ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3000-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3000-Ա

«16» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Աննա Գյուլնազարյանի 2026 թվականի մայիսի 20-ի թիվ Դ-51938-26 բողոքի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է բողոքի քննություն:

2026 թվականի մայիսի 20-ի թիվ Դ-51938-26 դիմումով ներկայացված բողոքի քննության շրջանակներում 2026 թվականի հունիսի 11-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Աննա Գյուլնազարյանը:

Ուսումնասիրելով 2026 թվականի մայիսի 20-ի թիվ Դ-51938-26 բողոքը, դրա քննության շրջանակներում ստացված ապացույցը, 2026 թվականի հունիսի 11-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով բողոքի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2026 թվականի մայիսի 20-ի թիվ Դ-51938-26 բողոքով Աննա Գյուլնազարյանը խնդրել է մասնակի՝ փորձաքննության նպատակով կրած ծախսի հատուցումը մերժելու մասով վերանայել Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1929-Ա որոշումը և փոխհատուցել «Էկո մոթորս գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված՝ պահեստամասերի և ծառայությունների գնառաջարկի դիմաց վճարված 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամը, «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված փորձաքննությունների դիմաց վճարված՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամը և 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը:

Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1929-Ա որոշման 1-ին կետով Աննա Գյուլնազարյանի լիազորված անձ Աշոտ Գյուլնազարյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2026 թվականի մարտի 13-ի թիվ Դ-24573-26 դիմումը բավարարվել է մասնակի՝ 232.000 (երկու հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամի չափով, իսկ 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի փոխհատուցման պահանջը մերժվել է:

«Էկո մոթորս գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 26-ին կատարվել է «Honda» մակնիշի «10 GZ 088» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի պահեստամասերի և ծառայությունների գնառաջարկ, որի դիմաց վճարվել է 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:

Աշոտ Գյուլնազարյանի և «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2026 թվականի հունվարի 20-ին կնքվել է փորձաքննության կատարման ծառայությունների մատուցման մասին թիվ ԱՓ/003-26 պայմանագիրը, որի գինը նույն պայմանագրի 12-րդ կետով սահմանվել է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:

Աշոտ Գյուլնազարյանի և «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2026 թվականի մարտի 4-ին կնքվել է փորձաքննության կատարման ծառայությունների մատուցման մասին թիվ ԱՓ/011-26 պայմանագիրը, որի գինը նույն պայմանագրի 12-րդ կետով սահմանվել է 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:

«Արարատբանկ» բաց բաժնետիկան ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղում 2026 թվականի մարտի 2-ին Աշոտ Գյուլնազարյանի կողմից կատարվել է բանկային գործարք, որի արդյունքում 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով գումար փոխանցվել է «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ գործարքի նպատակ դաշտում կատարվել է հետևյալ՝ «Փորձաքննության վճար/ Գյուլնազարյան Աշոտ Գառնիկի» գրառումը:

«Արարատբանկ» բաց բաժնետիկան ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղում 2026 թվականի մարտի 13-ին Աշոտ Գյուլնազարյանի կողմից կատարվել է բանկային գործարք, որի արդյունքում 30.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով գումար փոխանցվել է «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ գործարքի նպատակ դաշտում կատարվել է հետևյալ՝ «Փորձաքննության վճար/ Գյուլնազարյան Աշոտ Գառնիկի» գրառումը:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի երկրորդ բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե չորրորդ բաժնով այլ բան նախատեսված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:

Աննա Գյուլնազարյանը 2026 թվականի մայիսի 20-ի թիվ Դ-51938-26 բողոքի հիմքում դրել է այն փաստական հանգամանքը, որ պահանջված գումարների փոխանցումը հավաստող վճարումներն իր անունից կատարվել են իր լիազորված անձ Աշոտ Գյուլնազարյանի կողմից և այդ վճարումների արդյունքում ձեռք բերված փորձագիտական եզրակացությունները հիմք են ընդունվել Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1929-Ա որոշմամբ վնասի փոխհատուցման պահանջը բավարարելու համար:

2026 թվականի մայիսի 20-ի թիվ Դ-51938-26 բողոքի հիման վրա քննվող վարույթով գնահատման է ենթակա Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1929-Ա որոշման իրավաչափությունը՝ 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի փոխհատուցման պահանջը մերժելու մասով, որի շրջանակներում ենթակա են ապացուցման հետևյալ փաստական հանգամանքները.

1. Արդյո՞ք «Էկո մոթորս գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ և 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարներն իրենցից ներկայացնում են Աննա Գյուլնազարյանի խախտված իրավունքները վերականգնելու նպատակով կատարված ծախս,

2. Արդյո՞ք «Էկո մոթորս գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ և 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարների ծախսը կրել է Աննա Գյուլնազարյանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1929-Ա որոշմամբ 232.000 (երկու հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամի չափով Աննա Գյուլնազարյանի վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրվել են «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների՝ 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 26-0223 հետքաբանական և 2026 թվականի մարտի 9-ի թիվ 26-0911 ապրանքագիտական եզրակացությունները, իսկ «Էկո մոթորս գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 26-ին կատարված՝ «Honda» մակնիշի «10 GZ 088» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի պահեստամասերի և ծառայությունների գնառաջարկը չի հանդիսացել վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորող գրավոր ապացույց, հետևաբար դրա դիմաց վճարված 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ գումարը, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից կամ ում անունից է վճարված եղել, իրենից չի ներկայացնում խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախս և ենթակա չէ հատուցման:

Ինչ վերաբերում է «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննություններ կատարելու ծառայությունների մատուցման դիմաց վճարված 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ և 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ գումարները Աննա Գյուլնազարյանին հատուցելուն, ապա դրանք վճարվել են 2026 թվականի հունվարի 20-ին կնքված թիվ ԱՓ/003-26 և 2026 թվականի մարտի 4-ին կնքված թիվ ԱՓ/011-26 պայմանագրերի հիման վրա, որոնցով կողմ և պատվիրատու հանդիսացել է Աշոտ Գյուլնազարյանը, ով հանդես է եկել անձամբ, այլ ոչ թե որպես Աննա Գյուլնազարյանի լիազորված անձ, հետևաբար նշված պայմանագրերի 12-րդ կետերով նախատեսված գումարները վճարած անձ հանդիսանում է ոչ թե Աննա Գյուլնազարյանը, այլ Աշոտ Գյուլնազարյանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին նույն օրենսգրքի կանոններով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:

2026 թվականի հունվարի 20-ին կնքված թիվ ԱՓ/003-26 և 2026 թվականի մարտի 4-ին կնքված թիվ ԱՓ/011-26 պայմանագրերի, ինչպես նաև «Արարատբանկ» բաց բաժնետիկան ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղում 2026 թվականի մարտի 2-ին և մարտի 13-ին Աշոտ Գյուլնազարյանի կողմից կատարված բանկային գործարքները հավաստող անդորրագրերի բազմակողմանի հետազոտությամբ հաստատվում է այն հանգամանքը, որ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ և 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ գումարները փոխանցվել են պատվիրատու Աշոտ Գյուլնազարյանի կողմից, հետևաբար դրանք իրենցից չեն ներկայացնում խախտված իրավունքների վերականգնման նպատակով Աննա Գյուլնազարյանի կողմից կատարված ծախս և ենթակա չեն հատուցման վերջինիս:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.

բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։

Աննա Գյուլնազարյանի 2026 թվականի մայիսի 20-ի թիվ Դ-51938-26 բողոքի հիման վրա իրականացված վարույթով հետազոտված ապացույցներով հիմնավորվում է Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1929-Ա որոշման՝ բողոքարկված մասն իրավաչափ լինելու հանգամանքը, հետևաբար Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1929-Ա որոշումը մասնակի վերանայելու և ընդհանուրը 110.000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամի չափով գումարը, որպես խախտված իրավունքների վերականգնման նպատակով կատարված ծախս, փոխհատուցելու պահանջները ենթակա են մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 345-րդ, 436-րդ, 777-րդ և 1058-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ, 69-րդ, 75-րդ հոդվածներով և նույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Աննա Գյուլնազարյանի 2026 թվականի մայիսի 20-ի թիվ Դ-51938-26 բողոքը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան