ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«29» հունիսի 2026 թ. |
N 30-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1507-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի N 78-Մ և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1507-Ն հրամանի`
1) վերնագրում «և ավարտական» բառերը փոխարինել «, ավարտական և պետական ավարտական» բառերով,
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից:
|
Նախարար՝
6/29/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հունիսի 29-ի N 30-Ն հրամանի |
|
«Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանի» |
Կ Ա Ր Գ
ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ (ԷՔՍՏԵՌՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ, ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն)՝ անկախ ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից, սովորողի համար դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական քննություններ (այսուհետ՝ Էքստեռն փոխադրական քննություններ), ինչպես նաև հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական և պետական ավարտական քննություններ (այսուհետ` էքստեռն ավարտական քննություններ) կազմակերպելու հետ կապված իրավահարաբերությունները:
2. ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Հաստատության սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ (հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն) կազմակերպվում են` ելնելով սովորողի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակից (10-րդ դասարանի սովորողի դեպքում՝ նաև սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված պահանջին համապատասխանությունից):
3․ Բոլոր հաստատությունների 1-3-րդ դասարանների սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ նախորդ (բացառությամբ 1-ին դասարանի) դասարանի տարեկան, ինչպես նաև տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից կիսամյակային ամփոփիչ բնութագրերի արդյունքների հիման վրա՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում Ա սյունակի բնութագրիչների առնվազն 90% և Բ սյունակի առավելագույնը 10% համամասնությամբ (գերազանց առաջադիմություն):
4. Բոլոր հաստատությունների 5-8-րդ դասարանների սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննությունների՝ միավորային գնահատմամբ համապատասխան դասարաններում տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գերազանց առաջադիմություն (տարեկան` 9 կամ 10 միավոր) ունենալու դեպքում:
5. «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» («Անվտանգ կենսագործունեություն») առարկաներից ազատված լինելը կամ սովորողից անկախ պատճառներով որևէ առարկա չուսումնասիրելը չի կարող արգելք լինել էքստեռն կարգով քննություններ հանձնելուն:
6. Ուսումնառության ժամանակահատվածում հաստատության սովորողը դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել կրթական 1-ին և 2-րդ աստիճանում՝ յուրաքանչյուրում 1-ական անգամ:
7. Առաջին և երկրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող հաստատության ավարտական դասարանների սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ չեն կազմակերպվում:
8․ Հաստատության երրորդ աստիճանում էքստեռն փոխադրական քննություններ կարող են կազմակերպվել միայն 10-րդ դասարանի այն սովորողների համար, որոնք ունեն հիմնական կրթության գերազանցության նշումով վկայական և մասնակցություն են ունեցել միջազգային օլիմպիադաներում (առարկայական, սպորտային), մրցաշարերում, առաջնություններում, մրցույթներում, փառատոններում։
9. Սովորողի համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով.
1) մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը սովորողի ծնողը (օրինական ներկայացուցիչը), դասղեկը և դասավանդող առնվազն 3 ուսուցիչ (կրթական առաջին աստիճանում՝ դասվարը, եթե դասավանդող այլ ուսուցիչներ չկան) համատեղ գրավոր դիմում են ներկայացնում հաստատության տնօրենին՝ սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու առաջարկով, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստում,
2) սույն կարգի 3-րդ, 4-րդ կետերի պահանջների ապահովման դեպքում հաստատության տնօրենը սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մանկավարժական խորհրդի որոշումը և պահանջվող փաստաթղթերի փաթերը ներկայացնում է նախարարություն:
10. Սովորողը, որի դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման համար առկա է մանկավարժական խորհրդի որոշումը, հանձնում է կենտրոնացված էքստեռն փոխադրական քննություններ հետևյալ տրամաբանությամբ.
1) 1-3-րդ և 5-6-րդ դասարաններում` «Մայրենի» և «Մաթեմատիկա», 7-8-րդ դասարաններում` «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» (հանրահաշիվ, երկրաչափություն), իսկ 10-րդ դասարանում` «Հայոց լեզու» և «Հայ գրականություն», «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր», «Երկրաչափություն»), «Հայաստանի պատմություն» առարկաներից՝ գրավոր:
2) Էքստեռն փոխադրական քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը նախագահում է Նախարարը կամ Նախարարի տեղակալը:
3) Էքստեռն փոխադրական քննություններն (գիտելիքների ստուգումը) անցկացվում են տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված բոլոր առարկաների ծրագրային նյութի շրջանակներում:
4) Քննությունների թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ՝ ԳԹԿ) կողմից:
11. Թեստերը փակ և կնքված ծրարով ներկայացվում են Նախարարություն՝ առնվազն 15-ական առաջադրանք` սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված առարկաներից՝ ըստ քննություններին ներկայացված հայտերի քանակի:
12. Քննություններն անցկացվում են Նախարարության կողմից ընտրված ավագ դպրոցում (այսուհետ՝ ավագ դպրոց), իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով` հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:
13. Կենտրոնացված էքստեռն փոխադրական քննություններն անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում սովորողն իրավունք է ստանում հանձնելու տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած առարկաների քննությունները, որոնք անցկացվում են սովորողին երաշխավորած հաստատությունում` հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:
14. Սույն կարգի 13-րդ կետում նշված քննությունները կազմակերպվում են հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում` առարկայական մեթոդական միավորումների կողմից կազմված քննական առաջադրանքներով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ժամանակահատվածում հանձնվող քննությունների՝ հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցը ներկայացվում է լիազոր մարմնին և Նախարարություն, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ միայն Նախարարություն.
1) Էքստեռն փոխադրական բոլոր քննություններն անցկացվում են գրավոր.
2) Էքստեռն փոխադրական բոլոր քննություններից գերազանց գնահատվելու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:
16. Հաստատությունում կազմակերպվող էքստեռն փոխադրական քննություններին որպես դիտորդ կարող են մասնակցել Նախարարության և լիազոր մարմնի ներկայացուցիչները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ միայն Նախարարության ներկայացուցիչը:
17. Հաստատության տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա սովորողին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր եղանակով տեղեկացնում Նախարարությանը:
18. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված սովորողների քննական գնահատականները համարվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ:
3. ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
19. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են կրթական 2-րդ և 3-րդ աստիճանների հանրակրթական հիմնական, ընդհանուր ծրագրերին համապատասխան:
20. Էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալու համար կարող է դիմել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող) անձը (այսուհետ՝ դրսեկ):
21. Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով:
22. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների տվյալները էլեկտրոնային կառավարման համակարգում մուտքագրվում են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
23. Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կարող է ստանալ.
1) հիմնական կրթության վկայական ստացած և 18 տարին լրացած դրսեկը` հիմնական կրթության վկայական ստանալու տարվա` սույն կարգի 29-րդ կետով սահմանված 3-րդ քննաշրջանից սկսած,
2) հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի (տարիների հաշվարկը կատարվում է ուսումնական պարապմունքների ավարտման օրվանից)` 29-րդ կետով սահմանված առաջին, երկրորդ և երրորդ քննաշրջաններում.
3) Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձը՝ սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում:
24. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են Երևան քաղաքում` Նախարարության կողմից էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք ստացած ավագ դպրոցում:
25. Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալի համար էքստեռն ավարտական քննություններն իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ձևավորվող հանձնաժողովը, որի անդամներից մեկին (յուրաքանչյուր ձևավորվող հանձնաժողովի համար) առաջադրում է Նախարարությունը:
26. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դրսեկների համար էքստեռն ավարտական քննություններ կազմակերպվում են Նախարարության կողմից ընտրված հաստատությունում:
27. Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:
28. էքստեռն ավարտական քննություններն անցկացվում են միայն հայերենով՝ բացառությամբ օտար լեզուների քննությունների:
29. Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են 3 քննաշրջաններով.
1) 1-ին քննաշրջան` փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
2) 2-րդ քննաշրջան` ըստ ավարտական քննությունների ժամանակացույցի, մյուս առարկաները՝ ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
3) 3-րդ քննաշրջան` հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
30. Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը դիմում է ներկայացնում յուրաքանչյուր քննաշրջանից 30 աշխատանքային օր առաջ:
31. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. հանրային ծառայության համարանիշ կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանք,
գ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,
դ. սույն կարգի 45-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ առկայության դեպքում.
ե․ 3/4 չափի էլեկտրոնային լուսանկար.
զ․ տեղեկանք կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ՝ առկայության դեպքում.
2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. հանրային ծառայության համարանիշ կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանք,
գ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),
դ. սույն կարգի 45-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ առկայության դեպքում.
ե․ 3/4 չափի էլեկտրոնային լուսանկար.
զ․ տեղեկանք կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ՝ առկայության դեպքում:
32. Էքստեռն ավարտական քննություններ հանձնող դրսեկը դիմումում նշում է, թե տվյալ քննաշրջանում քանի քննություն է ցանկանում հանձնել և որ առարկաներից:
33. Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:
34. Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:
35. Էքստեռն ավարտական քննություններ կազմակերպող ավագ դպրոցը փոխվելու դեպքում մինչև 2026 թվականը ստացած փաստաթղթերի պատճենները փոխանցվում են նոր հաստատության տնօրենին:
36. Փաստաթղթերի պատճենները փոխանցող ավագ դպրոցի տնօրենը գրավոր տեղեկացնում է այդ մասին դրսեկին կամ նրա օրինական ներկայացուցչին:
37. Սույն կարգի պահանջներին համապատասխանող Էքստեռն ավարտական քննություններ հանձնել ցանկացողների փաստաթղթերը հաստատության տնօրենը քննաշրջանը սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ ուսումնասիրում է և էլեկտրոնային հաստատմամբ ներկայացնում Նախարարության հանրակրթության վարչություն` փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:
38. Գրավոր քննությունների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից և տրամադրվում Նախարարությանը, բանավոր քննությունների առաջադրանքները` հաստատության համապատասխան առարկայական մեթոդական միավորումների կողմից:
39. Սույն կարգի 29-րդ կետով սահմանված 2-րդ քննաշրջանի ընթացքում քննություններին որևէ պատճառով չներկայացած դրսեկը ավարտական քննությունները հանձնում է հաջորդ քննաշրջանում:
40.1-ին, 2-րդ կամ 3-րդ քննաշրջաններում որևէ պատճառով որևէ քննության չմասնակցած դրսեկը տվյալ քննությունը հանձնում է հաջորդ տարիներին` երեք քննաշրջանների ընթացքում:
41. Էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալու համար անձը հանձնում է ավարտական քննություններ հետևյալ առարկաներից՝
ա. «Հայոց լեզու»,
բ․ «Գրականություն»,
գ. «Հայաստանի պատմություն»,
դ. «Մաթեմատիկա»,
ե. «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» ՝ դրսեկի ընտրությամբ),
զ. «Օտար լեզու» ( «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն»՝ դրսեկի ընտրությամբ):
42. Հիմնական կրթության վկայական տրվում է այն դեպքում, երբ անձը հաղթահարում է 41-րդ կետով սահմանված բոլոր քննությունները՝ բացառությամբ սույն կարգի 52-րդ կետով սահմանված դեպքերի։
43. Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար անձը հանձնում է ավարտական քննություններ հետևյալ առարկաներից՝
ա. «Հայոց լեզու և հայ գրականություն»,
բ. «Մաթեմատիկա»,
գ․ «Հայաստանի պատմություն»,
դ․ «Բնագիտություն»,
ե. «Օտար լեզու» ( «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն»՝ դրսեկի ընտրությամբ):
44. Միջնակարգ կրթության ատեստատ տրվում է այն դեպքում, երբ անձը հաղթահարում է 43-րդ կետով սահմանված բոլոր քննությունները՝ բացառությամբ սույն կարգի 52-րդ կետով սահմանված դեպքերի։
45. Դրսեկը չի մասնակցում այն առարկաների քննություններին, որոնք հանձնել է հանրակրթական ուսումնական հաստատությունում /9-րդ և 12-րդ դասարանում/, եթե ներկայացրել է տեղեկանք՝ գնահատման 10-միավորային համակարգում՝ 4-10, 20-միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստացած լինելու վերաբերյալ:
46. Դրսեկի ստացած գնահատականները ուժի մեջ են մինչև հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալը:
47. Դրսեկը հաջորդ քննաշրջաններին քննություն է հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություն չի հանձնել կամ գնահատման 20-միավորային համակարգում ստացել է 1- 7, 10-միավորային համակարգում` 1-3 միավոր:
48. Քննությունների հանձնաժողովները կազմում է էքստեռն քննություններ անցկացնելու իրավունք ստացած հաստատության տնօրենը.
1) 9-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,
2) 12-րդ դասարանի համար՝ նախագահ և հանձնաժողովի երեք անդամ:
49. Էքստեռն կարգով քննությունների վերահսկողությունն իրականացնում է Նախարարությունը:
50. Բոլոր քննություններից գնահատման 10-միավորային համակարգում՝ 4-10, 20-միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստացած դրսեկներին սահմանված կարգով տրվում է հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ՝ բացառությամբ 52-րդ կետով կարգավորվող հարաբերությունների:
51. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դրսեկների համար էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են սույն կարգի պահանջներին համապատասխան՝ անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված խելամիտ հարմարեցումների ապահովմամբ։
52. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դրսեկները կարող են մասնակցել էքստեռն ավարտական քննություններին և ստանալ ավարտական փաստաթուղթ՝ նույնիսկ գնահատման համակարգում 1-3 միավոր ստացած լինելու դեպքում: Այն դեպքում, երբ դրսեկը ծնողի (օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ չի մասնակցում ավարտական քննություններին, նրան կարող է տրվել պետական նմուշի ավարտական փաստաթուղթ՝ առանց քննական գնահատականների՝ սույն կարգի պահանջներին համապատասխան։
53. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով չեն պարգևատրվում:
54. Էքստեռն կարգով ավարտողներին տրված հիմնական կրթության վկայականը կամ միջնակարգ կրթության ատեստատը գրանցվում է հաստատությունների հիմնական կրթության վկայականների կամ միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյաններում: Հաստատության հիմնական շրջանավարտների մասին Նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանով սահմանված տվյալները լրացնելուց հետո, հաջորդ տողի կենտրոնում գրվում է «Էքստեռն» բառը և համարակալումը շարունակելով` լրացվում են սույն կարգով ավարտական վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստացած դրսեկների վերաբերյալ տվյալները:
55. Էքստեռն ավարտական քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող հաստատությունում` դրսեկի` հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալուց հետո` 1 տարի:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|