ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ԱՐԱՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12933/23
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 07.07.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.02.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՐԱՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 12933/23)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

26 փետրվարի 2026թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Արամյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Դիանա Սարկու [Diana Sârcu],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

2026 թվականի փետրվարի 5-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2023 թվականի մարտի 16-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Ն. Ռշտունին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին։

 

ՓԱՍՏԵՐԸ

4. Դիմումատուի գանգատի առնչությամբ կարևորություն ունեցող մանրամասները և տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:

5. Դիմումատուն բողոքել է անօրինական կալանավորման առնչությամբ։ Նա բողոք է ներկայացրել նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. Կոնվենցիայի 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

6. Դիմումատուն բողոքել է անօրինական կալանավորման առնչությամբ։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա։

7. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանելու համար խնդրո առարկա կալանավորումը պետք է տեղի ունենա «օրենքով սահմանված կարգով» և լինի «օրինական»: Կոնվենցիան, ըստ էության, սույն փաստաթղթում հղում է կատարում ներպետական իրավունքին և ամրագրում այդ իրավունքի նյութաիրավական և ընթացակարգային պահանջները պահպանելու պարտավորությունը, սակայն ի հավելումն պահանջում է, որ ազատազրկման ցանկացած դեպք պետք է ուղղված լինի 5-րդ հոդվածի նպատակը պահպանելուն, այն է՝ անձին կամայականությունից պաշտպանելուն (տե՛ս Հաչիսոն Ռիդն ընդդեմ Միացյալ Թագավորության [Hutchison Reid v. the United Kingdom], թիվ 50272/99 գործը, § 47, ՄԻԵԴ 2003 IV, Ասանիձեն ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Assanidze v. Georgia[GC]], թիվ 71503/01 գործը, § 171, ՄԻԵԴ 2004 II, և Վասենինն ընդդեմ Ռուսաստանի [Vasenin v. Russia], թիվ 48023/06 գործը, § 108, 2016 թվականի հունիսի 21)։ Դատական մարմինների կողմից երկարաժամկետ կալանավորումը թույլատրող որոշումներում ներկայացված որևէ հիմքի բացակայությունը կարող է անհամատեղելի լինել 5-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված՝ կամայականությունից պաշտպանության սկզբունքի հետ (տե՛ս Ստաշայտիսն ընդդեմ Լիտվայի [Stašaitis v. Lithuania], թիվ 47679/99 գործը, § 67, 2002 թվականի մարտի 21, Նախմանովիչն ընդդեմ Ռուսաստանի [Nakhmanovich v. Russia], թիվ 55669/00 գործը, § 70, 2006 թվականի մարտի 2 և Ելոյևն ընդդեմ Ուկրաինայի [Yeloyev v. Ukraine], թիվ 17283/02 գործը, § 54, 2008 թվականի նոյեմբերի 6):

8. Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Vardan Martirosyan v. Armenia] (թիվ 13610/12, 2021 թվականի հունիսի 15) հիմնական գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:

9. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ ըստ էության քննության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 18-ի որոշումը դիմումատուին չի ընձեռել կամայականությունից պատշաճ պաշտպանության հնարավորություն, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կալանավորման օրինականության կարևոր տարր է, ուստի դիմումատուի կալանքը՝ 2021 թվականի փետրվարի 18-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 24-ը, չի համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։

10. Հետևաբար սույն բողոքն ընդունելի է և բացահայտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

 

II. ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

11. Դիմումատուն ներկայացրել է այլ բողոք, որը նույնպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հարցեր է բարձրացրել՝ հաշվի առնելով Դատարանի համապատասխան ձևավորված նախադեպային իրավունքը (տե՛ս կից աղյուսակը): Կառավարությունը պնդել է, որ գանգատն անընդունելի է իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հիմքով։ Ուսումնասիրելով Կառավարության կողմից ներկայացված փաստարկները և հաստատող ապացույցները՝ Դատարանը բավարար հիմքեր չի տեսնում ընդունելու նրանց առարկությունները, հետևաբար այն պետք է մերժվի (համեմատի՛ր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia], թիվ 25935/08 գործը, §§ 30-32, 2018 թվականի հունվարի 11, վերևում հիշատակված Վարդան Մարտիրոսյանի [Vardan Martirosyan] գործը, § 72, և Ավուշյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Avushyan v. Armenia][Committee], թիվ 34684/13 գործը, § 18, 2023 թվականի հունվարի 31)։ Ուստի սույն բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Ըստ այդմ, այն պետք է հայտարարվի ընդունելի։ Դատարանը, ուսումնասիրելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, եզրակացնում է, որ նրանք նաև բացահայտում են Կոնվենցիայի խախտումներ Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova[GC]], (թիվ 23755/07, §§ 84 և հաջորդող մասեր, 2016 թվականի հուլիսի 5), Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 48 և հաջորդող մասեր, 2016 թվականի հոկտեմբերի 20) գործերով եզրակացությունների լույսի ներքո։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

12. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Վարդան Մարտիրոսյանի [Vardan Martirosyan] գործը), Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ սույն գանգատով բացահայտվում է Կոնվենցիայի՝ անօրինական կալանավորման վերաբերյալ 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

3. Վճռում է, որ Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված մյուս բողոքի մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում (տե՛ս կից աղյուսակը).

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի փետրվարի 26-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վիկտորիա Մարադուդինա՝
Քարտուղարի տեղակալի
ժամանակավոր պաշտոնակատար

Անդրեաս Զունդ՝
Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ

 

(անօրինական կալանավորում)

 

Գանգատ թիվ

Դիմումա-տուի անունը Ծննդյան տարեթիվը

Ներկայա-ցուցչի անունը և գտնվելու վայրը

Անօրինական կալանքի ժամկետը

Դատարանը, որը կայացրել է կալանա-վորման մասին որոշում/

քննել է բողոքը

Հատուկ թերություն-ները

Ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված այլ բողոքներ

Դիմումա-տուներից յուրաքան-չյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը

(եվրոյով)1

Յուրա-քանչյուր գանգատի դիմաց ծախսերի և ծախքերի համար տրվող գումարը

(եվրոյով)2

12933/23

16.03.2023

Մանվել ԱՐԱՄՅԱՆ

1959

Ռշտունի Նարինե

Երևան

18.02.2021 - 26.11.2024

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասու-թյան առաջին ատյանի դատարան

անժամկետ կալանա-վորման մասին որոշում

5-րդ հոդվածի 3-րդ կետ. նախնական կալանքի չափազանց երկար տևողությունը

(20.09.2020-6.02.2025),

չեն նշվել համապատասխան և բավարար հիմքեր դիմումատուի երկարատև կալանավորումն արդարացնելու համար Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի [Muradkhanyan v. Armenia], թիվ 12895/06 գործը, §§ 79-87, 2012 թվականի հունիսի 5

4 000

250

_________________________

1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան