ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 980-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2026 թվականի N 980-Ն

 

ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետը, 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վճարները վերադարձնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 2-ի N 980-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վճարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու դեղատների հետ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հօգուտ ապահովագրված անձի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Առողջության համընդհանուր հիմնադրամի իրավական ակտերին համապատասխան հատուցում ստացած ապահովագրական դեպքերի հիմքով։

3. Սույն կարգի հասկացությունները կիրառվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում օգտագործված հասկացությունների իմաստով:

 

2. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

4. Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հօգուտ ապահովագրված անձի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի (այսուհետ՝ անձ) կնքված պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վճարները վերադարձվում են հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝

1) անձի բողոքի հիման վրա «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված մարմնի որոշման առկայությունը, որով բավարարվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն տվյալ անձի մասով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատանը լրիվ կամ մասնակի ապահովագրական հատուցում տրամադրելու պահանջը կամ

2) «Հաշտարարության մասին» օրենքի համաձայն, անձի և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով հաստատվում է անձի՝ ապահովագրական փաթեթի շրջանակում տրամադրված ծառայություններ կամ դեղեր ստանալու իրավունքը:

 

3. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման դիմումը անձի կողմից ներկայացվում է սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելուց կամ 2-րդ կետի համաձայն կնքված համաձայնության օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում։ Իրենից անկախ հանգամանքների (անհաղթահարելի ուժ կամ հիվանդություն) հիմքով դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու դեպքում անձը կարող է սույն կարգին համապատասխան դիմում ներկայացնել, դիմումի մեջ նշելով նաև իրենից անկախ հանգամանքների (անհաղթահարելի ուժ կամ հիվանդություն) հիմքը և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը, ինչպես նաև կցելով համապատասխան գրավոր հիմնավորումներ կամ փաստաթղթեր (պատճեններ)։

6. Անձը, սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, ինչպես նաև 16 տարին չլրացած երեխաների օրինական ներկայացուցիչը, անձամբ կամ լիազորված անձի միջոցով թղթային կամ էլեկտրոնային եղանակով, ձև 1-ին համապատասխան դիմում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատանը օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարները վերադարձնելու համար կցելով՝

1) օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարների փաստը հավաստող փաստաթղթեր (պատճեններ).

2) սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հիմքերից մեկը հավաստող փաստաթղթերի պատճեններ․

3) դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությամբ դիմումի դեպքում՝ համապատասխան գրավոր հիմնավորումներ կամ փաստաթղթեր (պատճեններ)․

4) սույն կետով նախատեսված դեպքում՝ լիազորագիր (որի համար նոտարական վավերացում չի պահանջվում) կամ 16 տարին չլրացած երեխայի ծննդյան վկայականի պատճենը։

7. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերում, եթե մինչև սույն կարգի 6-րդ կետով սահմանված դիմում ներկայացնելը կամ դիմում ներկայացնելուց հետո անձը մահացել է, ապա, մահացած անձի իրավահաջորդը, օրենքով սահմանված կարգով իրավահաջորդության փաստը հաստատվելուց հետո, ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կարող է դիմում ներկայացնել և հետ ստանալ օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարները՝ սույն կարգի պահանջներին համապատասխան՝ ներկայացնելով սույն կարգի 6-րդ կետով նախատեսված, ինչպես նաև իրավահաջորդության փաստը հաստատող փաստաթղթեր:

8. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը կամ դեղատունը, եթե օրենքով այլ կարգ նախատեսված չէ, դիմումը և համապատասխան փաստաթղթերը (պատճեններ) ստանալուց և դրանց՝ սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելուց հետո, մերժման հիմքերի բացակայության պայմաններում, ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի բանկային հաշվեհամարին է փոխանցում օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարները՝ ամբողջությամբ:

9․ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը կամ դեղատունը, եթե օրենքով այլ կարգ նախատեսված չէ, դիմումը և համապատասխան փաստաթղթերը (պատճեններ) ստանալուց և դրանց՝ սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելուց հետո, թերություններ հայտնաբերելու դեպքում գրավոր ծանուցում է դիմում ներկայացրած անձին՝ ծանուցման մեջ ներկայացված թերությունները, ոչ պակաս, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում շտկելու մասին։ Շտկված դիմումին ընթացք տրվում և դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցումը կատարվում է սույն կարգի 8-րդ կետում սահմանված ժամկետում։

10․ Դիմումը սույն կարգին համապատասխան չշտկելու դեպքում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը կամ դեղատունն անձին գրավոր ներկայացնում է օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարի չվերադարձնելու հիմքերը՝ միաժամանակ ծանուցելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում ընդհանուր հիմունքներով կրկին դիմելու հնարավորության մասին։

11․ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը կամ դեղատունը սույն կարգին համապատասխան օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարը վերադարձնելու կամ վերադարձը մերժելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ մերժման դեպքում նշելով դրա հիմքերը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2026 թվական: