ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
|
ԲԴԽ-42-Ո-Կ-21 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
|
նախագահությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի |
|
|
|
|
անդամներ |
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ Ա. Դանիելյանի Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ |
|
Արդարադատության նախարարի տեղակալ` |
Գ. ՔոչարՅԱՆԻ |
|
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ` |
Ն. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ |
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր՝ |
Ա․ ՕհանՅԱՆԻ |
|
քարտուղարությամբ՝ |
Մ. ԹԵԼՈՅԱՆԻ |
| 12 հունիսի 2026 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արման Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2026 թվականի մայիսի 5-ի թիվ 45-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Քրիստինե Ավագյանի կողմից 20.12.2025 թվականին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արման Օհանյանի (այսուհետ նաև` Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը (այսուհետ նաև՝ Հաղորդում):
Նախարարի 06.03.2026 թվականի թիվ 20-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Նախարարի 05.05.2026 թվականի թիվ 45-Ա որոշմամբ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն (այսուհետ նաև՝ Միջնորդություն) է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)։
Խորհրդի 18.05.2026 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
01.06.2026 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ դատական նիստը նշանակվել է 04.06.2026 թվականին:
04.06.2026 թվականին կայացած դատական նիստում գործի քննությունն ավարտվել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 12.06.2026 թվականը:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ նաև՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ կետը, Նախարարը նշել է, որ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականությունները արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում։ Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը: Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները: Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումները առանց ոչ խելամիտ հետաձգումների1:
Նախարարը գտել է, որ դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում։ Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ: Ընդ որում, հաշվի է առել, որ գործի ողջամիտ ժամկետում քննությունն իր մեջ ներառում է ոչ միայն պատշաճ և ժամանակին քննության իրականացում, այլ նաև գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտի՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրում:
Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Cases of H. v. France, application no. 10073/82. 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994, Stögmüller v. Austria (1602/62) 10.11.1969 թվական, H. v. France (10073/82) 24.10.1989 թվական) վճիռներով, Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 05.09.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4, 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, Նախարարը նշել է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա։ Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը:
Այնուհետև վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 17-րդ հոդվածի 7-րդ մասը, 179-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը և 2-րդ մասը, Նախարարը նշել է, որ օրենսդիրն ամրագրել է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով եզրափակիչ դատական ակտերի հրապարակման կանոն՝ պարտավորեցնելով առաջին ատյանի դատարաններին գործի քննությունն ավարտելուց հետո 15 օրվա ընթացքում գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտը հրապարակել դատական իշխանության պաշտոնական կայքում, իսկ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Ընդ որում, թե՛ դատական ակտը հրապարակելու, թե՛ դատական ակտը գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ:
Նախարարը հավելել է, որ անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման տեսանկյունից ևս կարևորվում է անձի մասնակցությամբ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում հրապարակելը և գործին մասնակցող անձին այն ուղարկելը՝ հնարավորություն տալով վերջինիս իրականացնելու օրենքով սահմանված իր դատավարական իրավունքները: Համապատասխանաբար, ՔԴՕ 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի նորմերով սահմանված է դատարանի պարտականությունը՝ գործի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում (եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ) վճիռն օրենքով սահմանված կարգով հրապարակելու և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Տվյալ դեպքում ևս՝ անձն ունի լեգիտիմ ակնկալիք, որ գործի դատական քննության արդյունքում կայացված՝ վեճն ըստ էության լուծող դատական ակտն իրեն հասանելի կդարձվի ողջամիտ ժամկետներում (ՔԴՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հասանելի դարձնելը ենթադրում է դատական ակտն անձին ուղարկելը կամ առձեռն հանձնելը)։
Նախարարը նշել է, որ վերոնշյալ սահմանադրական, կոնվենցիոն և օրենսդրական դրույթների, ինչպես նաև համապատասխան իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատարանը բոլոր դեպքերում գործը պետք է քննի և լուծի հնարավորինս սեղմ ժամկետներում՝ խուսափելով անհարկի ձգձգումներից: Միևնույն ժամանակ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքից մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի քննության և լուծման պարտականությունը ոչ միայն համարվում է դատավորի վարքագծի կանոն, այլ նաև դատարանի համար նախատեսված դատավարական պարտականություն, որի կազմակերպումն ու ապահովումը վերապահված է հենց դատարանին: Ընդ որում, դատարանի համար նախատեսված գործի ողջամիտ ժամկետում քննության և լուծման պահանջը կարող է համարվել կատարված այն դեպքում, երբ դրա արդյունքում կայացված դատական ակտը հասցեատիրոջ համար դառնում է ամբողջությամբ հասանելի։
Նախարարը նաև նշել է, որ Միջնորդության հիմքում ընկած կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ Դատավորի կողմից թիվ ԵԴ2/38105/02/23 քաղաքացիական գործով (այսուհետ նաև՝ Գործ) քննությունն ավարտվել է 11.07.2025 թվականին, դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 30.07.2025 թվականը՝ ՔԴՕ 179-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված 15-օրյա ժամկետի պահպանմամբ: Այնուամենայնիվ արձանագրում է, որ Դատավորի կողմից 30.07.2025 թվականին եզրափակիչ դատական ակտը «Datalex» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև՝ Համակարգ) չհրապարակելը հանգեցրել է օրենսդրի կողմից սահմանված 15-օրյա ժամկետի խախտման: Ավելին, թե՛ Հաղորդման, թե՛ բացատրության, թե՛ «Datalex» դատական տեղեկատվական համակարգում զետեղված տեղեկատվության ուսումնասիրությունները վկայում են, որ առկա չեն եղել դատավորի կամքից անկախ, օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձրել հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը՝ անհրաժեշտություն առաջացնելով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը։ Այսպիսով արձանագրում է, որ Դատավորի կողմից Գործով դատական ակտի հրապարակումը տեղի է ունեցել սահմանված ժամկետից` 3 ամիս 20 օր ուշացմամբ, իսկ դատական ակտը փոստային ծառայության միջոցով հայցվորի կողմից ստացվել է 21.11.2025 թվականին՝ նախատեսվող ժամկետից 3 ամիս 21 օր հետո (անվիճելի փաստեր): Նշվածը հիմնավորվում է նաև Գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2026 թվականի՝ «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ։
Ըստ Նախարարի, Դատարանի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու արդյունքում սահմանափակվել է հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, քանզի ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջն ի թիվս այլնի՝ ընդգրկում է գործով կայացված եզրափակիչ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց ուղարկելու, այլ կերպ ասած՝ վերջիններիս համար այն հասանելի դարձնելու պահանջների ապահովումը:
Նախարարը միաժամանակ նշել է, որ Արդարադատության նախարարի 18.03.2026 թվականի թիվ Ե-29/2026 գրության հիման վրա Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից 24.03.2026 թվականին տրամադրվել են վիճակագրական տվյալներ2, որոնց ուսումնասիրությունից հետևում է, որ, ի թիվս այլնի, Դատավորի անունը ներառված չի եղել նաև Գործով դատական ակտի կայացման՝ 2025 թվականի ընթացքում, ամենածանրաբեռնված 5 դատավորների ցուցակում։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ վերջին տարիների ընթացքում կատարված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ ներկայումս քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորները էականորեն բեռնաթափվել են, ինչն անհերքելի փաստ է և անկախ դրանից, դրա մասին են վկայում նաև Միջնորդությամբ ներկայացված՝ բարեփոխումների արդյունքում դատավորների բեռնաթափման վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները3: Կատարված շարունակական օրենսդրական բարեփոխումների արդյունքում կարելի է արձանագրել, որ քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների կողմից դատական ակտերի տրամադրումն այլևս կատարվում է առանց ուշացման կամ թեև ուշացմամբ, սակայն ոչ էական խախտումով, որպիսի պայմաններում, Նախարարի գնահատմամբ, քաղաքացիական գործերով 3 ամիս և ավել ժամանակով ուշացումը կարող է հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Նախարարը գտել է, որ նման պայմաններում Գործով դատական ակտի այդչափ ուշացումով հրապարակման և դատական ակտի տրամադրման արդյունքում Դատավորի կողմից թույլ են տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ:
Անդրադառնալով մեղքի ձևին և վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 5-րդ մասը, Նախարարը գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում գտել է, որ Դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։
Այսպիսով՝ եզրակացրել է, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ դատավորին վերագրվող վարքագծի կանոնների խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Անդրադառնալով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից 16.03.2026 թվականին ներկայացված գրավոր բացատրությամբ հայտնված այն դիրքորոշմանը, որ 14.07.2025 թվականից մինչև վճռի հրապարակման օրը՝ 19.11.2025 թվականը, աշխատանքային օրերի թիվը կազմել է 93 աշխատանքային օր, որից՝ 16 աշխատանքային օր՝ 01.08.2025 թվականից մինչև 22.08.2025 թվականը ներառյալ, գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում, և 5 աշխատանքային օր՝ 13.10.2025 թվականից մինչև 17.10.2025 թվականը ներառյալ՝ տարեկան պարտադիր վերապատրաստման գործընթացում, այսինքն՝ ընդհանուր առմամբ աշխատած օրերի քանակը կազմել է 72 աշխատանքային օր և այդ ժամանակահատվածում իրեն են մակագրվել ևս 154 նոր կամ վերաբաշխված այլ գործեր, ապա Նախարարն արձանագրել է այն փաստը, որ Գործով դատաքննությունն ավարտվել է 11.07.2025 թվականին, և Դատավորը վճռի հրապարակման օր է նշանակել 30.07.2025 թվականը, այսինքն՝ նախքան ամենամյա հերթական արձակուրդ մեկնելը և պարտադիր վերապատրաստման գործընթացին մասնակցելը: Ստացվում է, որ վճիռը նշանակված օրը Համակարգում հրապարակելու համար խոչընդոտ չի հանդիսացել ո՛չ Դատավորի՝ ամենամյա հերթական արձակուրդում գտնվելը, քանզի այն նշանակված է եղել 01.08.2025 թվականից, ո՛չ Դատավորի՝ տարեկան պարտադիր վերապատրաստումներին մասնակցությունը՝ այն հանգամանքի հաշվառմամբ, որ վերապատրաստման գործընթացն ընդգրկել է 13.10.2025 թվականից մինչև 17.10.2025 թվականն ընկած ժամանակահատվածը, այսինքն՝ 30.07.2025 թվականից հետո:
Ինչ վերաբերում է Դատավորի կողմից շեշտադրված՝ 154 նոր կամ վերաբաշխված այլ գործերին, որոնք Դատավորին են մակագրվել 14.07.2025 թվականից մինչև 19.11.2025 թվականը՝ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ փաստացի եզրափակիչ դատական ակտը ենթակա է եղել հրապարակման 30.07.2025 թվականին: Հետաքրքրական է, որ վերոնշյալ հանգամանքները, որոնք, ըստ Դատավորի, հիմք են հանդիսացել եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով սահմանված ժամկետից ուշ հրապարակման համար՝ տեղի են ունեցել 30.07.2025 թվականից հետո: Այսինքն՝ ժամանակագրական առումով չեն խոչընդոտել դատական ակտի հրապարակմանը և, բացի այդ, եթե Դատավորն ունեցել է պարտականություն սահմանված ամսաթվին հրապարակելու դատական ակտը, ապա Դատավորի կողմից ամենամյա արձակուրդից օգտվելը կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելը չեն կարող որևէ կերպ արդարացնել Դատավորի՝ սահմանված ժամկետում դատական ակտը չտրամադրելու անգործությունը:
Անդրադառնալով բացատրությամբ հայտնված այն դիրքորոշմանը, որ յուրաքանչյուր փաստացի աշխատանքային օրվա հաշվով միջինում կայացվել է 3.83 դատական նիստ, 4.96 միջանկյալ դատական ակտ և 1.54 եզրափակիչ դատական ակտ, այսինքն՝ օրական առնվազն 10.33 առանձին դատավարական գործողություններ են կատարվել՝ առանց կատարողական թերթերի տրամադրման, գործերի տեղաշարժի և այլ օժանդակ գործողությունների լրիվ հաշվառման, այն պարագայում, որ այս հաշվարկում ներառված չեն այն բազմաթիվ օժանդակ և վարչական գործողությունները, որոնք կազմում են դատավորի գործունեության անբաժանելի մասը, մասնավորապես՝ դատական ակտերի խմբագրումը և վերջնական տեսքի բերումը, գործերի նյութերին ծանոթանալու կազմակերպումը, դատարան մուտքագրված դիմումների և միջնորդությունների ուսումնասիրությունը, դատարանի աշխատակազմի հետ համակարգումը, աշխատանքային գործընթացների դատական ակտերի կատարման հետ կապված ընթացակարգեր և նման պայմաններում առանձին դատական ակտի հրապարակման ժամկետի պահպանումը կախված չէ միայն դատավորի անձնական ջանքերից, այլ նաև դատարանի կազմակերպչական, մարդկային և տեխնիկական ռեսուրսներից, ապա Նախարարը նշել է, որ վերը թվարկած գործողությունները կազմում են բոլոր դատավորների գործունեության անբաժանելի մասը, այլ կերպ ասած՝ դատարանների աշխատանքի բնույթը, օրենսդրությամբ իրենց վերապահված ամենօրյա գործառույթները, իսկ ինչ վերաբերում է դատարանի կազմակերպչական, մարդկային և տեխնիկական ռեսուրսներին՝ ապա արձանագրել է, որ դրանք մեծապես, եթե ոչ առավելապես՝ դատավորի ընտրության արդյունքն են և ենթակա են վերահսկման դատավորի՝ որպես անմիջական ղեկավարի կողմից:
Անդրադառնալով բացատրությամբ հայտնված այն դիրքորոշմանը, որ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում Դատավորի կազմը ստանում է անընդհատ զանգեր քաղաքացիներից, դատավարության մասնակիցներից, որոնց պատասխանելու արդյունքում կանգ է առնում կամ դանդաղում է տվյալ աշխատակցի կողմից կատարվող գործընթացը, իսկ զանգերին չպատասխանելու դեպքում քաղաքացիներն անմիջապես բողոք են ներկայացնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմ կամ Դատական դեպարտամենտ, կազմի աշխատանքն էականորեն կազմալուծում է դատավարության մասնակիցների կողմից գործի նյութերին ծանոթանալու իրավունքից օգտվելը, որպիսի պարագայում երբեմն ժամով՝ կախված գործի ծավալից, աշխատակիցը զբաղված է լինում գործը գտնելու, այն դատավարության մասնակցին ներկայացնելու և ծանոթացման գործողություններով, որոնց արդյունքում կանգ են առնում ընթացիկ այլ աշխատանքներ, Նախարարն արձանագրել է, որ յուրաքանչյուր քաղաքացի կամ դատավարության մասնակից ունի իրազեկվելու կամ իր գործի նյութերին ծանոթանալու իրավունք և օգտվում է օրենսդրությամբ իրեն վերապահված այդ իրավունքներից: Այն, որ դատավարության մասնակիցն իրացնում է իր՝ գործի նյութերին ծանոթանալու իրավունքը, որն ապահովելը դատարանի պարտականությունն է, որևէ կերպ չի կարող հարաբերակցվել այլ գործով եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով սահմանված ժամկետում հրապարակման հետ: Ստացվում է, որ եզրափակիչ դատական ակտը սահմանված ժամկետում հրապարակելու դատավորի պարտականությունը կախվածության մեջ է դրվում լրիվ այլ գործով որևէ անձի` իր գործի նյութերին ծանոթանալու իրավունքի իրացման հետ:
Անդրադառնալով բացատրությամբ վկայակոչված այն դիրքորոշմանը, որ 20.09.2025 թվականից իր գործավարը նախ՝ անաշխատունակության հիմքով, ապա՝ ծնողի մահվան հանգամանքով պայմանավորված՝ չի ներկայացել աշխատանքի, իսկ 03.11.2025 թվականից ազատվել է գործավարի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, այսինքն՝ Դատավորի աշխատակազմը 20.09.2025 թվականից մինչև 03.11.2025 թվականը փաստացի, այնուհետև՝ 03.11.2025 թվականից մինչ օրս համալրված է միայն դատավորի օգնականի և դատական նիստերի քարտուղարի հաստիքներով և նման պայմաններում Դատավորի աշխատակազմի գործունեությունն իրականացվել է զգալիորեն ծանրաբեռնված և ոչ լիարժեք կազմակերպված պայմաններում, ու նշված հանգամանքը կարևոր է նաև այն պատճառով, որ դատավորի աշխատակազմի կազմավորման և համալրման հարցերը գտնվում են ոչ թե դատավորի, այլ դատարանի կազմակերպչական կառավարման պատասխանատվության ոլորտում, հետևաբար և աշխատակազմի թերի համալրվածությունը հանդիսանում է դատավորի կամքից անկախ օբյեկտիվ հանգամանք, որը չի կարող ամբողջությամբ վերագրվել դատավորի անհատական պատասխանատվությանը, ապա Նախարարը նշել է, որ գործով վճիռը ենթակա է եղել հրապարակման 30.07.2025 թվականին, այսինքն՝ նախքան գործավարի պաշտոնը թափուր մնալը, ընդ որում՝ մինչև 20.09.2025 թվականը Դատավորի աշխատակազմը համալրված է եղել ամբողջապես և դատավորն է հանդիսանում իր իսկ աշխատակազմի անմիջական ղեկավարը, ուստի գործավարի կամ օգնականի պաշտոնը թափուր մնալու պայմաններում այդ հաստիքների համալրմամբ զբաղվում է դատավորը: Արդյունքում՝ պատասխանատվությունը կրում է միայն դատավորը: Բացի այդ՝ դատական ակտի՝ սահմանված ժամկետում չհրապարակելը գտնվում է դատավորի պատասխանատվության ներքո և վերջինս պարտավոր է նաև վերահսկել իր աշխատակազմի գործունեությունը՝ դատարանի բնականոն գործունեության ապահովման, տվյալ դեպքում՝ իր իսկ կողմից նշանակված ժամկետում եզրափակիչ դատական ակտի պատշաճ հրապարակման ապահովման համար։ Ուստի, Դատավորի կազմի ոչ ամբողջական համալրված լինելը չի կարող որևէ կերպ արդարացնել դատական ակտի՝ ուշացմամբ հրապարակելու փաստը և բացի այդ՝ դատավորի գործավարի աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում դատական ակտերի նախագծերի կազմումը, որպիսի պայմաններում չի կարող տվյալ դեպքում խոսք գնալ Դատավորի գործավարի հետ կապված հանգամանքների ազդեցությունը՝ Գործով դատական ակտի ուշ հրապարակման հետ, քանի որ Գործով դատական ակտի ուշ հրապարակման պատճառ է հանդիսացել դատական ակտի պատրաստ չլինելը:
Ինչ վերաբերում է բացատրությամբ հայտնված այն դիրքորոշմանը, որ իր գործունեությունն իրականացվել է բացառիկ բարձր ծանրաբեռնվածության պայմաններում, քանզի 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ իր վարույթում գտնվել է ընդհանուր առմամբ 347 քաղաքացիական գործ, իսկ թիվ ԵԴ2/38105/02/23 քաղաքացիական գործով դատաքննության ավարտից հետո՝ 14.07.2025 թվականից մինչև վճռի հրապարակման օրը՝ 19.11.2025 թվականը, Դատավորին են մակագրվել ևս 154 նոր կամ վերաբաշխված այլ գործեր, ապա Նախարարը նշել է, որ հարկ է անդրադարձ կատարել Միջնորդության 2.7 կետում ներկայացված աղյուսակին, ըստ որի՝ 2023 թվականի դրությամբ Դատավորի վարույթում փոխանցված և ստացված գործերի քանակը կազմել է 2653 գործ, 2024 թվականի դրությամբ՝ 1146 գործ, 2025 թվականի դրությամբ՝ 846 գործ: Վերոնշյալն ակնհայտորեն վկայում է, որ 2023-2025 թվականների ընթացքում տարեցտարի Դատավորի ծանրաբեռնվածությունը զգալի չափով նվազել է։ Ավելին՝ Միջնորդության 2.8 կետում ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն՝ դատավոր Արման Օհանյանը ընդգրկված է եղել միայն 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի քաղաքացիական մասնագիտացմամբ ամենածանրաբեռնված 5 դատավորների ցանկում` 3-րդ տեղում: Այսինքն՝ 2025 թվականի դրությամբ Դատավորի մոտ չի գրանցվել գերծանրաբեռնվածություն, որպիսի պայմաններում, սակայն չի ապահովվել վճռի՝ 30.07.2025 թվականին հրապարակումը։ Ուստի արձանագրում է, որ եզրափակիչ դատական ակտի ուշ հրապարակումը գերծանրաբեռնվածության հետևանք չէ:
Այսպիսով, վերոնշյալից վկայել է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն և դրանցով չեն հերքվում Դատավորի կողմից կատարված ուշացումների արդյունքում ողջամիտ ժամկետում քննության իրականացման՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման կամ դրանում Դատավորի մեղքի բացակայության փաստերը:
Դատական նիստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդել են Միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ
Դատավորն անդրադառնալով որոշմամբ իրեն վերագրվող դատավորի վարքագծի կանոնների խախտումներին, ընդունելով ինչպես եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով սահմանված ժամկետից ուշ հրապարակման, այնպես էլ հայցվորի՝ եզրափակիչ դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում ստանալու իրավունքի խախտման հանգամանքները, Նախարարին ներկայացրած բացատրությամբ և Խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանով կարևոր է համարել անդրադառնալ հետևյալ հանգամանքներին.
1. թիվ ԵԴ2/38105/02/23 քաղաքացիական գործով դատաքննության ավարտից հետո՝ 14.07.2025 թվականից մինչև վճռի հրապարակման օրը՝ 19.11.2025 թվականը, Դատավորին մակագրվել են ևս 154 նոր կամ վերաբաշխված այլ գործեր:
2. Հղում կատարելով Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի մի շարք փաստաթղթերի՝ Դատավորը նշել է, որ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ իր վարույթում գտնվել է ընդհանուր առմամբ 347 քաղաքացիական գործ, որոնցից 202 գործ՝ նյութական եղանակով ներկայացված հայցերով, 82 գործ՝ էլեկտրոնային դատավարության կարգով ներկայացված հայցերով, 63 գործ՝ կասեցված գործեր:
Դատավորը վերոգրյալի համատեքստում նշել է, որ թիվ ԵԴ2/38105/02/23 քաղաքացիական գործի դատաքննության ավարտի օրվան հաջորդող օրվանից՝ 14.07.2025 թվականից մինչև վճռի հրապարակման օրը՝ 19.11.2025 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատանքային օրերի թիվը կազմել է 93 աշխատանքային օր, որից՝ 16 աշխատանքային օր՝ 01.08.2025 թվականից մինչև 22.08.2025 թվականը ներառյալ, գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում, իսկ 5 աշխատանքային օրը՝ 13.10.2025 թվականից մինչև 17.10.2025 թվականը՝ ներառյալ՝ տարեկան պարտադիր վերապատրաստման գործընթացում: Այսինքն՝ ընդհանուր առմամբ աշխատած օրերի քանակը կազմել է 72 աշխատանքային օր:
Դատավորի շեշտադրմամբ՝ այդ 72 աշխատանքային օրերի ընթացքում իր նախագահությամբ հրավիրվել և կայացվել է 276 դատական նիստ, առանձին ակտի ձևով կայացվել է մոտ 357 միջանկյալ դատական ակտ, 111 գործով կայացվել են եզրափակիչ դատական ակտեր, որոնցից 17-ով գնումների հետ կապված վեճերով, իսկ նույն ժամանակահատվածում Դատավորին են մակագրվել ևս 154 նոր քաղաքացիական գործեր:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Դատավորը նշել է, որ յուրաքանչյուր փաստացի աշխատանքային օրվա հաշվով միջինում կայացվել է 3.83 դատական նիստ, 4.96 միջանկյալ դատական ակտ և 1.54 եզրափակիչ դատական ակտ, այսինքն՝ օրական առնվազն 10.33 առանձին դատավարական գործողություններ են կատարվել՝ առանց կատարողական թերթերի տրամադրման, գործերի տեղաշարժի և այլ օժանդակ գործողությունների լրիվ հաշվառման: Բացի այդ, մեծ քանակ են կազմել նաև այլ դատավորների կողմից կայացված ակտերով կատարողական թերթ տրամադրելու դիմումները, սակայն Դատավորը նշել է, որ տվյալ փուլում օբյեկտիվորեն զրկված է եղել վերոնշյալ դիմումների վերաբերյալ հստակ տվյալների վերլուծություն՝ ներկայացնելու հնարավորությունից: Դատավորը նշել է, որ այդ ամենին գումարվում են նաև արձակուրդում, գործուղման կամ անաշխատունակության մեջ գտնվող դատավորների վարույթում գտնվող գործերով հրատապ լուծում պահանջող միջանկյալ հարցերի լուծումը և այլն:
3. Դատավորը կարևորել է նաև այն հանգամանքը, որ 20.09.2025 թվականից իր գործավարը նախ՝ անաշխատունակության հիմքով, ապա՝ ծնողի մահվան հանգամանքով պայմանավորված՝ չի ներկայացել աշխատանքի, իսկ 03.11.2025 թվականից ազատվել է գործավարի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այսինքն՝ Դատավորի աշխատակազմը 20.09.2025 թվականից մինչև 03.11.2025 թվականը փաստացի, այնուհետև՝ 03.11.2025 թվականից մինչ օրս համալրված է միայն դատավորի օգնականի և դատական նիստերի քարտուղարի հաստիքներով: Այս առումով դատավորի գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կախված է նաև դատավորի կազմի համալրվածությունից և աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարումից:
Այս մասով Դատավորը կարևորել է նաև Դատավորի կազմի աշխատանքային պայմանները՝ նշելով, որ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում կազմը ստանում է անընդհատ զանգեր քաղաքացիներից և դատավարության մասնակիցներից, որոնց պատասխանելու արդյունքում կանգ է առնում կամ դանդաղում է տվյալ աշխատակցի կողմից կատարվող գործընթացը, իսկ զանգերին չպատասխանելու դեպքում քաղաքացիներն անմիջապես բողոք են ներկայացնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմ կամ Դատական դեպարտամենտ: Կազմի աշխատանքն էականորեն կազմալուծում է դատավարության մասնակիցների կողմից գործի նյութերին ծանոթանալու իրավունքից օգտվելը, որպիսի պարագայում երբեմն ժամով՝ կախված գործի ծավալից, աշխատակիցը զբաղված է լինում գործը գտնելու, այն դատավարության մասնակցին ներկայացնելու և ծանոթացման գործողություններով, որոնց արդյունքում կանգ են առնում ընթացիկ այլ աշխատանքներ:
4. Թիվ ԵԴ2/38105/02/23 քաղաքացիական գործի քննության շրջանակներում իր կողմից կայացվել են ընդհանուր առմամբ 13 միջանկյալ դատական ակտեր, որոնց մեջ ներառված չեն նաև կիրառված հայցի ապահովման և ձևափոխման վերաբերյալ որոշումների կայացումից հետո Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղարկված կատարողական թերթերը: Հատկանշական է, որ միայն 9 միջանկյալ դատական ակտերը կայացվել են հայցվորի ներկայացուցչի՝ հաղորդում ներկայացրած անձի կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա: Ընդ որում, Դատավորի հատուկ շեշտադրմամբ` ներկայացված միջնորդություններից Դատարանի որոշմամբ միայն մեկն է մերժվել:
5. Անդրադառնալով ծանրաբեռնվածության խնդրին պնդել է, որ Դատավորի վարքագծի պատշաճությունը կամ մեղավորությունը չի կարող հաստատվել մեկ գործի կամ մեկ ժամկետի կտրվածքով: Արդարադատության չափանիշները պահանջում են համակարգային վերլուծություն, որն ընդգրկում է.
- նախորդ տարվանից փոխանցված գործերի ծավալը,
- տվյալ տարում նոր ստացված գործերը,
- ընդհանուր քննության ենթակա գործերը,
- ավարտված գործերը,
- տարեվերջյան մնացորդը:
Այսպիսով՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից 18.05.2026 թվականին ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն՝ դատավոր Արման Օհանյանի ծանրաբեռնվածությունն ունի հետևյալ պատկերը.
2024 թվականի վերլուծություն.
Քանակ Վարկանիշ 768 8-րդ 378 ___ 1146 10-րդ 795 10-րդ 351 3-րդ
Ցուցանիշ
Նախորդ տարվանից փոխանցված
Տարվա ընթացքում ստացված
Ընդամենը քննության ենթակա
Ավարտված
Տարեվերջյան մնացորդ
Թվերի ներքին տրամաբանությունն ինքնին խոսուն է: Ընդհանուր ծանրաբեռնվածությամբ 10-րդ դիրքում գտնվող դատավորն ունի տարեվերջյան մնացորդով 3-րդ դիրք ոչ թե անփութության, այլ ժառանգված ծանր բեռի արդյունք:
Ավելի կարևոր է, որ 795 ավարտված գործ նշանակում է.
- ավելի շատ գործ ավարտվել է, քան ստացվել (795 > 378),
- կուտակված մնացորդը նվազեցվել է՝ 768-ից→351:
Հետևաբար, ըստ Դատավորի սուբյեկտիվ գնահատման, նշվածը չի կարող անգործություն որակվել:
2025 թվականի վերլուծություն.
Քանակ Վարկանիշ 351 3-րդ 495 3-4-րդ 846 2-րդ 559 1-ին 287 8-րդ
Ցուցանիշ
Նախորդ տարվանից փոխանցված
Տարվա ընթացքում ստացված
Ընդամենը քննության ենթակա
Ավարտված
Տարեվերջյան մնացորդ
2025 թվականի ցուցանիշներն ունեն մի ներքին հակասություն, որը պահանջում է բացատրություն.
Ինչպե՞ս է հնարավոր, որ ընդհանուր ծանրաբեռնվածությամբ 2-րդ դատավորը տարեվերջի մնացորդով հայտնվի 8-րդ տեղում:
Պատասխանը մեկն է. ավարտված գործերով 1-ին տեղ: Մեծ քանակի գործերի մուտք, մեծ քանակի գործերի ելք (ավարտ): Հետևաբար, ըստ Դատավորի սուբյեկտիվ գնահատման, նշվածը արդյունավետ կառավարման մոդել է և որևէ բացթողում չկա:
Երկու տարիների համադրված պատկերի վերաբերյալ վերլուծություն.
2024 2025 Ընդամենը 1146 846 1992 795 559 1354 351 287 ___ Մնացորդի դինամիկա.
Ընդհանուր ծանրաբեռնվածություն
Ավարտված գործեր
Տարեվերջյան մնացորդ
768 (2024 սկիզբ)→351 (2024 ավարտ)→287 (2025 ավարտ)
Երկու տարում կուտակված մնացորդը կրճատվել է 481 գործով` ծանրաբեռնվածության շարունակական պայմաններում:
Դատավորը պնդել է, որ երկու հաջորդական տարիների ընթացքում ամենաբարձր ծանրաբեռնվածություն ունեցող դատավորների շարքում է եղել, այդ ծանրաբեռնվածության պայմաններում ապահովվել է ավարտված գործերի բարձր ցուցանիշը և ծանրաբեռնվածությունն ուղեկցվել է ոչ թե կուտակմամբ, այլ մնացորդի հետևողական կրճատմամբ:
6. Միաժամանակ Դատավորը ներկայացրել է 2023-2025 թվականների ընթացքում փոխանցված, ստացված և ավարտված գործերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը.
2023 թվականի տվյալներ.
Ըստ աղյուսակի՝ 2023 թվականին իր վարույթում է գտնվել՝
2022 թվականից փոխանցված գործեր — 224
2023 թվականին ստացված գործեր — 2429
2023 թվականին ավարտված գործեր — 1885
31.12.2023 թվականի դրությամբ անավարտ գործեր — 768:
Նույն ժամանակահատվածում 10 դատավորների համեմատական աղյուսակից երևում է, որ՝
ա) Ստացված գործերով.
2429 ստացված գործը իրեն դասում է առավել ծանրաբեռնված դատավորների շարքում:
Համեմատական տվյալներով՝
2653 գործ - առավելագույն,
2429 գործ — հաջորդ ամենաբարձր ցուցանիշներից մեկը,
մյուս դատավորների մեծ մասի մոտ ցուցանիշը տատանվում է մոտ 1600-2200 միջակայքում:
Այսինքն՝ ինքը 2023 թվականին ստացված գործերով փաստացի զբաղեցրել է մոտավորապես 2-րդ տեղը ներկայացված դատավորների շրջանում։
բ) Ավարտված գործերով.
1885 ավարտված գործը ևս չափազանց բարձր ցուցանիշ է:
Համեմատական աղյուսակից երևում է, որ միայն առանձին դատավորների մոտ են արձանագրվել ավելի բարձր ավարտվածության թվեր (2141, 2322, 2493, 2408), մինչդեռ բազմաթիվ դատավորների ավարտված գործերի քանակը եղել է ավելի ցածր:
Այս տվյալներով ինքը ավարտված գործերով գտնվել է մոտավորապես 5-6-րդ հորիզոնականում, սակայն կարևոր է, որ ավարտված գործերի քանակը գնահատվի ոչ թե մեկուսացված, այլ ստացված գործերի ծավալի համատեքստում:
Քանի որ նա ունեցել է ամենաբարձրերից մեկը հանդիսացող մուտքային ծանրաբեռնվածություն, 1885 գործի ավարտումը փաստում է աշխատանքի ինտենսիվ և համակարգված կազմակերպման մասին:
գ) Տարեվերջին անավարտ գործերով.
768 անավարտ գործը պետք է գնահատվի 2429 նոր ստացված գործերի համատեքստում:
Փաստացի ստացված 2429 գործերից ավարտվել է 1885-ը, այսինքն՝ ավարտվածության մակարդակը կազմել է մոտ 77.6%, ինչը նման ծավալի մուտքային ծանրաբեռնվածության պայմաններում բարձր արդյունավետության ցուցանիշ է։ Միաժամանակ, 768 մնացորդը պայմանավորված է ոչ թե անգործությամբ, այլ բացառապես ստացված գործերի արտակարգ բարձր քանակով։
1. 2024 թվականի տվյալների վերլուծություն.
2024 թվականին իր ցուցանիշներն են՝
նախորդ տարվանից փոխանցված — 768
2024 թվականին ստացված — 378
ավարտված — 795
տարեվերջին մնացած 351:
Այս տվյալները ցույց են տալիս, որ ինքը ոչ միայն շարունակել է քննել ընթացիկ, այլ նաև էականորեն նվազեցրել է նախորդ տարվա մնացորդային ծանրաբեռնվածությունը։
ա) Փոխանցված գործերով.
768 փոխանցված գործը ներկայացված դատավորների շարքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
Դա նշանակում է, որ ինքը 2024 թվականը սկսել է արդեն իսկ գերծանրաբեռնված վիճակում։
բ) Ավարտված գործերով.
795 ավարտված գործը 378 նոր ստացված գործերի պայմաններում փաստում է, որ ինքը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է նախկինում կուտակված գործերի լուծման վրա:
Փաստացի ավարտված գործերի թիվը շուրջ 2.1 անգամ գերազանցել է նույն տարում ստացված գործերի թիվը, ինչի արդյունքում մնացորդը 768-ից նվազել է մինչև 351:
Այս հանգամանքը վկայում է ոչ թե ծանրաբեռնվածությունից խուսափելու, այլ հակառակը՝ կուտակված գործերի նպատակային նվազեցման մասին:
գ) Անավարտ գործերի կրճատում.
768-ից մինչև 351 նվազեցումը նշանակում է, որ ինքը մեկ տարվա ընթացքում նվազեցրել է իր մնացորդային բեռը մոտավորապես 54,3%-ով:
Սա արդեն ինքնին աշխատանքի արդյունավետության շատ կարևոր ցուցանիշ է։
2. 2025 թվականի տվյալների վերլուծություն.
2025 թվականի տվյալներով՝
Փոխանցված — 351
ստացված — 495
ավարտված — 559
տարեվերջին մնացած — 287:
ա) Ավարտվածության մակարդակ.
495 նոր ստացված գործերի պայմաններում ավարտվել է 559 գործ, այսինքն՝ կրկին ավարտվել են ոչ միայն նոր մուտք եղած գործերը, այլ նաև նախկին մնացորդային գործերից մի մասը:
բ) Մնացորդի շարունակական նվազեցում.
2023 թվականի վերջ — 768,
2024 թվականի վերջ — 351,
2025 թվականի վերջ — 287:
Այս դինամիկան ցույց է տալիս հետևողականորեն նվազող ծանրաբեռնվածություն՝ իր ակտիվ աշխատանքի արդյունքում:
7. Դատավորը նաև ընդգծել է, որ Նախարարի կողմից ներկայացված վիճակագրությունը պարզեցված վարույթով գործերի թվի նվազման վերաբերյալ կարող է արտաքինից ստեղծել ծանրաբեռնվածության կրճատման տպավորություն, սակայն փաստացի հանգեցրել է հակառակ արդյունքի՝ դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության ավելացման: Այսինքն՝ եթե նվազել են այն գործերը, որոնք հիմնականում քննվում են գրավոր և համեմատաբար սահմանափակ դատավարական գործողություններ կատարելով, ապա փաստացի առկա տվյալները վկայում են այն մասին, որ ավելացել են այն գործերը, որոնք պահանջում են դատական նիստերի, միջնորդությունների քննության, և բազմաթիվ այլ դատավարական գործողությունների իրականացում, հետևաբար ծանրաբեռնվածության որակական բաղադրիչն ակնհայտորեն աճել է:
8. Անդրադառնալով Բանգալորյան սկզբունքների ցուցիչ 6-ով սահմանված «Որակավորում և ջանասիրություն» (Competence and Diligence) սկզբունքին, Դատավորը պնդել է, որ մեկ առանձին դատական ակտի ուշ հրապարակումը չի կարող գնահատվել որպես Բանգալորյան սկզբունքներով նախատեսված պարտաճանաչության և ջանասիրության խախտում: Ընդհակառակը՝ սույն գործով ներկայացված վիճակագրական, խրոնոմետրաժային և կազմակերպչական տվյալների համակցված գնահատումը ցույց է տալիս, որ իր վարքագիծը համապատասխանում է Բանգալորյան սկզբունքների այն հիմնարար գաղափարին, համաձայն որի դատավորը պարտավոր է իր գործունեությունը իրականացնել բարեխղճորեն, անկախ և պատասխանատու կերպով՝ նույնիսկ համակարգային ծանրաբեռնվածության և սահմանափակ ռեսուրսների պայմաններում:
9. Դատավորի կողմից վկայակոչվել են նաև Խորհրդի կողմից 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 22.09.2022 թվականի թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17, 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27, 05.05.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4 որոշումները և համեմատական վերլուծություն է կատարվել թիվ ԵԴ2/38105/02/23 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով սահմանված ժամկետից ուշ հրապարակման և եզրափակիչ դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում ստանալու իրավունքի խախտման հանգամանքների համատեքստում:
10. Դատական ակտի հրապարակման ժամկետի խախտումը տվյալ դեպքում չի հանգեցրել այնպիսի իրավական հետևանքների, որոնք կարող էին զրկել հայցվորին իր պահանջի իրական կատարման հնարավորությունից, նվազեցնել նրա պահանջի տնտեսական արժեքը, կամ այլ կերպ վնասել նրա իրավունքների պաշտպանությանը և տվյալ իրավիճակում դատական ակտի ուշ հրապարակումը հանդիսանում է ձևական բնույթի դատավարական թերացում, որը, թեև առկա է, սակայն իր հետևանքներով չի հանգեցրել հայցվորի իրավունքների էական խախտման: Մասնավորապես, Դատավորը պնդել է, որ
-դատական ակտի ուշ հրապարակումը պայմանավորված է եղել օբյեկտիվ hանգամանքներով,
-դատավորի գործունեությունն իրականացվել է բացառիկ բարձր ծանրաբեռնվածության պայմաններում,
- տվյալ իրավիճակում բացակայում է դատավորի անձնական մեղավոր վարքագիծը։
Դատական նիստի ընթացքում Դատավորը պնդել է բացատրությամբ ներկայացված փաստերը և հիմնավորումները՝ ընդգծելով, որ Նախարարի և Նախարարի ներկայացուցիչների կողմից ներկայացված վիճակագրությունը պարզեցված վարույթով գործերի թվի նվազման վերաբերյալ փաստացի հանգեցրել է հակառակ արդյունքի՝ դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության ավելացման, քանի որ ավելացել են այն գործերը, որոնք պահանջում են դատական նիստերի, միջնորդությունների քննության, և բազմաթիվ այլ դատավարական գործողությունների իրականացում:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
4.1. 15.11.2023 թվականին Գոհար Մազմանյանը (այսուհետ նաև՝ Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Զոյա Ալյոշայի Վարդոևայի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին (այսուհետ նաև՝ Հայցադիմում):
4.2. 19.12.2023 թվականին Դատավորը կայացրել է Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
4.3. 11.07.2025 թվականին Գործի քննությունն ավարտվել է, իսկ 30.07.2025 թվականը նշանակվել է դատական ակտի հրապարակման օր: Համակարգում դատական ակտը տեղադրվել է 19.11.2025 թվականին, իսկ ուղարկվել է հաջորդ օրը։
4.4. Դատավորը չի վիճարկել ինչպես եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով սահմանված ժամկետից ուշ հրապարակման, այնպես էլ Հայցվորի՝ եզրափակիչ դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում ստանալու իրավունքի խախտման հանգամանքները:
4.5. «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 26.06.2023 թվականի թիվ ՀՕ-226-Ն օրենքի համաձայն՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 307-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Դատարանին ենթակա չէ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.4-րդ հոդվածով սահմանված՝ նոտարին ենթակա գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումների քննությունը»: «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 26.06.2023 թվականի ՀՕ-229-Ն օրենքի համաձայն՝ «Նոտարիատի մասին» օրենքը լրացվել է «Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու մասին» 18.3 գլխով: Ստացվում է, որ 11.12.2023 թվականից սկսած գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջների մասով, հանձնվել է նոտարների քննությանը: Կատարված օրենսդրական բարեփոխումների արդյունքում քաղաքացիական գործեր քննող դատարանները բեռնաթափվել են մոտ 88%-ով, քանզի 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ քաղաքացիական գործեր քննող դատարաններում ստացվել է 172,476 քաղաքացիական գործ, 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ 159,829 քաղաքացիական գործ, իսկ արդեն 2024 թվականի դրությամբ՝ ընդամենը 20,036 քաղաքացիական գործ4:
4.6. ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 16.11.2022 թվականի թիվ ՀՕ-435-Ն օրենքի համաձայն՝ «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացվել է 2.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի»: (...): Կատարված օրենսդրական բարեփոխումները միտված են եղել որոշակիորեն թեթևացնելու դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, քանի որ ամուսնաընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության պահանջի սահմանումը մեծացնում է հավանականությունը, որ կողմերի միջև վեճը կկարգավորվի հենց այս փուլում։ Համաձայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ 2020 թվականի հաշվետվության՝ 2020 թվականի ընթացքում ստացվել է ընտանեկան իրավահարաբերությունների վերաբերյալ թվով 2558 դատական գործ, որոնցից՝ ամուսնալուծության վերաբերյալ 1323 գործ, ալիմենտի պահանջի վերաբերյալ 504 գործ ալիմենտի չափը փոփոխելու վերաբերյալ 64 գործ, երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ 177 գործ, երեխայի հետ տեսակցության կարգ որոշելու վերաբերյալ 216 գործ, ամուսինների ընդհանուր գույքը բաժանելու վերաբերյալ 21 գործ5: Համադրելով նշված տվյալները 2019 թվականի հրապարակված վիճակագրության հետ՝ հարկ է նշել, որ 2019 թվականի ընթացքում ստացվել է ընտանեկան իրավահարաբերությունների վերաբերյալ թվով 3300 դատական գործ, որոնցից՝ ամուսնալուծության վերաբերյալ 1697 գործ, ալիմենտի պահանջի վերաբերյալ 667 գործ, ալիմենտի չափը փոփոխելու վերաբերյալ 99 գործ, երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ 209 գործ, երեխայի հետ տեսակցության կարգ որոշելու վերաբերյալ 262 գործ, ամուսինների ընդհանուր գույքը բաժանելու վերաբերյալ 33 գործ6:
4.7. Դատական դեպարտամենտի ղեկավարի թիվ ԴԴ-1 Ե.2107 գրությանը կից ներկայացված՝ 2023 թվականից մինչև 20.03.2026 թվականն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արման Օհանյանի կողմից ստացված և ավարտված գործերի քանակի վերաբերյալ տեղեկանքը ներկայացված է ստորև.
2022 թվականից փոխանցված գործերի քանակ 2023 թվականին ստացված գործեր 2023 թվականին ավարտված գործեր 31.12.2023 թվականի դրությամբ անավարտ գործեր 224 2429 1885 768 2023 թվականից փոխանցված գործերի քանակ 2024 թվականին ստացված գործեր 2024 թվականին ավարտված գործեր 31.12.2024 թվականի դրությամբ անավարտ գործեր 768 378 795 351 2024 թվականից փոխանցված գործերի քանակ 2025 թվականին ստացված գործեր 2025 թվականին ավարտված գործեր 31.12.2025 թվականի դրությամբ անավարտ գործեր 351 495 559 287 2025 թվականից փոխանցված գործերի քանակ 20.03.2026 թվականի դրությամբ ստացված գործեր 20.03.2026 թվականի դրությամբ ավարտված գործեր 20.03.2026 թվականի դրությամբ անավարտ գործեր 287 135 80 342
4.8. Դատական դեպարտամենտի ղեկավարի ԴԴ-1 Ե-2107 գրությանը կից ներկայացված՝ 2023-2025 թվականների ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի քաղաքացիական մասնագիտացմամբ ամենածանրաբեռնված 5 դատավորների, ներառյալ՝ նրանց վարույթում գտնվող դատական գործերի քանակի վերաբերյալ տեղեկանքի ուսումնասիրությունից պարզվել է, որ Դատավորն ընդգրկվել է միայն 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի քաղաքացիական մասնագիտացմամբ ամենածանրաբեռնված 5 դատավորների ցանկում: Ցանկերը ներկայացված են ստորև՝
2023 թվական
Դատավոր Փոխանցված գործեր Ստացված գործեր Ավարտված գործեր Անավարտ գործեր 1. Արշակ Պետրոսյան 1740 1832 1633 1939 2. Արմենուհի Բադիրյան 634 2653 1605 1682 3. Արմինե Սաֆարյան 1302 2228 2141 1389 4. Հովհաննես Ղազարյան 937 2063 1859 1141 5. Էդուարդ Ամալյան 1435 1609 1927 1117
2024 թվական
|
Դատավոր |
Փոխանցված գործեր |
Ստացված գործեր |
Ավարտված գործեր |
Անավարտ գործեր | |
|
1. |
Էդուարդ Ամալյան |
1117 |
341 |
913 |
545 |
|
2. |
Հովհաննես Ղազարյան |
1141 |
438 |
1136 |
443 |
|
3. |
Արման Օհանյան |
768 |
378 |
795 |
351 |
|
4. |
Արմինե Սաֆարյան |
1389 |
445 |
1493 |
341 |
|
5. |
Արամ Մկրտչյան |
945 |
437 |
1055 |
327 |
2025 թվական
|
Դատավոր |
Փոխանցված գործեր |
Ստացված գործեր |
Ավարտված գործեր |
Անավարտ գործեր | |
|
1. |
Հովհաննես Ղազարյան |
443 |
464 |
433 |
474 |
|
2. |
Արշակ Պետրոսյան |
320 |
509 |
417 |
412 |
|
3. |
Ռուբեն Բունիաթյան |
312 |
495 |
491 |
316 |
|
4. |
Սյուզաննա Ուլիխանյան |
374 |
416 |
488 |
302 |
|
5. |
Արամ Մկրտչյան |
327 |
482 |
511 |
298 |
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված հակափաստարկները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է (են) տրվել վարքագծի կանոնի (կանոնների) խախտում (խախտումներ),
5.2. արդյո՞ք Դատավորի կողմից ենթադրյալ վարքագծի կանոնի (կանոնների) խախտումը (խախտումները) թույլ է (են) տրվել դիտավորությամբ, թե կոպիտ անփութությամբ։
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:
Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:
Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպեսզի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև ապահովի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը՝ միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`
1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և վերջինիս մեղքը հաստատելու համար: Այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝
1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները,
2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը,
3) գործի քննության ընդհանուր տևողությունը,
4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի (այդ թվում՝ ըստ փուլերի) քննության միջին ուղենիշային տևողությունը:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:
Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականությունները արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում։ Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը: Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները: Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումները առանց ոչ խելամիտ հետաձգումների։
Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է, այդ թվում նաև անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:
Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե' որպես անհատ, և թե' որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:
Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներում:
Անդրադառնալով անձի՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատարան ներկայացված հայցը կամ դիմումն իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ: Անձի՝ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները և իրավակիրառ պրակտիկան պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը7:
ՔԴՕ 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի՝ եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՔԴՕ 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքից անկախ, օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հստակ կարգավորել է վճռի հրապարակման եղանակը և դրա իրականացման ժամկետներն ու հետաձգման պայմանները։ Մասնավորապես, ընդհանուր կանոնի համաձայն՝ վճիռը պետք է հրապարակվի գործի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը կարող է երկարաձգվել միայն օրենքով նախատեսված բացառիկ հիմքերի առկայության դեպքում։ Միաժամանակ, դատարանը պարտավոր է հրապարակված վճռի օրինակը սահմանված ժամկետում տրամադրել գործին մասնակցող անձանց։ Հետևաբար, վճռի ժամանակին հրապարակումն ու այն գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելը դատարանի՝ օրենքով սահմանված պարտականություններ են, որոնցից շեղումը թույլատրելի է միայն օրենքով նախատեսված դեպքերում։
Խորհուրդը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս արձանագրել է, որ եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, քանի որ նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով:
Խորհուրդն ինչպես նախկին գործերով, սույն գործով կրկին արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:
Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը): Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, արդարադատության իրականացման արդյունավետությունը:
Միաժամանակ, Խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դատական ակտի հրապարակման կամ դրա օրինակը գործին մասնակցող անձանց օրենքով սահմանված ժամկետում չտրամադրելու յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննարկման առարկա դառնա, հաշվի առնվի գործի բոլոր փաստական և իրավական հանգամանքները, դրանց համակցված վերլուծությունը՝ պարզելու համար, թե արդյո՞ք ժամկետի խախտումը պայմանավորված է եղել դատավորի կամքից անկախ օբյեկտիվ հանգամանքներով, թե հանդիսացել է դատավորի կողմից իր պաշտոնեական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանք, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատման առարկա պետք է լինի ոչ միայն խախտման փաստը, այլ նաև դրա պատճառները, գործի առանձնահատկությունները, դատավորի դրսևորած վարքագիծը, խախտման տևողությունը և բնույթը։ Մասնավորապես, խախտման պատճառների գնահատման շրջանակում անհրաժեշտ է տարբերակել դատավորի կամքից անկախ օբյեկտիվ հանգամանքները՝ պայմանավորված ծանրաբեռնվածությամբ, գործերի բացառիկ քանակով կամ բարդությամբ, առողջական կամ տեխնիկական խոչընդոտներով, այն դեպքերից, երբ ուշացումը պայմանավորված է աշխատանքի ոչ պատշաճ կազմակերպմամբ կամ դատավորի անգործությամբ։ Միաժամանակ, պետք է գնահատվի նաև տվյալ գործի փաստական և իրավական բարդությունը, դատական ակտի պատրաստման համար անհրաժեշտ աշխատանքի ծավալը, դատավորի կողմից ժամկետների պահպանման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։
Տվյալ դեպքում 11.07.2025 թվականին Գործի քննությունն ավարտվել է, իսկ 30.07.2025 թվականը նշանակվել է դատական ակտի հրապարակման օր: Համակարգում դատական ակտը տեղադրվել է 19.11.2025 թվականին, իսկ ուղարկվել է հաջորդ օրը։
Դատավորը չի վիճարկում ինչպես եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով սահմանված ժամկետից ուշ հրապարակման, այնպես էլ Հայցվորի՝ եզրափակիչ դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում ստանալու իրավունքի խախտման հանգամանքները:
Վերոգրյալի հաշվառմամբ Խորհուրդը փաստում է, որ Գործի քննության արդյունքում կայացված դատական ակտը Համակարգում տեղադրվել է հրապարակման օրից 3 ամիս 20 օր անց, իսկ գործին մասնակցող անձանց դատական ակտն ուղարկվել է 3 ամիս 21 օր անց՝ խախտելով Հայցվորի՝ եզրափակիչ դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում ստանալու իրավունքը:
Անդրադառնալով սույն վարույթի շրջանակներում Դատավորի կողմից վկայակոչված այն փաստարկին, ըստ որի՝ դատական ակտի սահմանված ժամկետից ուշ հրապարակումը պայմանավորված է եղել իր գերծանրաբեռնվածությամբ, աշխատակազմի ոչ ամբողջական համալրվածությամբ, ինչպես նաև դատական գործունեության կազմակերպական բարդություններով՝ Խորհուրդը գտնում է, որ այն չի բովանդակում այնպիսի բացառիկ հանգամանքներ կամ հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում Դատավորի կողմից Գործով կատարված խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:
Մասնավորապես, ծանրաբեռնվածությունը որպես մեղքը բացառող հանգամանք կարող է հանդիսանալ միայն այն դեպքում, երբ այն հաստատվում է համապատասխան ժամանակահատվածում գործերի քանակի, դրանց բարդության, դատավորի փաստացի ծանրաբեռնվածության և այլ համադրելի ցուցանիշների համակողմանի, այդ թվում նաև` բացառիկ հանգամանքների գնահատմամբ։ Ընդ որում, ծանրաբեռնվածության գնահատումը չի կարող կատարվել վերացական ձևով, այլ պետք է հաշվի առնվի նաև դատական համակարգում առկա ընդհանուր ծանրաբեռնվածության մակարդակը և օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը դատավորի աշխատանքային ծավալի վրա։ Եթե այդ տվյալների համակցված գնահատումը չի վկայում, որ ծանրաբեռնվածությունն ունեցել է այնպիսի աստիճան, որն օբյեկտիվորեն բացառել է օրենքով սահմանված ժամկետների պահպանումը, ապա այն չի կարող դիտվել որպես դատավորի մեղքը բացառող հանգամանք։
Այս կապակցությամբ, Խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ կատարված օրենսդրական բարեփոխումների արդյունքում քաղաքացիական գործեր քննող դատարանները բեռնաթափվել են մոտ 88%-ով, քանզի 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ քաղաքացիական գործեր քննող դատարաններում ստացվել է 172,476 քաղաքացիական գործ, 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ 159,829 քաղաքացիական գործ, իսկ արդեն 2024 թվականի դրությամբ՝ ընդամենը 20,036 քաղաքացիական գործ։
Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկին, որ 14.07.2025 թվականից մինչև վճռի հրապարակման օրը՝ 19.11.2025 թվականը, աշխատանքային օրերի թիվը կազմել է 93 աշխատանքային օր, որից՝ 16 աշխատանքային օր՝ 01.08.2025 թվականից մինչև 22.08.2025 թվականը ներառյալ, գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում, և 5 աշխատանքային օր՝ 13.10.2025 թվականից մինչև 17.10.2025 թվականը ներառյալ՝ տարեկան պարտադիր վերապատրաստման գործընթացում, այսինքն՝ ընդհանուր առմամբ աշխատած օրերի քանակը կազմել է 72 աշխատանքային օր, այդ ժամանակահատվածում իրեն են մակագրվել ևս 154 այլ գործեր, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Գործով դատաքննությունն ավարտվել է 11.07.2025 թվականին, և Դատավորը վճռի հրապարակման օր է նշանակել 30.07.2025 թվականը, այսինքն՝ նախքան ամենամյա հերթական արձակուրդ մեկնելը և պարտադիր վերապատրաստման գործընթացին մասնակցելը: Նույն տրամաբանությունն է գործում նաև Դատավորի կողմից մատնանշված՝ 154 նոր կամ վերաբաշխված այլ գործերի դեպքում, որոնք Դատավորին են մակագրվել 14.07.2025 թվականից մինչև 19.11.2025 թվականը: Հետևաբար, ժամանակագրական առումով Դատավորի համար չի ստեղծվել խոչընդոտ դատական ակտի հրապարակման համար:
Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկներին, որ 20.09.2025 թվականից իր գործավարը նախ՝ անաշխատունակության հիմքով, ապա՝ ծնողի մահվան հանգամանքով պայմանավորված՝ չի ներկայացել աշխատանքի, իսկ 03.11.2025 թվականից ազատվել է գործավարի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, այսինքն՝ Դատավորի աշխատակազմը 20.09.2025 թվականից մինչև 03.11.2025 թվականը փաստացի, այնուհետև՝ 03.11.2025 թվականից մինչ օրս համալրված է միայն դատավորի օգնականի և դատական նիստերի քարտուղարի հաստիքներով և նման պայմաններում Դատավորի աշխատակազմի գործունեությունն իրականացվել է զգալիորեն ծանրաբեռնված և ոչ լիարժեք կազմակերպված պայմաններում, ու նշված հանգամանքը կարևոր է նաև այն պատճառով, որ դատավորի աշխատակազմի կազմավորման և համալրման հարցերը գտնվում են ոչ թե դատավորի, այլ դատարանի կազմակերպչական կառավարման պատասխանատվության ոլորտում, հետևաբար և աշխատակազմի թերի համալրվածությունը հանդիսանում է դատավորի կամքից անկախ օբյեկտիվ հանգամանք, որը չի կարող ամբողջությամբ վերագրվել դատավորի անհատական պատասխանատվությանը, ապա Խորհուրդը կրկին արձանագրում է, որ Գործով վճիռը ենթակա է եղել հրապարակման 30.07.2025 թվականին, այսինքն՝ նախքան գործավարի պաշտոնը թափուր մնալը, հետևաբար, մինչև 20.09.2025 թվականը Դատավորի աշխատակազմը համալրված է եղել ամբողջապես: Հետևաբար, ժամանակագրական առումով Դատավորի համար չի ստեղծվել խոչընդոտ դատական ակտի հրապարակման համար, հետևաբար, նշված փաստարկներն անհիմն են:
Անդրադառնալով Դատավորի կողմից մատնանշված բացառիկ բարձր ծանրաբեռնվածության պայմաններում գործունեություն իրականացնելու, գործի բնույթի, դատավարության ընդհանուր տևողության, գործի քննության ընթացքում կողմերի վարքագծի, դատական ակտը ուշ տրամադրելու և հրապարակելու արդյունքում անձի իրավունքների իրական և էական սահմանափակման, դատավորի աշխատակազմի կողմից կատարվող բազմաթիվ օժանդակ և վարչական գործողությունների, այդ թվում՝ դատական քննության մասնակիցների հեռախոսազանգերին պատասխանելու վերաբերյալ փաստարկներին՝ Խորհուրդը հարկ է համարում նշել, որ Դատավորի կողմից չի ներկայացվել որևէ ծանրակշիռ փաստարկ գործի բարդության և/կամ իր բացառիկ ծանրաբեռնվածության վերաբերյալ, ավելին՝ Միջնորդության և Դատավորի կողմից ներկայացված վիճակագրական տվյալների ուսումնասիրությամբ փաստվել է ծանրաբեռնվածության թոթափման հանգամանքը:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից ներկայացված փաստարկները և դրանց հիմնավորման համար ներկայացված տվյալները բավարար չեն եզրակացնելու, որ առկա են եղել դատավորի կամքից անկախ այնպիսի օբյեկտիվ հանգամանքներ, որոնք բացառել են օրենքով սահմանված ժամկետների պահպանումը, իսկ վկայակոչված ծանրաբեռնվածությունը և կազմակերպական բնույթի հանգամանքները չեն կարող դիտվել որպես դատավորի մեղքը բացառող կամ թույլ տրված ժամկետի խախտումը արդարացնող հանգամանքներ։
Վերոնշյալի ամփոփմամբ՝ Խորհուրդն արձանագրում է, որ Գործի քննության արդյունքում կայացված դատական ակտը 3 ամիս 20 օր անց հրապարակելով, գործին մասնակցող անձանց 3 ամիս 21 օր անց ուղարկելու արդյունքում Դատավորը խախտել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կանոնները:
Խորհուրդն անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված վերը նշված խախտումների հետևանքին, արձանագրում է, որ դատավորը պարտավոր է ապահովել իրավունքի գերակայությունը, արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, թույլ չտալ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի կամ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, բարձր պահել իր, դատարանի և դատական իշխանության հեղինակությունը, քանի որ դատարանի հեղինակությունը բարձր պահելու պարտականությունը ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր դատավորի պարտականությունն է, իսկ դրա չպահպանումն ուղղակիորեն հանգեցնում է արդարադատության շահի վնասմանը և հասարակության առջև դատարանի բարձր դերի հեղինակազրկմանը:
Գնահատման առարկա դարձնելով թույլ տրված արարքում Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդն արձանագրում է հետևյալը:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Տվյալ դեպքում Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Խորհուրդը գտնում է, որ Դատավորի նկատմամբ կիրառման ենթակա կարգապահական տույժի համաչափության տեսանկյունից էական նշանակություն ունեն խախտման բնույթը, մեղքի աստիճանը, խախտման տևողությունն ու հետևանքները, դատավարության մասնակիցների իրավունքների և արդարադատության շահի վրա դրա ազդեցությունը, ինչպես նաև դատավորի անձը, նախկինում կիրառված կարգապահական տույժերի առկայությունը կամ բացակայությունը և մեղմացնող կամ ծանրացնող այլ հանգամանքները։ Ընդ որում, Խորհուրդն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ կարգապահական պատասխանատվության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ, և թույլ տրված խախտումների՝ դատավարության կողմերի համար փաստացի բացասական հետևանքներ առաջացնելու վերաբերյալ տվյալներ առկա չեն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արման Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արման Օհանյանին հայտարարել նախազգուշացում:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
_______________________
1 Տե՛ս, Դատավորի վարքագծի բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, կետ 207, 209, https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/Commentry_on_the_Bangalore_principles_ of_Judicial_Conduct.pdf
2 Տե՛ս, Միջնորդության 2.7 և 2.8 կետերը:
3 Տե՛ս, Միջնորդության 2.5 և 2.6 կետերը:
4 Տվյալները ստացվել են Դատական իշխանության ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջից։
Հղումը՝ https://www.facebook.com/share/v/17jSvIMHCS/?mibextid=wwXlfr
5 Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ 2020 թվականի տարեկան հաշվետվություն, https://court.am/hy/statistic-inner/196, 28.12.2021 դրությամբ:
6 Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ 2019 թվականի տարեկան հաշվետվություն, https://court.am/hy/statistic-inner/184 , 28.12.2021 դրությամբ:
7 Մանրամասն տես՝ Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ` Անդամներ` |
Ա․ ԱթաբեկՅԱՆ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ | ||
|
Դեմ (Հատուկ կարծիք) |
Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ա. Հարությունյան Ք. ՄԿՈՅԱՆ | ||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2026 թվական:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
«10» հուլիսի 2026 թ. |
ք․ Երևան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունիսի 12-ի թիվ ԲԴԽ-42-Ո-Կ-21 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ․
Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ) քննության առնելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի (այսուհետ նաև՝ Նախարար) 05.05.2026 թվականի թիվ 45-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արման Օհանյանին (այսուհետ նաև` Դատավոր կամ Դատարան) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը (այսուհետ նաև՝ Միջնորդություն), որոշել է․ «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արման Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արման Օհանյանին հայտարարել նախազգուշացում»:
Համաձայն չլինելով Խորհրդի 2026 թվականի հունիսի 12-ի թիվ ԲԴԽ-42-Ո-Կ-21 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ՝ ներկայացնում եմ սույն Հատուկ կարծիքը։
1․ Խորհրդի 2026 թվականի հունիսի 12-ի թիվ ԲԴԽ-42-Ո-Կ-21 որոշման Միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները․
- 15.11.2023 թվականին Գոհար Մազմանյանը (այսուհետ նաև՝ Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Զոյա Վարդոևայի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին (այսուհետ նաև՝ Հայցադիմում):
- 19.12.2023 թվականին Դատավորը կայացրել է Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
- 11.07.2025 թվականին Գործի քննությունն ավարտվել է, իսկ 30.07.2025 թվականը նշանակվել է դատական ակտի հրապարակման օր: Համակարգում դատական ակտը տեղադրվել է 19.11.2025 թվականին, իսկ ուղարկվել է հաջորդ օրը։
- Դատավորը չի վիճարկել ինչպես եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով սահմանված ժամկետից ուշ հրապարակման, այնպես էլ Հայցվորի՝ եզրափակիչ դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում ստանալու իրավունքի խախտման հանգամանքները:
- «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 26.06.2023 թվականի թիվ ՀՕ-226-Ն օրենքի համաձայն՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 307-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Դատարանին ենթակա չէ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.4-րդ հոդվածով սահմանված՝ նոտարին ենթակա գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումների քննությունը»: «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 26.06.2023 թվականի ՀՕ-229-Ն օրենքի համաձայն՝ «Նոտարիատի մասին» օրենքը լրացվել է «Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու մասին» 18.3 գլխով: Ստացվում է, որ 11.12.2023 թվականից սկսած գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջների մասով, հանձնվել է նոտարների քննությանը: Կատարված օրենսդրական բարեփոխումների արդյունքում քաղաքացիական գործեր քննող դատարանները բեռնաթափվել են մոտ 88%-ով, քանզի 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ քաղաքացիական գործեր քննող դատարաններում ստացվել է 172,476 քաղաքացիական գործ, 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ 159,829 քաղաքացիական գործ, իսկ արդեն 2024 թվականի դրությամբ՝ ընդամենը 20,036 քաղաքացիական գործ1:
- ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 16.11.2022 թվականի թիվ ՀՕ-435-Ն օրենքի համաձայն՝ «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացվել է 2.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի»: (...): Կատարված օրենսդրական բարեփոխումները միտված են եղել որոշակիորեն թեթևացնելու դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, քանի որ ամուսնաընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության պահանջի սահմանումը մեծացնում է հավանականությունը, որ կողմերի միջև վեճը կկարգավորվի հենց այս փուլում։ Համաձայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ 2020 թվականի հաշվետվության՝ 2020 թվականի ընթացքում ստացվել է ընտանեկան իրավահարաբերությունների վերաբերյալ թվով 2558 դատական գործ, որոնցից՝ ամուսնալուծության վերաբերյալ 1323 գործ, ալիմենտի պահանջի վերաբերյալ 504 գործ, ալիմենտի չափը փոփոխելու վերաբերյալ 64 գործ, երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ 177 գործ, երեխայի հետ տեսակցության կարգ որոշելու վերաբերյալ 216 գործ, ամուսինների ընդհանուր գույքը բաժանելու վերաբերյալ 21 գործ2: Համադրելով նշված տվյալները 2019 թվականի հրապարակված վիճակագրության հետ՝ հարկ է նշել, որ 2019 թվականի ընթացքում ստացվել է ընտանեկան իրավահարաբերությունների վերաբերյալ թվով 3300 դատական գործ, որոնցից՝ ամուսնալուծության վերաբերյալ 1697 գործ, ալիմենտի պահանջի վերաբերյալ 667 գործ, ալիմենտի չափը փոփոխելու վերաբերյալ 99 գործ, երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ 209 գործ, երեխայի հետ տեսակցության կարգ որոշելու վերաբերյալ 262 գործ, ամուսինների ընդհանուր գույքը բաժանելու վերաբերյալ 33 գործ3:
- Դատական դեպարտամենտի ղեկավարի թիվ ԴԴ-1 Ե.2107 գրությանը կից ներկայացված՝ 2023 թվականից մինչև 20.03.2026 թվականն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արման Օհանյանի կողմից ստացված և ավարտված գործերի քանակի վերաբերյալ տեղեկանքը ներկայացված է ստորև.
|
2022 թվականից փոխանցված գործերի քանակ |
2023 թվականին ստացված գործեր |
2023 թվականին ավարտված գործեր |
31.12.2023 թվականի դրությամբ անավարտ գործեր |
|
224 |
2429 |
1885 |
768 |
|
2023 թվականից փոխանցված գործերի քանակ |
2024 թվականին ստացված գործեր |
2024 թվականին ավարտված գործեր |
31.12.2024 թվականի դրությամբ անավարտ գործեր |
|
768 |
378 |
795 |
351 |
|
2024 թվականից փոխանցված գործերի քանակ |
2025 թվականին ստացված գործեր |
2025 թվականին ավարտված գործեր |
31.12.2025 թվականի դրությամբ անավարտ գործեր |
|
351 |
495 |
559 |
287 |
|
2025 թվականից փոխանցված գործերի քանակ |
20.03.2026 թվականի դրությամբ ստացված գործեր |
20.03.2026 թվականի դրությամբ ավարտված գործեր |
20.03.2026 թվականի դրությամբ անավարտ գործեր |
|
287 |
135 |
80 |
342 |
- Դատական դեպարտամենտի ղեկավարի ԴԴ-1 Ե-2107 գրությանը կից ներկայացված՝ 2023-2025 թվականների ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի քաղաքացիական մասնագիտացմամբ ամենածանրաբեռնված 5 դատավորների, ներառյալ՝ նրանց վարույթում գտնվող դատական գործերի քանակի վերաբերյալ տեղեկանքի ուսումնասիրությունից պարզվել է, որ Դատավորն ընդգրկվել է միայն 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի քաղաքացիական մասնագիտացմամբ ամենածանրաբեռնված 5 դատավորների ցանկում: Ցանկերը ներկայացված են ստորև՝
|
2023 թվական |
|
Դատավոր |
Փոխանցված գործեր |
Ստացված գործեր |
Ավարտված գործեր |
Անավարտ գործեր | |
|
1. |
Արշակ Պետրոսյան |
1740 |
1832 |
1633 |
1939 |
|
2. |
Արմենուհի Բադիրյան |
634 |
2653 |
1605 |
1682 |
|
3. |
Արմինե Սաֆարյան |
1302 |
2228 |
2141 |
1389 |
|
4. |
Հովհաննես Ղազարյան |
937 |
2063 |
1859 |
1141 |
|
5. |
Էդուարդ Ամալյան |
1435 |
1609 |
1927 |
1117 |
|
2024 թվական |
|
Դատավոր |
Փոխանցված գործեր |
Ստացված գործեր |
Ավարտված գործեր |
Անավարտ գործեր | |
|
1. |
Էդուարդ Ամալյան |
1117 |
341 |
913 |
545 |
|
2. |
Հովհաննես Ղազարյան |
1141 |
438 |
1136 |
443 |
|
3. |
Արման Օհանյան |
768 |
378 |
795 |
351 |
|
4. |
Արմինե Սաֆարյան |
1389 |
445 |
1493 |
341 |
|
5. |
Արամ Մկրտչյան |
945 |
437 |
1055 |
327 |
|
2025 թվական |
|
Դատավոր |
Փոխանցված գործեր |
Ստացված գործեր |
Ավարտված գործեր |
Անավարտ գործեր | |
|
1. |
Հովհաննես Ղազարյան |
443 |
464 |
433 |
474 |
|
2. |
Արշակ Պետրոսյան |
320 |
509 |
417 |
412 |
|
3. |
Ռուբեն Բունիաթյան |
312 |
495 |
491 |
316 |
|
4. |
Սյուզաննա Ուլիխանյան |
374 |
416 |
488 |
302 |
|
5. |
Արամ Մկրտչյան |
327 |
482 |
511 |
298 |
2․ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանի Հատուկ կարծիքի իրավական վերլուծությունը և եզրահանգումը․
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ։ Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը։»։
Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման (Աշխատակարգի) 96-րդ մասի համաձայն՝ (...) Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար։»։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`
1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:
Նույն Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել` դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտումների.
Վերոգրյալ իրավակարգավորումներից հետևում է, որ դատավորին որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք՝ կարգապահական խախտում օրենսդիրը նախատեսել է նաև դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ դատավորի վարքագծի կանոնների խախտումը։
Օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:
Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը։
Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ ի երաշխավորումն անձանց արդար դատաքննության իրավունքի՝ օրենսդիրը դատավորի համար ի պաշտոնե գործելիս, որպես վարքագծի կանոն, սահմանել է պարտականություն՝ իր իրավասությանը վերապահված հարցերը քննել և լուծել ողջամիտ ժամկետում։ Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ վարքագծի նշված կանոնի չպահպանումը Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Եվրոպայի խորհրդի 2023 թվականի «Ուկրաինայում դատավորների կարգապահական վարույթների և պատասխանատվության համակարգի վերաբերյալ» փորձագիտական զեկույցում նշվում է, որ «չարդարացված ուշացումները» դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների ամենատարածված հիմքերից են Եվրոպայում, սակայն պատասխանատվությունը պետք է առաջանա միայն այն դեպքում, երբ ուշացումը իսկապես չարդարացված և կրկնվող բնույթ ունի։ Ծանրաբեռնվածությունը կամ աշխատակազմի պակասը ինքնին չպետք է հանգեցնեն դատավորի կարգապահական պատասխանատվության4։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության 2016 թվականի «Դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ իրավական շրջանակի և դատական պրակտիկայի մասին» զեկույցում նշվում է, որ գործերի քննության կամ դատական ակտերի կազմման ժամկետների խախտումը կարող է հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, սակայն միջազգային չափանիշների համաձայն պատասխանատվությունը պետք է կիրառվի միայն չարդարացված, էական և կրկնվող ուշացումների դեպքում՝ հաշվի առնելով նաև դատավորի ծանրաբեռնվածությունը և գործի բարդությունը5։
Վերոգրյալի համատեքստում գտնում եմ, որ դատավորին կարող է վերագրվել վարքագծի կանոնի՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու խախտում, ըստ այդմ՝ վերջինիս ենթարկել կարգապահական պատասխանատվության բացառապես այն դեպքերում, երբ ուշացումները «չարդարացված» են։ Միաժամանակ, գտնում եմ, որ դատավորի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև դատավորի դատական կազմի ոչ բավարար համալրվածությունը, ի թիվս այլնի, այն կարևոր ցուցիչներն են, որոնք յուրաքանչյուր դեպքում ենթակա են գնահատման դատավորի կողմից վարքագծի քննարկման առարկա կանոնի խախտման հարցի պարզման շրջանակում։
Տվյալ դեպքում Նախարարի կողմից ներկայացված միջնորդությամբ՝ Դատավորի արարքը կարգապահական խախտում հանդիսանալու հանգամանքն, ըստ էության, փաստարկվել է հետևյալով․
- Դատավորի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու արդյունքում սահմանափակվել է հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, քանզի ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջն ի թիվս այլնի՝ ընդգրկում է գործով կայացված եզրափակիչ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց ուղարկելու, այլ կերպ ասած՝ վերջիններիս համար այն հասանելի դարձնելու պահանջների ապահովումը,
- Դատավորի կազմի ոչ ամբողջական համալրված լինելը չի կարող որևէ կերպ արդարացնել դատական ակտի՝ ուշացմամբ հրապարակելու փաստը և բացի այդ՝ դատավորի գործավարի աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում դատական ակտերի նախագծերի կազմումը, որպիսի պայմաններում չի կարող տվյալ դեպքում խոսք գնալ Դատավորի գործավարի հետ կապված հանգամանքների ազդեցությանը՝ Գործով դատական ակտի ուշ հրապարակման հետ, քանի որ Գործով դատական ակտի ուշ հրապարակման պատճառ է հանդիսացել դատական ակտի պատրաստ չլինելը։
Խորհուրդը 12․06․2026 թվականի թիվ ԲԴԽ-42-Ո-Կ-21 որոշմամբ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ․
«Միաժամանակ, Խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դատական ակտի հրապարակման կամ դրա օրինակը գործին մասնակցող անձանց օրենքով սահմանված ժամկետում չտրամադրելու յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննարկման առարկա դառնա, հաշվի առնվի գործի բոլոր փաստական և իրավական հանգամանքները, դրանց համակցված վերլուծությունը՝ պարզելու համար, թե արդյո՞ք ժամկետի խախտումը պայմանավորված է եղել դատավորի կամքից անկախ օբյեկտիվ հանգամանքներով, թե հանդիսացել է դատավորի կողմից իր պաշտոնեական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանք, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատման առարկա պետք է լինի ոչ միայն խախտման փաստը, այլ նաև դրա պատճառները, գործի առանձնահատկությունները, դատավորի դրսևորած վարքագիծը, խախտման տևողությունը և բնույթը։ Մասնավորապես, խախտման պատճառների գնահատման շրջանակում անհրաժեշտ է տարբերակել դատավորի կամքից անկախ օբյեկտիվ հանգամանքները՝ պայմանավորված ծանրաբեռնվածությամբ, գործերի բացառիկ քանակով կամ բարդությամբ, առողջական կամ տեխնիկական խոչընդոտներով, այն դեպքերից, երբ ուշացումը պայմանավորված է աշխատանքի ոչ պատշաճ կազմակերպմամբ կամ դատավորի անգործությամբ։ Միաժամանակ, պետք է գնահատվի նաև տվյալ գործի փաստական և իրավական բարդությունը, դատական ակտի պատրաստման համար անհրաժեշտ աշխատանքի ծավալը, դատավորի կողմից ժամկետների պահպանման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։
«…»
Անդրադառնալով սույն վարույթի շրջանակներում Դատավորի կողմից վկայակոչված այն փաստարկին, ըստ որի՝ դատական ակտի սահմանված ժամկետից ուշ հրապարակումը պայմանավորված է եղել իր գերծանրաբեռնվածությամբ, աշխատակազմի ոչ ամբողջական համալրվածությամբ, ինչպես նաև դատական գործունեության կազմակերպական բարդություններով՝ Խորհուրդը գտնում է, որ այն չի բովանդակում այնպիսի բացառիկ հանգամանքներ կամ հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում Դատավորի կողմից Գործով կատարված խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:
Մասնավորապես, ծանրաբեռնվածությունը որպես մեղքը բացառող հանգամանք կարող է հանդիսանալ միայն այն դեպքում, երբ այն հաստատվում է համապատասխան ժամանակահատվածում գործերի քանակի, դրանց բարդության, դատավորի փաստացի ծանրաբեռնվածության և այլ համադրելի ցուցանիշների համակողմանի, այդ թվում նաև` բացառիկ հանգամանքների գնահատմամբ։ Ընդ որում, ծանրաբեռնվածության գնահատումը չի կարող կատարվել վերացական ձևով, այլ պետք է հաշվի առնվի նաև դատական համակարգում առկա ընդհանուր ծանրաբեռնվածության մակարդակը և օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը դատավորի աշխատանքային ծավալի վրա։ Եթե այդ տվյալների համակցված գնահատումը չի վկայում, որ ծանրաբեռնվածությունն ունեցել է այնպիսի աստիճան, որն օբյեկտիվորեն բացառել է օրենքով սահմանված ժամկետների պահպանումը, ապա այն չի կարող դիտվել որպես դատավորի մեղքը բացառող հանգամանք»:
Սույն կարգապահական վարույթի շրջանակում հաստատված են Դատավորի կողմից 11.07.2025 թվականին գործի քննությունն ավարտված լինելու և 30.07.2025 թվականին դատական ակտի հրապարակման օր նշանակված լինելու պայմաններում՝ դատական ակտը Համակարգում 19.11.2025 թվականին տեղադրված լինելու և այն հաջորդ օրը դատավարության մասնակիցներին ուղարկված լինելու հանգամանքները։
Այսպես, Արման Օհանյանը հանդիսանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ Թեև սույն կարգապահական վարույթում առկա փաստական տվյալներից հետևում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում էականորեն կրճատվել է քաղաքացիական գործեր քննող դատարանների գերծանրաբեռնվածությունը, այնուամենայնիվ Դատավորին վերագրվող խախտման ժամանակահատվածում դատավորների ստացած և վերջիններիս վարույթում առկա գործերի թվաքանակի պայմաններում չենք կարող գալ հետևության՝ դատարանների ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ։
Միաժամանակ, կարևոր եմ համարում ընդգծել, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում բեռնաթափված գործերի զգալի մաս կազմել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը, ավելին, այլ օրենսդրական լուծումների հետևանքով, մասնավորապես, 2025թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-222-Ն ՀՀ օրենքով՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը, ինչպես նաև նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննելու իրավասությունը փոխանցվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարաններին, ուստի նշվածի համատեքստում՝ գտնում եմ, որ չենք կարող հետևության գալ՝ Դատավորի ծանրաբեռված չլինելու վերաբերյալ, ինչը հիմնավորվում է նաև Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ԴԴ-1 Ե-2107 գրությանը կից տրված տեղեկանքով։ Մասնավորապես, ներկայացված տվյալներով՝ Դատավորը 2024 թվականին ընդգրկված է եղել ամենածանրաբեռնված 5 դատավորների ցանկում, ավելին, 2025 թվականի ցուցանիշների համաձայն՝ վերջինս գործերի ծանրաբեռնվածությամբ չի զիջել ամենածանրաբեռնված 5 դատավորների ցանկում ընդգրված դատավորներին (տե՛ս նույն տեղեկանքի 2024 թվականի «Անավարտ գործեր» և 2025 թվականի «Փոխանցված գործեր» վերտառությամբ սյունակների տվյալները)։
Տվյալ դեպքում առանցքային եմ գնահատում նաև այն հանգամանքը, որ Դատավորի կողմից ժամկետի խախտում թույլ է տրվել միայն մեկ գործով, միաժամանակ, բացակայում են հակառակի վերաբերյալ փաստական տվյալներ, որոնք կհաստատեն, որ Դատավորը պարբերաբար խախտել է դատավարական ժամկետները։ Ավելին, սույն կարգապահական վարույթի նյութերից չի բխում նաև, որ ժամկետի խախտումը պայմանավորված է եղել Դատավորի անբարեխիղճ վերաբերմունքով՝ դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։ Մասնավորապես, ուշադրության են արժանի Դատական դեպարտամենտի ղեկավարի թիվ ԴԴ-1 Ե․2107 գրությանը կից 2023 թվականից մինչև 20․03․2026 թվականն ընկած ժամանակահատվածում Դատավորի կողմից ստացված և ավարտված գործերի քանակի վերաբերյալ տեղեկանքով ներկայացված տվյալները, որոնցով ակնհայտորեն հիմնավորվում է վերջինիս վարույթում գտնվող քաղաքացիական գործերը ողջամիտ ժամկետում ավարտելու Դատավորի ջանասիրությունը։
Սույն կարգապահական վարույթի քննության շրջանակում կարծում եմ ուշադրության է արժանի նաև Դատավորի դատական կազմի թերի համալրվածության հանգամանքը, թեև այն հաջորդել է վարքագծի կանոնի խախտում թույլ տալու ժամանակահատվածին, ինչն արձանագրել է նաև Խորհուրդը 2026 թվականի հունիսի 12-ի թիվ ԲԴԽ-42-Ո-Կ-21 որոշմամբ, այնուամենայնիվ անհերքելի է դատական կազմի դերը դատավորի աշխատանքի պատշաճ կազմակերպման հարցում, ուստի դատական կազմի թերի համալրվածությունն, իմ գնահատմամբ, կարող է որակվել որպես օբյեկտիվ պատճառ Դատավորի աշխատանքի թերացման հարցում։
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ Դատավորի ծանրաբեռնվածության հանգամանքը, ինչպես նաև դատական կազմի թերի համալրվածությունն օբյեկտիվորեն ազդել են գործի քննության և դատական ակտի հրապարակման ժամկետի պահպանման վրա, ինչը բացառում է Դատավորի մեղքը, ինչն էլ իր հերթին բացառում է Դատավորին վերագրվող արարքը կարգապահական խախտում որակելու, ըստ այդմ՝ վերջինիս նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու հնարավորությունը։
Հակառակի վերաբերյալ եզրահանգման պայմաններում նույնիսկ, գտնում եմ, որ, տվյալ դեպքում Դատավորի նկատմամբ կիրառելի չէր կարգապահական պատասխանատվություն՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ․
Այսպես, Դատավորի կողմից թույլ տրված ընդամենը մեկ գործով եռամսյա ժամկետի խախտումն իր բնույթի և հետևանքի առումով չի առաջացնում անվստահություն դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ: Հատկանշական է նաև, որ խախտումն իր բնույթով չի հանգեցրել դատավարության մասնակիցների իրավունքների այնպիսի խախտման, որը կվկայեր դրա բարձր վտանգավորության մասին։
Կարևորելով, որ կարգապահական պատասխանատվությունը չպետք է վերածվի դատավորի նկատմամբ անհամաչափ ներգործության միջոցի, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է մեկանգամյա և ոչ էական հետևանքներ առաջացրած խախտմանը, գտնում եմ, որ Դատավորի ծանրաբեռնվածության, ինչպես նաև էական անբարենպաստ հետևանքների բացակայության պայմաններում, միայն մեկ գործով դատական ակտի 3 ամիս 20 օր ժամկետով հրապարակման ուշացումը, չի կարող հանգեցնել դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման։ Հետևաբար, վերոնշյալ փաստական հանգամանքների արձանագրման պայմաններում Դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառումը, իմ համոզմամբ, չի բխում արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքներից։
Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ գտնում եմ, որ նույնիսկ Խորհրդի կողմից Դատավորի արարքում վերջինիս մեղքի առկայության վերաբերյալ եզրահանգում կատարելու դեպքում Դատավորի կողմից թույլ տրված արարքը ձևականորեն է պարունակում Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի՝ կարգապահական խախտման հատկանիշներ, քանի որ իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում վերջինիս համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը։ Հետևաբար տվյալ դեպքում, իմ գնահատմամբ, Խորհրդի կողմից կիրառելի էր Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով սույն Հատուկ կարծիքում տեղ գտած վերլուծությունները՝ գտնում եմ, որ Արդարադատության նախարարի 05․05․2026 թվականի թիվ 45-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արման Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ենթակա էր մերժման։
______________________________
1 Տվյալները ստացվել են Դատական իշխանության ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջից։
Հղումը՝ https://www.facebook.com/share/v/17jSvIMHCS/?mibextid=wwXlfr
2 Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ 2020 թվականի տարեկան հաշվետվություն, https://court.am/hy/statistic-inner/196, 28.12.2021 դրությամբ:
3 Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ 2019 թվականի տարեկան հաշվետվություն, https://court.am/hy/statistic-inner/184, 28.12.2021 դրությամբ:
4 Տե՛ս, REPORT On the system of disciplinary proceedings and liability of judges in Ukraine, COUNCIL OF EUROPE, JUNE 2023։
5 Տե՛ս, OSCE MISSION TO SERBIA LEGAL FRAMEWORK AND OVERVIEW OF CASE LAW ON DISCIPLINARY RESPONSIBILITY OF JUDGES, MAY 2016։
|
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ |
Ք․ ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2026 թվական: