ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱԲՐՈՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 26897/18 և 57499/18)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
11 հունիսի 2026թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Աբրոյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Մարիա Էլոսեգի [Maria Elósegui]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Սեբաստիեն Բիանշերի [Sébastien Biancheri]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
կից աղյուսակում նշված դիմումատուների (դիմումատուներ) կողմից դրանում նշված տարբեր ամսաթվերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ներկայացված գանգատներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության,
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածի 1-ին կետի և 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որը ներկայացրել է լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը և հետագայում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Կ. Անդրեասյանը, ծանուցելու և գանգատները մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
գանգատները Կոմիտեի կողմից քննելու վերաբերյալ Կառավարության առարկությունը մերժելու մասին որոշումը,
Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված դատավոր պրն Վահե Գրիգորյանին գործի քննությունից հեռացնելը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի 3-րդ կետ),
2026 թվականի մայիսի 21-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է երկու տարբեր ցույցերի ընթացքում դիմումատուների ձերբակալությանը, իսկ թիվ 26897/18 գանգատի մասով՝ նաև դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ խախտմանը։ Դիմումատուները հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածի 1-ին կետի, 10-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի վրա:
I. ԳԱՆԳԱՏ ԹԻՎ 26897/18
2. 2014 թվականի հունիսի 23-ին պրն Ա. Աբրոյանը (առաջին դիմումատու) մասնակցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ անցկացվող ցույցին՝ բողոքելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանձնաժողովի որոշման դեմ։ Ոստիկանությունը շրջափակել էր շենքը՝ ցուցարարներին թույլ չտալով մոտենալ շենքին։ Որոշ ժամանակ անց ցուցարարները փակել են հարակից փողոցներից մեկը (Սարյան փողոցը) և շարունակել են այն փակ պահել՝ չնայած փողոցն ազատելու վերաբերյալ ոստիկանության պահանջներին։ Կարճ ժամանակ անց դիմումատուն ձերբակալվել է «ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու» համար, որը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (Օրենսգիրք) 182-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում է։
3. Հետագայում ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով տուգանք նշանակել դիմումատուի նկատմամբ՝ Օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն։ Դիմումատուն ոստիկանության դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ի թիվս այլնի պնդելով, որ խախտվել են իր՝ ազատության և հավաքների ազատության իրավունքները։
4. Վարչական դատարանը մերժել է ոստիկանության հայցը՝ գտնելով, որ չի հաստատվել, որ որևէ ոստիկանության ծառայող դիմումատուից պահանջել է ազատել ճանապարհը։ Դիմումատուին ձերբակալած ոստիկանության ծառայողը չէր հիշում, որ նման պահանջ է ներկայացրել։ Բացի այդ, ոստիկանության կողմից ներկայացված՝ տվյալ իրադարձության տեսագրության մեջ նույնպես նման պահանջ լսելի չէր։ Հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման համար տուգանք կիրառելու պայմանները բացակայում էին։ Դատարանը նաև մերժել է դիմումատուի հակընդդեմ հայցը։
5. Այդ վճիռը վերաքննիչ բողոքով անփոփոխ է թողնվել, իսկ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշումը դիմումատուին է ուղարկվել 2017 թվականի նոյեմբերի 28-ին։
II. ԳԱՆԳԱՏ ԹԻՎ 57499/18
6. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին տկն Զ. Հովհաննիսյանը և տկն Օ. Ազատյանը (համապատասխանաբար երկրորդ դիմումատու և երրորդ դիմումատու) երկու այլ ցուցարարների հետ փորձել են Երևանի գլխավոր փողոցներից մեկի վերգետնյա անցման ճաղավանդակին ամրացնել «Սերժի ՊԱՊԱՆ եկել ա» գրությամբ պաստառ։ Պաստառը վերաբերում էր նախկինում նախագահ Սերժ Սարգսյանին և Ռուսաստանի նախագահի պետական այցին և արտահայտում էր դիմումատուների դժգոհությունը Հայաստանի նախագահի արտաքին քաղաքականության նկատմամբ։ Պաստառը ճաղավանդակին ամրացնելու նրանց փորձը կասեցվել է ոստիկանության կողմից։ Դիմումատուները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք, որտեղ կազմվել են նրանց վարչական ձերբակալման և Օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունները։ Նրանց ձերբակալությունը եղել է Օրենսգրքի 259-րդ հոդվածի համաձայն, որը թույլ է տալիս անձին զրկել ազատությունից՝ i) վարչական իրավախախտման կատարումը դադարեցնելու նպատակով, երբ կանխարգելիչ այլ միջոցներ անարդյունավետ են եղել, ii) անձի ինքնությունը պարզելու նպատակով, iii) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե դա հնարավոր չի եղել կատարել տեղում, կամ iv) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ժամանակին և պատշաճ քննությունն ու դրանց վերաբերյալ կայացված որոշումների կատարումն ապահովելու նպատակով։
7. 2014 թվականի հունիսի 23-ին դիմումատուները հայց են ներկայացրել ոստիկանության դեմ՝ պնդելով, որ ոստիկանությունը, ի թիվս այլնի, ապօրինաբար միջամտել է իրենց ազատության, արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքների իրացմանը։ Նրանք, ի թիվս այլնի, պնդել են, որ ոստիկանությունը ո՛չ պահանջել է, որ իրենք դադարեցնեն որևէ կոնկրետ գործողություն, ո՛չ էլ ներկայացրել է որևէ իրավական հիմք՝ իրենց բողոքի ակցիան արգելելու համար։ Դիմումատուները բողոքել են նաև, որ ոստիկանությունը, նախքան իրենց ձերբակալելը, չի փորձել պարզել իրենց ինքնությունը կամ տեղում չի կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ հակասելով Օրենսգրքի 259-րդ հոդվածի պահանջներին։
8. 2015 թվականի հունիսի 18-ին Վարչական դատարանը մերժել է դիմումատուների հայցը՝ մասնավորապես գտնելով, որ նրանք, «որոշակի բովանդակությամբ պաստառ փակցնելով», խախտել են հասարակական կարգը, և որ դա «կարծիք արտահայտելու տեսանկյունից» «այդ իրավունքի ոչ իրավաչափ իրացում» էր։ Դատարանը գտել է, որ ինչպես դիմումատուներին պաստառի ամրացումը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության կարգադրությունը, այնպես էլ դրան հաջորդած նրանց ձերբակալությունը եղել են իրավաչափ, իսկ ոստիկանության գործողությունների հակաօրինականության վերաբերյալ նրանց փաստարկները՝ անհիմն։
9. Սույն վճիռը Վերաքննիչ դատարանի կողմից թողնվել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշումը դիմումատուներին է ուղարկվել 2018 թվականի մայիսի 7-ին։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
III․ ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
10. Հաշվի առնելով գանգատների նույնաբովանդակ առարկան՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռի շրջանակներում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
11. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա հիմնվելով՝ դիմումատուները բողոքել են, որ 2014 թվականի հունիսի 23-ին (առաջին դիմումատուի առնչությամբ) և 2013 թվականի դեկտեմբերի 2-ին (երկրորդ և երրորդ դիմումատուների առնչությամբ) իրենց ազատությունից զրկելը եղել է անօրինական և կամայական։
12. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն և անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
13. 5-րդ հոդվածի 1-ին կետին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Ս.-ն, Վ.-ն և Ա.-ն ընդդեմ Դանիայի գործում [ՄՊ] [S., V. and A. v. Denmark] ([GC], թիվ 35553/12 և 2 այլ գործեր, §§ 73-77, 2018 թվականի հոկտեմբերի 22)։ Բավարար չէ, որ ազատությունից զրկումը համապատասխանի ազգային իրավունքի նորմերին. այն պետք է նաև անհրաժեշտ լինի տվյալ գործի հանգամանքներում (նույն տեղում, § 77)։
14. Դիմումատուները զրկվել են ազատությունից՝ վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով նրանց համապատասխան իրավապահ մարմին ներկայացնելու նպատակով։ Հետևաբար նրանց ազատազրկումը համապատասխանում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին (համեմատե՛ք Բերկմանն ընդդեմ Ռուսաստանի գործը [Berkman v. Russia], թիվ 46712/15, § 36, 2020 թվականի դեկտեմբերի 1 և Մատչավարիանին ընդդեմ Վրաստանի գործը [Matchavariani v. Georgia], թիվ 46852/21, § 61, 2025 թվականի մայիսի 20):
15. Առաջին դիմումատուն ձերբակալվել էր ոստիկանության ծառայողի կարգադրությունը ենթադրաբար չկատարելու համար։ Սակայն, ինչպես հաստատվել է ներպետական դատարանների կողմից, դիմումատուին որևէ կարգադրություն չէր ներկայացվել, առավել ևս, նա չէր կարող կատարած չլինել այդ կարգադրությունը։ Այդ պայմաններում նրա ձերբակալությունը հիմնված չէր իրեն վերագրվող իրավախախտումը կատարած լինելու հիմնավոր կասկածի վրա և հետևաբար եղել է կամայական։ Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում ըստ էության քննել դիմումատուի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա ներկայացված՝ ոստիկանության բաժնից նրան ենթադրաբար ուշ ազատ արձակելու բողոքը։
16. Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ դիմումատուների ձերբակալությանը, ապա նույնիսկ ենթադրելով ոստիկանության այն կարգադրության իրավաչափությունը, որը նրանք չեն կատարել, վարչական իրավախախտման կատարումն ինքնին բավարար չէր նման միջոց կիրառելու համար: Օրենսգրքի 259-րդ հոդվածի համաձայն՝ ազատությունից զրկումը կարող է կիրառվել միայն անհրաժեշտության դեպքում։ Սակայն ներպետական մարմինները որևէ էական ձևով չեն գնահատել դիմումատուների ձերբակալության և ոստիկանության բաժին տեղափոխելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես նրանք չեն պարզել, թե արդյոք ոստիկանությունը ձեռնարկել է որևէ քայլ՝ դիմումատուների ինքնությունը պարզելու, իրավախախտման վերաբերյալ տեղում արձանագրություն կազմելու կամ Օրենսգրքի 259-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերի առկայությունը գնահատելու համար, որոնք կարող էին արդարացնել նրանց ձերբակալությունը։ Ոչ էլ Կառավարությունն է հիմնավորել, որ ձերբակալության համար գոյություն է ունեցել որևէ իրավաչափ հիմք։ Հետևաբար Դատարանն արձանագրում է դիմումատուների ազատության իրավունքի խախտում՝ նրանց ձերբակալման պատճառների և իրավական հիմքերի բացակայության պատճառով։
17. Հետևաբար դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ և 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
18. Դիմումատուները բողոքել են, որ համապատասխան ցույցերի ընթացքում իրենց ձերբակալելով՝ իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված իրենց իրավունքները։
Ա. Գանգատ թիվ 26897/18
19. Առաջին դիմումատուի բողոքը ենթակա է քննության բացառապես Կոնվենցիայի 11-րդ հոդվածի շրջանակներում՝ անհրաժեշտության դեպքում այն մեկնաբանելով 10-րդ հոդվածի լույսի ներքո (տե՛ս Կուդրևիչուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] գործը [Kudrevičius and Others v. Lithuania [GC], թիվ 37553/05, § 85, ՄԻԵԴ 2015]։ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով բողոքն ակնհայտորեն անհիմն կամ որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
20. 11-րդ հոդվածին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Կուդրևիչիուսի և այլոց գործում [Kudrevičius and Others] (վերևում հիշատակված՝ հետագա հղումներով):
21. Դիմումատուի ձերբակալությունը թույլ չի տվել նրան մասնակցել ցույցին, հետևաբար հավասարազոր է եղել հավաքների ազատության իր իրավունքին միջամտելուն: Դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ չի եղել դիմումատուի ձերբակալությունը հիմնավորող ողջամիտ կասկած, հետևաբար այն եղել է կամայական (տե՛ս վերոնշյալ 15-րդ պարբերությունը)։ Ուստի դժվար է ընդունել, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքին միջամտությունը եղել է «օրենքով նախատեսված»։ Ամեն դեպքում չի ապացուցվել, որ եղել է ոստիկանության կողմից դրան միջամտելու համար որևէ հիմնավոր պատճառ։ Հետևաբար այդ միջամտությունը տվյալ հոդվածի իմաստով չի եղել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։
22. Համապատասխանաբար տեղի է ունեցել 11-րդ հոդվածի խախտում։
Բ. Գանգատ թիվ 57499/18
23. Երկրորդ և երրորդ դիմումատուներին թույլ չի տրվել քաղաքական պաստառը կախել բազրիքից, և նրանք հետագայում ձերբակալվել են իրենց վարքագծի համար։ Հաշվի առնելով դիմումատուների բողոքի բնույթը և նրանց կազմակերպած իրադարձությունների շրջանակը՝ Դատարանը գտնում է, որ դա հիմնականում եղել է կարծիքի արտահայտում, առավել ևս, որ դրանում ներգրավված էին ընդամենը չորս անձ, և տևել է շատ կարճ ժամանակ (համեմատի՛ր Բումբեսն ընդդեմ Ռումինիայի գործը (Bumbeș v. Romania), թիվ 18079/15, § 69, 2022 թվականի մայիսի 3)։ Հետևաբար Դատարանը նպատակահարմար է գտնում բողոքը քննել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում՝ մեկնաբանելով այն 11-րդ հոդվածի լույսի ներքո (նույն տեղում, § 70)։
24. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով բողոքն ակնհայտորեն անհիմն կամ որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
25. Կոնվենցիայի 10-րդ հոդվածին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Պենտիկյաինենն ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ] [PentikՊinen v. Finland] [GC] գործում, թիվ 11882/10, ՄԻԵԴ 2015, հետագա հղումներով։
26. Ինչպես նշված է վերևում, դիմումատուների բողոքի ակցիան Կոնվենցիայի 10-րդ հոդվածի իմաստով եղել է կարծիքի արտահայտում, հետևաբար նրանց ձերբակալությունը եղել է խոսքի ազատության իրավունքին միջամտություն։ Դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ դիմումատուների ձերբակալությունը չի համապատասխանել իրավաչափության պահանջին (տե՛ս վերոնշյալ 16-րդ պարբերությունը)։ Հետևաբար այդ միջամտությունը նաև անօրինական էր Կոնվենցիայի 10-րդ հոդվածի տեսանկյունից (համեմատե՛ք Բրայանը և այլք ընդդեմ Ռուսասատնի գործը (Bryan and Others v. Russia) գործը, թիվ 22515/14, § 97, 2023 թվականի հունիսի 27 և Ֆրեդրիխը և այլք ընդդեմ Լեհաստանի գործը (Friedrich and Others v. Poland), թիվ 25344/20, § 255, 2024 թվականի հունվարի 20 և թվով 17 այլ գործեր): Ավելին, հաշվի առնելով, որ դիմումատուների վարքագիծն ակնհայտորեն եղել է ոչ բռնի բնույթի, ներպետական մարմինների կողմից նրանց ձերբակալությունը հիմնավորելու համար ներկայացված պատճառները բավարար չեն եղել արդարացնելու նրանց արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությունը։
27. Հետևաբար երկրորդ և երրորդ դիմումատուների առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։
VI. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
28. Թիվ 26897/18 գանգատի հիման վրա՝ դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացրել է նաև այլ բողոքներ: Հաշվի առնելով սույն գործով փաստերը, կողմերի փաստարկները և կատարած վերոնշյալ եզրահանգումները՝ Դատարանը գտնում է, որ այն քննել է սույն գանգատի հիմնական իրավական հարցերը և չկա մնացած մասով առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն (համեմատե՛ք Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի գործը [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin CՉmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, « 156, ՄԻԵԴ 2014)։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
29. Առաջին դիմումատուն որպես ոչ նյութական վնասի հատուցում պահանջել է 5 000 եվրո, իսկ երկրորդ և երրորդ դիմումատուները միասին՝ 6 000 եվրո։ Առաջին դիմումատուն պահանջել է 4 945 եվրո, իսկ երկրորդ և երրորդ դիմումատուները միասին՝ 4 700 եվրո՝ որպես հատուցում ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի ու ծախքերի համար։
30. Կառավարությունը վիճարկել է նշված պահանջները:
31. Դատարանը դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհում է 3 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
32. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործը [Suren Antonyan v. Armenia], թիվ 20140/23, §151, 2025 թվականի հունվարի 23, հետագա հղումներով)՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուներին համատեղ շնորհել 2 000 եվրո՝ որպես հատուցում Դատարանում վարույթի հետ կապված ծախսերի և ծախքերի համար, որը պետք է վճարվի դիմումատուների գլխավոր փաստաբան պրն Տ. Եգորյանին, ինչպես նաև դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ։ Դատարանը մերժում է պահանջի մնացած մասը։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները․
2. Հայտարարում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա ներկայացված՝ դիմումատուների ձերբակալության իրավաչափությանը վերաբերող բողոքները, ինչպես նաև Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների հիման վրա ներկայացված բողոքներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում․
4. Վճռում է, որ երկրորդ և երրորդ դիմումատուների առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում.
5. Վճռում է, որ առաջին դիմումատուի առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.
6. Վճռում է, որ թիվ 26897/18 գանգատով ներկայացված մնացած բողոքների ընդունելիության և ըստ էության քննության անհրաժեշտություն չկա․
7. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝
i) դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
ii) 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ դիմումատուներին համատեղ, ինչպես նաև նրանցից գանձման ենթակա ցանկացած հարկ՝ ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար, որը պետք է վճարվի նրանց գլխավոր փաստաբան պրն Տ. Եգորյանին.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
8. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի հունիսի 11-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Մարտինա Կելլեր՝ |
Մարիա Էլոսեգի՝ |
|
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
| Գործերի ցուցակը |
|
Թիվ |
Գանգատ թիվ |
Գործի անվանումը |
Ներկայացման ամսաթիվը |
Դիմումատու Բնակության վայրը Քաղաքացիությունը |
Ներկայացրել են |
|
1. |
26897/18 |
Աբրոյանն ընդդեմ Հայաստանի |
28.05.2018թ. |
Արմեն ԱԲՐՈՅԱՆ 1981թ., Հայաստան |
Տիգրան ԵԳՈՐՅԱՆ Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ Սերգեյ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
2. |
57499/18 |
Հովհաննիսյանը և Ազատյանն ընդդեմ Հայաստանի |
07.11.2018թ. |
Զարուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1974թ․, Հայաստան Օլյա ԱԶԱՏՅԱՆ 1981թ․, Հայաստան |
Տիգրան ԵԳՈՐՅԱՆ Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ |