ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 1993 թվականի N 79
Քաղ. Երևան
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՌԵՖՈՐՄԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի տեղեկանքը Վարդենիսի շրջանում ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման գործընթացի համալիր ստուգումների արդյունքների մասին (կցվում է):
2. Վարդենիսի շրջանում ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման գործընթացի ժամանակ տեղ գտած մի շարք կոպիտ խախտումների և բացթողումների համար պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ Յու. Սաղաթելյանի հետագա գործունեությունը զբաղեցրած պաշտոնում գտնել ոչ նպատակահարմար և խնդրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը քննության առնել պատգամավորների Վարդենիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ Յու. Սաղաթելյանին անվստահություն հայտնելու հարցը:
3. Հանձնարարել պատգամավորների Վարդենիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին` գործադիր կոմիտեի նիստում քննարկել սույն որոշումը և մեկամսյա ժամկետում մշակել գործնական միջոցառումներ ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման գործընթացում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ և պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարած պաշտոնատար անձանց:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը` ուսումնասիրել տեղեկանքում նշված խախտումները և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ օրինախախտումների վերացման ուղղությամբ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Վարդենիսի շրջանում ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման գործընթացի համալիր ստուգման արդյունքների մասին
1992 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 18-ը Վարդենիսի շրջանում անցկացվել է համալիր ստուգում կապված ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման գործընթացի հետ:
Վարդենիսի շրջանում 1992 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սեփականաշնորհվել է 15 հազար հեկտար վարելահող, որը կազմում է ընդհանուր վարելահողերի 60 տոկոսը, 23 հեկտար պտղատու այգի, որը կազմում է ընդհանուրի 15 տոկոսը և 420 հեկտար խոտհարք` ընդհանուրի 20 տոկոսը:
Ստուգումներ անցկացվել են շրջանի 14 գյուղերում, որոնցից չորս տնտեսություններ ձեռք են բերել պետական ձեռնարկության կարգավիճակ, իսկ երկուսը` նախկին կոլտնտեսության կարգավիճակ:
Վարդենիսի շրջանում ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման գործընթացի ստուգումների արդյունքները ցույց են տալիս, որ սեփականաշնորհումը իրականացվել է կոպիտ խախտումներով և բացթողումներով:
Ցածր հիմքերի վրա է գտնվում սեփականաշնորհման ուղղությամբ տարված գործավարությունը. տրված դիմումների ընդունումը և գրանցումը կատարվել է անփույթ ձևով` այն առ ստուգման պահը դեռ շարունակվել էր, փաստաթղթերը արխիվավորված չեն, դիմումների տրման ժամկետները հերթականությամբ չեն, տեղական հանձնաժողովների արձանագրությունները խմբավորված չեն:
Սխալ մոտեցում է դրսևորվել Վարդենիսի շրջկենտրոնում հողաբաժնի չափի որոշման ժամանակ: Շրջկենտրոնի տնտեսությունում աշխատողներին սեփականաշնորհվող հողաբաժնի չափը եղել է մեկ հեկտար, իսկ ավելացած հողատարածությունը ավանի բնակիչներին սեփականաշնորհվել է մեկ հողաբաժնի չափը 0,4 հեկտարով:
Շրջանային հանձնաժողովի կողմից մեկ անգամ է լսվել շրջանում սեփականաշնորհման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքի մասին:
Գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից անբավարար է հողերի վարձակալության պայմանագրերի կնքման, վարձավճարների գանձման ուղղությամբ տարվող աշխատանքները: Շրջանում 1991 թվականին վարձակալությամբ տրվել է 22795 հեկտար վարելահող, որից պետք է գանձվեր 1042,1 հազար ռուբլի գումար, սակայն փաստացի գանձվել է 254,4 հազար ռուբլի կամ վարձավճարի 24,4 տոկոսը, 2038 հեկտար խոտհարքների վարձակալությունից` 31,6 հազար ռուբլու փոխարեն գանձվել է 5,0 հազար ռուբլի կամ վարձավճարի 15,8 տոկոսը:
Շրջանի ստուգված 14 տնտեսություններից 10-ում թույլ է տրվել ֆինանսական և հաշվապահական հաշվառման տարբեր տեսակի խախտումներ և չարաշահումներ:
Խախտելով սահմանված կարգը սեփականաշնորհումը երեք տնտեսություններում անց է կացվել առանց համապատասխան գույքագրում կատարելու:
Չորս տնտեսությունների հաշվեկշիռներում եղած անասնագլխաքանակի գույքային համարները չեն համապատասխանում սեփականաշնորհված անասնագլխաքանակի գույքային համարներին, որի պատճառով հնարավոր չէ ճշտել անասունների քաշերի համապատասխանությունը:
Շրջանի յոթ տնտեսություններում մեծ է տարբերությունը անասնագլխաքանակի քաշի մեջ` նախքան սեփականաշնորհումը և սեփականաշնորհումից հետո:
Երկու տնտեսություններում ըստ անասնագլխաքանակի հիմնական շարժի, պակասում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ և նյութական պատասխանատու անձերից վնասը չէր վերականգնվել:
Անասնագլխաքանակի հարկադիր մորթերն ու անկումները շրջանի չորս տնտեսություններում մեծ տոկոս են կազմում:
Շրջանում կատարվել են տնտեսություններից ավտոմեքենաների վաճառք, որը թույլատրվել է շրջխորհրդի գործադիր կոմիտեի կողմից:
Շրջանում անասնագլխաքանակի սեփականաշնորհման ժամանակ եղել են կոպիտ խախտումներ, երբ բրուցելյոզով հիվանդ անասնագլխաքանակն է սեփականաշնորհվել և անասնագլխաքանակի սեփականաշնորհումը իրականացվել է մեկական գլխով:
Լուծարքային հաշիվները առ ստուգման օրը փակված չեն եղել շրջանի ութ գյուղերում:
Վարդենիսի շրջանում ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման գործընթացի համալիր ստուգման արդյունքները քննության է առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի նախագահության 1992 թվականի օգոստոսի 3-ի թիվ 2-13 (3-219) նիստում և որոշում է կայացվել վերը նշված կոպիտ խախտումների և բացթողումների համար առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը դիմելու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին` քննության առնելու շրջանային խորհրդի նախագահ Յու. Սաղաթելյանին անվստահություն հայտնելու և նրա աշխատանքը այդ պաշտոնում ոչ նպատակահարմար համարելու հարցը:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի նախագահ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |