ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-44-Ո-Կ-22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2026
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.06.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2026

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-44-Ո-Կ-22

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Ա. Դանիելյանի


մասնակցությամբ՝

անդամներ

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ
Ա. Հարությունյանի

Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Ք. ՄԿՈՅԱՆԻ

Արդարադատության նախարարի տեղակալներ`

Տ. Դադունցի

Գ. ՔոչարՅԱՆԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ`

Ն. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝

 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի

դատավորի ներկայացուցիչ՝

դ. ՍերոբՅԱՆԻ

 

Գ ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Մ. ԹԵԼՈՅԱՆԻ

 

12 հունիսի 2026 թվական

 ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2026 թվականի մայիսի 12-ի թիվ 51-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.   Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Էմանուել Անանյանի (այսուհետ նաև՝ Հաղորդում ներկայացրած անձ) կողմից 14.08.2025 թվականին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանի (այսուհետ նաև` Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը (այսուհետ նաև՝ Հաղորդում)։

Նախարարի 20.03.2026 թվականի թիվ 27-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Նախարարի 12.05.2026 թվականի թիվ 51-Ա որոշմամբ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն (այսուհետ նաև՝ Միջնորդություն) է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)։

Խորհրդի 20.05.2026 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

01.06.2026 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ դատական նիստը նշանակվել է 04.06.2026 թվականին:

04.06.2026 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը բավարարվել է:

Նույն դատական նիստի ընթացքում Դատավորի կողմից ներկայացված դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, և հաջորդ դատական նիստը նշանակվել է 09.06.2026 թվականին:

09.06.2026 թվականին կայացած դատական նիստում գործի քննությունն ավարտվել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 12.06.2026 թվականը:

 

2.  Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28, Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125) և Սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719, 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780, 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, Նախարարը նշել է, որ վերոնշյալ սահմանադրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև համապատասխան իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու դատարան՝ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Դատարանի մատչելիության սուբյեկտիվ իրավունքի արդյունավետ իրացումը հնարավոր է, երբ պետության կողմից ինչպես օրենսդրությամբ, այնպես էլ գործնականում երաշխավորված է յուրաքանչյուր անձի հասանելիությունը մատչելի արդարադատությանը։ Դատարանի մատչելիության իրավունքը շահագրգիռ անձին վերապահված սուբյեկտիվ իրավունք է, որը կարող է արդյունավետ իրացվել օրենսդրությամբ նախատեսված որոշակի դատավարական ընթացակարգի միջոցով և միայն արդարադատության մատչելիության սկզբունքի իրական գոյության պայմաններում: Դրանում ի նկատի ունենալով նաև բողոքարկման իրավունքը՝ օրենսդիրը սահմանել է, որ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի՝ վերաքննության կարգով վերանայման իրավունք: Դատական ակտի բողոքարկման իրավունքն անձի հիմնարար իրավունքն է, որը հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի տարր և արդարադատության մատչելիությունն ապահովող կարևոր միջոց:

Բացի այդ, Նախարարը նշել է, որ Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289 կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ.

-  դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

-  ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես իրավունքի Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության սահմանափակման հիմնավորում,

-  դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

-  դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

-  իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Այնուհետև վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 3-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 42-րդ հոդվածի 1-ին մասը, 48-րդ հոդվածի 1-ին մասը, 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 2-րդ մասը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 368-րդ հոդվածի 4-րդ մասը, 5-րդ մասի վերջին նախադասությունը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի թիվ ԱՐԱԴ/0170/02/14, 20.04.2021 թվականի թիվ ԵԴ/33311/02/19, 29.05.2019 թվականի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործերով կայացված որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, Նախարարը նշել է, որ վերոնշյալ օրենսդրական դրույթների համապատասխան իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձն ունի գործը դատարանում ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով վարելու իրավական հնարավորություն: Անդրադառնալով ներկայացուցչի կարգավիճակին՝ օրենսդիրը նշել է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցներ են գործին մասնակցող անձանց ներկայացուցիչները և վերջիններս գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձինք են: Գործի վարումը ներկայացուցչի միջոցով իրականացնելու համար վերջինիս տրվում է լիազորագիր, ինչը թույլ է տալիս ներկայացվողի անունից կատարել դատավարական գործողություններ, որոնք ուղղված են Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի ապահովմանը: Միաժամանակ, օրենսդիրն առանձնացրել է որոշակի դատավարական գործողությունների շրջանակ, որոնք ներկայացուցչի կողմից կարող են իրացվել միայն տվյալ դատավարական գործողության՝ լիազորագրում ուղղակիորեն նշված լինելու պայմաններում։ Մասնավորապես, նշված դատավարական գործողություններից է համարվում նաև դատական ակտի բողոքարկումը, որի իրացման համար նախապայման կարող է համարվել միայն լիազորագրում այդպիսի լիազորության մասին հատուկ նշման առկայությունը: Ավելին, օրենսդիրը հստակ ամրագրել է, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով՝ օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա:

Վերաքննիչ բողոք ներկայացնելիս այն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, և ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է համապատասխան լիազորագիրը, իսկ այն գործում բացակայելու դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է: Այն դեպքում, երբ բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտում, նման բողոքի ընդունումը մերժվում է:

Այսպիսով, Նախարարը եզրահանգել է, որ դատավարության մասնակցի անունից հանդես եկող ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք ներկայացվելու դեպքում անհրաժեշտ նախապայման է հանդիսանում լիազորագրում նման նշում կատարված լինելու առկայությունը, որի հիման վրա միայն կարող է ծագել ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը, իսկ նշված վավերապայմանի պահպանված լինելու դեպքում այդ հիմքով դատարանի կողմից բողոքի վարույթ չընդունվելը կարող է որակվել որպես անձին դատական պաշտպանության և դատարան դիմելու մատչելիության իրավունքներից զրկում:

Միջնորդության հիմքում ընկած կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ Հաղորդում ներկայացրած անձը 12.02.2025 թվականին և 13.02.2025 թվականին Դատարանին է ներկայացրել նույնական վերաքննիչ բողոքներ՝ ՔԴՕ 56-րդ հոդվածի 1-ի մասի 11-րդ կետում և 56-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավանորմերը պարունակող նոր լիազորագրի ներկայացմամբ, որպիսի հանգամանքը, սակայն, անտեսվել է Դատարանի կողմից, և արդյունքում՝ 21.02.2025 թվականին կայացվել է «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ Հաղորդում ներկայացրած անձի, տվյալ դեպքում՝ բողոք բերող անձի կողմից թույլ է տրվել նոր խախտում, այն է՝ ընկերության կողմից 02.09.2024 թվականին վերջինիս տրված լիազորագրով Հաղորդում ներկայացրած անձին չի վերապահվել դատական ակտը բողոքարկելու լիազորություն, մինչդեռ Հաղորդում ներկայացրած անձի կողմից Հաղորդմանը կից Նախարարին տրամադրված՝ փաստաբան Էմանուել Անանյանին «Մուշ թաուերս» ՍՊ ընկերության կողմից տրված 30.06.2022 թվականի և 02.09.2024 թվականի լիազորագրերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ թե՛ 30.06.2022 թվականի լիազորագրում, թե՛ 02.09.2024 թվականի լիազորագրում ուղղակիորեն նախատեսված է եղել Հաղորդում ներկայացրած անձի՝ դատական ակտը բողոքարկելու լիազորությունը:

Արդյունքում, Դատարանը վերը նշված՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 21.02.2025 թվականի որոշման կայացմամբ թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտում, ինչն արձանագրվել է նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից կայացված՝ «Վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2025 թվականի ««Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին» 13.03.2026 թվականի որոշմամբ, որում Վճռաբեկ դատարանը նշել է, որ լիազորագրում առկա՝ «ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ» ձևակերպումն իր բովանդակությամբ համընկնում է դատական ակտի բողոքարկման լիազորության էությանը և տվյալ իրավիճակում չի կարող մեկնաբանվել այլ կերպ: Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ Դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործով (այսուհետ նաև՝ Գործ) վերաքննիչ բողոքը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, որպիսի պատճառաբանությամբ էլ անհիմն կերպով մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը:

Վերոգրյալի արդյունքում ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, որ Նախարարի կողմից Դատավորին վերագրված՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումներն արձանագրվել են Վճռաբեկ դատարանի կողմից՝ հանգեցնելով Դատարանի կողմից կայացված որոշման վերացման, քանզի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ է ընդունվել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայության հիմքով, որն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Ամփոփելով վերոգրյալը Նախարարը փաստել է, որ Դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 21.02.2025 թվականի որոշմամբ խախտվել է դատավարության մասնակցի՝ ինչպես դատարան դիմելու մատչելիության իրավունքը, այնպես էլ ընկերության՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, և գտել է, որ նման պայմաններում Դատավորի գործողություններում առկա են ՔԴՕ  56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասով, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

Անդրադառնալով Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ 14.08.2025 թվականի հաղորդումն անհետևանք թողնելու վերաբերյալ Հաղորդում ներկայացրած անձի 25.03.2026 թվականի և 26.03.2026 թվականի նույնաբովանդակ դիմումներին՝ Նախարարն արձանագրել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումները դիտարկվում են հանրային գանգատի տրամաբանության շրջանակներում, որի պայմաններում ցանկացած դեպքում պատշաճ աղբյուրից ստացված տեղեկությունները վարույթ հարուցող մարմինը պարտավոր է դիտարկել և գնահատել, ինչպես նաև առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է նախաձեռնել համապատասխան իրավական գործընթաց՝ անկախ այն հանգամանքից, թե հաղորդում ներկայացրած անձն այլևս բողոք ունի դատավորի գործողություններից, թե ոչ։

Անդրադառնալով մեղքի ձևին և վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 5-րդ մասը, ինչպես նաև գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում, Նախարարը գտել է, որ Դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման՝ հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։

Այսպիսով Նախարարը եզրակացրել է, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավորի վարքագծի կանոնների խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Անդրադառնալով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից 07.04.2026 թվականին ներկայացված գրավոր բացատրությամբ (այսուհետ նաև՝ Բացատրություն) հայտնված այն դիրքորոշմանը, որ իր արարքը Հաղորդում ներկայացրած անձի համար որևէ բացասական հետևանք չի առաջացրել և մեջբերելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը, ուստի, տվյալ դեպքում կիրառելի է համարում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիմքով Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով չի համարվում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ, Նախարարն արձանագրել է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներն իրենց բնույթով այնպիսինն են, որ որևէ պարագայում չեն կարող դիտարկվել նվազ կարևոր, քանզի Դատավորը որպես վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք է համարել մի բան, որն ակնհայտորեն չի համապատասխանել ներկայացված փաստաթղթերին:

Մասնավորապես՝ 02.09.2024 թվականի լիազորագրում վերաքննիչ/վճռաբեկ բողոքներ ներկայացնելու լիազորություն ուղղակիորեն նախատեսված լինելու պայմաններում Դատավորն անտեսել է այդ հանգամանքը և արձանագրելով, որ Գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝ անհիմն կերպով մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը։ Նման պայմաններում Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները չեն կարող որևէ կերպ դիտարկվել որպես նվազ կարևորություն ունեցող, քանի որ դրանք ակնհայտ և կոպիտ խախտումներ են, որոնք անհամատեղելի են դատավորի բարձր պաշտոնը զբաղեցնող անձի կողմից կատարվող առաքելության հետ, քանի որ կատարված խախտումները ոչ թե պայմանավորված են եղել Դատավորի կողմից իրավական նորմերին տրված սեփական գնահատականներով և մեկնաբանություններով, այլ պարզապես Դատավորի կողմից կատարված արձանագրումներն ակնհայտորեն չեն համապատասխանել ներկայացված փաստաթղթերին և չէին կարող ընկալվել որևէ այլ մեկնաբանությամբ:

Դատավորի կողմից թույլ տրված խախտումների արդյունքում հեղինակազրկվում է դատական իշխանությունն այնքանով, որ Դատավորը ոչ միայն չի նկատում կամ պարզապես անտեսում է լիազորագրում ուղղակիորեն նշված և Հաղորդում ներկայացրած անձին վերապահված դատական ակտը բողոքարկելու լիազորության առկայությունը, այլև կայացնում է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում՝ հիմքում դնելով լիազորագրում այդ լիազորության նախատեսված չլինելն այն դեպքում, երբ ի թիվս այլ լիազորությունների՝ այդ լիազորությունը ևս նշված է եղել լիազորագրում:

Նախարարը նաև արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք է հանդիսացել ոչ թե օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտությունը, մասնավորապես, իրավունքի զարգացման խնդրի առկայությունը, այլ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որպիսի հանգամանքն էլ հանգեցրել է Դատարանի՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման վերացմանը:

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի կողմից ևս արձանագրվել է Դատավորի կողմից թույլ տրված ակնհայտ կոպիտ խախտումը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Դատավորը Բացատրությամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իր կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումը վճռաբեկության կարգով Հաղորդում ներկայացրած անձի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա արդեն իսկ վերացվել է, իսկ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված իրավունքի նորմերի խախտումների հիման վրա ամեն օր Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից կայացված որոշումներով դրանք ուղղվում են, ինչը որևէ կերպ չի նշանակում, որ թույլ տրված ամեն մի խախտման համար (հատկապես, եթե որևէ բացասական իրավական հետևանք չի առաջացրել) արդարադատություն իրականացնող դատավորին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության, հակառակ դեպքում կվտանգվի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Վերոնշյալ դիրքորոշման կապակցությամբ, վկայակոչելով Բարձրագույն դատական խորհրդի 23.06.2025 թվականի թիվ ԲԴԽ-34-Ո-4-7 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, Նախարարը նշել է, որ երբ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումները վճռաբեկության կարգով բողոքարկվելու դեպքում մնում են օրինական ուժի մեջ, այսինքն՝ չեն բեկանվում վերադաս ատյանի կողմից, կամ դրանց դեմ բերված բողոքի վարույթ ընդունելը մերժվում է, ապա այն ուղղակիորեն բացառում է դատավորին նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունը: Մինչդեռ տվյալ դեպքում առկա է հակառակ իրավիճակը: Մասնավորապես՝ առկա է Դատարանի կողմից կայացված՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 21.02.2025 թվականի որոշում, որի վճռաբեկության կարգով բողոքարկման արդյունքում կայացվել է «Վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին» որոշում: Ընդ որում, վճռաբեկ բողոքը բավարարելու և Դատարանի 21.02.2025 թվականի որոշումը վերացնելու համար հիմք է հանդիսացել Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ուստի նման պայմաններում Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հիմքն ավելի քան առկա է և վերոգրյալ որոշման շրջանակներում՝ հիմնավորված:

Անդրադառնալով Դատավորի այն դիրքորոշմանը, որ Հաղորդում ներկայացրած անձի համար Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասով բացասական հետևանքներ չեն առաջացել, քանի որ 09.06.2025 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով տվյալ գործով հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանողի և Հաղորդում ներկայացրած անձի կնքված հաշտության համաձայնությունը հաստատման ներկայացնելու մասին միջնորդությունը բավարարվել և հաստատվել է, իսկ թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, Նախարարը նշել է, որ իր կողմից այն ընդունելի չի կարող համարվել, քանի որ անհերքելի է, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը տվյալ դեպքում պետք է օգտված լիներ իր դատական պաշտպանության իրավունքից, որն ակնհայտորեն սահմանափակվել է Դատավորի կողմից, և դրա օգտված լինելու պայմաններում պետք է տվյալ գործի շրջանակներում առկա լիներ վերաքննիչ բողոքը մերժելու կամ բավարարելու մասին դատական ակտ, իսկ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ կնքված լինելու պայմաններում արդեն՝ Վճռաբեկ դատարանի կողմից Դատավորի կայացրած դատական ակտը վերացվելու դեպքում այն այլևս չի կարող քննարկվել, քանի որ արդեն ավարտվել է դատական գործի վարույթը:

Այսինքն՝ ստացվում է հակառակը՝ հաշտության համաձայնության հիմքով գործի վարույթը կարճված լինելու և Դատավորի կողմից կայացված ակնհայտ ոչ իրավաչափ դատական ակտի գոյության պայմաններում հնարավոր չէ ներկայումս ունենալ վերաքննիչ բողոքի ըստ էության քննության արդյունք, որից զրկվել է բողոք ներկայացրած անձը: Այլ կերպ ասած՝ եթե առկա չլիներ հաշտության համաձայնության կնքված լինելու փաստը, ապա Վճռաբեկ դատարանի կողմից Դատավորի կայացրած դատական ակտի վերացումից հետո, բողոքաբերը հնարավորություն կունենար նորից այն քննարկման առարկա դարձնել և անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հաշտության համաձայնություն կնքելու առիթ կարող էին հանդիսանալ նաև բողոքաբերի կողմից՝ այլևս իր իրավունքներն իրացնելու անհնարինության կամ այն քննության առնվելու ձգձգման հանգամանքները, որոնք կարող էին իրացվել միայն վճռաբեկության կարգով բողոքարկման արդյունքում:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից կատարված այն վերլուծությանը, որ իր կողմից վերը նշված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունվելու և բավարարվելու դեպքում անգամ Հաղորդում ներկայացրած անձի համար որևէ բարենպաստ իրավական հետևանք չէր կարող առաջանալ՝ կապված եկամտային հարկի վերադարձի հետ, ապա Նախարարը նշել է, որ նման դիրքորոշումը քննարկման առարկա չի դարձվել պատշաճ դատավարական ընթացակարգով, չի ամրագրվել դրա արդյունքում կայացված դատական ակտի շրջանակներում, ինչը կարող էր տեղի ունենալ Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտումը թույլ տրված չլինելու պարագայում, հետևաբար, այն կրում է ենթադրական բնույթ, դուրս է սույն կարգապահական վարույթի առարկայից, ուստի դրան չի կարող տրվել կարգապահական խախտման հիմքի առկայության կամ բացակայության վերաբերյալ որևէ իրավական գնահատական:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոնշյալը Նախարարը գտել է, որ Դատավորի կողմից Բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն:

Դատական նիստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդել են Միջնորդությունը:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Դատավորն իր Բացատրությամբ անդրադառնալով Հաղորդում ներկայացրած անձի՝ իր կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների՝ վերջինիս համար բացասական հետևանքներ առաջացնելու վերաբերյալ պնդմանը, նշել է, որ այդպիսիք առկա չեն և չեն կարող լինել նախ այն հիմնավորմամբ, որ Դատարանի կողմից 09.06.2025 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով սույն գործով հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Օխանյանի և Հաղորդում ներկայացրած անձի տնօրեն Դավիթ Մուսայելյանի միջև 04.06.2025 թվականին կնքված հաշտության համաձայնությունը ներկայացնելու մասին միջնորդությունը բավարարվել և հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության տեքստը և թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Անդրադառնալով քաղաքացի Հրանտ Սարգսյանի կողմից «Մուշ թաուերս» ՍՊ ընկերության կողմից ք. Երևան, Մոլդովական 37/46 հասցեում կառուցապատվող բազմաբնակարան շենքից 103,4 քմ մակերեսով 99 համար բնակարանը եկամտահարկի վերադարձով ձեռքբերելու գրավոր տեսք ստացած պատրաստակամությանը` Դատավորը պարզաբանել է, որ անկախ իր կողմից կայացված որոշմամբ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու հանգամանքից՝ վերջինս չէր կարող օգտվել նման արտոնությամբ բնակարան ձեռք բերելու իրավական հնարավորությունից, քանի որ վերջինիս նախընտրած բազմաբնակարան շենքից 103,4 քմ մակերեսով 99 համարի բնակարանը գտնվում է Կառավարության կողմից 24.12.2003 թվականին կայացված «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշման 2-րդ՝ «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները» վերտառությունը կրող հավելվածի վեցերորդ գոտում, իսկ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «դ» ենթակետից հետևում է, որ 01.01.2025 թվականից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության վերը նշված որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)` Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում չնշված գոտիներում, մինչդեռ քաղաքացու կողմից մատնանշված գույքը գտնվել է վեցերորդ գոտում: Նման պայմաններում, հաշվի առնելով այն իրողությունը, որ Հաղորդում ներկայացրած անձի կողմից Դատարանի 03.12.2024 թվականին կայացրած «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա քննարկվող քաղաքացիական գործը հանձնվել է դատական կազմին 23.01.2025 թվականին, իր կողմից վերը նշված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և այն բավարարելու դեպքում անգամ Հաղորդում ներկայացրած անձի համար որևէ բարենպաստ իրավական հետևանք վերը նշված բնակարանը քաղաքացուն վաճառելու և քաղաքացու կողմից այն եկամտահարկի վերադարձով ձեռք բերելու հարցում առաջանալ չէր կարող։ Հակառակ պարագայում, հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ քննարկվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կարող էր կնքվել հետին՝ մինչ 01.01.2025 թվականի ամսաթվով:

Ամփոփելով վերոգրյալը Դատավորը հայտնել է, որ իր արարքը Հաղորդում ներկայացրած անձի համար որևէ բացասական հետևանք չի առաջացրել և մեջբերելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը։ Ուստի՝ տվյալ դեպքում կիրառելի է համարում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիմքով Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով չի համարվում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ:

Վերոնշյալից անկախ Դատավորը հավելել է, որ իր կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումը վճռաբեկության կարգով Հաղորդում ներկայացրած անձի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա արդեն իսկ վերացվել է, իսկ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված իրավունքի նորմերի խախտումների հիման վրա ամեն օր Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից կայացված որոշումներով դրանք ուղղվում են, ինչը որևէ կերպ չի նշանակում, որ թույլ տրված ամեն մի խախտման համար (հատկապես, եթե որևէ բացասական իրավական հետևանք չի առաջացրել) արդարադատություն իրականացնող դատավորին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության, հակառակ դեպքում կվտանգվի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Դատավորը Խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանով, վկայակոչելով Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասը նշել է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում՝ դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը: Դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպիսի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Դատավորն արձանագրել է հետևյալը.

1.      դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2.     դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3.     դատավորին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

 Այնուհետև Դատավորի կողմից վկայակոչվել են Խորհրդի 05.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02, 26.09.2022 թվականի թիվ ԲԴԽ-78-Ո-Կ-18 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև քննարկման առարկա է դարձվել այն, թե արդյո՞ք թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտում/խախտումներ, մասնավորապես, Դատավորը վկայակոչելով ՔԴՕ 408-րդ հոդվածի 1-ին մասը և հիմք ընդունելով Խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանի «Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները» բաժնի 10-րդ կետով նշված փաստն առ այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից 13.03.2026թ. կայացված «Վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին» որոշմամբ արձանագրել է դատավարական իրավունքի նորմերի, այն է՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ և 372-րդ հոդվածների խախտում և ղեկավարվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով առ այն, որ վերը նշված որոշումը մտել է օրինական ուժի մեջ կայացման պահից՝ եկել է այն եզրահանգման, որ թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործով թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտում:

Դատավորը նաև նշել է, որ հաղորդում ներկայացրած անձը՝ որպես Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման հետևանք նշել է, որ զրկվել է եկամտային հարկի վերադարձի գործողության ընթացքում արգելադրված բնակարանների վաճառքներ իրականացնելուց, որի ընթացքում բնակարանների շուկայական գները շատ ավելի բարձր էին, քան 01.01.2025թ. հետո և որպես հիմնավորում նշել, որ «Հրանտ Լևոնի Սարգսյանը 20.10.2024 թվականին հայտնել է, որ «Ես Հրանտ Լևոնի Սարգսյանս (նույնականացման քարտ 010825164 տրված 13.05.2019թ. 027-ի կողմից), ցանկանում եմ «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից ք. Երևան, Մոլդովական 37/46 հասցեում կառուցապատվող բազմաբնակարան շենքից ձեռք բերել 99 համարի բնակարանը 103,4 քմ մակերեսով։ Պատրաստ եմ վճարել 53.768.000 ՀՀ դրամ՝ 1 քմ-ի համար վճարելով 520.000  ՀՀ դրամ: Ցանկանում եմ գործարքը կատարել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ բնակարանը ձեռք եմ բերելու բանկի միջոցով՝ օգտվելով եկամտահարկի հետվերադարձի օրենքից, որը 2025թ հունվարի 1-ից այլևս չի գործի Երևանի տարածքում կառուցապատված շենքերի համար:»:

Դատավորը, անդրադառնալով հաղորդում ներկայացրած անձի համար թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները բացասական հետևանքներ առաջացնելուն, վկայակոչելով Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 4-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերը, ՀՀ կառավարության կողմից 24.12.2003 թվականին կայացված «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշման 2-րդ՝ «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները» վերտառությունը կրող հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետը՝ գտել է, որ այդպիսիք առկա չեն և չեն կարող լինել նախ այն հիմնավորմամբ, որ Դատարանի կողմից 09.06.2025թ. կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով քաղաքացիական գործով հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող «OUS-ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Օխանյանի և հաղորդում ներկայացրած անձի տնօրեն Դավիթ Մուսայելյանի միջև 04.06.2025թ. կնքված հաշտության համաձայնությունը հաստատման ներկայացնելու մասին միջնորդությունը բավարարվել է ու հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության տեքստը և թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Դատավորը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունները խրախուսում են գույքային վեճերի հաշտությամբ ավարտը, ինչի վկայությունն է Հայաստանում հաշտարարի ինստիտուտի կիրառումը։

Անդրադառնալով քաղաքացի Հրանտ Լևոնի Սարգսյանի կողմից հաղորդում ներկայացրած անձի կողմից ք. Երևան, Մոլդովական 37/46 հասցեում կառուցապատվող բազմաբնակարան շենքից 103,4 քմ մակերեսով 99 համարի բնակարանը եկամտահարկի վերադարձով ձեռքբերելու գրավոր տեսք ստացած պատրաստակամությանը՝ գտել է, որ անկախ Դատավորի կողմից կայացված որոշմամբ դատավարական իրավունքների նորմերի խախտումեր թույլ տալու հանգամանքից վերջինս չէր կարող օգտվել նման արտոնությամբ բնակարան ձեռքբերելու իրավական հնարավորությունից, քանի որ վերջինիս նախընտրած կողմից ք. Երևան, Մոլդովական 37/46 հասցեում կառուցապատվող բազմաբնակարան շենքից 103,4 քմ մակերեսով 99 համարի բնակարանը գտնվում է ՀՀ կառավարության կողմից 24.12.2003թ. կայացված «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշման 2-րդ՝ «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները» վերտառությունը կրող հավելվածի վեցերորդ գոտում, իսկ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «դ» ենթակետից հետևում է, որ 01.01.2025 թ. հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության վերը նշված որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում չնշված գոտիներում, մինչդեռ քաղաքացու կողմից մատնանշված գույքը գտնվել է վեցերորդ գոտում։ Նման պայմաններում, հաշվի առնելով այն իրողությունը, որ հաղորդում ներկայացրած անձի կողմից Դատարանի 03.12.2024 թ. կայացրած «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա քննարկվող քաղաքացիական գործը հանձնվել է դատական կազմին 23.01.2025 թ., Դատավորի կողմից անգամ նշված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և այն բավարարելու դեպքում հաղորդում ներկայացրած անձի համար որևէ բարենպաստ իրավական հետևանք վերը նշված բնակարանը քաղաքացուն վաճառելու և քաղաքացու կողմից այն եկամտահարկի վերադարձով ձեռքբերելու հարցում առաջանալ չէր կարող: Հակառակ դեպքում, հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ քննարկվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կարող էր կնքվել հետին՝ մինչև 01.01.2025 թ. ամսաթվով:

Դատավորը հավելել է նաև, որ վերոնշյալ դիտարկումները բխում են առկա փաստերից, ուստի չի կարող համաձայնել դրանց ենթադրական բնույթ ունենալու վերաբերյալ Միջնորդության մեջ նշված եզրահանգումներին։

Ամփոփելով վերոգրյալը` Դատավորը եկել է այն եզրահանգման, որ իր արարքը հաղորդում ներկայացրած անձի համար որևէ բացասական իրավական հետևանք չի առաջացրել և հաշվի առնելով իր փորձառությունը քաղաքացիական գործերի քննության ոլորտում, ինչն էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի՝ տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ, ուստի՝ իր կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը: Նաև հավելել է, որ հաղորդում ներկայացրած անձի՝ հաղորդումից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ են ներկայացվել, ինչը նշանակում է, որ իրեն պատասխանատվության ենթարկելու հարցն անգամ հաղորդում ներկայացրած անձի համար կորցրել է արդիականությունը, որպիսի հանգամանքը նույնպես վկայում է արարքի նվազ կարևորության մասին: Ուստի, գտել է, որ տվյալ դեպքում կիրառելի է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիմքով իր կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով չի համարվում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ: Վերը նշվածից անկախ հավելել է, որ իր կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումը վճռաբեկության կարգով հաղորդում ներկայացրած անձի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա արդեն իսկ վերացվել է, իսկ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված իրավունքի նորմերի խախտումների հիման վրա ամեն օր ՀՀ վճռաբեկ և վերաքննիչ դատարանների կողմից կայացված որոշումներով դրանք ուղղվում են, ինչը որևէ կերպ չի նշանակում, որ թույլ տրված ամեն մի խախտման համար (հատկապես, եթե որևէ բացասական իրավական հետևանք չի առաջացրել) արդարադատություն իրականացնող դատավորին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության, հակառակ դեպքում կվտանգվի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Ղեկավարվելով Սահմանադրության 1-ին, 6-րդ, 164-րդ հոդվածների, Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի դրույթներով և նկատի առնելով վերոգրյալը` խնդրել է մերժել Միջնորդությունը:

Դատավորը և իր ներկայացուցիչը Խորհրդում տեղի ունեցած նիստի ընթացքում պնդել են Բացատրությամբ ու պատասխանով ներկայացված դիրքորոշումը և խնդրել մերժել Միջնորդությունը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1. 13.05.2022 թվականին «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Մուշ թաուերս» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին, և 26.05.2022 թվականին ընդունվել է վարույթ (ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործ):

4.2. 21.11.2024 թվականին «Մուշ թաուերս» ՍՊ ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է հակընդդեմ ապահովում կիրառելու մասին միջնորդություն:

4.3. 03.12.2024 թվականին դատավոր Մարինա Տաշչյանը կայացրել է «Մուշ թաուերս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշում, որը փոստային ծառայության միջոցով «Մուշ թաուերս» ՍՊ ընկերությանը հասանելի է դարձել միայն 12.12.2024 թվականին (ստացման ծրարի բեռնային համար՝ LO126443071AM):

4.4. 03.12.2024 թվականի որոշման բողոքարկման արդյունքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանը 29.01.2025 թվականին կայացրել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում՝ որպես վերադարձի հիմք նշելով հետևյալը. «Տվյալ դեպքում, վերաքննիչ բողոքը «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի անունից ստորագրել է Էմանուել Անանյանը, մինչդեռ և' սույն գործի նյութերում, և' վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում բացակայում է «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ՝ Էմանուել Անանյանին տրված բնօրինակ լիազորագիր, որը հիմք կհանդիսանար վերաքննիչ բողոքը ստորագրած անձի լիազորությունները հավաստելու համար: Ինչ վերաբերում է սույն քաղաքացիական գործի նյութերում առկա «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022թ. տրված լիազորագրին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված լիազորագիրը հիմք չի հանդիսանում սույն վերաքննիչ բողոքը ստորագրած անձ Էմանուել Անանյանի լիազորությունները հաստատելու համար, քանի որ այն պատճենի տեսքով է»:

4.5. 12.02.2025 թվականին և 13.02.2025 թվականին փոստային ծառայությանը հանձնելու միջոցով կրկին ներկայացվել են նույնական վերաքննիչ բողոքներ, որոնց կցվել է Գործում առկա լիազորագրի բովանդակությամբ նոր լիազորագիր։

4.6. Դատարանի կողմից 21.02.2025 թվականին որոշում է կայացվել վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին՝ հետևյալ արձանագրմամբ. «Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոք բերող անձի կողմից 12.02.2025թ. և 13.02.2025թ. կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներում բողոք բերող անձի կողմից թույլ է տրվել նոր խախտում, այն է` վերաքննիչ բողոքը ստորագրած փաստաբան Էմանուել Անանյանին դատական ակտը բողոքարկելու լիազորություն չի վերապահվել, մասնավորապես, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներին կցված «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ՝ Էմանուել Անանյանին 02.09.2024թ. տրված լիազորագրերով փաստաբան Էմանուել Անանյանին չի վերապահվել դատական ակտը բողոքարկելու լիազորություն»։

4.7. Դատարանի կողմից կայացված՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 29.01.2025 թվականի և «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 21.02.2025 թվականի որոշումները «Մուշ թաուերս» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից բողոքարկվել են Վճռաբեկ դատարան, որոնց քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը կայացրել է «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 29.01.2025 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին 25.06.2025 թվականի և «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 21.02.2025 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին 25.06.2025 թվականի որոշումներ:

4.8. 26.09.2025 թվականին Վճռաբեկ դատարանը կայացրել է «Վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու մասին» որոշում:

4.9. Վճռաբեկ դատարանը 13.03.2026 թվականին կայացրել է «Վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին» որոշում՝ արձանագրելով, որ լիազորագրում առկա՝ «ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ» ձևակերպումն իր բովանդակությամբ համընկնում է դատական ակտի բողոքարկման լիազորության էությանը և տվյալ իրավիճակում չի կարող մեկնաբանվել այլ կերպ: Մասնավորապես, վերաքննիչ բողոքը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, որպիսի պատճառաբանությամբ էլ անհիմն կերպով մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ և 372-րդ հոդվածները՝ միաժամանակ սահմանափակելով Կազմակերպության` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

4.10. Հաղորդում ներկայացրած անձի կողմից Հաղորդմանը կից ներկայացված՝ 30.06.2022 թվականի և 02.09.2024 թվականի լիազորագրերում նշված է եղել հետևյալը. ««Մուշ թաուերս» ՍՊ ընկերությունը ի դեմս տնօրեն Դավիթ Ռուբենի Մուսայելյանի՝ Ընկերության և իմ իրավունքներն ու օրինական շահերը ներկայացնելու կապակցությամբ փաստաբաններ (...)-ին, Էմանուել Անանյանին, (...)-ին լիազորում եմ Ընկերության և իմ անունից հանդես գալու (...), ՀՀ դատական բոլոր ատյաններում` ընդհանուր իրավասության, սնանկության, վարչական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։ Դատական ատյաններում և նշված մյուս մարմիններում` Ընկերության և իմ անունից՝ (...), ստորագրել և/կամ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ»:

4.11 Դատարանի՝ 09.06.2025 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է տվյալ գործով կողմերի, այդ թվում՝ հաղորդում ներկայացրած կողմի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատվելու հիմքով։

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Լիազոր մարմնի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի, նրա ներկայացուցչի կողմից ներկայացված հակափաստարկները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք Դատավորի կողմից ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործով թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում/ներ,

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը/ները կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Արդարադատության նախարարության ներկայացուցիչների և Դատավորի, նրա ներկայացուցչի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

 Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպեսզի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև ապահովի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը՝ միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`

 1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ. (…):

Խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Նախարարի միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

 Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և վերջինիս մեղքը հաստատելու համար: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՔԴՕ 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք:

ՔԴՕ 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՔԴՕ 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (այսուհետ՝ դատավարության մասնակիցներ)` գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները:

ՔԴՕ 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՔԴՕ 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

ՔԴՕ 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ակտը բողոքարկելու:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

ՔԴՕ 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և սույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

ՔԴՕ 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

Նույն հոդվածի 5-րդ մասի վերջին նախադասության համաձայն՝ ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՔԴՕ 372-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտումներ:

Վերոնշյալ քաղաքացիադատավարական նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է վերապահել վերաքննության կարգով բողոքարկելու առաջին ատյանի դատարանի դատական ակտերը՝ միաժամանակ ներկայացուցչի կողմից բողոքի ներկայացումը պայմանավորելով ներկայացվողի կողմից տրված լիազորագրում համապատասխան դատավարական գործողությունը կատարելու իրավասության ուղղակիորեն նախատեսված լինելու հանգամանքով՝ ի թիվս այլնի սահմանելով բողոքին կից ներկայացվող փաստաթղթերին վերաբերող պահանջների չպահպանման դեպքում վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը մերժելու հիմքերը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք նախադեպային որոշումներով ընդգծել է դատարանի մատչելիության իրավունքի կարևորությունը 6-րդ հոդվածի իմաստով, մասնավորապես, վկայակոչելով իրավունքի գերակայության և կամայական իշխանության բացառման սկզբունքները, որոնք ընկած են Կոնվենցիայի հիմքում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ դատարանի մատչելիության իրավունքը 6-րդ հոդվածով ամրագրված երաշխիքների ներհատուկ բաղադրիչն է։ Այն դեպքում, երբ բացակայում է անկախ և անաչառ դատարանի մատչելիությունը, միշտ ծագելու է իրավունքի գերակայության հետ համապատասխանության հարցը1։ Միաժամանակ ընդգծվել է, որ արդար դատաքննության իրավունքը, որն ամրագրված է 6-րդ հոդվածի 1-ին մասով, պահանջում է, որ դատավարության կողմերն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոց, որը նրանց հնարավորություն կտա պաշտպանելու իրենց քաղաքացիական իրավունքները2: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր «քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին» առնչվող ցանկացած պահանջ ներկայացնելու դատարան կամ տրիբունալ։ Այս կերպ 6-րդ հոդվածի 1-ին մասը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որի կողմերից մեկը մատչելիության իրավունքն է, այսինքն՝ քաղաքացիական գործերով դատարաններում վարույթ հարուցելու իրավունքը3: Հետևաբար, 6-րդ հոդվածի 1-ին մասը կարող է վկայակոչել յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ իր քաղաքացիական իրավունքներից որևէ մեկի իրականացմանը կատարված միջամտությունն անօրինական է, և բողոքում է, որ ինքը հնարավորություն չի ունեցել այդ պահանջը ներկայացնելու 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող տրիբունալ։ Դատարանի կողմից անձանց այն պնդումների քննությունը մերժելը, որոնք վերաբերում են որոշակի ընթացակարգի համատեղելիությանն արդար դատաքննության հիմնարար դատավարական երաշխիքների հետ, սահմանափակում է նրանց համար դատարանի մատչելիությունը4։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը5:

Տվյալ դեպքում, Դատավորը 21.02.2025 թվականի վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ մասնավորապես նշել է. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոք բերող անձի կողմից 12.02.2025թ. և 13.02.2025թ. կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներում բողոք բերող անձի կողմից թույլ է տրվել նոր խախտում, այն է` վերաքննիչ բողոքը ստորագրած փաստաբան Էմանուել Անանյանին դատական ակտը բողոքարկելու լիազորություն չի վերապահվել, մասնավորապես, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներին կցված «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ՝ Էմանուել Անանյանին 02.09.2024թ. տրված լիազորագրերով փաստաբան Էմանուել Անանյանին չի վերապահվել դատական ակտը բողոքարկելու լիազորություն։»։

Վճռաբեկ դատարանը 13.03.2026 թվականին կայացրել է «Վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին» որոշում՝ արձանագրելով, որ լիազորագրում առկա՝ «ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ» ձևակերպումն իր բովանդակությամբ համընկնում է դատական ակտի բողոքարկման լիազորության էությանը և տվյալ իրավիճակում չի կարող մեկնաբանվել այլ կերպ: Մասնավորապես, վերաքննիչ բողոքը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, որպիսի պատճառաբանությամբ էլ անհիմն կերպով մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ և
372-րդ հոդվածները՝ միաժամանակ սահմանափակելով Կազմակերպության` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոնշյալի ամփոփմամբ Խորհուրդն արձանագրում է, որ 02.09.2024 թվականի լիազորագրում՝ «ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ» նշման առկայության պարագայում ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու լիազորություն չունենալու հիմքով՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 21.02.2025 թվականի որոշման կայացմամբ Դատավորը թույլ է տվել ՔԴՕ 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 56-րդ հոդվածի 2-րդ մասով և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով ամրագրված պահանջների խախտում:

Անդրադառնալով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 21.02.2025 թվականի որոշման Վճռաբեկ դատարանի կողմից վերացված լինելու պարագայում հետևանքի բացակայության մասին Դատավորի փաստարկին՝ Խորհուրդը հարկ է համարում նշել, որ սույն կարգապահական վարույթի շրջանակներում քննարկման առարկա է հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմամբ դրսևորված դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայության հարցը, անկախ դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ կայացված դատական ակտի վերացված լինելու հանգամանքից:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման նվազ կարևորության մասին փաստարկին, ապա Խորհուրդը գտնում է, որ 02.09.2024 թվականի լիազորագրում՝ «ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ» նշման առկայության պարագայում այն անտեսելով և ներկայացուցչի վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չունենալու հիմքով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում կայացնելով ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատարանի մատչելիության իրավունքը, որի իրացմանը բողոքաբերը կարողացել է հասնել լրացուցիչ խոչընդոտի հաղթահարման, այն է՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման և վճռաբեկ դատարանի կողմից այն վերացնելու արդյունքում, ինչով և այդ թվում հերքվում է արարքի նվազ կարևոր գնահատելու մասին փաստարկը: Իսկ ինչ վերաբերում է Հաղորդում ներկայացրած անձի Հաղորդումից հրաժարվելու հանգամանքին, ապա Խորհուրդը գտնում է, որ դա չի կարող վկայել արարքի նվազ կարևորության մասին, քանի որ հաղորդում ներկայացնելու նպատակն է ապահովել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների կողմից այդ լիազորության իրացումը՝ անկախ հաղորդում ներկայացրած անձի հետագա դիրքորոշման փոփոխությունից՝ հաշվի առնելով, որ կարգապահական վարույթն իր բնույթով հանրային-իրավական վարույթ է և դրա նպատակը ոչ թե մասնավոր շահերի պաշտպանությունն է, այլ դատական իշխանության պատշաճ գործունեության, անկախության և հեղինակության ապահովումը։

Գնահատման առարկա դարձնելով Դատավորի կողմից թույլ տրված արարքում մեղքի առկայության հարցը՝ Խորհուրդն արձանագրում է, որ այն կատարվել է կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր` դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Միաժամանակ քննարկելով Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև վերը նշված փաստերի առկայության պայմաններում տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Խորհուրդը փաստում է, որ Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ: Միաժամանակ, Դատավորի նկատմամբ կիրառման ենթակա կարգապահական տույժի համաչափության տեսանկյունից Խորհուրդն էական է համարում սույն գործի փաստերն ու խախտման բնույթը և դրա փաստացի վերացված լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի
1-ին մասի 1-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին հայտարարել նախազգուշացում:

2 Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

________________________

1 Մանրամասն տես՝ Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության [Golder v. the United Kingdom], 1975, §§ 28-36 գործում, Գժենդան ընդդեմ Լեհաստանի [Grzęda v. Poland] [Մեծ Պալատ, այսուհետ նաև՝ ՄՊ], 2022, § 298, §§ 342-343), Զուբացն ընդդեմ Խորվաթիայի [Zubac v. Croatia], 2018, §§ 76 և այլն։

2 Մանրամասն տես՝ Նաիթ-Լիմանն ընդդեմ Շվեյցարիայի [Naտt-Liman v. Switzerland] [ՄՊ], 2018, § 112, Բելեշը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության [Běleš and Others v. the Czech Republic], 2002, § 49։

3 Մանրամասն տես՝ Նաիթ-Լիմանն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ], 2018, § 113, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1975, § 36, և դրանցում մեջբերված նախադեպային իրավունքի հղումները։

4 Մանրամասն տես՝ Ալ-Դուլիմին և «Մոնտանա Մենեջմենթ Ինք.» ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի [Al-Dulimi and Montana Management Inc. v. Switzerland] [Մեծ Պալատ], 2016, § 131:

5 Մանրամասն տես՝ ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը:

 

Նախագահող`

Անդամներ`

Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

 

 

 

Դեմատուկ կարծիք)

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ա. Հարությունյան
Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2026 թվական:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«07» հուլիսի 2026թ.

Ք Երևան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունիսի 12-ի թիվ ԲԴԽ-44-Ո-Կ-22 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ) քննության առնելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի (այսուհետ նաև՝ Նախարար) 12.05.2026 թվականի թիվ 51-Ա որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին (այսուհետ նաև` Դատավոր կամ Դատարան) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը (այսուհետ նաև՝ Միջնորդություն), որոշել է «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին հայտարարել նախազգուշացում»:

Համաձայն չլինելով Խորհրդի 2026 թվականի հունիսի 12-ի թիվ ԲԴԽ-44-Ո-Կ-22 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ՝ ներկայացնում եմ սույն Հատուկ կարծիքը։

 

1. Միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները

- 13.05.2022 թվականին «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Մուշ թաուերս» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին, և 26.05.2022 թվականին ընդունվել է վարույթ (թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործ):

- 21.11.2024 թվականին «Մուշ թաուերս» ՍՊ ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է հակընդդեմ ապահովում կիրառելու մասին միջնորդություն:

- 03.12.2024 թվականին դատավոր Մարինա Տաշչյանը կայացրել է «Մուշ թաուերս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշում, որը փոստային ծառայության միջոցով «Մուշ թաուերս» ՍՊ ընկերությանը հասանելի է դարձել միայն 12.12.2024 թվականին (ստացման ծրարի բեռնային համար՝ LO126443071AM):

- 03.12.2024 թվականի որոշման բողոքարկման արդյունքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանը 29.01.2025 թվականին կայացրել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում՝ որպես վերադարձի հիմք նշելով հետևյալը. «Տվյալ դեպքում, վերաքննիչ բողոքը «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի անունից ստորագրել է Էմանուել Անանյանը, մինչդեռ և' սույն գործի նյութերում, և' վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում բացակայում է «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ՝ Էմանուել Անանյանին տրված բնօրինակ լիազորագիր, որը հիմք կհանդիսանար վերաքննիչ բողոքը ստորագրած անձի լիազորությունները հավաստելու համար: Ինչ վերաբերում է սույն քաղաքացիական գործի նյութերում առկա «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022թ. տրված լիազորագրին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված լիազորագիրը հիմք չի հանդիսանում սույն վերաքննիչ բողոքը ստորագրած անձ Էմանուել Անանյանի լիազորությունները հաստատելու համար, քանի որ այն պատճենի տեսքով է»:

- 12.02.2025 թվականին և 13.02.2025 թվականին փոստային ծառայությանը հանձնելու միջոցով կրկին ներկայացվել են նույնական վերաքննիչ բողոքներ, որոնց կցվել է Գործում առկա լիազորագրի բովանդակությամբ նոր լիազորագիր։

- Դատարանի կողմից 21.02.2025 թվականին որոշում է կայացվել վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին՝ հետևյալ արձանագրմամբ. «Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոք բերող անձի կողմից 12.02.2025թ. և 13.02.2025թ. կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներում բողոք բերող անձի կողմից թույլ է տրվել նոր խախտում, այն է` վերաքննիչ բողոքը ստորագրած փաստաբան Էմանուել Անանյանին դատական ակտը բողոքարկելու լիազորություն չի վերապահվել, մասնավորապես, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներին կցված «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ՝ Էմանուել Անանյանին 02.09.2024թ. տրված լիազորագրերով փաստաբան Էմանուել Անանյանին չի վերապահվել դատական ակտը բողոքարկելու լիազորություն»։

- Դատարանի կողմից կայացված՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 29.01.2025 թվականի և «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 21.02.2025 թվականի որոշումները «Մուշ թաուերս» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից բողոքարկվել են Վճռաբեկ դատարան, որոնց քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը կայացրել է «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 29.01.2025 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին 25.06.2025 թվականի և «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 21.02.2025 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին 25.06.2025 թվականի որոշումներ:

 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09062025 թվականի վճռով թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով (հիմք՝ «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգի տվյալներ)։

- Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2026 թվականի որոշմամբ «Մուշ թաուերս» ՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» 03.12.2024 թվականի թիվ ԵԴ/24298/02/22 որոշումը թողնվել է անփոփոխ: (հիմք՝ «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգի տվյալներ)։

- 26.09.2025 թվականին Վճռաբեկ դատարանը կայացրել է «Վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու մասին» որոշում:

- 13.03.2026 թվականին Վճռաբեկ դատարանը կայացրել է «Վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին» որոշում՝ արձանագրելով, որ «վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Դատարանը թույլ է տվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ, 56-րդ, 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»: Վճռաբեկ դատարանը նշել է, որ լիազորագրում առկա՝ «ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ» ձևակերպումն իր բովանդակությամբ համընկնում է դատական ակտի բողոքարկման լիազորության էությանը և տվյալ իրավիճակում չի կարող մեկնաբանվել այլ կերպ: Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ Դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ Գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, որպիսի պատճառաբանությամբ էլ անհիմն կերպով մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը:

 

2 Բարձրագույն դատական խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանի Հատուկ կարծիքի իրավական վերլուծությունը և եզրահանգումը

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ։ Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը։»։

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման (Աշխատակարգի) 96-րդ մասի համաձայն՝ (...) Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար։»։

ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: 

ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով: 

ՀՀ Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը: 

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: 

Նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի. (...)

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը հայտնաբերվել է մինչև տվյալ գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ապա նույն կետով նախատեսված մեկ տարվա ժամկետը հաշվարկվում է տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից, իսկ եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման, ապա վարույթ կարող է հարուցվել նաև մինչև տվյալ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Վերոգրյալ իրավակարգավորումներից հետևում է, որ դատավորին, որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք՝ կարգապահական խախտում, օրենսդիրը նախատեսել է նաև դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը։ Մինչդեռ, գտնում եմ, որ վերը նշված հանգամանքների՝ 1դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում և 2 դատավորի մեղքի, այն է՝ դիտավորություն կամ կոպիտ անփութություն, առկայությունն ինքնին բավարար չէ դատավորի արարքը կարգապահական խախտում որակելու համար։

Իմ համոզմամբ՝ դատավորին նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական խախտում վերագրելու համար, ըստ վերը վկայակոչված իրավական նորմերի, անհրաժեշտ է որոշակի հետևանքների առկայություն՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ

Այսպես, դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը կարող է հաստատվել նաև վերադաս ատյանի կողմից դատական ակտը բեկանելով կամ փոփոխելով։ Սակայն, հատկանշական է, որ նշվածն ինքնին, Օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, հիմք չէ դատավորի կողմից կարգապահական խախտման փաստը հաստատված համարելու համար՝ այն պատճառաբանությամբ, որ վերոնշյալ իրավանորմով «բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ» ձևակերպումից հետևում է, որ բացի վերադաս ատյանի կողմից դատական ակտի բեկանման կամ փոփոխման հանգամանքից, ըստ այդմ՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը հաստատված համարելուց զատ, գնահատման ենթակա են նաև այլ չափանիշներ, ի թիվս այլնի՝ նշված խախտմամբ որոշակի հետևանքներ առաջացած լինել/չլինելը։

Մասնավորապես, Օրենսգրքի 142-րդ հոդվածի ողջ բովանդակության հիմքում Օրենսդիրը նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության կիրառման համար սահմանել է նշված հետևանքները.

- նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտումը կասկածի տակ է դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ կարող է հեղինակազրկել դատական իշխանությունը,

- նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտումը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման։

Վերոգրյալի համատեքստում հարկ եմ համարում ընդգծել նաև, որ Խորհուրդն իր 05.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 և 08.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-13-Ո-Կ-03 որոշումներով արձանագրել է, որ. «(...) հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը։ (...)»:

Նույն որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(...) սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը։ Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա։ Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա։ Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայասպանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ (...)»:

Սույն կարգապահական վարույթով, որպես Դատավորին վերագրվող արարքի առաջացրած բացասական հետևանքի առկայության հիմնավորում, ըստ էության, ներկայացվել է նաև Դատավորի կողմից կայացված դատական ակտը Վճռաբեկ դատարանի կողմից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, բեկանված լինելու հանգամանքը։ Մինչդեռ, իմ համոզմամբ, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը, նույնիսկ դատավորի մեղքի առկայության պայմաններում, ինքնին, առանց Օրենսդրի կողմից սահմանված որոշակի հետևանքների առկայության, չի կարող որակվել կարգապահական խախտում, ըստ այդմ՝ հանգեցնել դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման։

Տվյալ դեպքում Նախարարի կողմից ներկայացված միջնորդությամբ՝ Դատավորի արարքը, կարգապահական խախտում հանդիսանալու հանգամանքն, ըստ էության, փաստարկվել է հետևյալով.

- Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը բավարարելու և 21.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար հիմք է հանդիսացել Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, (նշվածը Նախարարի ներկայացուցիչը պնդել է նաև դատական նիստի ընթացքում). 

- Հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճված լինելու և Դատավորի կողմից կայացված ակնհայտ ոչ իրավաչափ դատական ակտի գոյության պայմաններում հնարավոր չէ ներկայումս ունենալ վերաքննիչ բողոքի ըստ էության քննության արդյունք

- Դատավորի արարքը չի կարող գնահատվել, որպես նվազ նշանակություն ունեցող, քանի որ այն անհամատեղելի է դատավորի բարձր պաշտոն ստանձնող անձի առաքելության հետ և հեղինակազրկում է դատական իշխանությունը։

Խորհուրդը 12062026թ թիվ ԲԴԽ-44-Ո-Կ-22 որոշմամբ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ,

«Վերոնշյալի ամփոփմամբ՝ Խորհուրդն արձանագրում է, որ 02.09.2024 թվականի լիազորագրում՝ «ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ» նշման առկայության պարագայում ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու լիազորություն չունենալու հիմքով՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 21.02.2025 թվականի որոշման կայացմամբ Դատավորը թույլ է տվել ՔԴՕ 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 56-րդ հոդվածի 2-րդ մասով և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով ամրագրված պահանջների խախտում:

Անդրադառնալով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 21.02.2025 թվականի որոշման Վճռաբեկ դատարանի կողմից վերացված լինելու պարագայում հետևանքի բացակայության մասին Դատավորի փաստարկին, ապա Խորհուրդը հարկ է համարում նշել, որ սույն կարգապահական վարույթի շրջանակներում քննարկման առարկա է հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմամբ դրսևորված դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայության հարցը, անկախ դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ կայացված դատական ակտի վերացված լինելու հանգամանքից:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման նվազ կարևորության մասին փաստարկին, ապա Խորհուրդը գտնում է, որ 02.09.2024 թվականի լիազորագրում՝ «ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ» նշման առկայության պարագայում այն անտեսելով և ներկայացուցչի վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չունենալու հիմքով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում կայացնելով ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատարանի մատչելիության իրավունքը, որի իրացմանը բողոքաբերը կարողացել է հասնել լրացուցիչ խոչընդոտի հաղթահարման, այն է՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման և վճռաբեկ դատարանի կողմից այն վերացնելու արդյունքում, ինչով և այդ թվում հերքվում է արարքի նվազ կարևոր գնահատելու մասին փաստարկը»։

Նախ, հարկ եմ համարում արձանագրել, որ անվիճելի է Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ տրված լինելու հանգամանքը, ինչը հիմնավորվում է Վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործով 13.03.2026 թվականի որոշմամբ։

Այդուհանդերձ, սույն Հատուկ կարծիքով արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ՝ հարկ եմ համարում ընդգծել, որ, իմ համոզմամբ, Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործով 13.03.2026 թվականի որոշմամբ դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով Վերաքննիչ դատարանի 21022025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացված լինելու հանգամանքը միայն, առանց որոշակի՝ սույն որոշմամբ նշված հետևանքների վրա հասնելու, բավարար չէ Դատավորին կարգապահական խախտում վերագրելու, ըստ այդմ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։

Ընդ որում, Նախարարի ներկայացուցիչը դատական նիստի ընթացքում, որպես Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման հետևանք, մատնանշել է հենց արդարադատության բուն էության խաթարումը։

Հատկանշական է նաև, որ Խորհուրդը 12062026թ թիվ ԲԴԽ-44-Ո-Կ-22 որոշմամբ կարևորել է դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմամբ դատավարական իրավունքի նորմերի խախտման հանգամանքը, շեշտադրելով, որ «որ սույն կարգապահական վարույթի շրջանակներում քննարկման առարկա է հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմամբ դրսևորված դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայության հարցը», այնինչ, «Datalex» դատական ակտերի տեղեկատվական համակարգում առկա հանրամատչելի տվյալներից հետևում է, որ

- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09062025 թվականի վճռով թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով:

Միաժամանակ, նույն դատական ակտով վճռվել է «(․․․) 4 Վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վերացնել 21.07.2022 թվականին Դատարանի և 17112022 թվականին, 18012023 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումներով կիրառված հայցի և հակընդդեմ հայցի ապահովման միջոցները։ (․․․)

9 Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում»։

Այսինքն, քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին 09062025 թվականի վճռի ուժի մեջ մտած լինելու, ըստ այդմ՝ հայցի ապահովումը վերացված լինելու փաստի ուժով արդեն իսկ իմաստազրկվել է հակընդդեմ ապահովում կիրառելու անհրաժեշտությունը, որպիսի պայմաններում չենք կարող գալ հետևության առ այն, որ բողոքաբերն իր իրավունքի իրացմանը կարողացել է հասնել լրացուցիչ խոչընդոտի հաղթահարման, այն է՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման և Վճռաբեկ դատարանի կողմից 13032026 թվականին տվյալ որոշման վերացման արդյունքում։

Ավելին, նշվածն արձանագրվել է նաև թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ, ըստ որի՝ « (․․․) Հաշվի առնելով, որ հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդություն կարող է ներկայացնել գործին մասնակցող այն անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, մինչդեռ սույն գործով կիրառված հայցի ապահովման միջոցների հարցը լուծվել է, մասնավորապես, ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2025թ. թիվ ԵԴ/24298/02/22 վճռով վերացվել են կիրառված հայցի ապահովման միջոցները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (․․․) որևէ հայցի ապահովման միջոց այլևս պահպանված չլինելու պարագայում հակընդդեմ ապահովում պահանջելու հիմքերն ինքնին բացակայում են:

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (․․․) վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, իսկ Դատարանի 03.12.2024թ. որոշումը պետք է թողնել անփոփոխ»։ (հիմք՝ «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգի տվյալներ)։

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ համաձայն չեմ նաև Խորհրդի այն եզրահանգման հետ, որ․ «(․․․) ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատարանի մատչելիության իրավունքը, որի իրացմանը բողոքաբերը կարողացել է հասնել լրացուցիչ խոչընդոտի հաղթահարման, այն է՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման և վճռաբեկ դատարանի կողմից այն վերացնելու արդյունքում, ինչով և այդ թվում հերքվում է արարքի նվազ կարևոր գնահատելու մասին փաստարկը», նկատի ունենալով, որ դատարանի մատչելիության իրավունքը չի կարող կրել ֆորմալ բնույթ։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով սույն Հատուկ կարծիքում տեղ գտած վերլուծությունները՝ գտնում եմ, որ Դատավորի կողմից թույլ տրված արարքը թեև ձևականորեն պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի՝ կարգապահական խախտման հատկանիշներ, այնուամենայնիվ իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում վերջինիս համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը։ Հետևաբար տվյալ դեպքում կիրառելի էր Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում, ուստի Արդարադատության նախարարի 12.05.2026 թվականի թիվ 51-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ենթակա էր մերժման։

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2026 թվական: