ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 72645/16 և 3 այլ գանգատ. տե՛ս կից ցանկը)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
26 փետրվարի 2026թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Հովհաննիսյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2026 թվականի փետրվարի 5-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերին Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների առարկաների նույնաբովանդակությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով։ Նրանք հստակորեն կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա։
7. Թիվ 72645/16, 24326/17 և 55566/19 գանգատների մասով Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Ուսումնասիրելով Կառավարության կողմից ներկայացված փաստարկները՝ Դատարանը բավարար հիմքեր չի տեսնում ընդունելու նրանց առարկությունները, հետևաբար այն պետք է մերժվի (համեմատի՛ր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia], թիվ 25935/08 գործը, §§ 30-32, 2018 թվականի հունվարի 11, Ղավալյանն ընդդեմ Հայաստանի [Ghavalyan v. Armenia], թիվ 50423/08 գործը, § 101, 2020 թվականի օգոստոսի 22 և Ավուշյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Avushyan v. Armenia [Committee]], թիվ 34684/13 գործը, § 18, 2023 թվականի հունվարի 31)։
8. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ձևավորված իր նախադեպային իրավունքի համաձայն՝ հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցագործություն, շարունակական կալանքի իրավաչափության համար sine qua non (պարտադիր պայման) է, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար: Այդպիսի դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է հիմնավորված լինել ազատությունից զրկելը: Եթե այդօրինակ հիմքերը «հիմնավոր» և «բավարար» են, ապա Դատարանը նաև պետք է հստակեցնի, թե արդյոք վարույթն իրականացնելիս իրավասու ազգային մարմինները դրսևորել են «պատշաճ ջանասիրություն»։ Դատարանը նաև վճռել է, որ կալանքի ցանկացած ժամկետի համար հիմնավորումը՝ անկախ դրա կարճ լինելու հանգամանքից, պետք է համոզիչ ձևով ներկայացվի մարմինների կողմից: Անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս մարմինները պարտավոր են դիտարկել այլընտրանքային միջոցներ՝ դատաքննությանը նրա ներկայությունն ապահովելու համար։ Ողջամիտ կասկածի առկայությունից բացի՝ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կալանավորման համար «հիմնավոր» և «բավարար» պատճառներ ներկայացնելու պահանջն արդեն իսկ կիրառվում է նախնական կալանք նշանակելու մասին առաջին որոշումը կայացնելու ժամանակ, այսինքն՝ ձերբակալելուց «անմիջապես» հետո (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության գործը [ՄՊ], [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, կետեր 87 և 102, 2016 թվականի հուլիսի 5):
9. Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 48 և հաջորդող պարբերություններ, 2016 թվականի հոկտեմբերի 20) հիմնական գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
10. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ ըստ էության քննության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործում ներպետական դատարանները դիմումատուների մինչդատական կալանքի համար չեն տրամադրել հիմնավոր և բավարար պատճառներ։
11. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են և բացահայտում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
12. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Արա Հարությունյանի [Ara Harutyunyan] գործը, § 66), Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները և մերժում է թիվ 72645/16, 37868/17 և 55566/19 գանգատներում դիմումատուների արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ սույն գանգատներով բացահայտվում է Կոնվենցիայի՝ կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության վերաբերյալ 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
5. Մերժում է թիվ 72645/16, 37868/17 և 55566/19 գանգատներում դիմումատուների արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի փետրվարի 26-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Վիկտորիա Մարադուդինա |
Անդրեաս Զունդ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը
(կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունը)
|
Թիվ |
Գանգատ թիվ Ներկա-յացման ամսաթիվը |
Դիմումատուի անունը Ծննդյան տարեթիվը |
Ներկայա-ցուցչի անունը և գտնվելու վայրը |
Կալանքի ժամկետը |
Դատարանը, որը կայացրել է կալանա-վորման մասին որոշում/ քննել է բողոքը |
Հատուկ թերու-թյուն-ները |
Դիմումա-տուներից յուրա-քանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)1 |
Յուրա-քանչյուր գանգատի դիմաց ծախսերի և ծախքերի համար տրվող գումարը (եվրոյով)2 |
|
1. |
72645/16 28.10.2016 |
Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1985 |
Սիմոնյան Լիպարիտ Երևան |
03.05.2016 - 13.01.2017 |
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան Վերաքննիչ քրեական դատարան |
դատա-րանների կողմից բերված պատ-ճառների խոցելի բնույթը |
1 000 |
500 |
|
2. |
24326/17 27.03.2017 |
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ 1967 |
Սարգսյան Սուսաննա Երևան |
26.05.2016 - 26.12.2016 |
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան Վերաքննիչ քրեական դատարան |
դատա-րանների կողմից բերված պատ-ճառների խոցելի բնույթը |
1 000 |
250 |
|
3. |
37868/17 17.05.2017 |
Գարո ԵԳՆՈՒԿՅԱՆ 1959 |
Հայրապետյան Տիգրան Երևան |
20.07.2016 - 04.10.2017 |
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան Վերաքննիչ քրեական դատարան |
դատա-րանների կողմից բերված պատ-ճառների խոցելի բնույթը |
1 200 |
500 |
|
4. |
55566/19 15.10.2019 |
Սուսաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ 1986 |
Թումասյան Էդգար Երևան |
07.09.2018 - 07.07.2019 |
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավա-սության դատարան Վերաքննիչ քրեական դատարան |
դատա-րանների կողմից բերված պատ-ճառների խոցելի բնույթը |
1 200 |
500 |
_______________________________
1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ:
2 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|