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

99. Հաստատված Հայտերի ցանկի հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում Ազգային մարմինը լիազորված պետական մարմնին է ներկայացնում Մրցույթի Հայտերի հաստատման արձանագրությունները, ֆինանսավորման հաստատված Նախագծերի նախահաշիվները և ֆիլմարտադրության ծրագիր՝ Ազգային մարմնի հետ Նախագծերի պետական ֆինանսավորման պայմանագիր կնքելու համար:

100. Մրցույթի շրջանակներում ստեղծված բոլոր ցանկերը կազմվում են յուրաքանչյուր Հայտի համար նշելով՝ Նախագծի անվանումը, խմբավորումը, անվանակարգը, արտադրության փուլը, պրոդյուսերը, սցենարիստը, ռեժիսորը (անիմացիոն նախագծերի դեպքում՝ նաև նկարիչը), Հայտատուի (տնտեսավարող սուբյեկտ) անվանումը, ղեկավարի անունը:

101. Հաստատված Հայտերի ցանկերի հրապարակումից և Մրցույթի փաստաթղթերը լիազորված պետական մարմնին ներկայացնելուց հետո լիազորված պետական մարմնի և Ազգային մարմնի միջև կնքվում է Նախագծերի ֆինանսավորման պայմանագիր, որի կնքմանը հաջորդ օրվանից՝ 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում Ազգային մարմինը կնքում է պայմանագիր՝ ֆիլմի արտադրության բյուջեն համալրած Հայտատուների հետ և համաձայնագիր՝ բյուջեն չհամալրած Հայտատուների հետ։

102. Կանոնակարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

Հավելված 2

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2026 թվականի հուլիսի 1-ի

N 32-Ն հրամանի

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

Հ/Հ

Փաստաթղթի անվանումը

Նախագծի զարգացման փուլ

Նախագծի արտադրության (արտադրական և հետարտադրական) փուլ

Նախագծի հետարտադրության փուլ

1-ին բաժին՝ թիվ 1 PDF ֆայլի պարունակությունը

 1.

Հայտադիմում
(ըստ տրված ձևաթղթի)

Այո

Այո

Այո

 2.

Գաղափարական ասելիք, Լոգլայն, Սինոփսիս
(հակիրճ բովանդակություն)

Այո

Այո

Այո

 3.

Պրոդյուսերի տեսլականը

Այո

Այո

Այո

 4.

Ռեժիսորի տեսլականը

Այո

Այո

Այո

 5.

Նկարչի տեսլականը
(պահանջվում է միայն անիմացիայի համար)

Այո

Ոչ

Ոչ

 6.

էսքիզներ (պահանջվում է միայն կարճամետրաժ անիմացիայի համար)

-

Այո`
առնվազն 7 էսքիզ

-

 7.

Վիզուալ նյութեր, էսքիզներ և այլն (պահանջվում է միայն լիամետրաժ անիմացիայի համար)

Այո`
առնվազն 3 էսքիզ

Այո`

առնվազն 10 էսքիզ, կերպարների նկարագրություն,

փորձնական նկարահանված նյութ, սթորի բորդ

Ոչ

 8.

Թիրախային խմբերի նկարագիր, դասակարգում

Այո

Այո

Այո

 9.

Կինոնկարի տարածման ծրագիր

Այո՝ առկայության դեպքում

Այո

Այո

 10.

Ստեղծագործողների ցանկալի կամ հաստատված ցուցակ

Այո՝ առկայության դեպքում

Այո

Այո

 11.

Ֆիլմագրություններ՝ պրոդյուսերի, ռեժիսորի, դերասանների և այլ ստեղծագործողների (առկայության դեպքում)

Այո

Այո

Այո

 12.

Ռեժիսորի նախորդ ֆիլմ կամ փորձնական նկարահանված նյութ

Այո

Այո

Այո

 13.

Ծախսերի նախահաշիվ
(տվյալ փուլի համար)

Այո

Այո
(ամբողջ արտադրության համար)

Այո
(ամբողջ արտադրության համար)

 14.

Ծախսերի նախահաշիվ
(ամբողջ արտադրության համար)

Առկայության դեպքում

Այո

Այո

 15.

Ֆինանսական պլան
(տվյալ փուլի համար)

Այո

Այո
(ամբողջ արտադրության համար)

Այո
(ամբողջ արտադրության համար)

 16.

Ֆինանսական պլան
(ամբողջ արտադրության համար)

Առկայության դեպքում

Այո

Այո

 17.

Սցենար խաղարկային և անիմացիոն նախագծերի համար (հայերեն)

Առկայության դեպքում

Այո

Այո
(վերջնական տարբերակ)

 18.

Սցենարի սեղմագիր (Treatment)
խաղարկային և անիմացիոն նախագծերի համար (հայերեն)

Այո
(ամբողջական սցենարի սեղմագիր առնվազն 15 էջ՝ 12 տառաչափի և 1,15 միջտողային միջակայքով)

Ոչ

Ոչ

 19.

Սցենարի սեղմագիր (Treatment) վավերագրական նախագծերի համար (հայերեն)

Այո
(Սցենարի պլան՝ նվազագույնը 7 էջ)

Այո
(Սցենարի սեղմագիր նվազագույնը 10 էջ)

Այո
(Վերջնական սցենար)

 20.

Սևագիր մոնտաժված կինոնկար
(հայերեն)

Ոչ

Ոչ

Այո

 21.

Լրացուցիչ փաստաթղթեր և/կամ նյութեր (առկայության և ցանկության դեպքում)

Այո

Այո

Այո

2-րդ բաժին՝ թիվ 2 PDF ֆայլի պարունակությունը

 1.

Հայտատու ընկերության իրավաֆինանսական փաստաթղթերը

Այո

Այո

Այո

 2.

Հայտատու ընկերության որոշումը Հայտ ներկայացնելու մասին

Այո

Այո

Այո

 3.

Լիազորագիր (եթե Հայտատու ընկերության ղեկավարը և պրոդյուսերը նույն անձը չէ)

Այո

Այո

Այո

 4.

Հեղինակային իրավունքի փաստաթղթեր

Այո

Այո

Այո

 5.

Հայտատու ընկերության ֆիլմագրությունը (առկայության դեպքում)

Այո

Այո

Այո

 6.

Նախագծի ընդհանուր բյուջեի համալրվածությունը հիմնավորող փաստաթղթեր

Ոչ

Այո
(բյուջեն համալրված լինելու դեպքում)

Այո

 7.

Հայտատու ընկերության կողմից հաշվապահի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրեր կամ համաձայնագրեր կամ Հայտատու ընկերության և տվյալ մասնագետների միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը հաստատող փաստաթղթերը (Մրցույթի արդյունքում նախագծի հաստատման դեպքում)

Այո

Այո

Այո

 8.

Համատեղ արտադրողների հետ կապված փաստաթղթեր

Առկայության դեպքում

Այո
(Համատեղ արտադրության դեպքում)

Այո
(Համատեղ արտադրության դեպքում)

 9.

Հիմնական ստեղծագործական խմբի անդամների քաղաքացիության փաստաթղթեր

Այո

Այո

Այո

 10.

Լրացուցիչ փաստաթղթեր և/կամ նյութեր (առկայության և ցանկության դեպքում)

Այո

Այո

Այո

1-22-րդ ձևաթղթեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2026 թվական: