ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3034-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3034-Ա

«17» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Վազգեն Ներսեսյանի 2026 թվականի մայիսի 20-ի թիվ Դ-51671-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

2026 մայիսի 20-ի թիվ Դ-51671-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2026 թվականի հունիսի 8-ին, ժամը 11.00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Վազգեն Ներսեսյանը, իսկ 2026 թվականի հունիսի 15-ին հետաձգված լսումներին վերջինս չի ներկայացել՝ չնայած պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին:

Ուսումնասիրելով 2026 մայիսի 20-ի թիվ Դ-51671-26 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դիմումին կից ներկայացված ապացույցները, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի հունիսի 8-ի արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2026 թվականի մայիսի 20-ի թիվ Դ-51671-26 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում ներկայացված դիրքորոշմամբ Վազգեն Ներսեսյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 47 հասցեում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Volkswagen» մակնիշի «35 LD 985» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:

2013 թվականի մայիսի 29-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ SB896950 վկայագրի համաձայն՝ «Volkswagen» մակնիշի «35 LD 985» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Վազգեն Ներսեսյանի սեփականությունը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի աշխատակցի կողմից 2026 թվականի մայիսի 13-ին կազմվել է «Զրույց ունենալու վերաբերյալ» արձանագրություն, որի համաձայն՝ աշխատակիցը ստացված հաղորդման հիման վրա զրույց է ունեցել Վազգեն Ներսեսյանի հետ, ով հայտնել է, որ 2026 թվականի մայիսի 13-ին, ուժեղ քամու պատճառով Մ.Խորենացու փողոցի թիվ 47 հասցեում ծառն ընկել է իր սեփականությունը հանդիսացող «Volkswagen» մակնիշի «35 LD 985» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա, ինչի արդյունքում պատճառվել նյութական վնաս:

Դիմումին կից, ինչպես նաև 2026 թվականի հունիսի 8-ին կայացած լսումների ժամանակ Դիմումի առարկային, այն է՝ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ:

Վարույթի լսումների ընթացքում Վազգեն Ներսեսյանի՝ Դիմումով ներկայացված պահանջը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, սակայն սահմանված ժամկետում նշված ապացույցները Երևանի քաղաքապետարանում չեն ստացվել:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Դիմումին կից, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում տրամադրված ժամկետում չեն ներկայացվել «Volkswagen» մակնիշի «35 LD 985» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Վազգեն Ներսեսյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2026 թվականի մայիսի 20-ի թիվ Դ-51671-26 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան