ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 295-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերով, 18-րդ հոդվածով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ և 12-րդ ենթակետերով, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման կարգը, ներդիրի և հայտի ձևերը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
(1-ին կետը խմբ. 25.06.26 N 938-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 2048-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 29-ի N 295-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա տալու կարգը, ժամկետները, լիցենզիա և լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
2. Լիցենզավորման ենթակա զենքի արտադրությունը ներառում է լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և ռազմամթերքի հետազոտությունը, մշակումը, նորոգումը, փորձարկումը, պատրաստումը, հավաքումը, ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների, դրանց բաղադրիչ մասերի պատրաստումը:
3. Լիցենզավորման ենթակա ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածով նախատեսված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքները, ծառայությունները, աշխատանքները և մտավոր գործունեության արդյունքները:
4. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):
5. Եթե ռազմական նշանակության արտադրանքի արտադրության իրականացման համար լիցենզավորող մարմին դիմած իրավաբանական անձինք իրականացնելու են որոշման N 1 հավելվածի ՌՆ 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 18-րդ, 19-րդ կետերով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն, ապա ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիային կից տրամադրվում է ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի ներդիր՝ համաձայն N 1 ձևի:
6. Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում: Միայն ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ունենալու հիմքով որոշման N 1 հավելվածի ՌՆ 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 18-րդ, 19-րդ կետերով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության կազմակերպումն արգելվում է:
7. Ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարող են իրականացնել որոշման N 1 հավելվածով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն՝ բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքի:
8. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի տրման համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներով սահմանված կարգով և չափով։
9. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքով:
2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 938-Ն)
11. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
12. Լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը պետք է բովանդակեն հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)`
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի սերիան և համարը.
3) լիցենզիան տալու ամսաթիվը.
4) լիցենզիայի գործողության ժամկետը.
5) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.
6) արտադրվող զենքի տեսակը.
7) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը.
8) գործունեության իրականացման վայրը (հասցեն).
9) ներդիրի համարը.
10) ներդիրը տալու ամսաթիվը, սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքում ռազմական նշանակության արտադրանքի տեսակը.
11) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
13. Ելնելով քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի որակի, հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև քաղաքացիական և ծառայողական զենք և ռազմական նշանակության արտադրանք արտադրողների և օգտագործողների կյանքին, առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պարտադիր պայմանները և պահանջները՝
1) գործունեության իրականացման տարածքում ունենալ պահեստային շինություններ, զինասենյակներ, համապատասխան պահարաններ, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 896-Ն որոշման պահանջներին.
2) գործունեության իրականացման տարածքում ունենալ տվյալ տեսակի արտադրանքի համար սահմանված տեխնիկական նորմերի պահանջներից շեղումներ ունեցող ապրանքների պահպանման համար խոտանի մեկուսարան, որը պետք է լինի օդափոխություն ունեցող փակ տարածքում, առանձնացված, առանց պատուհանի, «Խոտանի մեկուսարան» ցուցանակով.
3) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության արտադրական տարածքի հիմնական մուտքը պետք է հսկվի մետաղահսկիչ սարքավորմամբ, իսկ մուտք գործող անձինք պետք է նույնականացվեն և գրանցվեն գրանցամատյաններում.
4) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրամասերի տարածքից դուրս նայող և գետնից մինչև 5 մետր բարձրության վրա գտնվող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով ոչ սնամեջ կամ առնվազն 20 մմ տրամագծով սնամեջ (ուղղանկյան դեպքում՝ կողմերի երկարությամբ) երկաթյա ձողերից, պատրաստված` 150 մմ x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով, ընդ որում, սնամեջ ձողերի դեպքում՝ ձողի պատի հաստությունը պետք է լինի ոչ պակաս, քան 2 մմ, կամ պետք է կահավորված լինեն՝ համապատասխանաբար՝ բացման կամ կոտրման մասին ազդարարող համակարգով (բացվող պատուհանները և՛ բացվելու, և՛ կոտրման, իսկ չբացվող պատուհանները՝ միայն կոտրման տվիչներով).
5) հիմնական արտադրության մուտքը կամ գիտահետազոտական աշխատանքի իրականացման տարածքի դռան մուտքը, ինչպես նաև կազմակերպությանը պատկանող տարածք մտնող դարպասները (առկայության դեպքում) պետք է ունենան ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված.
6) որոշման N 1 հավելվածի ՌՆ 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 18-րդ, 19-րդ կետերով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնող իրավաբանական անձինք պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի (այսուհետ՝ անվտանգության գոտի)՝ անվտանգության գոտուց պահպանելով առնվազն 30 մետր հեռավորություն բնակելի, պետական, հասարակական շենքերից, անկախ տարածքի (շինության) սեփականության կամ օգտագործման կամ վարձակալման կամ անհատույց օգտագործման իրավունքի տիրապետելու հանգամանքից՝ հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մեջ օգտագործվող նյութերի վտանգավորության աստիճանը.
7) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն արտադրություն, այդ թվում՝ դյուրավառ և պայթյունավտանգ նյութերի հետ տարվող աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված տարածքներում, արտադրանքի պահպանության համար նախատեսված պահեստային և այլ (զինասենյակներ) տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր հստակության (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքն արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:
(13-րդ կետը փոփ., խմբ. 25.06.26 N 938-Ն)
14. Սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված համապատասխան պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների և պահեստային շինությունների քանակը որոշվում է արտադրություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից՝ ելնելով արտադրվող քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրական հզորությունից, տեխնիկական առաջարկությունից, պայմաններից և պատրաստման տեխնոլոգիայից, ընդ որում որոշման N 1 հավելվածով հաստատված ՌՆ 5, 6, 9, 10, 11, 13, 14, 15, 17, 21, 22-ով սահմանված գործունեության իրականացման համար լիցենզիա հայցելու դեպքում հայտատուին այդպիսի պայմաններին բավարարելու պահանջ չի առաջադրվում։
(14-րդ կետը խմբ. 25.06.26 N 938-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 938-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 938-Ն)
17. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 938-Ն)
18. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 938-Ն)
19. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 938-Ն)
20. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 938-Ն)
21. Ռազմարդյունաբերական կլաստերի դեպքում պարագծով ցանկապատված անվտանգության միևնույն գոտում գտնվող և սույն կարգով լիցենզավորման ենթակա գործունեության միևնույն տեսակով զբաղվող իրավաբանական անձանց կողմից զբաղեցված տարածքները, շենքերն ու շինությունները կարող են միմյանցից ցանկապատված կամ առանձնացված չլինել:
22. Հայտատուն լիցենզիա և սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքի համաձայն լիցենզիայի ներդիր ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ, նշելով՝
ա. իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը), պետական գրանցման համարը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ. քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի անվանումը, տեսակը և նկարագիրը, որը հայտատուն մտադիր է արտադրել,
դ. սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում ռազմական նշանակության արտադրանքի անվանումը, տեսակը և նկարագիրը, որը հայտատուն մտադիր է արտադրել.
2) հավատարմագրված կազմակերպության կողմից տրված ռազմական նշանակության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը.
3) (ենթակետն ուժը կորցրել է 25.06.26 N 938-Ն)
4) համապատասխան որակավորում ունեցող աշխատակիցների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները, այդ թվում՝ մեքենաշինության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, ռազմական ճարտարագիտության, ռադիոէլեկտրոնիկայի, օպտիկական տեխնիկայի, ավիացիոն տեխնոլոգիաների, կիրառական քիմիայի, չափագիտության կամ տեղեկատվական անվտանգության բնագավառներում բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմները, վկայականները կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերը, կամ հայցվող լիցենզիայի տեսակին համապատասխանող ռազմական արդյունաբերության, զենքի կամ զինամթերքի արտադրության, նորոգման կամ տեխնիկական սպասարկման բնագավառներում ինժեներատեխնիկական, կոնստրուկտորական, տեխնոլոգիական, փորձարկումների իրականացման, որակի հսկման, տեխնիկական անվտանգության ապահովման պաշտոններում առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթերը, անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի պատճենները կամ աշխատանքի ընդունման իրավական ակտից քաղվածքները.
5) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և հայտատուի հայտարարությունը սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանների և պահանջների համապատասխանության վերաբերյալ, ընդ որում քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինությունները չեն կարող լինել բնակելի կամ հասարակական նշանակության՝ բացառությամբ որոշմամբ սահմանված ՌՆ 5, 11, 14, 21-ով նկարագրված գործունեության տեսակների.
6) (ենթակետն ուժը կորցրել է 25.06.26 N 938-Ն)
7) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության պահպանման համար անհրաժեշտ շինության (պահպանվող օբյեկտի) պահպանությունն իրականացնելու մասին օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը կամ տագնապային ազդանշման կոճակի ծառայության վերաբերյալ պայմանագրի և հաստիքային աշխատակցի միջոցով տարածքի հսկողությունն իրականացնելու վերաբերյալ տեղեկություն.
8) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրություն կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է՝
ա. տեղեկություն աշխատակիցների համապատասխան աշխատանքային փորձի վերաբերյալ,
բ. ռազմական նշանակության արտադրանքի արտադրությանն (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային և դրանց կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարելու մասին տեղեկատվություն:
(22-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 25.06.26 N 938-Ն)
22.1. Լիցենզիա ունեցող հայտատուն, որոշման N 1 հավելվածով հաստատված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկից այլ տեսակ գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորող մարմին է ներկայացնում դիմում, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը), պետական գրանցման համարը, գործող լիցենզիայի սերիան, համարը, տրման ամսաթիվը, նոր գործունեության տեսակի անվանումը, ինչպես նաև սույն կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված եզրակացությունը, սույն կարգի 22-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված ներկազմակերպական ծրագիր, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությանն (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային և դրանց կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման սահմանված չափանիշները բավարարելը, ընդ որում սույն գործընթացի մասով լիցենզավորող մարմնի համար գործում են լիցենզավորման մասով սահմանված ժամկետները, դիմումի մերժման հիմքերը և մնացած վերաբերելի ընթացակարգերը։
(22.1-ին կետը լրաց. 25.06.26 N 938-Ն)
22.2. Գործող լիցենզիայում որոշման N 1 հավելվածով սահմանված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկից այլ տեսակ գործունեություն իրականացնելու լրացումը կատարվում է լիցենզիայի ձևաթղթի դարձերեսին համապատասխան նշում անելու միջոցով:
(22.2-րդ կետը լրաց. 25.06.26 N 938-Ն)
22.3. Սույն կարգի 5-րդ կետում նշված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի ներդիր տրամադրելու համար լիցենզավորող մարմինը ձևավորում է փորձագիտական հանձնաժողով՝ սույն կարգի 13-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանների և պահանջների վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով։ Փորձագիտական հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամներից: Փորձագիտական հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ այլ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացուցիչներ:
(22.3-րդ կետը լրաց. 25.06.26 N 938-Ն)
23. Լիցենզիա և ներդիր ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել անձամբ, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
24. Լիցենզավորող մարմինն ստուգում է հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 13-րդ կետում նշված պայմաններին և պահանջներին: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:
25. Նախքան հայտատուին լիցենզիա կամ սույն կարգի 5-րդ կետով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար ներդիր կամ որոշման N 1 հավելվածով հաստատված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկից այլ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու իրավունք տրամադրելը, լիցենզավորող մարմինը համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում հայտատուի, ինչպես նաև նրա կողմից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ, դրանց ամբողջականության, իրավական ակտերին համապատասխանության, արտադրվող արտադրատեսակին, արտադրության անվտանգության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար: Ընդ որում, նշված մարմինները դիրքորոշումը տրամադրում են հարցումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում լիցենզավորող մարմնից ստանալով լրացուցիչ տեղեկություններ։ Լիցենզավորող մարմինը լիցենզիան տրամադրելիս կաշկանդված չի նշված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից տրամադրված դիրքորոշմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ Ազգային անվտանգության ծառայությունից ստացվել է դիրքորոշում այն մասին, որ լիցենզիայի տրամադրումը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին, ընդ որում այդ դիրքորոշումը լիցենզավորող մարմնի կողմից հայտատուին չի տրամադրվում, սակայն վերջինս տեղեկացվում է, որ հայտը մերժվել է այդ պատճառով:
(25-րդ կետը խմբ. 25.06.26 N 938-Ն)
26. Լիցենզավորող մարմինը, հայտատուի կողմից սույն կարգի 22-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովելով նաև սույն կարգի 25-րդ կետի պահանջները, տրամադրում է լիցենզիան կամ մերժում է լիցենզիայի տրամադրումը՝ օրենքով սահմանված կարգով:
27. Լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու հայտը մերժվում է, եթե`
1) հայտատուն անհրաժեշտ տեղեկություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է ոչ ճիշտ տեղեկություններ, և, եթե հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել, ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ.
3.1) լիցենզիայի տրամադրումը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին.
4) չի վճարվել օրենքով սահմանված պետական տուրքը:
(27-րդ կետը լրաց. 25.06.26 N 938-Ն)
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի Ն Ե Ր Դ Ի Ր
_______________________________________________________________________________________
(լիցենզիայի սերիան, համարը, տրամադրման ամսաթիվը, ներդիրի համարը)
_________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
_______________________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)
_______________________________________________________________________________________
(արտադրվող ռազմական նշանակության արտադրանքի անվանումը և տեսակը)
____________________________________________________
(տալու ամսաթիվը)
| Գործողության ժամկետը՝ | անժամկետ |
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
|
___________________ (ստորագրությունը) |
________________________ (անունը, ազգանունը) |
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ / ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ՆԵՐԴԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտատու __________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը)
Գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը)
___________________________________________________________
Պետական գրանցման համարը _______________________________
___________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության/ (ներդիր) ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեություն իրականացնելու համար՝
___________________________________________________________
___________________________________________________________
(քաղաքացիական և ծառայողական զենքի անվանումը, տեսակը և նկարագիրը/
ռազմական նշանակության արտադրանքի անվանումը, տեսակը և նկարագիրը)Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) հավատարմագրված կազմակերպության կողմից տրված ռազմական նշանակության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը.
2) աշխատակիցների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի պատճենները կամ աշխատանքի ընդունման իրավական ակտից քաղվածքները.
3) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը․
4) հայտատուի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 295-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանների և պահանջների համապատասխանության վերաբերյալ.
5) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության պահպանման համար անհրաժեշտ շինության (պահպանվող օբյեկտի) պահպանությունն իրականացնելու մասին օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը.
6) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրություն կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիր:
| ԴԻՄՈՂ |
________________________________ (ստորագրությունը) |
________________________________ (անունը, ազգանունը) |
(ձևը լրաց. 25.06.26 N 938-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 25.06.26 N 938-Ն)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 29-ի N 295-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ |
|
___________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
___________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)
Արտադրվող զենքի տեսակը _____________________________________________________
(քաղաքացիական, ծառայողական, փամփուշտ)
| Գործողության ժամկետը՝ | անժամկետ |
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
|
___________________ (ստորագրությունը) |
________________________ (անունը, ազգանունը) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 29-ի N 295-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ |
|
___________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
___________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)
|
Արտադրվող ռազմական նշանա- կության արտադրանքի տեսակը |
__________________________ |
| Գործողության ժամկետը՝ | անժամկետ |
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
|
___________________ (ստորագրությունը) |
________________________ (անունը, ազգանունը) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 25.06.2026, N 938-Ն | 29.02.2024, N 295-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|