ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.06.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«25» հունիսի 2026 թ.

N 29-Ն

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել Մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 60-Ն հրամանը, բացառությամբ հրամանի հավելվածի 2-րդ կետի, 7-րդ կետի 2-րդ ենթակետի, 10-րդ կետի 1-ին մասի հեռակա ուսուցման պայմանների, 11-րդ կետի 3-րդ ենթակետի, որոնք ուժը կորցրած են ճանաչվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ՄՈՒՀ-երի կողմից լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ կրթական ծրագրեր կազմակերպելու համակարգը ներդնելու օրվանից, բայց ոչ ուշ քան 2028-2029 ուսումնական տարվա ընդունելությունը։

3. Հեռակա ուսումնառության ձևով ընդունելությունը կազմակերպվում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի կողմից՝ առկա ուսուցման համար սահմանված ընթացակարգով։

4. Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով (ՄԿԿՏՀ) օտարերկրյա քաղաքացիների ընդունելության գործընթացը ներդնել 2027-2028 ուսումնական տարվա ընդունելությունից։

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար՝

 

6/25/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

ուղղ.հունիսի 25-ի 2026 թ.

N 29-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետև` Կարգ) սահմանվում են արհեստագործական կրթական ծրագրով՝ «արհեստավոր» կամ «կրտսեր մասնագետ» որակավորման կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ «մասնագետ» որակավորման համար մասնագիտական ուսումնական հաստատություն (այսուհետև` ՄՈՒՀ) ընդունելության գործընթացներն ու հարաբերությունները։

2. Հանրային ՄՈՒՀ-ի ընդունելության առանձնահատկությունները կարող են սահմանվել հիմնադիր կողմերի միջև համագործակցության պայմանագրով, իսկ մասնավոր ՄՈՒՀ-ի դեպքում՝ իր կանոնադրությամբ։

3. Պետական և հանրային ՄՈՒՀ-երի պետական բյուջեի միջոցներից փոխհատուցվող տեղերը, այդ թվում՝ պահուստային, հատկացվում են ՀՀ կառավարության սահմանված կարգերով։

4. ՄՈՒՀ-ը ընդունելություն կարող է հայտարարել և անցկացնել մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի իրականացման իրավունքի և տվյալ որակավորման՝ ըստ կրթության հիմքի լիցենզիայի առկայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, եթե՝

ա) տվյալ որակավորման (ուղղվածության) ծրագիրն իրականացվում է առաջին անգամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված կրթական ծրագրերի փորձարկման կարգով.

բ) դեռևս սահմանված և ներդրված չէ տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը և տվյալ որակավորման ծրագիրը կազմակերպվում է արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակի մասնագիտության համապատասխան որակավորման պետական կրթական չափորոշչով։ Այդ դեպքում ընդունելություն կարող է հայտարարվել տվյալ կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում։

5. Կառավարության կողմից կրթական ծրագրերի մակարդակներին և ոլորտներին համապատասխան նախատեսված տեղերի, համամասնությամբ հաստատված բյուջետային հատկացումների շրջանակներում՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետև՝ լիազոր մարմին) ղեկավարը, հիմք ընդունելով հատկացված ընդհանուր տեղերի թիվը և պետական ու հանրային ՄՈՒՀ-երի նախնական հիմնավորված հայտերը, յուրաքանչյուր ՄՈՒՀ-ի հատկացնում է փոխհատուցման ենթակա (այսուհետև՝ անվճար) ընդունելության տեղերի թիվը, իսկ սույն կարգի 15-րդ կետով սահմանված դեպքում՝ նաև վճարովի տեղերի թիվը։

6. ՄՈՒՀ-ը անվճար և վճարովի տեղերի համար ընդունելությունն իրականացնում է մրցութային հիմունքներով՝ յուրաքանչյուր որակավորման կամ մասնագիտության համար լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի շրջանակում։

7. ՄՈՒՀ ընդունելությունը կատարվում է տվյալ որակավորման շրջանակային նկարագրով, իսկ դրա բացակայության դեպքում՝ տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված մուտքային պահանջներով՝ առնվազն հիմնական կամ միջնակարգ կրթություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումով՝ համաձայն սույն կարգի 4-րդ բաժնով սահմանված ընթացակարգի։

8. ՄՈՒՀ ընդունելությունը իրականացվում է առանց քննությունների, բացառությամբ՝ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ որակավորումների (այսուհետև՝ «Ոլորտային մասնագիտություններ»), որոնց համար սահմանվում է քննություն՝ համաձայն սույն կարգի Աղյուսակ 1-ի։ Սպորտի բնագավառի մարզաձևերով եվրոպայի և աշխարհի մրցանակակիր դիմորդները նույն մարզաձևի ուղղվածությամբ ընդունելության հայտ ներկայացնելու դեպքում օգտվում են առանց քննության մրցույթի ընդունվելու իրավունքից։ Լիազոր մարմինը այլ որակավորման համար քննությամբ ընդունվելու պահանջ կարող է սահմանել տվյալ ոլորտի գերատեսչական մարմնի կամ գործատուների առաջարկով։

9. Ոստիկանության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ գերակա ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող ՄՈՒՀ-երի ընդունելությունն իրականացվում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով։

10. Օտարերկրացիներն` իրենց ընտրությամբ, ՄՈՒՀ կարող են ընդունվել սույն կարգով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

11. Հայաստանի Հանրապետության այն երկքաղաքացիները կամ այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարում սովորել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, կարող են իրենց ընտրությամբ ՄՈՒՀ ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով, սակայն պահպանելով սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված ընդունելության պահանջները։

12. Այն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք վերջին երեք տարում սովորել են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, ՄՈՒՀ ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով, և ամբողջ ուսումնառության ընթացքում օգտվում ՀՀ քաղաքացիների համար սահմանված իրավունքներից ու պարտավորություններից։

13. Արգելվում է ՄՈՒՀ-երի վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված կամ ապաստան ստացած անձանց, ինչպես նաև ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ՄՈՒՀ-ում ուսումնառող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Սույն կետում նշված արտակարգ իրավիճակի առկայությունը հավաստում է արտաքին քաղաքականության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

14. ՄՈՒՀ ընդունելության ընդհանուր մրցույթով պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնառության կարող են ընդունվել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 15-րդ հոդվածներին համապատասխան դիմորդները, իսկ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածով և 72-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող դիմորդները, եթե ապահովել են տվյալ ՄՈՒՀ-ի տվյալ որակավորման կամ մասնագիտության ընդունելության համար մրցութային անցողիկ նվազագույն շեմը (այդ թվում՝ վճարովի, եթե նախատեսվել է)՝ անկախ ուսումնառության ձևից, ռեժիմից և զբաղեցրած տեղից, պահպանելով տվյալ որակավորման կամ մասնագիտության լիցենզիայով հատկացված սահմանային տեղը։

15. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մակարդակներում առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (այսուհետև՝ գերակա) ճանաչված որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտության (մասնագիտացումների) համար ընդունելությունը կատարվում է լիազոր մարմնի հաստատած անվճար և վճարովի տեղերի քանակով։

16. Մշակույթի, սպորտի ոլորտի որակավորման կրթական ծրագրերի մակարդակներով և ուղղվածությամբ ընդունելություն իրականացնող ՄՈՒՀ-երը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ հրապարակում են ընդունելության համար անհրաժեշտ մասնագիտական քննությունների պայմանները։ Հրապարակված պայմանները փոփոխման ենթակա չեն, բացառությամբ, եթե դա պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ:

 

2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. ՄՈՒՀ-երին պետական բյուջեի միջոցներից փոխհատուցման ենթակա ընդունելության տեղերը՝ ըստ կրթական ծրագրերի մակարդակների և որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) հատկացվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, բայց ոչ ուշ, քան ընթացիկ տարվա հուլիսի 1-ը։

18. Լիազոր մարմինը Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՄԿԿՏՀ) դիմորդների հայտագրման համակարգ (dimord.emis.am) (այսուհետև՝ Համակարգ) է մուտքագրում (ստեղծում) ՄՈՒՀ-երի անվանական ցանկը։

19. Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով՝ ըստ ՄՈՒՀ-երի և որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) ընդունելության տեղերը հատկացնելուց հետո համապատասխան ստորաբաժանումը Համակարգ է մուտքագրում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ հետևյալ տվյալները.

1) որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) անվանումները և դրանց համար լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի թիվը,

2) տվյալ տարվա համար ընդունելության անվճար տեղերի թիվը, իսկ գերակա ճանաչված լինելու դեպքում՝ նաև վճարովի տեղերի թիվը,

3) մուտքային պահանջը` առնվազն հիմնական կամ միջնակարգ կրթության հիմքով,

4) սահմանված մրցութային առարկաները և մրցութային քննությունները՝ համաձայն սույն կարգի Աղյուսակ 1-ի,

5) տվյալ որակավորումը (ուղղվածությունը) կամ մասնագիտությունը (մասնագիտացումը) գերակա ճանաչված լինելու մասին (առկայության դեպքում),

6) տվյալ որավորման (ուղղվածության) ծրագիրը փորձարարական լինելու մասին (առկայության դեպքում),

7) ուսումնառության ձևը՝ առկա, հեռակա (անցումային ժամանակահատվածում), լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ։

20. Լիազոր մարմնի կողմից ըստ ՄՈՒՀ-երի և որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) ընդունելության տեղերը, համապատասխան հրամանով հատկացնելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ուղարկվում է յուրաքանչյուր ՄՈՒՀ-ի էլեկտրոնային հասցեով։

21. Լիազոր մարմնի սահմանած փորձարարական կարգով ՄՈՒՀ-ում ներդրվող որակավորման (ուղղվածության) ծրագրով ընդունելությունը կազմակերպվում է հիմք ընդունելով լիազոր մարմնի հրամանով հատկացված անվճար և վճարովի տեղերի քանակը։

22. Ընդունելության տեղերի մասին տվյալները ստանալուց հետո ՄՈՒՀ-ը երկու աշխատանքային օրվա ընթացքում Համակարգ է ներբեռնում՝

1) իր որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) համար տվյալ տարվա ընդունելության վճարովի (նախատեսելու դեպքում) տեղերը,

2) «Ոլորտային մասնագիտությունների» որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի ցանկը, դրանց քննությունների ժամանակացույցը, քննական խմբերի թիվը՝ ըստ անհրաժեշտության,

3) ՄՈՒՀ-ի ընդունելության պայմանների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը ապահովող էլեկտրոնային (թվային) հարթակի ակտիվ հղումը,

4) ՄՈՒՀ-ի հետ հետադարձ կապի և հաղորդակցման միջոցների տվյալները՝ հասցե, էլ․ փոստ, հեռախոսահամար և այլն։

23. Ընդունելության գործընթացը արդյունավետ կազմակերպելու նպատակով ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը տվյալ տարվա ընդունելության տեղերը սահմանված կարգով ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստեղծում է Դիմորդի անկյուն, ապահովում դիմորդների խորհրդատվության, աջակցության և մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, ինչպես նաև իր պաշտոնական կայքով (առկայության դեպքում) և սոցիալական ցանցերով տարածում հրապարակման ենթակա հետևյալ տեղեկությունները.

1) ՄՈՒՀ-ում իրականացվող արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման) ցանկը՝ յուրաքանչյուրի համար ներկայացնելով հետևյալ տեղեկությունները.

ա) լիցենզիայի համարը կամ փորձարարական ծրագրի դեպքում՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի համարը՝ ըստ կրթության հիմքի (հիմնական, միջնակարգ),

բ) հավատարմագրի համարը (առկայության դեպքում),

գ) գերակա ճանաչված լինելը (առկայության դեպքում),

դ) կազմակերպման ձևը` լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ (դրա բացակայության դեպքում՝ ուսումնառության ձևը՝ առկա, հեռակա),

ե) մուտքային պահանջը (կրթության հիմքը)` առնվազն հիմնական կամ միջնակարգ, ինչպես նաև Աղյուսակ 1-ով սահմանված մրցութային առարկաները և մրցութային քննությունները,

զ) անվճար և վճարովի (նախատեսված լինելու դեպքում), այդ թվում՝ գերակա ճանաչված որակավորումների (ուղղվածության) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) համար, ընդունելության տեղերի քանակը,

է) ուսման վճարի տարեկան չափը, իսկ տարբերակված լինելու դեպքում՝ ընդհանուր և առավելագույն չափը,

ը) ուսումնառության նորմատիվային (առավելագույն) տևողությունը,

թ) կրեդիտների ընդհանուր քանակը (առկայության դեպքում),

ժ) որակավորման աստիճանը, որակավորումը,

ժա) որակավորումից և համապատասխան զբաղմունքից բխող գործնական ուսուցման առանձնահատկությունները, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևը, ծրագրի կազմակերպման ռեժիմները, ժամեկտները և այլն,

ժբ) ոլորտային մասնագիտությունների դեպքում՝ քննության օր(եր)ը, ժամը, վայրը, տեսակը, անցկացման պայմանները՝ համաձայն Աղյուսակ 1-ի,

ժգ) օտարերկրյա քաղաքացիների համար մասնագիտական կրթություն և ուսուցում կազմակեպելու հնարավորությունը՝ ըստ որակավորումների (ուղղվածության) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների),

ժդ) այլ տեղեկություն՝ ՄՈՒՀ-ի նախաձեռնությամբ:

2) դիմորդի փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները, այդ թվում՝ ոլորտային մասնագիտությունների որակավորումների (ուղղվածության) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) համար,

3) ուսանողի հետ կնքվելիք պայմանագրի տեքստը։

24. ՄՈՒՀ-ի ընդունելության տեղերի մասին տվյալները ստանալուց հետո «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ «ԿՏԱԿ») երեք աշխատանքային օրվա ընթացքում՝

1) ակտիվացնում է Համակարգը,

2) հրապարակում է դիմորդի հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները, ոլորտային մասնագիտութունների դեպքում՝ քննությունների նախնական, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո՝ ճշգրտված ժամանակացույցը:

25. Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են Համակարգ՝ ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած, բայց ոչ ուշ, քան հուլիսի տասից.

1) ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը, ժամը 1800 ներառյալ,

2) ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը, ժամը 1800 ներառյալ, իսկ քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը ընկած ժամանակահատվածում։

26. Դիմորդների կողմից դիմում հայտերը Համակարգում կարող են փոփոխվել մինչև դիմումների ընդունման օրվա ավարտը:

27. Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է փաստաթղթերի ընդունման, իսկ ոլորտային մասնագիտությունների գծով` քննությունների ավարտման հաջորդ աշխատանքային օրը:

28. Սույն կարգի 25-րդ կետում սահմանված ժամկետները ոչ աշխատանքային օր լինելու դեպքում, հայտերի ու փաստաթղթերի ընդունման մրցույթի արդյունքները ամփոփելու վերջնաժամկետը տեղափոխվում է հաջորդող աշխատանքային օրը՝ ժամը 1800-ը։

29. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը մրցույթն ամփոփելու ընթացքում կարող է ըստ անհրաժեշտության կատարել նույն որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) ներքին վերաբաշխում` պահպանելով որակավորումների կամ մասնագիտությունների (այդ թվում՝ երգեցողության կամ երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի) տեղերը:

30. Ներքին վերաբաշխման արդյունքում թափուր մնացած տեղերը (անվճար և վճարովի) հատկացվում են քննության արդյունքում առավել բարձր գնահատական ստացած և մրցույթից դուրս մնացած դիմորդին, իսկ հավասար միավորներ ունենալու դեպքում առաջնայնությունը տրվում է սույն կարգի 84-րդ կետով սահմանված հերթականությամբ:

31. Ոլորտային մասնագիտությունների դեպքում վերաբաշխում կարող է կատարվել նաև հարակից որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) միջև՝ դիմորդի համաձայնությամբ և ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի որոշումով՝ հաշվի առնելով դիմորդի համապատասխանությունը։

32. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են ՄՈՒՀ-ի տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման) մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո։

33. Մրցույթի արդյունքները ՄՈՒՀ-ի կողմից Համակարգ մուտքագրելուց (հրապարակելուց) հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի արդյունքում ըստ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման) և մուտքային պահանջի (կրթական հիմքի) թափուր մնացած տեղերի վերաբերյալ տվալների ինքնաշխատ եղանակով մշակումը և արդյունքների հրապարակումը Համակարգում:

34. Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո ՄՈՒՀ-ում ընդունելություն հայտարարած որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման) թափուր տեղերի առկայության դեպքում, ոչ ուշ քան օգոստոսի 14-ից օգոստոսի 18-ը ներառյալ՝ ժամը 18։00-ն կազմակերպվում է ընդունելության երկրորդ փուլը։

35. ՄՈՒՀ-ի ընդունելության երկրորդ փուլի մրցույթին կարող է մասնակցել ընթացիկ տարում ցանկացած ՄՈՒՀ-ում (այդ թվում՝ ոլորտային մասնագիտություններով) ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև առաջին փուլում դիմում հայտ չներկայացրած դիմորդը՝ բացառությամբ ոլորտային մասնագիտությունների, որոնց դեպքում կարող է դիմել տվյալ տարվա մրցույթի առաջին փուլին մասնակցած և քննության դրական միավորով մրցույթը չհաղթահարած դիմորդը:

36. Երկրորդ փուլի հայտերը ընդունվում են ՄԿԿՏՀ դիմորդների հայտագրման հարթակում՝ անհրաժեշտության դեպքում ներբեռնելով սույն կարգի 50-րդ, 52-րդ և 54-րդ կետերով սահմանված փաստաթղթերը, իսկ ոլորտային մասնագիտություններով նաև՝ տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանքը:

 

3. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

37. Ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով, լիազոր մարմնի կողմից ընդունելության տեղերը հատկացվելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, ՄՈՒՀ-ի տնօրենի հրամանով ստեղծվում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողով, որը գործում է սույն կարգի 43-րդ կետով սահմանված լիազորությունների շրջանակում՝ մինչև ընդունելության գործընթացի արդյունքների վերաբերյալ լիազոր մարմին հաշվետվություն ներկայացնելը, իսկ թափուր ընդհանուր տեղերի շրջանակում վերաբաշխում կատարելու հայտ տալու դեպքում՝ դրա թույլտվության հրաման տալու կամ դա մերժելու մասին պատասխանին հաջորդող երկրորդ աշխատանքային օրը, բայց ոչ ուշ քան օգոստոսի 25-ը։

38. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը՝ ՄՈՒՀ-ի տնօրենը կամ նրա տեղակալը, նախագահի տեղակալը՝ տնօրենի տեղակալը կամ ՄՈՒՀ-ի որակի պատասխանատուն կամ կառավարչական պաշտոն զբաղեցնող անձը, պատասխանատու քարտուղարը և անդամները, այդ թվում՝ կարիերայի պատասխանատուն և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության պատասխանատուն, կամ ՄՈՒՀ-ի տնօրենի ընտրությամբ այլ իրավասու անձ։

39. Ոլորտային մասնագիտություններով քննությունների անցկացման նպատակով ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի որոշումով և ՄՈՒՀ-ի տնօրենի հրամանով, քննությունների անցկացմանը նախորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստեղծվում է (են) մասնագիտացված քննական հանձնաժողով(ներ) (այսուհետև՝ Քննական հանձնաժողով)՝ ըստ Աղյուսակ 1-ով սահանված քննական առարկաների կամ քննության ձևի։ Եթե ՄՈՒՀ-ում առկա է նույն ոլորտի նույն առարկայի քննություն և դրանք բովանակությամբ ու բարդությամբ նույն են, ապա կարող է ձևավորվել տվյալ առարկայի (քննության) մեկ Քննական հանձնաժողով։

40. Քննական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ՄՈՒՀ-ի համապատասխան մանկավարժական աշխատողները, ինչպես նաև ՄԿՈՒ համակարգող մարմնի, ոլորտային մարմնի ներկայացուցիչները՝ ՄՈՒՀ-ի տնօրենի հրավերով։ Քննական հանձնաժողովի նախագահին և անդամների կազմը ձևավորում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նախագահը:

41. Ոլորտային մասնագիտությունների քննությունների կազմակերպմանը աջակցելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի որոշումով կարող է ստեղծվել տեխնիկական անձնակազմ։

42. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նախագահը` ընդունելության տեղերը ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմին և ԿՏԱԿ է ներկայացնում քննության նախնական ժամանակացույցը, իսկ դիմորդների հայտագրման ժամկետից անմիջապես հետո՝ ճշգրտված ժամանակացույցը:

43. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը ապահովում է`

1) ընդունելության գործընթացի հետ կապված տեղեկատվության մշակումը, ԿՏԱԿ-ի հետ տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունը, շահառուների շրջանում իրազեկման միջոցառումների կազմակերպումը,

2) դիմորդների՝ էլեկտրոնային (առցանց) եղանակով ստացված ընդունելության փաստաթղթերի ընդունումը և հայտի հաստատումը, ՄԿԿՏՀ միջոցով դիմորդների տվյալների ինքնաշխատ կերպով ձևավորված գրանցամատյանի վերբեռնումը, հետադարձ կապի ապահովումը, սույն կարգի 57-րդ կետով սահմանված դեպքում դիմորդի հայտի չեղարկումը, ինչպես նաև սույն կարգի 59-րդ կետով սահմանված դեպքում դիմում հայտի մերժումը և մերժման հիմնավորումը,

3) մասնագիտական կողմնորոշման կազմակերպումը, այդ թվում՝ ՄՈՒՀ-ում առկա որակավորումների կամ մասնագիտությունների առավելությունների, ՄՈՒՀ-ի գործընկերների և ուսանողի կարիերայի աճի և հնարավոր հեռանկարների մասին հստակ իրազեկումը, դիմորդների համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը,

4) ընդունելության մրցույթի և քննությունների ընթացքի վերաբերյալ դիմորդներին և այլ շահագրգիռ անձանց տեղեկատվության տրամադրումը, հարցերի հստակեցումը և տեխնիկական աջակցությունը,

5) ուսանողի հետ կնքվելիք պայմանագրի պայմանների և կրթության կազմակերպման առանձնահատկությունների մասին իրազեկումը, ինչպես նաև ՄՈՒՀ-ի ներքին ակտերի վերաբերյալ պարզաբանումները,

6) էլեկտրոնային եղանակով ստացված անհրաժեշտ փաստաթղթերի ստուգումը, համալրումը, դրանց բնօրինակների հետ իսկության ճշտումը, դիմորդների անձնական գործի ձևավորումը,

7) ընդունելության մրցույթի անցկացումը, արդյունքների ամփոփումը,

8) մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո ըստ որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների)՝ երգեցողության կամ երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի տեղերի վերաբաշխում, այդ թվում` նույն որակավորման համանման գործիքների միջև,

9) էլեկտրոնային եղանակով հայտագրված դիմորդների անվանացանկի հրապարակումը՝ ըստ նրանց մրցութային արդյունքների, ինչպես նաև ընդունված դիմորդներին հրամանագրելու առաջարկ տալու մասին որոշման ընդունումը,

10) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկման, տեղաշարժի և քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումները ու մատչելիությունը,

11) ընդունելության տարածքների հարմարեցումը, կահավորումը, ինչպես նաև ընդունելության ընթացքում հերթապահության ապահովումը։

44. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի լիազորություններից բխող ներքին աշխատանքները կանոնակարգվում են նիստերի միջոցով, որի օրակարգում քննարկվում է ընդունելության ընթացքի հետ կապված խնդիրները, աշխատանքների արդյունավետության գնահատումը, որոշման ենթակա հարցերը։ Նիստն արձանագրում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը, իսկ արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և պատասխանատու քարտուղարը:

45. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում ու ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկում է ընդունելության գործընթացը՝ համաձայն սույն կարգի 43-րդ կետով սահմանված լիազորությունների,

2) հրապարակում է ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարությունը,

3) ձևավորում է քննական հանձնաժողովների կազմերը և ներկայացնում ՄՈՒՀ-ի տնօրենի հաստատմանը, ինչպես նաև կազմակերպում և վերահսկում է այդ հանձնաժողովների աշխատանքները,

4) հաստատում է ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը,

5) ընդունող և քննական հանձնաժողովների անդամներին ծանոթացնում է ընդունելության գործընթացը կարգավորող փաստաթղթերին, ՄՈՒՀ-ի ներքին ակտերին, դիմորդներին տրամադրվող տեղեկությունների հիմնական պայմաններին, ինչպես նաև ապահովում է հանձնաժողովների բնականոն գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային պայմանները,

6) որոշում է ընդունում ոլորտային մասնագիտություններով դիմորդին ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվության վերաբերյալ, որի մասին նշում է կատարում նրա դիմումի վրա,

7) միջոցներ է ձեռնարկում ընդունելության ժամանակահատվածում հասարակական կարգի պահպանության, բժշկական սպասարկման ապահովման ուղղությամբ,

8) կարգավորում է ընթացիկ խնդիրները։

46. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալը՝

1) կատարում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նախագահի պարտականությունները՝ նրա բացակայության ընթացքում,

2) ձևավորում է «Դիմորդի անկյուն»` մասնագիտական կողմնորոշման, ընդունելության կարգի ու պայմանների վերաբերյալ,

3) հսկում է Քննական հանձնաժողովների կողմից մշակված քննական նյութերի ճիշտ և ժամանակին ձևակերպումն ու բազմացումը, ապահովում է քննությունների անցկացման համար անհրաժեշտ տարածքներ։

47. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`

1) ստուգում է էլեկտրոնային (առցանց) եղանակով ստացված դիմորդների փաստաթղթերը, բացահայտում անճշտությունները և դրանց մասին պատշաճ տեղեկացնում դիմորդին և հանձնաժողովին, վարում է անձնական գործերը ձևավորելու ընթացքը,

2) նախապատրաստում և արձանագրում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նիստերը, սահմանված կարգով փոխանցում դրանք ՄՈՒՀ-ի համապատասխան ստորաբաժանում:

48. Քննական հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում է քննական տոմսերի և քննական այլ նյութերի մշակումը,

2) ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նախագահի հետ միասին ստորագրում և ծրարում է քննական տոմսերը և պատասխանատու է ՄՈՒՀ-ում դրանց պահպանման համար,

3) ղեկավարում է քննության ընթացքը և պատասխանատու է քննության անցկացման և հանձնաժողովի աշխատանքները պատշաճ կատարելու համար,

4) պատասխանատու է քննական տոմսերի մեջ հայտնաբերված վրիպակները տեղում ուղղելու համար,

5) դիմորդներին բացատրում է քննության ընթացակարգը և ներկայացվող պահանջները,

6) վերստուգում է գրավոր աշխատանքները՝ բողոքարկման դեպքում,

7) յուրաքանչյուր քննության ավարտից անմիջապես հետո ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովին է ներկայացնում քննությունների ամփոփ արդյունքները,

8) քննարկում է նույն կամ համանման որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացուների) վերաբաշխման հարցը և առաջարկը ներկայացնում ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի քննարկմանը:

49. Քննական հանձնաժողովների լիազորությունները դադարում են համապատասխան քննությունների վերջնական արդյունքների ամփոփման օրվան հաջորդող երրորդ օրվանից:

 

4. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ

 

50. Դիմորդը` Համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որը ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար) և Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքը։

51. Դիմորդը կարող է դիմել մեկ ՄՈՒՀ-ի մեկ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման) համար, այդ թվում՝ երգեցողության կամ երաժշտական գործիքի տեսակի կամ մարզաձևի հայտագրմամբ՝ անվճար և վճարովի (նախատեսված լինելու դեպքում) ուսուցման հիմունքով:

52. Դիմորդի հայտը պարունակում է ներքոնշյալ տեղեկությունները, որոնք ներբեռնվում են ինքնաշխատ եղանակով, իսկ դրա բացակայության կամ անհնարինության դեպքում՝ դիմորդի կողմից.

1) լուսանկար,

2) կրթության համար հիմք հանդիսացող սույն կարգի 61-րդ կետով սահմանված նախընտրած փաստաթուղթը, իսկ սույն կարգի 63-րդ կետով սահմանված դեպքում՝ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում լիազոր մարմնի տրամադրած համապատասխան փաստաթուղթը,

3) անձը հաստատող փաստաթուղթը՝ անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը և այլն` ըստ ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված տեսակների,

4) Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից տրված կցագրման վկայականի պատճենը,

5) սույն կարգի 14-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը,

6) տեղեկանք վերջին երեք տարում սովորած և ավարտած ուսումնական հատատության մասին,

7) տեղեկանք փաստացի բնակության վայրից։

53. Սույն կարգի 52-րդ կետով նախատեսված և ինքնաշխատ եղանակով ներբեռնված փաստաթղթերում սխալ կամ թերի տեղեկություններ հայտնաբերելու դեպքում դիմորդը կարող է փոխարինել կամ լրացնել ճիշտ փաստաթուղթը, ինչպես նաև խմբագրել իր դիմումը, իսկ սույն կարգի 59-րդ կետով սահմանված հիմքերով դիմումը մերժվելու դեպքում՝ վերացնել չեղարկման պատճառն ու նորից ներկայացնել հայտը։

54. Դիմորդի ցանկությամբ և առկայության դեպքում դիմորդը կարող է ներբեռնել նաև հետևյալ փաստաթղթերը.

1) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը,

2) իր նախընտրած որակավորման կամ մասնագիտության ոլորտում ձեռք բերած լրացուցիչ կրթական ծրագրի, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության համապատասխան վկայական, կամ հանրակրթական ծրագրերի շրջանակում կուտակած հետազոտական, նախագծային և այլ գործնական աշխատանքների փորձառության փաթեթ (պորտֆոլիո),

3) կամավորական աշխատանքի նախաձեռնության և (կամ) մասնակցության վերաբերյալ տեղեկանք,

4) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճենները),

5) Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար վերջին երկու տարվա ընթացքում հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը։

55. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում, հաստատում կամ մերժում է Համակարգի միջոցով դիմորդների ներկայացրած հայտերը։

56. Հաստատման դեպքում դիմորդը Համակարգի իր անձնական էջերում տեսնում է այդ մասին հաղորդագրություն, չեղարկման դեպքում տեղեկանում է նաև չեղարկման պատճառի մասին։

57. Դիմորդի հայտը հաստատելու և ընդունելու պահից մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը դիմորդը կամ նրա ներկայացուցիչը (այդ թվում՝ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով լիազորված անձը) ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողով է ներկայացնում հայտում պարունակող փաստաթղթերի բնօրինակները։ Սահմանված ժամկետում դրանք չներկայացնելու կամ անհամապատասխանություն կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը չեղարկում է տվյալ դիմորդի հայտը։

58. Դիմորդի հայտում ներկայացված կեղծ փաստաթղթերի և տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:

59. Դիմորդի դիմում հայտը հիմնավորմամբ մերժվում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի կողմից, եթե.

1) դիմորդի դիմում հայտը և/կամ փաստաթղթերը թերի են և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այդ մասին նրան պատշաճ տեղեկացնելուց հետո՝ մինչև դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 3 ժամ առաջ.

2) ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած որակավորման համար Աղյուսակ 1-ով սահմանված մրցութային առարկայի գնահատականը կամ տվյալ առարկան գնահատված է 1-3 միավոր՝ 10 բալային սանդղակով, իսկ 1-7 միավոր՝ 20 բալային սանդղակով։ Նշված հիմքով դիմում հայտը մերժվում է նույն օրը՝ այդ մասին հասանելի եղանակով (հայտում նշված կապի միջոցով) տեղեկացնելով դիմորդին և միաժամանակ առաջարկվում այլընտրանքներ.

3) հիմնական կրթության հիմքով որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) համար ընդունելության գործընթացի առաջին փուլում Երևան քաղաքում գործող ՄՈՒՀ-ում չի հայտագրվել 15 դիմորդ, իսկ ՀՀ մարզերում՝ 13 դիմորդ, բացառությամբ՝ «0215 Երաժշտություն և կատարողական արվեստ» բաժնի, «Գեղանկարչություն», «Քանդակագործություն» մասնագիտությունների և հանրային ու մասնավոր ՄՈՒՀ-երի։ Եթե դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ դիմորդների հայտերի թիվը մինչև 3-ով է պակաս սահմանված թվից, ապա ՄՈՒՀ-ը կարող է հայտագրումը շարունակել ընդունելության երկրորդ փուլում, իսկ դրանից ավելի դեպքում՝ նույն օրը պատշաճ և հասանելի եղանակով (հայտում նշված կապի միջոցով), տեղեկացնում է դիմորդին տվյալ որակավորմամբ կամ մասնագիտությամբ խումբ (կուրս) չձևավորվելու հիմքով դիմումը մերժելու մասին՝ առաջարկելով այլընտրանքներ.

4) միջնակարգ կրթության հիմքով որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) համար ընդունելության գործընթացի առաջին փուլում չի հայտագրվել 10 դիմորդ (բացառությամբ արվեստի ոլորտի և հանրային ու մասնավոր ՄՈՒՀ-երի), եթե առկա չէ հիմնական կրթության հիմքով երկրորդ կուրս: Այս դեպքում կարող է կիրառվել սույն կետի 3-րդ ենթակետի երկրորդ նախադասության ընթացակարգը.

5) միջնակարգ կրթություն ստացած դիմորդը դիմել է ընդունվելու հիմնական կրթությամբ հատկացված տեղում կամ հակառակը` հիմնական կրթությամբ դիմորդը` միջնակարգ կրթությամբ:

 

5. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

 

60. Ընդունելության մրցույթը անցկացվում է տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման) մուտքային պահանջի համար սահմանված կրթական ծրագրի վերջնարդյունքների միավորների հաշվարկման միջոցով։

61. Մուտքային պահանջ հանդիսացող միավորները հաշվարկելու համար հիմք է ընդունվում հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթի միավորները, այդ թվում՝ ավարտական և պետական ամփոփիչ քննության միավորները, իսկ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով որակավորված և միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ չունեցող դիմորդի դեպքում՝ հիմնական կրթության և արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակի ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի ներդիրի միջնակարգ կրթության երրորդ աստիճանի առարկաների գնահատականները (այսուհետև՝ նախընտրած փաստաթուղթ։ Միասնական քննություն հանձնած դիմորդը կարող է որպես միավորների հաշվարկման հիմք ներկայացնել նաև իր քննական միավորը։

62. Մասնագիտական կամ բարձրագույն կրթության մակարդակներում համապատասխան որակավորում ստացած դիմորդը կարող է ՄՈՒՀ դիմել ընդհանուր հիմունքներով կամ որակավորված կրթական ծրագրի հիմքով՝ իր ցանկությամբ չկրկնելով ուսումնառած և գնահատված առարկաները (մոդուլները)։

63. Եթե դիմորդը Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված կամ ապաստան ստացած, ինչպես նաև ծագումով հայ օտարերկրյա քաղաքացի է, որը իր մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծված արտակարգ իրավիճակով ու իր կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգով պայմանավորված տեղահանվել է և չունի ՄՈՒՀ դիմելու սույն կարգի 61-րդ կետով սահմանված փաստաթղթերից, ապա տվյալ դիմորդը կարող է ՄՈւՀ ընդունվել ընդհանուր մրցույթից դուրս՝ պահուստային տեղերի շրջանակում՝ լիազոր մարմնի թույլտվությամբ։

64. Ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է որևէ «Օտար լեզու» առարկայով:

65. Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են Քննական հանձնաժողովները` ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նախագահի հաստատած և Համակարգում գրանցված ժամանակացույցի համաձայն:

66. Համակարգում՝ որպես դիմորդ հաստատված քննություն հանձնող անձի անհատական էջում, ձևավորվում է քննության մասնակցության թերթիկը, որում նշվում է քննության օրը, ժամը և քննության անցկացման վայրը, որը դիմորդը թղթային տարբերակով ներկայացնում է քննական հանձնաժողովին` քննասենյակ մտնելիս:

67. Քննական տոմսերը կազմվում են ՄՈւՀ-ի քննական հանձնաժողովների կողմից՝ ընդունելության քննություններից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

68. Խմբային քննությունների դեպքում քննական առաջադրանքները սահմանվում են առկա խմբերի թվից առնվազն 3-ով ավելի, իսկ հարցատոմսերը՝ յուրաքանչյուր քննական խմբի համար առնվազն 4 տարբերակ պարունակող։ Դրանք ամփոփվում և կնքվում են առնվազն 3 փաթեթում։

69. Ոլորտային մասնագիտություններով ստեղծագործական և կատարողական հմտությունները կամ ֆիզիկական պատրաստությունը ստուգելու նպատակով անցկացվող անհատական քննությունների պայմանները հրապարակվում են առնվազն մեկ տարի առաջ և փոփոխության ենթակա չեն։

70. Դիմորդն ընդունելության քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով և քննական թերթիկով, որոնք ստուգում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը՝ ՄՈՒՀ և քննասենյակ մտնելիս:

71. Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի որոշումով, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունը ՄՈՒՀ-ում չի ավարտվել, իսկ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման) քննության արդյունքները չեն ամփոփվել։

72. Մասնագիտական քննության չներկայանալու հարգելի պատճառը պետք է լինի օբյեկտիվ և անձի կամքից անկախ, փաստաթղթերով հիմնավորված և մինչև քննության ավարտը ներկայացվի համապատասխան ընդունող հանձնաժողովին։ Պատճառները կարող են հարգելի համարվել հետևյալ դեպքում․

1) հիվանդություն կամ առողջական խնդիր, որը հաստատված է բժշկական տեղեկանքով կամ անաշխատունակության թերթիկով.

2) մերձավոր ազգականի մահ կամ ծանր առողջական վիճակ.

3) անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հանգամանքներ, օրինակ՝ բնական աղետ, ճանապարհատրանսպորտային պատահար, արտակարգ իրավիճակ.

4) դատարանի, քննչական կամ այլ պետական մարմնի պաշտոնական կանչով ներկայանալու անհրաժեշտություն.

5) զինվորական ծառայության կամ զորահավաքային միջոցառումների հետ կապված պարտավորություններ.

6) ընտանեկան հանգամանքներ, որոնք ունեցել են անհետաձգելի բնույթ և անհնար են դարձրել դիմորդի մասնակցությունը քննությանը, մասնավորապես՝ հրդեհը, վթարը, բնական աղետը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը, ընտանքի անդամի անհետաձգելի խնամքի կամ ուղեկցման անհնարժեշտություն բժշկական հաստատություն), որոնք կարող են փաստաթղթերով հիմնավորվել։

73. Յուրաքանչյուր քննության կամ քննական խմբում ընդգրկված ուսանողների առավելագույն թիվը սահմանում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը՝ հաշվի առնելով տվյալ քննության (առարկայի) իրականացման առանձնահատկությունը։

74. Քննությունների օրերին ՄՈՒՀ-ում և քննական սենյակում գտնվելու իրավունք ունեն.

1) ՄՈՒՀ-ի տարածքում` ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդներն ու քննական հանձնաժողովի անդամները, տեխնիկական անձնակազմը (առկայության դեպքում), ինչպես նաև ընդունող հանձաժողովի նախագահի թույլտվությամբ քննության ընթացքին հեռարձակման միջոցով հետևելու ցանկություն ունեցող դիմորդների ծնողները, սոցիալական գործընկերների և լիազոր մարմնի ներկայացուցիչները և լրագրողներ՝ դիտորդի կարգավիճակով.

2) Քննական սենյակում` քննական հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդները, ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նախագահը։

75. Մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների քննությունները կազմակերպվում են խմբային և անհատական առաջադրանքների (աշխատանքների) միջոցով՝ որոնց շրջանակում ստուգվում է ստեղծագործական և կատարողական հմտությունները կամ ֆիզիկական կարողությունները (քննություն), իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքները և կարողունակությունները։ Ոլորտային մասնագիտություններից յուրաքանչյուրի քննության ձևը և տևողությունը սահմանված է Աղյուսակ 1-ով։

76. Ոլորտային մասնագիտություններով խմբային քննության կատարած առաջադրանքները (ներառյալ սևագրությունը) և անհատական քննությունների ժամանակ դիմորդների ներկայացրած կամ կատարած աշխատանքները պահպանվում են նյութական կրիչի կամ ձայնագրությունների տեսքով։ Վերջիններս ենթակա են հաշվառման և մինչև քննական հանձնաժողովին հանձնելը պահվում են ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նախագահի մոտ:

77. Քննական աշխատանքները և դիմորդներին տրված դրոշմակնքված թերթիկները, լրացված քննական տեղեկագրերը՝ քննական հանձնաժողովի նախագահը քննության ավարտից և աշխատանքները ստուգելուց անմիջապես հետո հանձնում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին: Յուրաքանչյուր քննության արդյունքները հաստատվում են ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից:

78. Քննության աշխատանքները ստուգում և գնահատում են քննական հանձնաժողովի անդամները: Ընդունելության քննությունները ոլորտային մասնագիտություններով գնահատվում են 20 բալային համակարգով: Դրական են համարվում 8 և ավելի միավորները: 8 միավորից ցածր ստացած դիմորդը չի մասնակցում տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման) մրցույթին: Սակայն մեկից ավելի քննություն նախատեսած լինելու դեպքում տվյալ դիմորդը չի զրկվում մյուս քննությանը (քննություններին) մասնակցելու իրավունքից։

79. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի կողմից քննությունների հաստատված արդյունքների ցուցակները փակցվում են ի տես բոլորի, ոչ ուշ, քան տվյալ քննության հաջորդ օրվա ժամը 12։00-ն:

80. Քննության գնահատականը դիմորդը կարող է գրավոր բողոքարկել ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի նախագահին. խմբային քննության դեպքում՝ արդյունքները հրապարակվելուց հետո` մինչև հաջորդ օրվա ժամը 12։00-ը, իսկ անհատական քննության (առաջադրանքների) դեպքում՝ արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում։ Դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա կամ առաջիկա մեկ ժամվա ընթացքում քննական հանձնաժողովը`

1) դիմորդի ներկայությամբ վերստուգում, քննարկում է բողոքարկված աշխատանքը, առաջադրանքի կամ պատասխանի արդյունքը՝ օգտագործելով նյութական կրիչի վրա պահպանված հիմքերը, առկա ձայնագրությունը (տեսագրությունը),

2) պատճառաբանված մերժում է փոփոխել կամ փոփոխում է գնահատականը` այդ մասին տեղյակ պահելով դիմորդին:

81. Գնահատականը փոփոխելու դեպքում այն վավերացվում է քննական հանձնաժողովի նախագահի կողմից, որի համար քննական տեղեկագրում հանձնաժողովի նախագահը տվյալ դիմորդի հերթական համարը վերցնում է շրջանակի մեջ, դրա դիմաց կատարում է «Գնահատականը փոփոխված է» նշումը և ստորագրում: Փոփոխված գնահատականն անց է կացվում նոր տեղեկագրի մեջ: Համապատասխան փոփոխություն է կատարվում նաև դիմորդի քննական թերթիկում: Գնահատականների փոփոխությունը արձանագրվում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի կողմից:

82. Ընդունելության մրցույթը անցկացնելու համար մուտքային պահանջ հանդիսացող միավորները հաշվարկվում է հետևյալ սկզբունքներով.

1) ոչ ոլորտային որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների դեպքում՝ սույն կարգի 61-րդ կետի նախընտարած փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ որակավորման համար սույն կարգի Աղյուսակ 1-ով տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության համար մրցութային սահմանված առարկայի (ների) գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումարը (այսուհետև՝ ՄԹԳ, կրեդիտային համակարգի անցման դեպքում՝ ՄՈԳ).

2) «Ոլորտային մասնագիտությունների» դեպքում` բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետի որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների, սույն կետի 1-ին ենթակետով հաշվարկված միավորների քանակը և Աղյուսակ 1-ի տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ընդհանուր առավելագույն գումարը.

3) սույն կարգի Աղյուսակ 1-ի «0215 Երաժշտություն և կատարողական արվեստ» գլխի, «Գեղանկարչություն», «Քանդակագործություն» և սպորտի որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների դեպքում՝ սույն կարգի Աղյուսակ 1-ով դրանց համար սահմանված քննության/քննությունների գնահատականի(ներ) ընդհանուր առավելագույն գումարը (այսուհետև` արվեստի և սպորտ)։

83. Անվճար տեղերում ընդունվում են սույն կարգի 82-րդ կետով մուտքային պահանջ հանդիսացող միավորների հաշվարկման արդյունքով առավել բարձր միավոր ունեցող պետական ՄՈՒՀ-ի դիմորդները՝ ըստ տվյալ տարում հատկացված անվճար տեղերի քանակի։ Վճարովի տեղերում ընդունվում են անվճար տեղերի մրցութային շեմից հետո միավորների առավելությամբ նվազող միավորներ ունեցող դիմորդները, բայց ոչ ավել քան տվյալ որակավորման լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի քանակն է։

84. Սույն կարգի 82-րդ կետերով սահմանված հաշվարկման արդյունքներով հավասար միավորներ ունենալու դեպքում՝ ըստ սահմանված հերթականության կարող են ընդունվել.

1) գերազանց առաջադիմությամբ դիմորդին, և սույն կարգի 82-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկով ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդին.

2) տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին.

3) իր նախընտրած որակավորման կամ մասնագիտության ոլորտում լրացուցիչ կրթական ծրագրի, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության համապատասխան վկայական ունեցող, կամ հանրակրթական ծրագրերի շրջանակում հետազոտական, նախագծային և այլ գործնական աշխատանքների փորձառության փաթեթ (պորտֆոլիո) կուտակած դիմորդին.

4) կամավորական աշխատանքի նախաձեռնություն և (կամ) մասնակցություն ունեցող դիմորդին.

5) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմ կամ մրցանակ ստացած դիմորդին.

6) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.

7) տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին։

85. Ընդունելության մրցույթը համարվում է ավարտված ՄՈՒՀ ընդունելության մրցույթի առաջին փուլը՝ ըստ անվճար և վճարովի տեղերի ամփոփելուց հետո, իսկ թափուր տեղ մնալու և այդ տեղերի մրցույթը շարունակելու դեպքում՝ երկրորդ փուլի մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո՝ անկախ այդ տեղերը համալրված լինելու կամ չհամալրվելու հանգամանքից։

86. Կրթական ծրագրերի մակարդակներին և որակավորումներին (ուղղվածություններին) կամ մասնագիտություններին համապատասխան՝ անվճար տեղերի շրջանակում, լիազոր մարմնի ղեկավարը, տվյալ տարվա ընդունելության մրցույթի նախնական արդյունքներն ամփոփելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է թույլ տալ կատարել նշված որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) նախնական հատկացված տեղերի վերաբաշխում՝ համաձայն ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի հիմնավորված հայտի։ Թույլտվության դեպքում և Ընդունող հանձաժողովի որոշումով ՄՈՒՀ-ի տնօրենի հրամանով հաստատվում է վերաբաշխված ընդունելության վերջնական արդյունքները։

87. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են ՄՈՒՀ-ում համապատասխան մակարդակի որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման) մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:

88. Ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 20-ը ներառյալ լիազոր մարմին է ներկայացվում ընդունելության վերաբերյալ հաշվետվությունը, այդ թվում՝ ընդունելության արդյունքները` ըստ որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների), կրթության հիմքի և ուսուցման անվճար կամ վճարովի համակարգ ընդունվածների անվանացանկը (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան տարեթիվը), ինչպես նաև սույն կարգի 14-րդ կետով սահմանված ՀՀ օրենսդրությամբ համապատասխան արտոնություններ ունեցող ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն:

 

6. ՈՒՍԱՆՈՂԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

89. Մրցույթով անցած յուրաքանչյուր դիմորդի համար կազմվում է անձնական գործ, որտեղ ընդգրկվում են էլեկտրոնային եղանակով լրացված դիմումը և սույն կարգի 50-րդ և 52-րդ կետով նախատեսված փաստաթղթերը կամ փաստաթղթերի պատճենները, 4 լուսանկար (3x4 չափսի), իսկ ոլորտային մասնագիտությունների դեպքում նաև դիմորդների քննական աշխատանքները (այդ թվում՝ ստեղծագործական բնույթին նյութական կրիչով), բողոքարկման դիմումները և դրանց վերաբերյալ որոշումները:

90. Սույն կարգի 63-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող դիմորդը մուտքային իրավունք տվող փաստաթուղթը ճշգրտելու կամ բավարար հիմքեր ձեռք բերելու դեպքում (ինքնահաստատման հայտարարությունը, կրթության մակարդակի վերաբերյալ ապացույցները, իրավասու անձանց վկայությունները, հարցազրույցի արդյունքների բավարար մակարդակը) դրանք ներկայացնում է ՄՈՒՀ։

91. Ընդունելության մրցույթը հաղթահարած դիմորդի (նրա օրինական ներկայացուցչի) հետ ՄՈՒՀ-ը կնքում է պայմանագիր, այն տեքստով, որը հրապարակել էր ՄՈՒՀ-ի ընդունելության հայտարարության հետ միաժամանակ:

92. Ընդունելության մրցույթը հաղթահարած դիմորդի (նրա օրինական ներկայացուցչի) հետ պայմանագիրը կնքելուց առաջ ՄՈՒՀ-ը ևս մեկ անգամ ծանոթացնում է կնքվելիք պայմանագրի հիմնական պայմաններին, ՄՈՒՀ-ի լիցենզիային և կանոնադրությանը, ներքին կարգապահական կանոններին, պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), կրթության գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերին և որակավորման ծրագրի կազմակերպման մեթոդաբանությանն ու այլ առանձնահատկություններին, որոնց մասին հրապարակվել էր նաև Դիմորդի անկյունում, ՄՈՒՀ-ի պաշտոնական կայքում (առկայության դեպքում) և սոցիալական ցանցի էջում։ Դիմորդը (նրա օրինական ներկայացուցիչը) նշված տեղեկություններին ծանոթացած լինելու մասին նշում է կատարում պայմանագրում։

93. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի համապատասխան որոշման և լրիվ ձևակերպված անձնական գործի հիման վրա ՄՈՒՀ-ի տնօրենը մրցույթով անցած դիմորդներին հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է որպես ուսանող: Հրամանագրվածների ցուցակները հրապարակվում են հրամանագրման պահից, ոչ ուշ քան հաջորդ օրը, ինչպես նաև երեք աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում հրամանագրված ուսանողների վերաբերյալ համապատասխան տեղեկությունները, այդ թվում՝ ուսումնառության համակարգը (անվճար կամ վճարովի), կուրսը և գրանցված ուսումնական խումբը։

94. Դիմորդները հրամանագրվում են ըստ իրենց ուսումնառած կրթության հիմքերի (հիմնական կամ միջնակարգ) առաջին կուրս:

95. ՄՈՒՀ-ի և ուսանողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրում ամրագրվում են՝

1) տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման) ուսումնառության առավելագույն տևողությունը,

2) տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման) ծրագրի համար նախատեսված ուսման վարձի տարեկան չափը՝ բաժանված ըստ ուսումնական տարիների,

3) կրեդիտների ընդհանուր քանակը, այդ թվում՝ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (առկայության դեպքում),

4) որակավորումից և համապատասխան զբաղմունքից բխող գործնական ուսուցման առանձնահատկությունները,

5) օրենքով և ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված այլ պայմաններ:

96. Ուսանողի հետ կնքված պայմանագրի պայմանները ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունը բարենպաստ է ուսանողի համար:

97. Ուսանողին հանձնվում է պայմանագրի երկրորդ օրինակը, ուսանողական տոմս և առաջադիմության գրքույկ:

98. Տվյալ ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով տվյալ որակավորմամբ ընդունված ուսանողական համակազմի համար ձևավորվում է մեկ կուրս։ Կուրսը կարող է բաժանվել առավելագույնը 25 ուսանող ընդգրկող խմբերի, իսկ քոլեջում գործնական ուսուցման կազմակերպման համար՝ նաև ոչ պակաս քան 7 ուսանողից բաղկացած ենթախմբերի։ Խմբեի թվակազմը որոշում է ՄՈՒՀ-ի խորհուրդը՝ հաշվի առնելով տվյալ որակավորման առանձնահատկությունները և կրթության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը։

99. ՄՈՒՀ չընդունված դիմորդի վերաբերյալ տեղեկությունները պահվում են ՄԿԿՏՀ-ից ներբեռնած դիմորդի շարժի մատյանում, իսկ ոլորտային մասնագիտությունների դեպքում նաև քննական աշխատանքները պահպանվում են ՄՈՒՀ-ում 6 ամիս, որից հետո ոչնչացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

100. Ընդունելության հետ առնչվող կամ մրցույթի անցկացման ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն կարգով, կարգավորվում են ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2026 թվական: