ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 78
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 1993 թվականի N 78

Քաղ. Երևան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 22-ի N 11, հունվարի 23-ի N 15 և փետրվարի 13-ի N 38 որոշումների Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսագործունեության ապահովման առաջնահերթ խնդիրներից, վարկային էմիսիայի ընդհանուր ծավալից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեին լրացուցիչ ֆինանսավորման նպատակով հատկացնել 98,0 մլն ռուբլի, որից` պետական կենտրոնացված կապիտալ ներդրումների գծով առաջացած պարտքերի մարման համար 50,0 մլն ռուբլի, բյուջետային հիմնարկների համար վառելիքի ձեռքբերման և էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսերի համար 48,0 մլն ռուբլի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` 1992 թվականի պարտքերի մարման համար վարկային էմիսիայի հաշվին հատկացված 1410,0 մլն ռուբլուց 50,0 մլն ռուբլի հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` 1992 թվականի պարտքերի մարման համար:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը և նյութական ռեսուրսների նախարարությանը` կենտրոնացված կարգով ձեռքբերվող քաղաքային տրանսպորտի շարժակազմից և բարձրանցողականության մարդատար ավտոմեքենաներից ԼՂՀ-ին հատկացնել որոշակի քանակության շարժակազմ և մարդատար ավտոմեքենաներ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի N 15 որոշման N 2 հավելվածով նախատեսված նախարարություններին և գերատեսչություններին` վարկային էմիսիայի հաշվին ԼՂՀ-ին հատկացնել նյութական ռեսուրսներ և միջոցներ` ընդհանուր հատկացումների ծավալի 5 տոկոսի չափով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ