ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2026 թվականի N 938-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման կարգը, լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 295-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման կարգը, ներդիրի և հայտի ձևերը՝ համաձայն N 1 հավելվածի.».
2) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «խոտանի մեկուսարաններ» բառերը.
3) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության արտադրական տարածքի հիմնական մուտքը պետք է հսկվի մետաղահսկիչ սարքավորմամբ, իսկ մուտք գործող անձինք պետք է նույնականացվեն և գրանցվեն գրանցամատյաններում.
4) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրամասերի տարածքից դուրս նայող և գետնից մինչև 5 մետր բարձրության վրա գտնվող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով ոչ սնամեջ կամ առնվազն 20 մմ տրամագծով սնամեջ (ուղղանկյան դեպքում՝ կողմերի երկարությամբ) երկաթյա ձողերից, պատրաստված` 150 մմ x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով, ընդ որում, սնամեջ ձողերի դեպքում՝ ձողի պատի հաստությունը պետք է լինի ոչ պակաս, քան 2 մմ, կամ պետք է կահավորված լինեն՝ համապատասխանաբար՝ բացման կամ կոտրման մասին ազդարարող համակարգով (բացվող պատուհանները և՛ բացվելու, և՛ կոտրման, իսկ չբացվող պատուհանները՝ միայն կոտրման տվիչներով).
5) հիմնական արտադրության մուտքը կամ գիտահետազոտական աշխատանքի իրականացման տարածքի դռան մուտքը, ինչպես նաև կազմակերպությանը պատկանող տարածք մտնող դարպասները (առկայության դեպքում) պետք է ունենան ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված.».
4) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14. Սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված համապատասխան պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների և պահեստային շինությունների քանակը որոշվում է արտադրություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից՝ ելնելով արտադրվող քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրական հզորությունից, տեխնիկական առաջարկությունից, պայմաններից և պատրաստման տեխնոլոգիայից, ընդ որում որոշման N 1 հավելվածով հաստատված ՌՆ 5, 6, 9, 10, 11, 13, 14, 15, 17, 21, 22-ով սահմանված գործունեության իրականացման համար լիցենզիա հայցելու դեպքում հայտատուին այդպիսի պայմաններին բավարարելու պահանջ չի առաջադրվում։».
5) որոշման N 1 հավելվածի 15-20-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «ծառայողական զենքի» բառերից հետո լրացնել «կամ ռազմական նշանակության արտադրանքի» բառերով, իսկ նույն կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) համապատասխան որակավորում ունեցող աշխատակիցների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները, այդ թվում՝ մեքենաշինության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, ռազմական ճարտարագիտության, ռադիոէլեկտրոնիկայի, օպտիկական տեխնիկայի, ավիացիոն տեխնոլոգիաների, կիրառական քիմիայի, չափագիտության կամ տեղեկատվական անվտանգության բնագավառներում բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմները, վկայականները կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերը, կամ հայցվող լիցենզիայի տեսակին համապատասխանող ռազմական արդյունաբերության, զենքի կամ զինամթերքի արտադրության, նորոգման կամ տեխնիկական սպասարկման բնագավառներում ինժեներատեխնիկական, կոնստրուկտորական, տեխնոլոգիական, փորձարկումների իրականացման, որակի հսկման, տեխնիկական անվտանգության ապահովման պաշտոններում առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթերը, անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի պատճենները կամ աշխատանքի ընդունման իրավական ակտից քաղվածքները.».
7) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և հայտատուի հայտարարությունը սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանների և պահանջների համապատասխանության վերաբերյալ, ընդ որում քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինությունները չեն կարող լինել բնակելի կամ հասարակական նշանակության՝ բացառությամբ որոշմամբ սահմանված ՌՆ 5, 11, 14, 21-ով նկարագրված գործունեության տեսակների.
7) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության պահպանման համար անհրաժեշտ շինության (պահպանվող օբյեկտի) պահպանությունն իրականացնելու մասին օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը կամ տագնապային ազդանշման կոճակի ծառայության վերաբերյալ պայմանագրի և հաստիքային աշխատակցի միջոցով տարածքի հսկողությունն իրականացնելու վերաբերյալ տեղեկություն.».
8) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա. տեղեկություն աշխատակիցների համապատասխան աշխատանքային փորձի վերաբերյալ,
բ. ռազմական նշանակության արտադրանքի արտադրությանն (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային և դրանց կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարելու մասին տեղեկատվություն».
9) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին կետով՝
«22.1. Լիցենզիա ունեցող հայտատուն, որոշման N 1 հավելվածով հաստատված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկից այլ տեսակ գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորող մարմին է ներկայացնում դիմում, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը), պետական գրանցման համարը, գործող լիցենզիայի սերիան, համարը, տրման ամսաթիվը, նոր գործունեության տեսակի անվանումը, ինչպես նաև սույն կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված եզրակացությունը, սույն կարգի 22-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված ներկազմակերպական ծրագիր, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությանն (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային և դրանց կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման սահմանված չափանիշները բավարարելը, ընդ որում սույն գործընթացի մասով լիցենզավորող մարմնի համար գործում են լիցենզավորման մասով սահմանված ժամկետները, դիմումի մերժման հիմքերը և մնացած վերաբերելի ընթացակարգերը։».
10) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.2-րդ կետով՝
«22.2. Գործող լիցենզիայում որոշման N 1 հավելվածով սահմանված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկից այլ տեսակ գործունեություն իրականացնելու լրացումը կատարվում է լիցենզիայի ձևաթղթի դարձերեսին համապատասխան նշում անելու միջոցով:».
11) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.3-րդ կետով՝
«22.3. Սույն կարգի 5-րդ կետում նշված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի ներդիր տրամադրելու համար լիցենզավորող մարմինը ձևավորում է փորձագիտական հանձնաժողով՝ սույն կարգի 13-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանների և պահանջների վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով։ Փորձագիտական հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամներից: Փորձագիտական հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ այլ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացուցիչներ:».
12) որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«25. Նախքան հայտատուին լիցենզիա կամ սույն կարգի 5-րդ կետով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար ներդիր կամ որոշման N 1 հավելվածով հաստատված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկից այլ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու իրավունք տրամադրելը, լիցենզավորող մարմինը համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում հայտատուի, ինչպես նաև նրա կողմից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ, դրանց ամբողջականության, իրավական ակտերին համապատասխանության, արտադրվող արտադրատեսակին, արտադրության անվտանգության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար: Ընդ որում, նշված մարմինները դիրքորոշումը տրամադրում են հարցումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում լիցենզավորող մարմնից ստանալով լրացուցիչ տեղեկություններ։ Լիցենզավորող մարմինը լիցենզիան տրամադրելիս կաշկանդված չի նշված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից տրամադրված դիրքորոշմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ Ազգային անվտանգության ծառայությունից ստացվել է դիրքորոշում այն մասին, որ լիցենզիայի տրամադրումը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին, ընդ որում այդ դիրքորոշումը լիցենզավորող մարմնի կողմից հայտատուին չի տրամադրվում, սակայն վերջինս տեղեկացվում է, որ հայտը մերժվել է այդ պատճառով:».
13) որոշման N 1 հավելվածի 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով՝
«3.1) լիցենզիայի տրամադրումը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին.».
14) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
15) որոշման N 1 հավելվածը N 1 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ N 2 ձևով՝
«Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ / ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ՆԵՐԴԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտատու __________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը)
Գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը)
___________________________________________________________
Պետական գրանցման համարը _______________________________
___________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության/ (ներդիր) ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեություն իրականացնելու համար՝
___________________________________________________________
___________________________________________________________
(քաղաքացիական և ծառայողական զենքի անվանումը, տեսակը և նկարագիրը/
ռազմական նշանակության արտադրանքի անվանումը, տեսակը և նկարագիրը)Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) հավատարմագրված կազմակերպության կողմից տրված ռազմական նշանակության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը.
2) աշխատակիցների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի պատճենները կամ աշխատանքի ընդունման իրավական ակտից քաղվածքները.
3) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը․
4) հայտատուի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 295-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանների և պահանջների համապատասխանության վերաբերյալ.
5) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության պահպանման համար անհրաժեշտ շինության (պահպանվող օբյեկտի) պահպանությունն իրականացնելու մասին օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը.
6) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրություն կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիր:
| ԴԻՄՈՂ |
________________________________ (ստորագրությունը) |
________________________________ (անունը, ազգանունը)»: |
2․ Սույն որոշմամբ սահմանված նոր պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը լիցենզիա ստացած իրավաբանական անձանց վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս դիմում են լիցենզիայի փոփոխության, լրացման կամ նոր գործունեության տեսակ իրականացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|