ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մարտի 1993 թվականի N 86
Քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ պատգամավորների Ալավերդու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն որոշ աշխատանք է կատարել իր լիազորությունների շրջանակներում բնակչության սոցիալ-կենցաղային հարցերի լուծման ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը միաժամանակ նշում է, որ քաղաքում զգալիորեն նվազել են թողարկվող արդյունաբերական արտադրանքների, այդ թվում կարևորագույն արտադրատեսակների ծավալները։ Ինչպես 1991 թվականին, այնպես էլ 1992 թվականի ընթացքում դիտվել է արդյունաբերական արտադրության անընդհատ անկում։ Ներկայումս երկարատև շրջափակման, վառելիքաէներգետիկ ճգնաժամի հետևանքով քաղաքի արդյունաբերությունը գրեթե չի գործում։
Նվազել են նաև քաղաքի տրանսպորտային ձեռնարկությունների բեռնափոխադրումների և ուղևորաշրջանառության ծավալները, քաղաքի հեռախոսավորման միջին մակարդակը դեռևս ցածր է հանրապետական միջին ցուցանիշից:
Քաղաքում բարձր է մինչև մեկ տարեկան երեխաների մահացությունը, այն երկու անգամ գերազանցում է հանրապետական միջին ցուցանիշը։
Քաղխորհրդի գործկոմը բավարար աշխատանք չի կատարել ձմռանը քաղաքային տնտեսության նախապատրաստման ուղղությամբ։ Մազութի և քարածխի պալարներով ապահովված չլինելու պատճառով չի գործում քաղաքի ջեռուցման համակարգը։
Լուրջ թերություններ կան կատարողական կարգապահության, քաղխորհրդի գործկոմի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության և սեփական որոշումների կատարման ասպարեզում։ Վերջին երկու տարում գործկոմի նիստերում չի լսվել որևէ հիմնարկության, ձեռնարկության, կազմակերպության կամ գործկոմի ստորաբաժանման ղեկավարի հաշվետվություն, չեն քննարկվել տրանսպորտի, քաղաքի բարեկարգման, արդյունաբերության, ճանապարհաշինության, իրավակարգի պահպանման մասին հարցեր։ Երբեմն ընդունվել են քննարկված հիմնահարցը ոչ ամբողջությամբ ընդգրկող որոշումներ, հանձնարարականները տրվել են առանց կատարողի և կատարման ժամկետների նշման։ Գործկոմի մի շարք որոշումներ հակասում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պատգամավորների Ալավերդու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ուշադրությունը հրավիրել գործադիր կոմիտեի աշխատանքներում, հատկապես կատարողական կարգապահության ասպարեզում, առկա լուրջ թերությունների վրա և հանձնարարել նրան`
ա) քննության առնել Հայաստանի Հանրապետության կառավարության վարչատարածքային կառավարման բաժնի տեղեկանքը և միջոցներ ձեռնարկել նշված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ.
բ) ապահովել գործադիր կոմիտեի աշխատանքների բարձրարդյունավետությունը, կատարողական կարգապահության ամրապնդումը, ընդունված որոշումների՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխանեցումը։
2. Առաջարկել պատգամավորների Ալավերդու քաղաքային խորհրդին՝
ա) գործադիր կոմիտեի աշխատանքների ղեկավարման գործում թույլ տված լուրջ բացթողումների, օրենսդրության պահանջներին հակասող, մակերեսային որոշումներ ընդունելու, կազմակերպական-վերահսկողական բնագավառում տեղ գտած թերությունների համար քննության առնել պատգամավորների Ալավերդու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Հ. Գոգինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
բ) առաջիկա նստաշրջանում անդրադառնալ գործկոմի կառուցվածքի հստակեցման հարցին։
3. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` միջոցներ ձեռնարկել Ալավերդի քաղաքին հացի մատակարարումները կարգավորելու, այդ ասպարեզում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ։
4. Պատգամավորների Ալավերդու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` սույն որոշման կատարման մասին մինչև 1993 թվականի հունիսի 1-ը զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |